Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանի ՖԲ էջից, –
Այսօր Կառավարությունում խոսել են Հյուսիս-Հարավ «ծամծմված» ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածին առնչվող գործընթացի մեկնարկի մասին: Սա այս ծրագրի ամենաթանկ հատվածն է, քանի որ ներառում է նաև թունելներ՝ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ: Հայտարարվելու է միջազգային մրցույթ և ասվեց, որ աշխատանքները հավանաբար կմեկնարկեն 2022-ի վերջին: Այս աշխատանքների արժեքը գնահատվել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (շուրջ 480 միլիարդ դրամ):
Համաձայն պաշտոնական աղբյուրի. «Նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ շուրջ 8.7 կմ):
Հաշվի առնելով, որ Սիսիան-Քաջարան հատվածը նախագծվել է նոր ծրագծով, որը գոյություն ունեցող ճանապարհի ծրագծից դուրս է, և ներկայում գործող ճանապարհը հանդիսանալու է այլընտրանքային ճանապարհ, հատվածի կառուցումը հնարավոր է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերություն հիմունքների վրա՝ կառուցումից հետո այն դարձնելով վճարովի»:
Ներկայում, Սիսիան-Քաջարան հատվածը շուրջ 130 կմ է և այն կարելի է անցնել 2.5-3 ժամում (տես առաջին նկարը): Ստացվում է, որ նոր ճանապարը շուրջ կիսով չափ կկրճատվի, իսկ ժամանակի մասով՝ կխնայենք շուրջ 2 ժամ (տես երկրորդ նկարը):
Կարծես ամենը լավ է, սակայն…
Ժամանակ, կարողություններ, գիտելիք և փող…
Այսինքն, այս ճանապարհի վրա մենք շատ, շա՜տ անգամներ ավելի ժամանակ և գումար ենք ծախսելու, քան, եթե մենք դա կառուցեինք ինքնուրույն: Զուգահեռ մենք սրանից գիտելիք չենք ստանալու և կարողություններ չենք կուտակելու: Այդ ինչպե՞ս:
Մեր մասնավոր հատվածի ներկա կարողությունները թույլ չեն տալիս նման շինարարական աշխատանքներ իրականացնել. Միջազգային մրցույթի արդյունքներն էլ դա ցույց կտան, ինչպես մինչև հիմա եղել է: Այսինքն, հայկական ընկերությունները, այս ծրագրի գոյության ընթացքում, երբևէ չեն կարողացել բավարարել մրցույթի պայմաններին և մասնակցել ու հաղթել: Միշտ հաղթում են օտար ընկերություններ:
Ինչ է ստացվում: Միայն մեկ տարուց ավել ծախսվելու է մրցույթային և նախապատրաստական աշխատանքների վրա: Շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար (մեծ մասը հավանաբար պետություն պարտք կվերցնի), երկրի տնտեսությունից դուրս կգնա, քանի որ շինարարը կլինի կամ չինացի կամ էլ եվրոպացի, ինչպես հիմա մյուս հատվածների մասով է: Այս մեկ միլիարդից Հայաստանում կմնա այն մասը որով կներգրավվեն աշխատողներ և որոշակի ծավալի շինանյութ:
Ինչպես շարունակաբար պնդում եմ, պետությունը պետք է ունենա սեփական շինարարական ընկերությունը, որով կկառուցվեն մեծածավալ ենթակառուցվածքներ, միևնույն է մասնավոր հատվածը չի կարողանում դրանց մեջ մտնել և շուկայի խաթարում չի լինի: Սրանով մենք կխնայենք լիքը ժամանակ, կխնայենք լիքը գումար, և որ շատ կարևոր է նման աշխատանքներ անելու գիտելիք և փորձ կկուտակենք: Սա հատկապես առավել անհրաժեշտ է դառնում, երբ դիտարկում ենք մեր հարևաններին և պատերազմական դրությունը, որ շարունակաբար մեզ ուղեկցելու է: Հարևանները հաշված ամիսների ընթացքում օդանավակայան են կառուցում, իսկ մենք դրանից ավել ժամանակ ծախսելու ենք միայն մրցույթ անցկացնելու վրա: Սա ահավորություն է: Չինաստանում աշխատանքները նույնիսկ երկու հերթափոխով են անում` գիշեր և ցերեկ, որպեսզի շատ արագ ավարտեն: Սա է նաև պատճառը, որ աշխարհում բոլորին անցնում են:
Լիբերալիզմ կոչեցյալը Հայստանի համար չարիք է և այն գաղափարները, որ դրվել են հայակական տնտեսագիտական ու կառավարման ոլորտի մասնագետների գլխում մեծ կեղծիք է, մասնավորապես նա, որ իբր մասնավոր հատվածը ավելի լավ կառավարիչ է, քան պետականը և հետևաբար պետությունը չպետք է ներգրավվի նմանատիպ աշխատանքներում:
Սա մեծ, շատ մեծ մոլորություն է, սա գաղափարական գործիք է, որով արևմտյան կապիտալը գրավում է մեզ պես տգետների տնտեսությունները և գաղութացնում պետություններ, կառավարում մեր առաջընթացը, զրկում մեզ ինքնուրույնությունից:
Հայաստանում ամբողջ պետական և մասնավոր հատվածը գերակշիռ մասով այս մտածողության մարդկանց ձեռքում է: Եվ սրանք ջանք չեն խնայում (հիմնականում նույնիսկ չգիտակցելով) երկիրը վերջնականապես օտարի ռեսուրսը դարձնելու համար: