Ռազմական փարձագետ Լեոնիդ Ներսիսյանը հաստատապես չի կարող նշել՝ ինչու էին երեկվա զորահանդեսի ժամանակ արտասահմանյան արտադրության սպառազինության որոշ տեսակներ ներկայացվում հայկական անուններով։ Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները, հավանաբար, չեն ցանկացել քաղաքական դրդապատճառներով բարձրաձայնել, որ բացի Ֆրանսիայից, Հնդկաստանից և ՌԴ-ից՝ սպառազինություն ձեռք է բերվել նաև այլ երկրներից։
«Դրա համար էլ որոշել էին զինատեսակների վրա հայկական անուններ դնել, որ հարցեր չլինեն։ Երևի այդպես է եղել, բայց ինձ չի թվում, որ դա կոնտենտի վրա լուրջ ազդեցություն ունի, որովհետև ամեն ինչ շատ ակնհայտ է, և բոլորին, ում դա մի փոքր հետաքրքիր է, շատ հեշտ կարող է իրականությունն իմանալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հավելեց՝ քանի որ ինքը ոլորտին քաջածանոթ է, իր համար զորահանդեսի ժամանակ մեծ նորություններ չեն եղել։
«Որովհետև ցուցադրված զինատեսակների մեծ մասը մոտավորապես հայտնի էր։ Ինձ թվում է՝ ամենաշատը երևաց, թե գնումների առումով որքան մեծ աշխատանք է կատարել հրետանին՝ մեծ տեսականի, երկու անգամ ավելի հեռահար կրակ, շատ ավելի լուրջ հնարավորություններ, քան առկա էին մինչև այս գնումները։
Եթե ակնկալիքներից խոսենք, հետաքրքիր էր տեսնել նաև հակաօդային պաշտպանությունը։ Իհարկե, ամեն ինչ չցուցադրվեց, բայց ես անձամբ կցանկանայի տեսնել զենիթային հրետանի, կարճ տարածությունների հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այսօրվա պատերազմներում դա շատ կարևոր է դարձել։ Իհարկե, կարող է սա արվում է, բայց չի ցուցադրվում, չեմ կարող ասել»,- ասաց Լեոնիդ Ներսիսյանը։
Անդրադառնալով պաշտպանական-հարձակողական զինատեսակների մասին խոսույթին՝ ռազմական փորձագետը նշեց՝ դա ավելի շատ քաղաքական տերմին է, ոչ՝ ռազմական։
«Օրինակ՝ հրետանին ինչո՞վ է պաշտպանական կամ հարձակողական զենք։ Այն և՛ հարձակվելու, և՛ պաշտպանվելու ժամանակ է պետք։ Նույնը՝ հնդկական Pinaka հրթիռային համակարգը. Այդ համակարգի ի՞նչն է զուտ պաշտպանողական։ Այս տրամաբանությունը քաղաքական է, հաճախ զենք վաճառող պետություններն են այս տրամաբանությամբ շարժվում. Երբ պետք է մերժեն այս կամ այն գնորդին, ցանկանում են զենք չվաճառել, կարող են ասել՝ այս զինատեսակը հարձակողական է, չենք ցանկանում քեզ վաճառել։ Հետո կարող է մեկ տարի անցնել և «մոռանան», որ դա հարձակողական է, նույն զինատեսակը դառնա պաշտպանական»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Լեոնիդ Ներսիսյանն ընդգծեց՝ սեփական քաղաքացուն արտաքին վտանգներից իրապես պաշտպանելու համար բանակն անընդհատ պետք է զարգանա և կատարելագործվի՝ չբավարարվելով ունեցածով։









