Անհերքելի է, որ սիրիացի վարձկանների հանձնումն ու հայ չորս գերիների վերադարձը տեղի ունեցավ համաժամանակյա, իհարկե կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, սակայն ցանկացած պարագայում գերիների վերադարձը խիստ կարեւոր է եւ ողջունելի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Հատկապես կարևոր էր այս փուլում, քանի որ վերջին վերադարձն ունեցել էինք 2023 թվականի դեկտեմբերին։ Այս ազատ արձակումը հույս է առաջացնում, որ գործընթացը կարող է շարունակական լինել»,- նշեց նա։
Սահակյանի խոսքով՝ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. «Իմ գնահատմամբ, վերադարձը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Առանց նրանց ներգրավման, առանց բանակցային գործընթացի՝ հարցը կտանենք փակուղի, դրա համար լավագույն մոդելը փոխհամագործակցված կերպով գործելն է»։
Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ ռազմագերիների խնդիրն ունի նաև կրոնական ասպեկտ։
Հունվարի 12-ին ստացվել են տեղեկություններ` գերիների առողջական վիճակի մասին, որոշ լուսանկարներ են կցվել թե՛ խցերի, թե՛ անձանց վիճակի առումով։ Սա, սակայն, Ադրբեջանը պետք է աներ նոյեմբերի 4-ին, բայց արել է հունվարի 12-ին, – նշում է Սիրանուշ Սահակյանը։
«Մենք գործ ունենք քրիստոնյա հայերի դատապարտման հետ, որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են կրոնական սիմվոլներին առնչվող հարցեր, օրինակ՝ թեև անձին թույլատրվում է գրքեր տրամադրել, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Արգելվել է թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ մյուս բանտարկյալներին», – հավելում է Սահակյանը։
Փաստաբանը նշում է, որ անգամ այրել են կրոնական սիմվոլներով դաջվածքները։





