«Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ

35

Oրեր առաջ անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա հայտնել էր, թե իբր 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, և իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Նշված առիթով հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում «Գեղարքունիք» ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել,  քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգևների, ինչպիսի՞ պարգևներ են տրվել նրանց:

ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել: 

Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային՝ համաձայն հաստիքային կառուցվածքի, ջոկատը զինվորական ծառայության է ներգրավվել 2020 թ. հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը: Չնայած այդ պատկառելի թվին՝ ՊՆ-ի տեղեկատվությունից պարզվում է, որ ջոկատը N զորամասի ստորաբաժանում է, սակայն զորամիավորման հրամանատարի հրամանով նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, ուշադրություն՝ ընդամենը 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը): Ստացվում է, որ Նարեկ Գրիգորյանի ցուցակագրած 300 անձից ընդամենը 31-ն են ներգրավվել ինչ-որ թիկունքային աշխատանքներում: Սա է եղել «Գեղարքունիք» կոչված ջոկատի ամբողջ «մարտական ուղին»: 

Հայտնել էինք նաև, որ, ըստ տեղեկությունների, ՀՀ Ազգային  ժողովի պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը նաև հաշվառված է ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում: Այս տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունը չէր հերքել

Պաշտպանության նախարարին հարցրել էինք՝ արդյո՞ք հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Նարեկ Գրիգորյանը իրավունք է ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմելու ջոկատ, զինվելու և մարդկանց ուղեկցելու մարտական գործողությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունն  ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար: Նախարարությունը, ցավոք, այս մասով որևէ պարզաբանում չի ներկայացրել:

Ժամանակին անդրադարձել էինք նաև Փաշինյանի թուրքամետ իշխանական խմբակի մաս կազմող որոշ շրջանակների, իբր, պատերազմին մասնակցությանն ու  «մարտական փառավոր ուղուն»: Ի մասնավորի՝ արձագանքել էինք Փաշինյանին ԱԺ-ում հոտնկայս ծափահարելու գործում մեծ ակտիվություն ցուցաբերող՝ ՔՊ խմբակցության  պատգամավոր Շիրակ Թորոսյանի բոցաշունչ գրառումներին ու Հ1-ի ռեպորտաժներին, ըստ որոնց՝ Շ. Թորոսյանը կազմել է ջոկատ և «թշնամուն ցույց  տվել ջավախքցու բազկի ջախջախիչ ուժը»:

Անդրադարձել էինք նաև Ապրիլյան քառօրյային մայիսի 14-ից (!) մասնակցած  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 44-օրյայի օրերին ունեցած «մարտական սխրանքներին»՝ թե՛ Շիրակ Թորոսյանի, թե՛ ՔՊ-ի պարագայում ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվության հիման վրա ցույց տալով, որ ՔՊ-ականներն իրականում ոչ թե հերոսաբար մարտնչել են առաջնագծի այս կամ այն ճակատում, այլ այդ շրջանակներից ձևավորվել են ինչ-որ անհասկանալի մարտկոցներ և կցվել ինչ-որ զորամասերի: Թե ինչո՞վ են զբաղվել սույն մարտկոցներում ընդգրկված ՔՊ-ական-իշխանական «մարտկոցիկները»՝ ՊՆ-ն լռել է:

Նախկին ձկնավաճառ, ինքնավնասման միջոցով բանակից խուսափած և, ըստ չհերքված տեղեկությունների, Սևանի հոգեբուժարանում գրանցված Նարեկ Գրիգորյանի՝ պատերազմի երես չտեսած ջոկատի վերաբերյալ ՊՆ տեղեկատվությունը լիովին բավարար է, որ սույն ինքնահռչակ «զորահրամանատարը» ևս դասվի Փաշինյանի պետականակործան իշխանության մանր և ծիծաղաշարժ «մարտկոցիկների» շարքը:

Այսքանը: Իսկ Նարեկ Գրիգորյանին խորհուրդ կտանք մատն այլևս չմտցնել մեղվաբնի մեջ, այն է՝ հնարավորինս քիչ ճառել և քիչ երևալ հանրային ուշադրության կենտրոնում: Դրա շնորհիվ հասարակությունը հնարավորինս քիչ կճանաչի Նարեկ Գրիգորյան անձի իրական դեմքն ու հետագիծը, ինչը, բնականաբար, միմիայն նրա շահերից է բխում:

Վահե Սարգսյան

Открыть фото