Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:
Բաքվի բռնապետը «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» ասելով՝ նկատի ունի Արցախի Հանրապետությունը։
«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան Ադրբեջանի տարածքում որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։
Նա բողոքել է, թե Ադրբեջանն աշխարհի ամենաշատ ականապատված երկրների տասնյակում է։ 2020 թվականի նոյեմբերին՝ պատերազմի ավարտից ի վեր, շուրջ 300 ադրբեջանցիներ մահացել կամ ծանր վիրավորվել են ականների պայթյունների հետևանքով։
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանի տարածք Ղարաբաղում» գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և չեզոքացվեն:
Նա բողոքել է, որ Հայաստանը նաև խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը: