Աշխարհաքաղաքական շահերի բախման գոտում հայտնվելուց խուսափելու հրամայականը. «Փաստ»

18

«Փաստ» օրաթերթը գրում է 

Ներկայումս աշխարհը նոր վերափոխումների է ենթարկվում։ Այն աշխարհակարգը, որը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, սկսել է արագորեն ճաքեր տալ։ Եվ ուրույն հանգամանք է, որ եթե նախորդ տարիներին աշխարհաքաղաքական տեղաշարժերը հիմնականում ռեգիոնալ ազդեցություն էին ունենում, ապա հիմա դրանք համաշխարհային բնույթ են կրում։ Պատահական չէ, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքները, որոնք իրենց ենթատեքստում Ռուսաստան-Արևմուտք դիմակայության արդյունք են, զգացվում են նույնիսկ այն տարածաշրջաններում, որոնք շատ հեռու են Եվրոպայից։ Այսպիսի իրավիճակը պարարտ հող է ստեղծում նաև այլ հակամարտությունների բռնկման համար։

Օրինակ՝ իրադրությունը սրվում է Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ տարեցտարի իր դերակատարությունն է մեծացնում Չինաստանը, որը տնտեսապես օգնում է Ռուսաստանին Արևմուտքի պատժամիջոցների հետևանքները մեղմացնելու հարցում։ Ընդ որում, հավաքական Արևմուտքը ասիական և խաղաղօվկիանոսյան մի շարք երկրների հետ փորձում է զսպել Չինաստանի հավակնությունները։ Դրանով է պայմանավորված, որ վերջերս Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողով էին հրավիրվել Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի ղեկավարները։ Հակասություններն առաջին հերթին վերաբերում են Թայվանին, որը Չինաստանն իր անբաժանելի մասն է համարում։ Իսկ տարբեր փորձագետների կողմից արդեն գնահատականներ են հնչում Թայվանի վրա Չինաստանի հարձակման հնարավորությունների և դրա առաջացնելիք ռեզոնանսի մասին։ Ինչպես տեսնում ենք, Արևմուտքի կողմից ճնշումները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ավելի են սերտացել։

Տնտեսական փոխգործակցության ակտիվացումից բացի, երկու երկրները նաև հաճախակի համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Եվ հարկ է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը վնասներ է հասցնում բոլոր դերակատարներին, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանող Արևմուտքի երկրներին, որոնք հումքային մատակարարումների առումով կախվածության մեջ են Ռուսաստանից։ Եվ պատահական չէ, որ ինֆլ յացիան և գնաճը հասել են պատմական առավելագույնի, տնտեսական ճգնաժամը սկսել է արդեն բախել բազմաթիվ երկրների դռներ, որտեղ խորանում է սոցիալական լարվածությունը, և հակակառավարական ցույցեր ու բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բայց, որքան էլ զարմանալի է, սոցիալական իրավիճակի բարդացումն ամենավատ իրադարձությունը չէ, որ կարող է տեղի ունենալ։ Աշխարհաքաղաքական դիմակայության արդյունքում որոշ երկրներ, վերածվելով ռազմական գործողությունների թատերաբեմի, նույնիսկ կարող են կազմաքանդվել։ Այս համատեքստում են փորձագիտական շրջանակներում հնչող այն կանխատեսումները, թե մեծ է հավանականությունը, որ Ուկրաինան շուտով կդադարի գոյություն ունենալ։

Այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ տուժելու են այն պետությունները, որոնք հայտնվելու են Արևմուտք-Ռուսաստան հակասությունների թիրախում։ Խնդիրը հատկապես սուր է նախկին խորհրդային երկրների դեպքում, որոնց Արևմուտքը դիտակում է որպես անհրաժեշտ հարթակ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար։ Իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում դիմակայության կարևոր ուղղություն է։ Ուստի, մեծ է հավանականությունը, որ առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստան-Արևմուտք հակասությունների կիզակետում։ Պատահական չէ, որ վերջերս Կանադայի արտգործնախարարը հայտարարել էր Հայաստանում դեսպանություն բացելու մտադրության մասին և այն կապել Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում մեծացնելու և Ռուսաստանի գործողություններին դիմակայելու հետ։ Հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը շտապեց ողջունել այդ որոշումը։

Սակայն հետաքրքրական է, որ դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, որը տարակուսելի էր համարել այն, որ Կանադայի ԱԳՆ-ն Հայաստանում դեսպանություն բացելը դիտարկում է «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։ Ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և իներտության արդյունքում Հայաստանը ներգրավվում է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ, որը նոր անվտանգային սպառնալիքներ կարող է ստեղծել մեզ համար։ Առանց այն էլ Թուրքիան ու Ադրբեջանը գործուն ջանքեր են գործադրում, որ Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական դիմակայության թիրախում և վնասներ կրի, ինչից իրենք կօգտվեն։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ Ղարաբաղում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին ուղղված կոչեր են հնչում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում