ԱԱԾ շենքի մոտ հավաքվել են Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները՝ պահանջելով հանդիպում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։
Նրանք հայտարարում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։
Նրանք ուզում են տեղեկանալ, թե ԱԱԾ-ն ինչ տեղեկություն ունի իրենց որդիների մասին։
«Մենք նախ ուզում ենք իմանալ, թե իրենք ինչ տեղեկություն ունեն, իսկ եթե չունեն, մեր ունեցած տեղեկությունները կտրամադրենք, որ աշխատեն, ոչ թե «կռեսլոներին» նստեն ու «կաչելյա» լինեն։ Եթե չեք աշխատում, հելեք՝ հավաքվեք, գնացեք ձեր տները»,-նշեց ծնողներից մեկը։
Կան ծնողներ որոնք չեն հավատում, որ ում հուղարկավորել են՝ իրենց տղաներն են, որովհետև փորձաքննությունը հաճախ սխալ տեղեկություն է փոխանցել։
«Ես ինքս եմ գնացել, Կովսականի փոսը քանդել, բերել։ Եթե ես բերել եմ էդքան մասունքները, որոնց կոդերն իմ մոտ գրված է, ոնց են էդ մասունքից վեց ընտանիքի տալիս։ Այսինքն, եթե էդ մի դիահերձարանում եղել է օրինակ՝ 044 կոդը, ոնց է մեկին տալիս են ազդոսկր, մյուսին՝ ծնոտ, երևի՞ մեր երեխաներն ինչ-որ բան գիտեն, դրա համար պետք չէ, որ հիմա իրենք տուն գան»,- վրդովված ասաց ծնողը։
Բացի այդ, մեկ այլ ծնող էլ հայտնեց, որ կան տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց որդիներին գերության տանում։ Ծնողներն այդ տեսանյութերը ներկայացրել են տարբեր ատյանների, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։
«Մեզ ասում են գնացեք, մեկ ամսից լավ պատասխան կստանաք, բայց մինչև այսօր մենք անհույս նստած ենք, օրերը գնում են, տարիները գլորվում են»,-հավելեց անհետ կորածի մայրը։
Ի դեպ, անհետ կորածների ծնողները տեղեկացրեցին, որ իրենց պահանջը կատարվել է, և կհանդիպեն Արմեն Աբազյանի հետ։
Հավելենք, որ բողոքի ակցիայի դուրս եկած ծնողների որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն նրանցից։