🖊 «Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնություն հայտարարությունը, –
Անդրադարձ Առողջապահության նախարարությանը Վարչապետի տրված գնահատականներին ❗
📍 Վարչապետը այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ա.Ավանեսյանին: Նա շնորհակալություն է հայտնել Ա.Թորոսյանին՝ Առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: Հիրավի սահմաններ չունի այս բեմականացման մասնակիցների երեսպաշտությունը: Անդրադառնանք Վարչապետի հնչեցրած մտքերին:
📍 Նախ տարակուսելի է, որ քննադատության ամենամեծ չափաբաժնին կարող էր արժանանալ ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկը: Սովորաբար հակառակն է լինում:
📍 Սկսած 2018թ-ից՝ իրականում իրականացվել են ոչ թե բարեփոխումներ՝ այլ դրանց իմիտացիա, շոուներ և ընդհակառակը՝ համակարգային ձախողումներ ու կազմաքանդումներ: Կառավարությունից իջած օպտիմալացման առաջարկները 2018թ. հուշում էին պետական կառավարման մարմիններին <<չկաշկանդվել օրենսդրական կարգավորումներով>>: Այսինքն, եթե առաջարկները նույնիսկ հակասեին գործող օրեսդրությանը՝ հոգ չէր: Այդպես ՁԻԱՀ-ի կենտրոնը հակառակ գործող օրենսդրությանը, որն առ այսօր սահմանում է, որ երկրում պետք է գործի նման Կենտրոն, փաստացի ապօրինի լուծարվեց:
📍 Կենտրոնի 50-ից ավել աշխատակիցներ, այդ թվում բժիշկ-համաճարակաբաններ, վիճակագիրներ, լաբորանտներ, ինֆեկցիոնիստներ, ընտանեկան բժիշկներ, այլ նեղ պրոֆիլի բժիշկներ, լաբորանտներ, բուժքույրեր, մոնիտորինգի և գնահատման ու այլ մասնագետներ, ոլորտի բազմափորձ կազմակերպիչներ ազատվեցին աշխատանքից: ՁԻԱՀ-ի կենտրոնի հսկայական ռեսուրսը, մասնագիտական զգալի ներուժը ի նպաստ չդրվեց ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, այլ անտեսվեց, արհամարհվեց և փոշիացվեց։ ԱՆ-ն շարունակեց նրանց նկատմամբ հալածանքները անգամ աշխատանքից ազատելուց հետո, հետապնդելով նրանց ու ներքին խողովակներով թույլ չտալով հմուտ ու փորձառու բժիշկներին խիստ պահանջարկի պայմաններում անցնելու պետական ծառայության անգամ համավարակի և պատերազմի ժամանակ: Նրանց մի մասն առ այսօր գործազուրկ է ու շարունակում է հալածվել սեփական տեսակետի արտահայտման համար: Եվ սա վարչապետն անվանում է մարդակենտրոն բարեփոխու՞մ:
📍 Խայտառակություն է Վարչապետի համոզումը, որ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորանավիրուսի համավարակին: Նա կարծես ապրում է զուգահեռ իրականությունում: Արդյոք նա մոռացել է, որ իր պրոտեժե Թորոսյանը սկզբում շփոթեցրեց հանրությանը հակասական ուղերձներով (դիմակների արդյունավետության, սովորական գրիպին նմանեցման և այլն), ծաղրով, հետո իր ղեկավարած գերատեսչության հանցավոր ինքնավստահությունը, սեփական անզորությունը, քայլերի անհետևողականությունն ու անտրամաբանականությունը փորձեց քողարկել պրիմիտիվ մանիպուլյացիաներով, որի արդյունքում կառավարությունը իրավիճակի մեղավոր նշանակեց ՀՀ քաղաքացուն:
📍 Առողջապահական համակարգի կոլապսի պատճառով քովիդով բազմաթիվ հիվանդներ պատշաճ բուժօգնություն չստացած տներում մահացել են կամ հոսպիտալիզացվել են ուշացումով, երբ կյանքը փրկելն արդեն հնարավոր չէր: Իսկ պլանավորման բացակայության պատճառով բուժաշխատողների ռեսուրսը անխնա մսխվել է, սպառվել ու հյուծվել, իր բացասական ազդեցությունը թողնելով բուժսպասարկման որակի վրա: Քովիդից մահացածների դիահերձման արգելումն անհիմն է եղել, չի նպաստել բժշկագիտության զարգացմանը, իսկ հարազատներն առ այսօր զրկված են հանգուցյալներին նորմալ պայմաններում հուղարկավորելուց:
📍 Ա.Թորոսյանը քովիդի դեմ պայքարի ժամանակ կատարեց բազմաթիվ թանկարժեք գնումներ, բայց չստեղծեց պետական սեկտորում բավարար քանակի և հզորության լաբորատորիաներ, որպեսզի հետազոտության կարիք ունեցողները կարողանային հետազոտվել անվճար, ստիպված չլինելով դա անել վճարովի։ Դրանով ապահովվեց մասնավոր լաբորատորիաների գերշահույթը և ավելացվեց բնակչության վրա ընկած առանց այդ էլ հսկայական բեռը:
📍 Նախարարությունը անտեսել է նաև համաճարակի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ողջամիտ և տրամաբանական մասնագիտական առաջարկները, իսկ անպատրաստվածությունն ու անգործությունը, ժամանակավրեպ և ուշացած որոշումները բերեցին անվերահսկելի զարգացումների, որի պատճառով պետությունը ծախսեց ու շարունակում է ծախսել հսկայական միջոցներ: Սա անարդյունավետ պայքարի դասական օրինակ է:
📍 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռք բերման համար 6 միլիոն դոլարի հատկացումը 300 հազար անձի համար առանց վարակվածության տարածվածության ուսումնասիրման հետպատերազմական իրավիճակում, երբ անհրաժեշտ է իրականացնել հազարավոր վիրավորների բուժում, հաշմանդամների մարմնական և հոգեբանական ռեաբիլիտացիա, առնվազն անպատասխանատու քայլ է:
📍 Նախարարության մատուցմամբ կառավարությունը պատրանք է ստեղծել, որ համավարակի խնդիրը ամենևին առողջապահական համակարգից դուրս է, իսկ առողջապահական համակարգի դերը հանգեցվել է ընդամենը անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիների սպասարկմանը, ինչը դարձյալ կատարվել է թերի:
📍 Բացակայել է ֆինանսական միջոցների, այդ թվում օգնության ձևով ստացված, ծախսման և կառավարման թափանցիկ հաշվետվողականությունը: Նախկինում պետպատվերով փոխհատուցման անձնական շարժառիթներով պայմանավորված կամայական գնագոյացման ու բաշխման մոտեցումները ոչ միայն չեն վերանայվել, այլ ցուցաբերվել են հերթական պոպուլիստական մոտեցումները՝ ավելի ցայտուն դարձնելով սեփական ամբիցիաները բժշկական կազմակերպությունների հաշվին լուծելու ցանկությունները:
📍 Համայնքային նշանակության, այդ թվում սահմանամերձ գյուղերի ծննդատների փակումը չի բխել ՀՀ պետական շահերից:
Պետական միջոցների սակավության պայմաններում, անտեսելով բազում հորդորները, քայլեր չեն արվել, որպեսզի գործարարների լայն շերտերն իրենց նպաստը բերեին մարզերի համաչափ զարգացմանը և բարձր տեխնոլոգիական բուժսարքավորումներով հագեցմանը:
📍 Թորոսյանի կողմից կատարվել է պետբյուջեի միջոցների ակնհայտ վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին: Պետբյուջեից կես միլիոն դոլարով գնվել է սարք, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացնելու նույնականացման գործընթացը: Կամ ԱԹ-ն մեծամտաբար կարծել է, որ ամենագետ է և կրկին չի խորհրդակցել մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ Համենայնդեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի»: Վարչապետն իր հայտարարությամբ փաստացի քողարկեց ԱՆ հերթական կեղծիքը զոհվածների դատագենետիկական հետազոտությունների վերաբերյալ:
📍 Վերջապես, առողջապահական համակարգի քինախնդիր պատասխանատուների քայլերը այդպես էլ ուղղված չեղան բժշկական աշխարհի միավորմանը, այլ ընդհակառակը՝ հետևողական պառակտմանը և մասնատմանը, ապօրինությունների կատարմանը, այնպիսի արատավոր բարքերի սերմանմանը, ինչպիսիք անձնական հավատարմության սկզբունքով յուրայինների և օտարների բաժանումն է, բացառապես իր մտերիմներին առանց պաշտոնի պահանջներին համապատասխանության, գիտելիքի և փորձի պաշտոնների նշանակումը, անձնական շարժառիթներով ոչ պետականամետ որոշումների կայացումն ու պետպատվերի բաշխումը:
📍 Այս բոլոր ձախողումների հեղինակը Ա.Թորոսյանն է իր թիմով, որի կարկառուն ներկայացուցիչ Ա.Ավանեսյանը դարձավ նախարար:
📍 Ցավոք, իր աշխատակազմի ղեկավար նշանակելով, Վարչապետը վերջնականապես նույնականացվեց Թորոսյանի հետ:
🖊 «Հակահամաճարակային ալյանս» նախաձեռնություն