Նայելով, թե ովքեր են այս օրակարգն առաջ տանում՝ կարելի է ենթադրել, որ իմպիչմենթի գործընթացն ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան իշխանության դեմ պայքար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի թիրախն այսօր կարծես թե դարձել է Ռոբերտ Քոչարյանը, և դա վատ չէ։ Ո՞ւմ ազդեցությունն են ուզում նվազեցնել. ով որ ուժեղ է։ Եվ ես վստահ եմ, որ այս վայնասունները միայն ուժեղացնում են Քոչարյանի դիրքերը։ Ռոբերտ Քոչարյանի մեծ ասուլիսից հետո նրա հանդեպ ճնշումներ չափից ավելի մեծացել են»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Անդրադառնալով նախկին իշխանության և Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին՝ ընդդիմադիր պատգամավորը փաստեց՝ տարանջատումը նոր չէ. այն սկսվել է դեռևս 2008 թվականից հետո։
Ինչ վերաբերում է հնարավոր քաղաքական զարգացումներին,Աղվան Վարդանյանը շեշտեց՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ բոլոր լուրջ գործընթացներում՝ կլինեն դրանք արտահերթ թե հերթական, այդ թվում՝ փողոցային շարժում, երկրորդ նախագահը և «Հայաստան» դաշինքն ունենալու են ծանրակշիռ ներկայություն։
«Ես խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ։
Սրանց հեռացնելու համար շատ ավելի մեծ ճնշում և ավելի մեծ շարժում է անհրաժեշտ»,- ասաց պատգամավորը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանը կրկին իշխանության գա, առաջինը վրեժխնդիր կլինի Սերժ Սարգսյանի՞ց, թե Նիկոլ Փաշինյանից։ Ի պատասխան՝ Աղվան Վարդանյանը նկատեց՝ որևէ մեկից վրեժ լուծելու խնդիր չկա, կա Հայաստանը վերականգնելու խնդիր։





