«Այս ամենը սատանիստական մասշտաբային ռիտուալ է հիշեցնում, որ ուղղված է մեր պետականության, ազգային և հոգևոր արժեքների դեմ». հոգեբանը՝ Երևանում պղծությունների դեպքերի մասին

72

Մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամին վաղուց մեր երկրի ներսում է և գործում է բոլոր ուղղություններով։ Բացի նրանից, որ մեզ փորձում են սպանել ֆիզիկապես, փորձեր են արվում՝ մեզ սպանելու նաև հոգեպես։ Հոգևոր մահն, արդեն, ամենավտանգավորներից է, ավելի վտանգավոր, քան ֆիզիկական մահը կարող է լինել։ Երևանում վերջերս խիստ հաճախադեպ դարձած պղծությունների դեպքերը հենց այս մասին են խոսում՝ մենք հոգևոր հարձակման տակ ենք և սա կարող է նախաձեռնել միայն մեր թշնամին։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Կարևոր չէ, թե ո՞վ է իրականացնում պղծությունների այդ դեպքերը։ Դրանք կարող են լինել սրբություն չունեցող և հոգեպես տհաս ինչ – որ ճղճիմ մարդիկ, ովքեր աննշան գումարի դիմաց, ասենք, կպղծեն Արցախի դրոշը, Ազգալդյանի, Կոմիտասի կամ Հիսուսի արձանը։ Խոսքն, այստեղ, կարևորագույն ազգային, պետական և կրոնական սիմվոլների մասին է։ Կարևորն այստեղ այն է, թե ո՞վ է այդ մարդկանց և այս ամենի հետևում կանգնած ուժը, ո՞վ է հեղինակը, իսկ դա միևնույն ձեռագիր ունեցող և նույն կետից համակարգվող և առաջնորդվող ուժն է, ընդ որում՝ թշնամի ուժը»-ասում է հոգեբանը։

Կարինե Նալչաջյանն առաջարկում է ուշադրություն դարձնել, թե հատկապես ո՞ր թիրախային կետերն են ընտրվել՝ պղծություններ իրականացնելու համար.«Ո՞վ է մեզ համար Լեոնիդ Ազգալդյանը, ո՞վ է Հիսուս Քրիստոսը մեզ համար, ո՞վ է Կոմիտասն ու ո՞վ է, ի վերջո, ազգային հերոսի մայրը, որի վրա, այսօր, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հարձակում է տեղի ունեցել։ Այս բոլորը մեզ համար բացի ազգային արժեք լինելու, նաև սրբություններ են, այդ թվում, նաև՝ Հիսուսի և հերոսի մոր կերպարները, և, փաստորեն, ստացվում է, որ մեր երկրում հետևողական և կազմակերպված հարձակում է սկսվել ազգային և պետական արժեք ներկայացնող սիմվոլների, ինչպես նաև՝ սրբությունների դեմ։ Չեմ վարանի ասել, որ այս ամենը սատանիստական մասշտաբային ռիտուալ է հիշեցնում, որ մեր երկրում սկսել է չարաբաստիկ 2018 թվականից ի վեր, հետևողականորեն շարունակվում է մինչ օրս և ուղղված է մեր պետականության, ազգային և հոգևոր արժեքների դեմ։ Մենք, պարբերաբար, ականատես ենք լինում մեր սիմվոլների նկատմամբ իրականացվող սրբապիղծ ոտնձգությունների։ Այս ամենից հետո, ես հակված եմ մտածել, որ սա օրինաչափություն է, այսպես կոչված՝ նոր Հայաստանում»,- ասում է հոգեբանը։

Վնասել, անարգել և պղծել տվյալ ազգի պետական, հոգևոր և ազգային սիմվոլներն, այլ բան չէ, քան՝ հարված հասցնել ժողովրդի ամենանուրբ զգայարաններին և սա արվում է հատուկ նպատակով, ասում է հոգեբանն ու հավելում. «Երբ դանակով զինված հարձակում են իրականացնում հայրենիքի համար նահատակված ազգային հերոսի մոր վրա, սա, պարզապես, մարդու կամ կնոջ վրա կատարված հանցավոր արարք չէ, որովհետև ազգային հերոսի մայրը սովորական կին չէ, նա, արդեն իսկ, սիմվոլ է։ Ստացվում է, որ այս արարքով հարձակում է իրականացվում ազգային ամենավեհ արժեքի՝ Հայրենիքի համար նահատակվածների սրբության վրա։ Ի՞նչ նպատակով սա կարող է իրականացվել՝ միայն և բացառապես՝ արժեզրկելու հերոսության սիմվոլը, մանավանդ, եթե նկատենք այն համատեքստը, թրքահոտ այն մղջավանջը, որում մենք ապրում ենք արդեն չորրորդ տարին»։

Հոգեբանը հռետորական հարցադրում է կատարում՝ իսկ ինչո՞ւ նախկինում մեր երկրում նման արարքներ չէին կատարվում և, հանկարծ, դրանք սկսեցին 2018 թվականից հետո։ Կարինե Նալչաջյանն առաջարկում է, որ այս հարցադրումն ինքն իրեն ուղղի ամեն հայ մարդ, որ ապրում է Հայաստանում՝միաժամանակ, հիշեցնելով չմոռանալ նաև՝ 2020 թվականի ամռանը Եռաբլուրում հերոսների շիրիմների նկատմամբ իրականացված պղծության դեպքերը, նույնպես, որոնք մեծ աղմուկ, արձագանք և զայրույթի ալիք բարձրացրին հասարակության ներսում։


Անդրադառնալով պղծության դեպքերի ընթացքում վնասված Հիսուսի երկու հարթաքանդակների թեմային, հոգեբանը նկատում է՝ նորություն չէ, որ 2018 թվականից ի վեր, հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո, ականատես եղանք եկեղեցու դեմ իրականացվող աննախադեպ հարձակումների։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացված դատապարտելի դրսևորումները բոլորն են հիշում, նկատում է Կարինե Նալչաջյանն ու հավելում. «Հիսուսի արձանը, նույնպես, սիմվոլիկա է՝ կրոնական բնույթի սիմվոլ, որ խորհրդանշում է ինչպես մարդու հավատն, այնպես նաև՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Շատ հաճախ մեզ ներկայացնելուց ասում են ոչ թե միայն հայ, այլև՝ հայ քրիստոնյա։ Սա մեր էության անբաժան և անբեկանելի նկարագիրն է, որին նույնպես, ինչպես արդեն ասացի, շարունակաբար հարվածներ են հասցվում վերջին տարիների ընթացքում։ Ի՞նչ նպատակով սա կարող է կատարվել՝ միայն և բացառապես պետության հիմքերը խարխլելու, որովհետև բոլորը գիտեն, որ Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն հավատի խորհրդանիշ է հայերի համար, այլ նաև՝ պետականակերտման համակարգի գլխավոր, կարևորագույն ու կայուն ինստիտուտներից մեկը։ Կրոնական ինքնությունը հայ ժողովրդի մոտ շատ խոր հիմքեր ունի։ Հետևաբար, Հիսուսի արձանները պղծելու բոլոր պատճառները պետք է փնտրել միայն և բացառապես վերոհիշյալ կոնտեքստում».- ասում է հոգեբանը։

Ամփոփելով զրույցը, Կարինե Նալչաջյանը մեկ անգամ ևս ընդգծում է՝ կատարված պղծությունների բոլոր դեպքերի հիմքում պետք է փնտրել բացառապես թշնամու ձեռագիրը. «Մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր կասկածում են, որ մեր երկրի ներսում հայի տեսակը ոչնչացնելու ծրագիր է իրականացվում։ Եթե մարդու ֆիզիկական ոչնչացումը դեռ, ինչ – որ առումով և չափով վերականգնելի պրոցես է, ապա մարդու և տեսակի հոգևոր ոչնչացումն, արդեն, անդառնալի է։ Այսպես են ազգերը վերացել աշխարհի երեսից՝ հոգեպես ոչնչացնելով նրանց ինքնությունն ու տեսակը՝ այն, ինչ կատարվում է մեր երկրում, արդեն չորրորդ տարին ի վեր։ Չեմ բացառում նաև, որ այս դեպքերը կարող են շարունակական լինել, եթե չբացահայտվեն և չպատժվեն ինչպես դրանց հեղինակներն, այնպես նաև՝ բարոյական տհասներ հանդիսացող կատարողների սև ձեռքերը, ապա մենք լուրջ վտանգներ առաջ ենք կանգնելու, որովհետև հոգևոր ոչնչացումը ոչնչացման հիմքն է, որն, արդեն իսկ, դրվել է մեր երկրի ներսում, որը, սակայն, պետք է անհապաղ կերպով կասեցնել»,- ասում է հոգեբանը։

Աղբյուր` Փաստինֆո