Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ուկրաինա C 400 հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ԱՄՆ առաջարկի մասին։ Այս մասին նա հայտարարել է Habertürk-ին տված հարցազրույցում։
Թուրք դիրվանագետի խոսքով՝ Անկարան Վաշինգտոնի առաջարկը մերժել է:
«ԱՄՆ-ից մի քանի առաջարկ է եղել С-400-ի հետ կապված: Մեզ ասացին` տվեք մեզ վերահսկողություն, սա առաջարկ է, որն ազդում է մեր անկախության վրա, այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը», – ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս տարբեր առաջարկներ է ստացել С-400-ի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմից, և եթե այն համակերպվող լիներ, Վաշինգտոնի հետ ներկայիս խնդիրներ չէր ունենա։
«Մեզ նույնիսկ առաջարկել են դրանք ուղարկել Ուկրաինա, մենք ասացինք, որ դա անհնար է, եղել են նման առաջարկներ»,- հավելել է Չավուշօղլուն։