ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև՝ Հովսեփյանի ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։
Դատական նիստի օրը նշանակվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.00-ին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։
Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։
Ներկայացված բողոքը մակագրվել է դատավոր Սևակ Համբարձումյանին, որի վարկանիշը սեպտեմբերի 28-ի դրությամբ՝ 10 միավոր է։
Համեմատության համար պետք է նշել, որ փաստաբանական համայնքում ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորների վարկանիշն այս պահի դրությամբ շուրջ 60 միավոր է։
Աղբյուր` Փաստինֆո