Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը այսօր առավոտյան մամուլի ասուլիսում հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության մեկնարկի մասին։ Նա նաև փետրվարի 7-ն անվանել է «պատմական օր»։
Ադրբեջանում ընտրողների թիվը 6 մլն 478,623 հազար է, նրանք քվեարկելու են 6537 ընտրատեղամասերում։ Արտերկրի 37 երկրներում Ադրբեջանի քաղաքացիների քվեարկության համար ստեղծվել է 49 ընտրատեղամաս։
Ադրբեջանի նախագահն ընտրվում է յոթ տարով, ժամկետների քանակի սահմանափակում չկա։
Մասնակցում է 7 թեկնածու․
1․ Գործող նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը,
2․ Ինքնառաջադրված Զահիդ Օրուջը,
3․ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը,
4․ «Մեծ արարծագործություն» կուսակցության ներկայացուցիչ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան,
5․ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը,
6․ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը,
7․ Ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։
Հիշեցնենք, որ գործող նախագահն իշխանության ղեկին է 2003 թվականի հոկտեմբերից և արդեն մի քանի անգամ «վերընտրվել է»։ Իշխանությունը բառացիորեն ժառանգել է Ալիև կրտսերը իր հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո։ Թե ինչ արդյունք է գրանցվելու ընթացիկ ընտրություններում, ակնհայտ է, ինչի մասին վկայում է նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները դիտորդներ չեն հրավիրել եվրոպական խորհրդարանական կառույցներից։