Տիկին Սարգսյան, կա՞ արդյոք քրեական վարույթ, կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի հետ: Այս մասին այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Այդ համատեքստում վերջինս նկատեց. «Որովհետև վերջերս տելեգրամյան ողորմելի որոշ ալիքներ, որոնք ծառայում են իրենց ողորմելի տերերին, որոնք իրենց ողորմելի քաղաքական պայքարը փորձում են ամեն դեպքում շարունակել, թիրախավորում են ու հրապարակում լրագրողների նկարներ:
Այն որ պատգամավորների լուսանկարներ են հրապարակում, դա դեռ թողնում եմ մի կողմ, բայց լրագրողները զարգացած հասարակություններում առհասարակ առանձնահատուկ պաշտպանվածության որոշակի կարգավիճակ ունեն, բայց հրապարակվում է լրագրողների անձնական տվյալները, որոնց դեմ տարվում է ատելության քարոզ: Խնդրում եմ միասին քննարկել այս հարցը և կհորդորեմ, որպեսզի դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետև խիստ դատապարտելի երևույթի հետ գործ ունենք»:
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Լրագրողների կողմից զրպարտչական նյութերը, օրինակ ԱԱԾ գործակալ լինել, ՌԴ-ից միլիոններ ստանալ, որոնք հերքվում են, էդ էլ ավելացրեք»:
Վահագն Ալեքսանյանն էլ Մանուկյանին պատասախանելով հարցրեց, թե ո՞վ է հերքել. «Ով՞ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել: Իգոր Կորոտչենոն էլ հայտնել էր, որ միլիոններ են փոխանցվել»:
infoport