ԵՐԵՎԱՆ – Զրուցակցիս՝ Երևանի պետական համալսարանի չինացի ուսանող Ֆեն Յանգ Մինգին այսօր շատերն են ճանաչում Հայաստանում, մասնավորապես նրա սահուն հայերեն հարցազրույցների եւ Հանրային հեռուստաընկերությունում որպես հաղորդավար ու դերասան հանդես գալու շնորհիվ:
Ծնվել է Չինաստանի Գուանճոու քաղաքում, վեց տարի սովորել է Ճավայի (Ինդոնեզիա) Ջոգյակարտայի Ահմադ Դահլան համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան ինդոնեզական-մալայական լեզուների եւ գրականության մասնագիտացմամբ: 2018 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության բաժինը՝ միաժամանակ կատարելով մի շարք աշխատանքներ: Եղել է ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հեռուստահաղորդաշարի հաղորդավար, «Մեր բակը. 25 տարի անց» կատակերգության (2021) գլխավոր դերակատարներից մեկը, մասնակցել է նաեւ սերիալների: Որպես կամավոր աշխատել է արցախյան պատերազմի փախստականների հետ: Ներկայումս Ֆընգը չինարեն է դասավանդում «Գազպրոմ Արմենիայի» ուսումնա-սպորտային համալիրում, ինչպես նաեւ Երեւանի Սմարթ ակադեմիայի չինարենի բաժնի վարիչն է:
Չափազանց հաճելի է զրուցել Ֆընգի հետ, լսել նրա վարժ հայերենը… Մեր զրույցը գրառելիս՝ նրա խոսքը թողել եմ գրեթե անփոփոխ:
–Սիրելի՛ Ֆընգ, դու Գուանճոուից ես, նախկինում՝ Կանտոն: Գիտեի՞ր, որ միջին դարերում այնտեղ հայեր են ապրել, անգամ՝ եկեղեցի են կառուցել:
-Կոնկրետ Գուանճոուի հայերի մասին չգիտեի: Դեռ փոքր ժամանակ հայոց պատմության վերաբերյալ անգլերեն մի գիրք կարդացի, որտեղից իմացա Հարավային Չինաստանի, Սինգապուրի ու Ինդոնեզիայի հայերի մասին: Քանի որ ես մի քիչ ինդոնեզական արյուն ունեմ՝ ուսման մեկնեցի Ինդոնեզիա ու տեսա, որ մինչեւ հիմա մնում են հայերի հիմնած որոշ բաներ, օրինակ, Սուրաբայայի «Ռաֆըլզ» հյուրանոցը: Հայերի կարող ես գտնել տարբեր տեղերում՝ Չինաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա… Փոքր ժամանակ շատ էի ուզում գնալ Բրազիլիա, ինձ համար բացահայտել Ամազոնը, հետաքրքիր երկիր է… ու շատ զարմացա՝ իմանալով, որ հենց այնտեղ, Մանաուս քաղաքում մի մարզադաշտ կա, որ կոչվում է Պետրոսյան: Ի՞նչ գործ ունի լեռներում ապրող ժողովրդի մարդը Բրազիլիայի անտառի մեջտեղում: Նաեւ հայերն ու չինացիներն իրար մի քիչ նման են. երկուսս էլ մի քիչ դառը, մի քիչ տխուր պատմություն ունենք ու թեկուզ այդ պատճառով մենք աշխարհի տարբեր անկյուններում կանք՝ ծովափում լինի, թե լեռներում: Ու որ երկիրը գնամ, այնտեղ կգտնեմ երկու ազգի մարդիկ, մեկը՝ չինացի, մյուսը՝ հայ, հաստա՛տ…
–Դու Հայաստան եկար հենց հայերեն սովորելո՞ւ: Չէ՞ որ հայագետ դառնալը քեզ լավ աշխատանք չի կարող տալ:
-Այո, Չինաստանում հայերեն իմանալը ոչ մի առավելություն չի տալիս, ուղղակի ես ուզում էի բացահայտել աշխարհի տարբեր անկյունները՝ ծանոթ թե անծանոթ: Բայց ամեն ինչ չենք նայում փողի, աշխատանքի կողմից: Ավելի հարուստ կյանքի փորձ ունենալն ավելի կարեւոր է, քան հարստանալը: Ես Հայաստան եկա Երեւանի պետական համալսարանի ու Պեկինի Արտասահմանյան ուսումնասիրությունների համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով, այնպես որ հիմա հայկական բանասիրական ֆակուլտետում ուրիշ չինացի ուսանողներ էլ կան:
–Ու հիմա ինքդ էլ այստեղ ուսանողներ ունես…
-Մինչեւ գալս՝ չգիտեի, որ Հայաստանում բավական շատ չինարեն սովորողներ կան: Չինարենը հետաքրքիր լեզու է, ինչպես հայերենը՝ մենք էլ ունենք յուրահատուկ տառեր, հիերոգլիֆներ: Շատ եմ ուզում իմ սիրելի ուսանողներին օգնել, քանի որ շատ մեծ մոտիվացիա ունեն: Ես իրենց աչքերից, իրենց խոսելու ձեւից հասկանում եմ, որ չինարենն իրոք շատ սիրել են:
–Ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիր հայերեն սովորելիս:
-Քերականությունը դժվար էր: Ու նաեւ՝ գրական ու խոսակցական հայերենը տարբեր են: Խոսակցականում շատ են օգտագործում ռուսերեն բառապաշար: Մանավանդ Երեւանում մարդիկ կես ռուսերեն են խոսում, կես հայերեն: Իսկ գրական հայերենում շատ բառեր կան, որ երբեք չենք լսել, դրանք ոչ ոք չի օգտագործում, օրինակ՝ ադամաթուզ…
–Ունե՞ս սիրելի հայ հեղինակներ:
-Հայաստանում ապրելն իրականում այնքան հեշտ չի, հիմնականում պիտի շատ աշխատեմ, այնպես որ գիրք կարդալու ժամանակ բավական քիչ ունեմ: Ես միշտ կարդում եմ Համո Սահյանի բանաստեղծությունները, բայց անգիր քիչ գիտեմ: Իհարկե, սիրում եմ Հովհաննես Թումանյանին, ես գնացել եմ նրա տուն-թանգարանը Լոռիում: Հետո՝ Սիլվա Կապուտիկյանին եմ շատ կարդում: Մի քիչ առաջվա հայ հասարակության մեջ տղամարդը շատ էր գրավել կարեւոր տեղերը, կարեւոր մասնագիտությունները: Բայց կանայք էլ շատ կարեւոր դեր ունեն այս հասարակության մեջ ու իրենք էլ են ստեղծել գրականություն ու արվեստ իրենց անկյունից, իրենց մտածելակերպից: Ես շատ եմ հարգում այդպիսի հասարակությունը:
–Հայերենի քո լավ իմացությամբ գիտե՞ս՝ ինչ պիտի անես ապագայում:
-Ես դեռ կուզեմ ինձ համար նոր մշակույթներ, լեզուներ բացահայտել: Ինչպես հայերն են ասում՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Ես ապրել եմ տարբեր երկրներում եւ իրենց մշակույթից, իրենց սովորություններից, իրենց ավանդույթներից վերցնում եմ ամենալավ բաները, որը պահում եմ իմ սրտի մեջ: Օրինակ, Ինդոնեզիայում ես վերցրել եմ իրենց մշակույթի ամենակարեւոր կետը՝ իրար հանդեպ հարգանքը: Շատ են հարգում մարդկանց, մի քիչ՝ չափից շատ: Հայաստանում էլ շատ բաներ եմ սովորել, թե՛ լավ, թե՛ վատ…
-Այո՞: Ի՞նչ վատ բան ես սովորել:
-Խմելը (ծիծաղում է): Իրականում՝ կատակում եմ, ես չափի մեջ եմ խմում, առիթով, գիտեմ, որ դա վնաս է: Իսկ լավը… ես զգում եմ, որ այս հասարակության մեջ շատ կարեւորում են ընտանիքը, որ ընտանիքն արժեք է: Կապ չունի՝ ինչ տարիքի է մարդը, կարող է շատ մեծ լինի, տատիկ-պապիկ կամ երիտասարդներ, երբ որ իրենց հետ խոսում եմ, առաջինը, որ հարցնում են, ամենակարեւոր թեման ընտանիքն է՝ մաման ո՞րտեղ է աշխատում, քույր ունե՞ս… Չինացիների հետ որ սկսես խոսել, առաջին թեման ոչ թե ընտանիքն է, այլ ուրիշ բան՝ աշխատանք, դպրոց, համալսարան… Ես էլ սկսել եմ մտածել, թե ինչ պիտի անեմ իմ ընտանիքի համար. օտար երկրներում ապրելով՝ մի քիչ հեռացել եմ իմ ընտանիքից, բայց հիմա հայերի հետ շփվելով՝ նրանց մտածելակերպն ազդել է ինձ վրա:
–Ֆը՛նգ, թվի՛ր, խնդրեմ, քո ամենասիրելի բաները Հայաստանում… Վայրերը, արվեստագետներին, երգը, ուտելիքը…
-Հայաստանում իմ սիրած տեղը Լոռին է: Առաջինը՝ բնության համար: Լոռու մարզում ես տեսել եմ իմ կյանքում տեսած ամենագեղեցիկ բնություններից մեկը: Սարերը, կանաչ սարերը: Հետո՝ ջուրը: Լոռու մարզում ջրի համը մի քիչ ուրիշ է: Երրորդը ժողովուրդն է: Բոլորն ասում են, որ լոռեցիները միամիտ են, ո՞նց եք ասում, դյուրահավատ… բայց իմ կարծիքով՝ այդպես չէ: Իրենք ուղղակի բարի են, ընկերասեր են, հյուրասեր: Ու միշտ ավելի բաց են: Եթե դու լոռեցի ընկերներին ես դիմում՝ միշտ պատրաստ են քեզ օգնել. ավելի մոտ եմ ինձ զգում լոռեցի ընկերներիս: Ես չեմ ուզում վիրավորել Հայաստանի ուրիշ մարզերի մարդկանց, բայց այստեղ շեշտը դնում եմ Լոռու մարզի առանձնահատկության վրա, իրենց յուրահատկության վրա: Կապ չունի՝ ապագայում որտեղ որ լինեմ, միշտ կհիշեմ հայերին ու իմ Լոռու սիրուն բնությունն ու ժողովրդին:
Իսկ Երեւանում իմ ամենասիրած տեղը բուսաբանական այգին է: Ու գիտե՞ս ինչն է ինձ այնտեղ գրավել. սկյուռիկները: Ամեն շաբաթ գնում եմ այնտեղ, սկյուռիկները շատ են մոտենում ինձ…
Իմ սիրած հայ արվեստագետը Շառլ Ազնավուրն է: Նկատել ես, չէ՞, որ ես դասական եմ սիրում, ռաբիս-մաբիս չեմ սիրում…
Իմ ամենասիրած հայկական երգը Ռուբեն Հախվերդյանի «Մեր սիրո աշունն» է… Դա առաջին հայկական երգն է, որ ես լսել եմ, ու ինչպես ասում են՝ առաջին սերը միշտ անմոռանալի է…
Իմ ամենասիրած հայկական ուտելիքը… իհարկե, կարող եմ ասել, որ բոլորը, տղաները, ամենաշատը խորովածն են սիրում, բայց եթե ասենք՝ ինձ համար ո՛րն է առաջինը, ես կասեմ՝ ավելուկով սալաթը: Ընկույզով, մի քիչ սխտորով, մի քիչ էլ՝ նռան հատիկներով…
–Ի՞նչ ես կարծում, այսօր ի՞նչ է ամենաշատը պետք Հայաստանին:
-Քաղաքականության մասին չեմ ուզում խոսել, դա իմ գործը չէ, բայց պետք է իրատես լինենք. ինձ թվում է՝ ամենակարեւորն այս պահին ուժեղ կառավարություն ունենալն է: Մենք բոլորս գիտենք՝ ինչ է պատահել երկրում: Եթե նայենք քարտեզին ու համեմատենք հին ու նոր Հայաստանը, տեսնում ենք, որ հարեւանները մեծ երկիրը կտոր-կտոր վերցրել են, ու երկիրը շատ է փոքրացել: Շատ ափսոս է: Շատ դժվար է հետ վերցնել խլված տարածքը: Ուրեմն՝ մեզ ուժեղ ղեկավարություն է պետք, որ եղածը փրկվի: Ինձ միշտ շատ են հետաքրքրել սեպագիր արձանագրությունները, որոնք այսօր միայն կարող ես տեսնել թանգարանում: Չեմ ուզում, որ Հայաստանն էլ այդպես միայն թանգարանում կարողանան տեսնել: Այստեղ կան շատ հարուստ մշակույթ, ավանդույթներ ու պատմություն, որ պետք է պահել, ուրեմն պետք է մտածել հե՛նց հիմա՝ ի՛նչ պիտի լինի Հայաստանն ապագայում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ