Նամակներ, հուշերի թեկուզ փոքր պատառիկներ.սրանք լավագույնն են ճանաչելու, ընկալելու բանաստեղծին, մտավորականին:
Վահան Տերյանի մասին մի համառոտ հուշ ներկայացնենք ընթերցողին, որ մեզ է հասել Ռաֆայել Իշխանյանից:
«Նվարդ Տերյանի տանը հրավիրվող տերյանական երեկոներից մի ուրիշի ժամանակ, երբ խոսք տրվեց դերասանուհի Մայրանուշ Պարոնիկյանին, նա զգացմունքով լի ձայնով նշեց, թե որքան թանկ անուն է իր համար Վահան Տերյանը, և ինչպես է ինքը ամեն անգամ մինչև սրտի խորքը հուզվում Տերյան կարդալիս: Ապա արտասանեց «Մթնշաղի անուրջներ»-ից:
Պարզվեց, որ դերասանուհին մի փոքր հուշ էլ ունի Տերյանի մասին, բայց ոչ իրենը, այլ Վահան Թոթովենցինը:
Թեև համառոտ է այդ հուշը, բայց Տերյանին բնութագրող մի դրվագ է դա: Բերում եմ Պարոնիկյանի պատմածից գրի առած .
1915 թ. Վահան թոթովենցը Միացյալ Նահանգներից գալու ժամանակ կանգ է առնում Պետրոգրադում: Նրան դիմավորում են տեղի մի խումբ հայ երիտասարդներ, ուսանողներ:
«Պետրոգրադում ինձ հետաքրքրում էր մի մարդ, մի երիտասարդ՝ բանաստեղծ Վահան Տերյանը,-պատմել է Թոթովենցը:-Նրա բանաստեղծությունների գիրքը կախարդել էր ինձ: Անպարփակ էր հիացմունքս: Ժամ առաջ փափագում էի տեսնել այդ արտասովոր մարդուն, այդ կախարդին: Եվ կայարանում ինձ դիմավորած երիտասարդներին հայտնեցի փափագս:
Նրանք ինչ-որ բան խորհրդակցեցին: Հետո ինձ հայտնեցին, որ կառքը պատրաստ է, և ինձ կուղեկցեն մինչև հյուրանոց:
Ինձ ուղեկցողը շուրջ 30 տարեկան մի երիտասարդ էր ՝ լռիկ-մնջիկ: Նրան էլ ասացի, որ շատ եմ ուզում տեսնել Վահան Տերյանին, և որ Պետրոգրադում կանգ առնելու նպատակը նրան տեսնելն է:
Երիտասարդը ինձ սառը թվաց, անտարբեր՝ ցանկությանս նկատմամբ, ասաց, որ դեռ կհասցնեմ տեսնել իմ ուզած մարդուն:
Այդպես հասանք հյուրանոց: Սենյակումս նորից կրկնեցի Տերյանին տեսնելու ցանկությունս: Ուղեկիցս դարձյալ հուսադրեց և ցտեսություն ասելով ՝ հեռացավ:
Մյուս օրը հրավիրված էի տեղի հայերի կազմակերպած մի հանդիպման: Հասնելուս պես դարձյալ առաջին խոսքս եղավ.
-Ուզում եմ Վահան Տերյանին տեսնել, արդյոք այստե՞ղ է: Ինչպե՞ս կարելի է նրան հանդիպել:
-Բայց սիրելի պարոն,-դիմեց ինձ հավաքված ուսանողներից մեկը,-երեկ Դուք Վահան Տերյանի հետ կառքով հյուրանոց գնացիք, մենք որոշեցինք, որ նա Ձեզ ուղեկցի, որպեսզի ծանոթանաք:
Ես ապշեցի: Ինչպե՞ս թե, մի՞թե նա էր:
Քիչ հետո մի քանի հոգի ներս մտան: Նրանց մեջ ճանաչեցի երեկվա ուղեկցիս: Խոսակիցս ասաց ահա՝ Տերյանը:
Գլուխս կորցրածի պես մոտեցա, ամուր գրկեցի նրա վտիտ մարմինը: Համբուրեցի ճակատն ու հարցրի.
-Զարմանալի է…Ինչո՞ւ երեկ չասացիք, որ Դուք եք Տերյանը:
-Ճիշտն ասած,չէի ուզում Ձեզ հիասթափեցնել…»[1]
[1] Մեջբերումն ամբողջությամբ վերցրել ենք Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան.Անտիպ և անհայտ էջեր» գրքից, Երևան, 2014, էջ՝ 570-571: