ԵՐԵՎԱՆ-ՊԱՑԿՈՒԱՐՈ, Մեքսիկա Վաչէ Կէօվճէլեանը (ծն. 1956, Ադիս Աբեբա) նկարիչ եւ բանաստեղծ է, որը բնակվում է Կանադայում եւ Մեքսիկայում: Հինգ տարեկանում ընտանիքի հետ Եթովպիայից տեղափոխվել է Լիբանան, Բեյրութում ուսանել տարրական եւ միջնակարգ դպրոցներում: Հետագայում սովորել է Բեյրութի Հայկազյան քոլեջում (այժմ՝ համալսարան) եւ Անգլիայի Քինգսվուդ դպրոցում, բակալավրիատը շարունակել անգլիական Նյու Ինգլենդ քոլեջում: Ավարտել է Հենիքերի (Նյու Հեմփշիր, ԱՄՆ) համալսարանը: 1978-1982 թթ. բնակվել է Թորոնթոյում՝ հաճախելով տեղի «Երեք դպրոց» կենտրոնի արվեստի դասընթացներին: 1982-ին հիմնել է իր մշտական ստուդիան Մեքսիկայում: Կէօվճէլեանն իր արվեստը ցուցադրել է Թորոնթոյի եւ Լոս Անջելեսի պատկերասրահներում, Մեքսիկայի տարբեր արվեստի ինստիտուտներում:
–Հարգելի՛ Վաչե, մի քանի տարի է, ինչ հետեւում եմ ձեր ստեղծագործություններին եւ հիանում եմ ձեր արվեստի արտահայտչական հարստությամբ: Դուք ապրել եք տարբեր երկրներում եւ ուսումնասիրել եւ կլանել եք նրանց մշակույթները: Ձեզ համարում եք կոսմոպոլի՞տ նկարիչ, թե՞ մի այլ կերպ:
-Իմը համընդհանրական հայացք է: Այո՛, իմ արմատները Եթովպիայից, Լիբանանից եւ արեւմտաեվրոպական քաղաքային մշակույթներից են, բայց իմ փորձառությունները ճյուղավորվելով հասել են Հյուսիսային Ամերիկա եւ համադրվել մեքսիկական մետիսական եւ բնիկ մշակույթների հետ: Ես մարդկային ձայն եմ, որն արտահայտում է մարդկային փորձառությունը:
Բայց իմ հայկական արմատներն ու գեները միշտ ներկա են՝ որպես իմ բոլոր ընկալումների ֆիլտր: Հայկ Նահապետը, Վահագնը եւ Անահիտը միշտ ինձ հիշեցնում են իրենց արխետիպային պատգամները՝ միախառնված ացտեկների Քետցալկոատլ եւ Ուիցիլոպոտչլի աստվածություններին: Սիամանթոն եւ Դանիել Վարուժանն այստեղ ինձ հետ են, երբ ես ճյուղավորվում եմ եւ զգում Խորխե Լուիս Բորխեսին եւ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Կախարդական աշխարհ ընկալող ուիչոլի հնդկացիական ժողովուրդը խառնվում է Անուշավան Սոսանվերի եւ Արա Գեղեցիկի հետ: Բայց, ի վերջո, ես ընդամենը աստղափոշի եմ՝ մարդկային կերպարանքով, միայն կարճատեւ գոյության համար:
Այսօր Պացկուարոն է իմ տունը եւ այդպիսին է եղել վերջին 40 տարիների ընթացքում, նրա բնիկ պուրեպեչա ժողովրդի լեզվից գիտեմ միայն մի քանի բառ, բայց շատ բան եմ սովորել նրանցից: Տարիներն անցնում են, ես ծերանում եմ, «տուն» բառը նոր իմաստ է ստանում՝ մի վայր, որտեղ միշտ ստեղծագործում ես եւ սկսում ես ազատվել երիտասարդական պատրանքներից եւ անհանգստությունից:
–Պացկուարոն հայտնի է իր Մեռյալների օրվա տոնակատարությամբ: Այս անսովոր տոնը եւ տեղացիների այլ՝ ոչ սովորական ավանդույթներն ինչ-որ կերպ ազդե՞լ են ձեր արվեստի վրա:
-Ամերիկյան բնիկների տիեզերական տեսլականը եւ արարողություններն ինձ համար եղել են հոգեւոր խթանման եւ աճի զարմանալի աղբյուր: Ես չէի սպասում, որ հնագույն ավանդույթի այս հատվածը կդառնա իմ մտածողության եւ ապրելակերպի մի մասը: Ես իսկապես առավելություն եմ համարում, որ որպես Մեքսիկայում ապրող օտարերկրացի ինձ հաջողվեց տեսնել որոշ գաղտնի իմաստություններ, որոնց տիրապետում են այստեղի տարեց առաջնորդները եւ պատրաստ են հաղորդակից դարձնել:
–Որքանո՞վ եք ծանոթ հայ գեղանկարչությանը: Գիտեմ, որ ճանաչել եք լիբանանահայ փայլուն նկարիչ Փոլ Կիրակոսյանին:
-Ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել հայաստանցի ճանաչված նկարիչներին եւ բանաստեղծներին, բայց իմ գեղարվեստական ձեւավորումը եղել է Իտալիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում՝ ի վերջո հասունանալով Մեքսիկայում:
–Իսկ ձեր նկարչության եւ պոեզիայի մեջ կա՞ն հայկական մոտիվներ:
-Հայրենիքիս կորուստը տարբեր ձեւերով առկա է իմ նկարներում եւ պոեզիայում: Իմ նախնիների հավատքը Հիսուս Քրիստոսի ուսմունքի նկատմամբ եւ այն կորուստը, որը այն քաղաքական առումով նշանակել է պատմական Հայաստան կոչվող քաղաքական միավորի համար, դրոշմել է մի ծածկագիր, որը կարող է ջնջվել իմ ներքին լեզվից: Եվ արցախյան պատերազմն ու նրա կորուստն ինձ համար հուսախաբության եւ մեծ տխրության պատճառ են դարձել…
–Ենթադրում եմ, որ ձեր հայրը եղել է Եթովպիայում գործած որբերի նվագախմբի անդամներից, հայտնի որպես «Արբա լիջոջ» («40 մանուկ»):
-Հայրս՝ Բենոն Կէօվճէլեանը, ծնվել է Տարսոնում՝ Փանոս Կէօվճէլեանի եւ Ռեբեկա Սաքաճյանի ընտանիքում: Նա Երուսաղեմի «Արբա Լիջոջից» չէր, այլ Եթովպիա է եկել Կիպրոսից՝ որբերի երկրորդ ալիքի հետ, որոնց ոգեւորել էր առաջին ալիքի ընդունումը: Եթովպիայում նրա վաղ կյանքի մանրամասները մշուշոտ են: Բայց հայրս գտել է բարենպաստ պայմաններ՝ բարգավաճելու եւ ճյուղավորվելու համար: Նա աջակցեց ինձ եւ իմ եղբայրներին ու քույրերին մեր ձեւավորման տարիներին՝ մեզ համալսարանական կրթության տալով: Իսկ մայրս՝ Նուրիցա Սինանյանը, ծնվել է Բեյրութում՝ բուրսացի Սահակ Սինանյանի եւ մերսինցի Էմմա Արծիվյանի ընտանիքում (երկուսն էլ՝ ցեղասպանության վերապրողներ): Առաջին 16 տարիները Բեյրութում անցկացնելուց հետո նա ամուսնացավ հորս հետ եւ տեղափոխվեց Եթովպիա: Մայրս խրախուսում էր իմ հակումը դեպի արվեստը, մշտապես աջակցում էր իմ կրթությանն ու գեղարվեստական ձեւավորմանը:
–Դուք շատ եք ճանապարհորդել: Այցելե՞լ եք Հայաստան:
-Ես Հայաստան մեկնեցի 2004-ին՝ այնտեղ մնալով մոտ երկու ամիս, եղա նաեւ Արցախում: Ինձ դուր եկավ իմ ուղեւորությունը, որն իսկապես ոգեշնչող էր, բայց կյանքիս իրողություններն ինձ վերադարձրին Մեքսիկա՝ իմ կարիերային եւ իմ պարտականություններին՝ որպես ընտանիքի մարդ…ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ