Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․
— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։
Գալիս է մի հովիվ։ Ասում է․
— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։2
Գալիս է մի դերձակ։ Ասում է․
— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։3
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։
— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
Հովհաննես Թումանյան