Գրիչը տվեցին ինչ-որ թամադայի, որը ձեռքի հետ դերասանություն էր անում, ու նա 35 տարվա թատրոնը մի ստորագրությամբ ջնջեց-ոչնչացրեց:
Ո՞վ էր նա, ոչ ոք չգիտե: Նա «Գոյի» հետ ոչ մի կապ չուներ:
ԿԳՄՍ նախարարությունը նրան Արտաշատից էր գտել-բերել: Ինչ գնով էլ լիներ, «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնի հետ «վերակազմակերպելու» պլանը պիտի իրագործվեր:
Նախարար-փոխնախարարներով զահլա չունեին հանդիպում-զրույց-վիճաբանություն-բանակցության մեջ մտնելու «գոյամարտի» բռնված թատրոնի անձնակազմի հետ. մեկին գտան, մականունն էլ՝ «թուրք», որն իր ամենագունավոր երազում անգամ չէր կարող պատկերացնել, թե մի օր մի թղթի վրա կգրվի «Գոյ» թատրոնի տնօրեն, տակն էլ՝ իր անուն-ազգանունը՝ նախարարի ստորագրությամբ: Ու այս անհայտ դերասան-թամադան մի 10 օրով դարձավ իրենից մի քանի տարով փոքր կամ գուցե իր տարեկից թատրոնի տնօրեն, այսինքն՝ ստորագրող գրիչ, որը մարդու անուն-ազգանուն ունի:
Ամեն ինչ այնքան արագ կատարվեց ու կարճ պատմություն ունեցավ, մինչդեռ սրան նախորդել էր անցյալ տարվա գարնանից ձգվող նողկալի մի քաշքշոց՝ զուգակցված դատավարությամբ ու բողոքի, ընդվզման պարբերական ակցիաներով, հարցազրույցներով:
Փաստաբան, դատարաններ, կառավարության որոշումը վիճարկելու եւ ազատ խոսքը, այլընտրանքային թատրոնի իրավունքները վերականգնելու հույս…
«Գոյ» թատրոնը, գարնանից սկսած, իր խաղացանկից բացի, Սունդուկյանին չմիավորվելու, ասել է թե՝ չոչնչանալու ու չլուծարվելու պայքար է մղում, հաշվետվություններ ներկայացնում, որ նախարարության պահանջներին համապատասխան է աշխատում, պլանին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի, բավականին հանդիսատես ունի, խաղացանկն ընդլայնել է, մարդիկ գոհ են իրենցից, սիրում են իրենց արվեստը, արժեւորում: Տասնյակ մտավորականներ, արվեստագետներ այս ընթացքում պատմել են «Գոյի» մշակութային կարեւոր դերի, յուրօրինակ ձեռագրի, տարբերվող ոճի մասին:
5 տարուց ավելի է՝ նիկոլենք իշխանության են, բայց մեր երկրում դեռ հարյուր հազարավոր միամիտներ կան, ովքեր հավատում են՝ եթե լավ աշխատանքով, բարի համբավով ապացուցես, որ արժանի ես այս արեւի տակ քո տեղն ունենալ, ուրեմն կունենաս՝այս բուհը չի փակվի, այն թատրոնը կթողնեն, որ աշխատի: Եթե փաստական ապացույցներով դատարանին ներկայացնես, որ կարմիրբերատավորը դիտավորյալ հուժկու հարված է հասցրել զոհված զինվորի մոր գլխին՝ ասես վրեժ հանելու նրանից, այդ ապացույցները կկարեւորեն, կուսամնասիրեն, արդարադատությունը կհաղթի, գոնե մի ոստիկանի ուսադիր վրայից կպոկեն:
Միամի՜տ հասարակություն, որ արդեն 5 տարի կորցրել ես ազգ ու ժողովուրդ լինելու իրավունքդ ու որակներդ, միամի՜տ սեւազգես մայրեր. Ներքին գործերի նախարարը 2 օր առաջ ընդամենն ասաց՝ ցավում է ոստիկանների արարքների համար, եթե հնարավոր լինի, կհանդիպի զոհված զինվորների ծնողների հետ: Եթե հնարավոր լինի…Այսքանը…
«Գոյ» թատրոնի 35 տարվա ռեժիսորներ ու դերասաններ, նաեւ միջին ու նոր սերունդ, որ դեմ առ դեմ հանդիպել եք ինչ-որ սերիալներում հիմնականում բացասական, աննշան դերեր խաղացած անհայտ ծագման նորանշանակ մի տնօրենի հետ, դուք՝ թատրոն ստեղծած ու թատրոն պահող մի քանի տասնյակ, նա՝ նախարարության խամաճիկ, թատրոն քանդող մի գրիչ՝ մեն-մենակ:
Նա՝ մենակ, դուք՝ մի քանի տասնյակ: Նա մի քանի տասնյակիդ առաջ երդում-կրակ է արել, թե «Գոյը» Սունդուկյանին միավորելու ընդունում-հանձնման փաստաթղթի տակ չի ստորագրի, իբր ինքը ձեզանից մեկն է: Դուք՝ մի քանի տասնյակդ, քաջ իմանալով, թե նախարարությունն ինչու է ձեր տնօրենին ազատել աշխատանքից ու իր խամաճիկ-գրիչին բերել, նրան հաճելիաբար լսել եք ու ցրվել տներով:
Հետո նա՝ էլի մեն-մենակ, խոսքը փոխել է, թե՝ ստորագրելու եմ. դուք՝ մի քանի տասնյակով զարմացել ու վրդովվել եք ու էլի ցրվել տներով, որ երկուշաբթի գաք ԿԳՄՍ նախարարություն, դուք՝ էլի մի քանի տասնյակով ներքեւում հավաքվեք, բողոքի ակցիա անեք ու սպասեք, թե ոնց է խամաճիկ-գրիչը մի քանի հարկ վերեւ, մեն-մենակով մի քանի տասնյակիդ ու 35 տարեկան թատրոնի հախից գալիս՝ ստորագրում ձեզ ցրելու, կազմաքանդելու ու վերացնելու թուղթը:
Տղերք, դուք մի քանի տասնյակ եք, նա՝ մենակ: Ու դուք մինչեւ էդ անտեր ստորագրումը 20 օր ունեիք: Դուք Քամյուի Օտարին եք մարմնավորել, Չարենցին, Նժդեհին, Շեքսպինին, «Անասնաֆերմա» եք խաղացել:
Պարզվեց՝ ընդամենը խաղացել եք:
Իսկ իրական կյանքում կիրթ ու կառուցողական եք: Դուք՝ թատրոն ստեղծած մի քանի տասնյակդ, ոչինչ չկարողացաք անել թատրոն քանդող ոմն մի թամադայի, մականունն էլ «թուրք»:
ՆԱԻՐ ՅԱՆ