Դեսպան Գրիգոր Առաքելյանի էջից, –
Մատը միայն զայրույթի պահին «թափ տալու» կամ կարևոր հայտնագործություն անելիս «կծելու» համար չէ: Մատը նաև մատնացույց անելու համար է: Հուդան 30 արծաթի դիմաց դավաճանեց Հիսուսին ու մատնությունը դարձրեց աշխարհի ամենաեղկելի արարքներից մեկը: Բայց Հուդան իր տիրոջը դավաճանեց ո՛չ թե «մատնելով» , այլ՝ «համբուրելով»:
Արդյոք հայերից բացի աշխարհում կ՞ա մեկ այլ ժողովուրդ, որ մատի օգնությամբ է «մատնում»: Չէ՞ որ «մատնել» բայի հիմքում հենց «մատն» արմատն է: Միգուցե բեդվիններն էլ հին ժամանակներում նման միջոցի են դիմել: Ապացույցը՝ արաբերեն ցուցամատ՝ سبابة [sabbābe] բառի հիմքում ընկած سب [sabb] արմատն է , որն արաբերենով «հայհոյանք» է նշանակում: Ըստ ամենայնի, բեդվինները հայհոյելիս, ցուցամատով թիրախավորում էին իրենց հայհոյանքի առարկային ու դրանով հանրության ուշադրությունը գրավում դեպի նա:
Մատը, մատնացույց անելուց բացի, գերազանց միջոց է նաև հաշվարկի համար: Հայ ականավոր ֆիզիկոս Պարիս Հերունին պնդում էր, որ «մաթեմատիկան» հայերեն բառ է՝ ՄԱՏ-Ե-ՄԱՏ-ԻԿԱ՝ «հաշվարկ մատներով»: Թեև ֆիզիկոս Հերունու լեզվական «գյուտը» խորթ է լեզվագիտությանն ու ժողովրդական ստուգաբանության դասական օրինակներից է, սակայն շատ գայթակղիչ է հավատալ Հերունու առաջարկած վարկածին։
Արդյո՞ք պարսկերեն բութ մատի شست կամ شصت [shast] անվանումը (թարգմանաբար՝ 60) առնչություն չունի հաշվարկի հետ: (Նկատի ունենանք, որ հնում միավորների կարգը հաշվարկվում էր ոտքի, իսկ տասնավորների կարգը՝ ձեռքի մատների վրա):
Կենտրոնանանք մեր բազմաֆունկցիոնալ ԲՈՒԹ մատի վրա։
Բութ մատը հաշվարկից բացի, նաև արտահայտում է մարդու տրամադրությունը: Բռունցքված ձեռքով վեր պարզած բութ մատը նշանակում է «լավ է», ցած իջեցվածը՝ «վատ է»։ Իսկ Իրանում վեր պարզած բութ մատը միանգամայն այլ իմաստ ունի (մոտավորապես «երեք մատի կոմբինացիա»):
Բութը նաև մատնաչափի (2.5 սմ. չափի միավոր) հիմքն է հանդիսանում:
Արաբները բթամատի համար ընտրել են ابهام [ebham] բառը, որը նշանակում է «անորոշություն»:
Պարսկերենում արաբերենից փոխառված ebham և թիվ արտահայտող shast բառերից զատ, բութը nar-angosht էլ է կոչվում, որը նշանակում է «որձ մատ»:
Թուրքերն başparmak-ից բացի, (գլխավոր մատ) բութ մատը badem parmak էլ են անվանում, որը թարգմանաբար նշանակում է “նշամատ”:
Ռուսները գերադասել են բութն անվանել большой палец (մեծ մատ) …
Սակայն մենք հայերս այդ հաստ ու կարճլիկ մատը ԲՈՒԹ անվանելով, մտադրություն չենք ունեցել դրան բթամտություն վերագրել, այլ մեզ համար հիմք է ծառայել մատի «բնութագիրը», քանի որ հայերենում ԲՈՒԹ առաջին հերթին նշանակում է ՀԱՍՏ ու ԿԱՐՃԼԻԿ: