ԵՐԵՎԱՆ-ՕՇԸՆ ՇՈՐԶ, Ավստրալիա – Փիթեր Դավիդյանը ավստրալահայ կոմպոզիտոր եւ սիթարահար է, որի երաժշտական կարիերան ձգվում է արդեն կես դար: Ծնվել է 1958 թվականին, Ավստրալիայում, հայուհի մոր եւ ավստրալացի հոր ընտանիքում: Երաժշտություն է ուսանել ութ տարեկանից՝ հմտանալով տիրապետել մի շարք նվագարանների (սիթար, կիթառ, հարմոնիա, թմբուկ, դարբուկա, տաբլա): 1980-ականներին սիթար եւ հնդկական երաժշտության տեսություն է ուսանել Հնդկաստանի Ջայփուր Գարանա դպրոցում՝ աշակերտելով ուսուցիչ (ուստադ) Ղուլամ Քադիր Խանին: Մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի եւ միջոցառումների, այդ թվում՝ համերգներ, կինոերաժշտություն, ստուդիական ձայնագրություններ եւ ուսուցում: Դավիդյանը նաեւ կոմպոզիտոր է, թողարկել է սիթարի համար գրված գործերի, հնդկական, հայկական եւ արեւմտյան երաժշտության ժանրերի տասից ավելի ալբոմ:
–Սիրելի՛ Փիթեր, հայտնի է, որ Հնդկաստանում երկու հիմնական երաժշտական ավանդույթ կա՝ հյուսիսային եւ հարավային: Մասնագետներն ասում են, թե շատ հազվադեպ երաժիշտներ են տիրապետում երկուսին էլ: Ո՞ր ավանդույթին եք հետեւում դուք:
-Հնդկական դասական երաժշտության եւ սիթարի իմ ուսումնասիրությունները կապված են հյուսիսային հնդկական համակարգին՝ հայտնի որպես հինդուստանյան երաժշտություն: Այս ոճը պարսկական դասական երաժշտության եւ հարավ-հնդկական հին համակարգի համադրություն է, որը հայտնի է որպես կառնատիկ երաժշտություն: Սա համապատասխանում է իմ կյանքի փորձառությանը, քանի որ իմ հայ ընտանիքը երկար պատմություն է ունեցել Պարսկաստանում՝ Նոր Ջուղայում, այնուհետեւ՝ Հնդկաստանում, Հարավ-արեւելյան Ասիայում, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավստրալիայում հաստատվելը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե քչերն են տիրապետում հնդկական երաժշտության երկու ավանդույթներին, այո՛, միայն հազվագյուտ երաժիշտներ կարող են դա անել, քանի որ նրանք պետք է տիրապետեն երաժշտական արտահայտությունների, ռիթմիկ տեխնիկայի, նոտաների ձեւավորման եւ Ռագայի երկու համակարգերի ըմբռնմանը: Դա նաեւ աշխարհագրության խնդիր է, քանի որ Հինդուստանի ռագայական երաժշտությունը հանդիպում է Հնդկաստանի հյուսիսում, մինչդեռ կառնատիկ երաժշտությունը հարավում է եւ հին վեդայական Հնդկաստանի ավելի մաքուր ձեւն է: Ավելի տարածված իրողությունն այն է, որ հինդուստանցի եւ կառնատիկ երաժիշտներն օգտվում են որոշակի հատկանիշներից՝ իրենց կատարումը զարդարելու համար ցանկացած ոճով: Մաքուր կառնատիկ երաժշտությունը սովորաբար հանդիպում է միայն հարավային Հնդկաստանի այնպիսի տարածքներում, ինչպիսին Թամիլաստանն է:
–Սիթարի երաժշտությունը շատ մտասուզական՝ մեդիտատիվ է: Ինձ միշտ թվում է, որ սիթար նվագողները շատ ներդաշնակ մարդիկ են. ճի՞շտ եմ:
-Հավասարակշռված եւ հանգիստ հայացք պահպանելու փորձն այն հատկանիշն է, որին մենք ձգտում ենք: Հնդկաստանում այն համարվում է Նադա Յոգա՝ ձայնի, երաժշտության միջոցով Աստծու հետ միությունը: Ես այս երեւույթը բազմիցս ապրել եմ նաեւ Հայաստանում: Հայրենիքի երաժշտությունը, լեռների գեղեցկությունը եւ անհավատալի հոգեվիճակը, երբ նստած եմ հնավայրերում՝ Տաթեւ, Գեղարդ, Սանահին եւ այլն: Իհարկե, որպես երաժիշտ եւ յոթ զավակի հայր, անշուշտ, դժվար է եղել հանգստությունը պահպանել եւ կյանքի ու ֆինանսական առօրյա սթրեսներից չհուզվել: Որպես հայ՝ ես կարող եմ տխրել, երբ խորհում եմ մեր ժողովրդին պատուհասած դժվարությունների, աղետների եւ պատերազմների մասին: Բայց մեր ընդհանուր լավատեսությունը, գոյատեւման բնազդը եւ ապրելու մեր վճռական բնույթը շատ հպարտանալու բաներ են:
–Փաստորեն, սիթարին ձեր նվիրվածությունը բխում է Հնդկաստանի հետ ձեր ընտանեկան կապերից:
-Այո՛, դրա մեջ, անշուշտ, շարունակականություն կա: Տատիկս ու պապիկս՝ Կարապետը (Կարապիետ) եւ Ռոուզը (Վարդուհի), երկուսն էլ ծնվել են Պարսկաստանում եւ հաճախել են Կալկաթայի հայկական դպրոցները: Նաեւ իմ նախապապը՝ Մարգարը եւ մեծ հորեղբայրս՝ Մեսրոպը, քահանաներ էին, որոնք Նոր Ջուղայից գնացել են Կալկաթա եւ Սինգապուր՝ այնտեղի եկեղեցիներում ծառայելու: Մեսրոպը եղել է քահանա Հնդկաստանում եւ Սինգապուրում: Ըստ երեւույթին, երբ նա վերադարձել է Նոր Ջուղա, իր կյանքի մնացած մասն անց է կացրել որպես շրջիկ աշուղ:
Սիթարն ինձ համար եղել է իմ նախընտրած հիմնական գործիքը՝ ավելի քան 40 տարի աշխատելով Ավստրալիայում, Եվրոպայում, Ասիայում եւ Հայաստանում: Դա բավարարում է երաժշտական կարգապահության եւ հոգեւոր բավարարվածության իմ կարիքը: Հուսով եմ, որ այս ամենից մի փոքր մաս կարող է զգալ իմ ունկնդիր հանդիսատեսը:
–Կներկայացնե՞ք ավելի մանրամասն Դավիդյան ընտանիքի սագան:
-Իմ նախնիները եղել են Նախիջեւանի Ջուղայից եւ մաս կազմել 1600-ականների սկզբին Պարսկաստանի տիրակալ Շահ Աբասի կազմակերպած՝ այդ շրջանի հայերի զանգվածային բռնագաղթի: Նրանք անցան Արաքս գետը եւ մեկնեցին Սպահան, Պարսկաստան, որտեղ նրանց հող տրվեց գետի ափին, որպեսզի նոր կյանք կառուցեն Նոր Ջուղայում: Շատ հայեր Նոր Ջուղայից մեկնեցին Հնդկաստան եւ Ասիա՝ աշխատանքի եւ գուցե ավելի լավ կյանքի համար: Հայերի եւ հնդիկների միջեւ երկարամյա ընկերակցությունը շարունակվում է մինչ օրս: Պապս՝ Կարապիետը, ծնվել է Նոր Ջուղայում, մեկնել է Հնդկաստան՝ ուսանելու Կալկաթայի հայ մարդասիրական քոլեջում: Մի քանի տարի Հնդկաստանում մնալուց հետո աշխատանքի է տեղափոխվել Մակասար՝ հոլանդական Արեւելյան Հնդկաստան, այժմ՝ Ինդոնեզիա, որտեղ աշխատել է արտահանման ընկերությունում, ի վերջո դարձել նրա մենեջերը, այնուհետ դարձել այնտեղի Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոսը: 1920 թվականին նա վերադարձել է Նոր Ջուղա՝ ամուսնանալու տատիկիս՝ Ռոուզ Գեւորգյանի հետ: Նրանք վերադարձել են Մակասար, որտեղ 1922 թվականին ծնվել է մայրս՝ Էլսին: Ցավոք, երկու ամիս անց ողբերգություն է տեղի ունեցել. Ռոուզը զոհվել է ավտովթարից: Պապս, ի վերջո, նորից ամուսնացավ «Էդգար» նավագնացության ընկերության սեփականատերերի ընտանիքից Ռոուզ Էդգարյանի հետ: Նրանք երկու որդի ունեցան՝ իմ մորեղբայրներ Ռոնալդը եւ Առնոլդը: 1942-ին տեղի ունեցավ ավելի մեծ ողբերգություն, երբ ճապոնական բանակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներխուժեց հոլանդական Արեւելյան Հնդկաստան: Իմ ընտանիքի հարմարավետ կյանքն ավարտվեց: Նրանք բոլորը երեքուկես տարի բանտարկվեցին ջունգլիներում տեղակայված համակենտրոնացման ճամբարներում: Հրաշքով նրանք վերապրեցին ծայրահեղ դժվարությունները, հիվանդությունները եւ վատ սննդակարգը մինչեւ պատերազմի ավարտը, երբ ավստրալական բանակը նրանց ազատեց բանտերից:
Հայրս՝ Ռեջինալդ Ալենը, այդ զինվորներից մեկն էր, ծագումով իռլանդական եւ անգլիական նավաշինարարների ընտանիքից: Իր տունը եւ ունեցվածքը կորցնելուց հետո ընտանիքս ի վերջո տեղափոխվեց Ավստրալիա՝ նոր կյանք սկսելու: Մայրս ամուսնացավ Ռեջինալդի հետ, Սիդնեյում, 1952 թվականին, եւ նրանք ունեցան երկու որդի՝ իմ եղբայր Ռոսը եւ ես: Մեր ընտանիքի համար ավելի մեծ ողբերգություն տեղի ունեցավ 1964 թվականին, երբ հայրս մահացավ երկարատեւ առողջական խնդիրների պատճառով, որոնք կապված էին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հինգ տարվա ակտիվ ծառայության հետ: Այն ժամանակ մենք ապրում էինք հայ տատիկիս ու պապիկիս հետ, եւ այդուհետ էլ երկար տարիներ շարունակեցինք ապրել նրանց հետ: Ես մեծացել եմ Սիդնեյում, հայ ընտանիքում, որտեղ ընդունված էր հայկական խոհանոցը՝ սակայն միախառնված հնդկական, պարսկական եւ ինդոնեզական որոշ ուտեստների: Ընտանիքիս անդամները տիրապետում էին տարբեր լեզուների, այդ թվում, իհարկե, հայերենին, անգլերենին, մալայերենին եւ հոլանդերենին: Եվ մենք ունկնդրում էինք այդ բոլոր մշակույթների երաժշտությունը…
–Այդպե՞ս սկսվեց ձեր կապը հայ երաժշտության հետ:
-Ես առաջին անգամ լսել եմ հայ եկեղեցական երաժշտություն մանուկ ժամանակ՝ նախ Սուրի Հիլզի, ավելի ուշ՝ Սիդնեյի Չաթսվուդի հայկական եկեղեցիներում: 1960-ականների Ավստրալիայում հայ երաժշտությունը շատ տարածված չէր, մեր տանը մենք ունեինք միայն խորհրդային ժամանակաշրջանի որոշ ձայնապնակներ՝ Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի երաժշտությունը: Ես դեռ պահում եմ այդ ձայնապնակները եւ շատ բարձր եմ գնահատում դրանք: Հետագայում որպես երաժիշտ ծանոթացա դուդուկին՝ Ջիվան Գասպարյանի ֆիլմերի ձայնագրություններին եւ կատարումներին, Գուրջիեւի եւ, իհարկե, Շառլ Ազնավուրի երաժշտությանը: Քանի որ ես նաեւ ջազային թմբկահար եմ, ծանոթ եմ նյույորքցի թմբկահար Փոլ Մոթյանի, ինչպես նաեւ «Նայթ արք» խմբի երաժշտությանը: Իսկ արդի աշխարհում մենք կարող ենք երաժշտությունը վայելել համացանցում մեր մատների հարվածներով: Տարիների ընթացքում կարողացել եմ ձայնագրել իմ սեփական գործիքային երաժշտությունը՝ միախառնելով հայկական, հնդկական եւ որոշ արեւմտյան երաժշտական ավանդույթներ: Դրանք առկա են իմ առաջին՝ «Սանդալվուդ երազանք» ալբոմից մինչեւ իմ վերջին աշխատանքը՝ 2020 թվականին ձայնագրված «Արցախը», որն իրականացրի Հայաստան կատարած իմ ճանապարհորդությունից եւ սարսափելի պատերազմից անմիջապես հետո: Ամբողջ շահույթը տրամադրվել է հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված զինվորների երեխաներին: Այդ ժամանակվանից ես երաժշտություն եմ ձայնագրել նաեւ «Հայկական սյուիտի» համար, որը կթողարկվի «Ուրարտու» խորագրով 2024 թվականին՝ կրկին երաժշտականորեն արտացոլելով իմ հետագա ուղեւորությունները Հայաստանում:
–Մենք հանդիպեցինք անցած նոյեմբերին Երեւանում՝ ձեր փայլուն համերգից հետո: Դուք համեմատաբար վերջերս եք բացահայտել ձեր հայրենիքը…
-Այո՛, հրաշալի էր հանդիպել ձեզ Երեւանի Ռուս-Հայկական համալսարանի համերգին իմ «Դավիդյան համույթի» հետ: Միշտ մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայրենիքում եւ նման երախտապարտ հանդիսատեսի համար: Մենք նոր էինք վերադարձել Հայաստանի հարավում գտնվող Արենիից եւ Եղեգիսից, որտեղ մեր երաժշտությունը հնչեցրինք արցախցի փախստական ընտանիքների համար: Եթե մենք կարողացանք մի փոքր երաժշտական ուրախություն պատճառել մեր ժողովրդին, որն իսկապես դժվար ժամանակներ է ապրել, ապա նրանց դեմքերի ժպիտները ես երբեք չեմ մոռանա:
Առաջին անգամ Երեւան եկա 2019 թվականի հունվարին ընտանիքիս հետ՝ մորս հիշատակին: Նա երբեք չի ճանապարհորդել այստեղ, քանի որ մենք ապրում էինք սփյուռքում՝ աշխարհի մյուս ծայրին: Օդային ճանապարհով ժամանելուն պես ողջ ինքնաթիռը ծափահարում էր, որ իջել ենք մեր սուրբ Հայրենիքը, եւ պատկերն ամբողջացրեց Արարատ լեռան տեսարանը: Ես իսկապես զգացի, որ հասել եմ տուն՝ սերունդներ շարունակ արտերկրում ապրելուց հետո: Անհավանական զգացում էր: Կինս՝ Սոնյան, ասում էր, որ ես օրերով չէի քնում, քանի որ շատ հուզված էի: Այդ առաջին ճամփորդությունից ի վեր ես վերադարձել եմ եւս չորս անգամ եւ շրջագայել ողջ երկրով մեկ՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք եւ սիրել եմ ամեն մի պահը, հանդիպել եմ այնքա՜ն հրաշալի մարդկանց, երաժշտությամբ միավորվել համաշխարհային մակարդակի երաժիշտների հետ եւ վայելել այս հրաշալի երկրի ուտեստը:
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ասլանյան ընտանիքին՝ շռայլ հյուրընկալության եւ ճամփորդությունների համար, Հնդկահայ բարեկամության խմբին՝ համերգների եւ առատաձեռնության համար, Ռանանջային, Ռուզաննային, Վերոնիկային, Կարենին, Ռոզային եւ բոլոր մյուսներին: Համաշխարհային կարգի բլուլահար Ավագ Մագարյանին, որը միացավ ինձ համույթում, հարվածային գործիքներ նվագող Օրեստիսին, Լեւոնին, Ջոնին եւ Սիմոնին, դուդուկի վարպետ Արսեն Պետրոսյանին՝ մեր համագործակցության համար, եւ պարուսույցներ Քրիստինային եւ Աստղիկին, որոնց հանդես եկան մեզ հետ: Նաեւ Սարյան փողոցում գտնվող Վալդորֆյան դպրոցին, որտեղ միշտ հյուրընկալում են ինձ՝ ուսանողների հետ ելույթներ եւ սեմինարներ կազմակերպելու համար:
Ինձ համար ամենավերջին հուզիչ նորությունը ուդահար Տիգրան Կազազյանի հետ իմ հանդիպումն էր եւ նոր ալբոմի ձայնագրումը՝ 2023 թվականի դեկտեմբերին Երեւանում անցկացրած իմ վերջին օրերին: Սիթարի եւ ուդի մեր միահյուսումը հմայիչ փորձառություն էր, եւ, իմ կարծիքով, բավական յուրահատուկ: Մենք այժմ հետարտադրական փուլում ենք եւ ալբոմը կթողարկենք այս տարի: Նախատեսում ենք մի շարք համերգային ելույթներ: Ես շատ եմ ցանկանում հնարավորինս շուտ վերադառնալ Հայաստան: Իմ գենետիկան չափազանց ուժեղ ձգում ունի ինձ համար՝ միշտ վերադառնալու հայրենիք…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ