Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սպասված օրացույց՝ «Գյումրի եւ անդին»-2026 

Անգամ մի օրացույցի հասարակ շնորհանդեսը կարող է լինել իսկապես հիշարժան, երբ այդ օրացույցը մշակութային արժեք է ներկայացնում եւ միջոցառումը հյուրընկալող օջախում էլ նման բաներն անցկացվում են համակող ու հարստացնող մշակութային մթնոլորտում: Ճիշտ այդպիսին էր գեղագետ-արվեստաբան, ԵՊՀ դոցենտ Լեւոն Լաճիկյանի գծանկարներով կազմված «Գյումրի եւ անդին» 2026 թվականի 12 էջանոց, եռալեզու օրացույց-տեղեկատուի շնորհանդես-գինեցողումը Գյումրիում, անցած ուրբաթ:

Արդեն չորրորդ տարին քաղաքին նվիրվող եւ ոչ միայն այստեղ սպասված լինել  հասցրած այս նկարազարդ օրացույցի յուրաքանչյուր ամսվա էջը զարդարված է Գյումրին ու տարբեր եվրոպական քաղաքներ պատկերող հեղինակային նուրբ գծանկարներով:  Զետեղված են քաղաքիս մասին նշանավոր ու ճանաչված մարդկանց ասույթներ, այստեղ գործող տարատեսակ սպասարկման օբյեկտները ներկայացնող տեղեկություններ: Ամանորի շեմին այն լավ ընտրություն կարող է լինել ինչպես իրար, այնպես էլ  քաղաք ու հանրապետություն ժամանող հյուրերին նվիրելու համար:

«Լեւոն Լաճիկյանի օրացույցը մշտապես իմ սեղանին է,- կարդում ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի խոսքը:- Ամեն անգամ դրան նայելիս ես ակամա տեղափոխվում եմ պոեզիայի կամ դասական երաժշտության աշխարհ»:

Թող խաղաղ, բարեբեր տարվա օրացույց լինի:

Գ. Մ.