Կիրակի, 26 Հուլիս, 2026

Իմաստաբանական բառարան

Ականջը  քաշելու  համար  չէ միայն

«Ունկն» բառի հոգնակին ականջն է, հետեւաբար «ականջ» ասելով՝ հասկանում ենք երկուսը միասին՝ երկու ականջ (գրաբարյան տարբերակով՝ ականջք):

Ականջի գործառույթները բազմաթիվ են ու բազմազան: Բայց դրանցից գլխավորը դաստիարակչականն է՝ այն քաշելու կամ ոլորելու միջոցով:

Ականջի մեկ այլ կարեւոր գործառույթ է դեմքի վրա ակնոցի ամրակայումը:

Ականջը երբեմն նաեւ թույլ չի տալիս, որ գլխարկն իջնի աչքերի վրա:

Ականջը բնության կողմից տրված է կանանց, իսկ ինչո՞ւ ոչ՝ նաեւ որոշ առանձնահատուկ տղամարդկանց, որպեսզի բլթակին օղաձեւ զարդեր ագուցեն եւ իրենց լրացուցիչ փայլ ու շքեղություն հաղորդեն: Իսկ իմաստուն մարդկանց խրատական խոսքը չմոռանալու համար, անկախ սեռական պատկանելությունից, ականջին օղ անելը հրաշագործ հատկություն ունի:

Սիրահար զույգերին ամուսնական կապանքով վերջնականապես կաշկանդելու համար էլ ականջ կտրելու դերը անթերագնահատելի է:

Ականջը նաեւ այն օրգանն է, որը քորելով՝ հնարավորություն ես ունենում կողմնորոշվելու անելիքներիդ հարցում:

Ականջին վերապահված է նաեւ նախազգուշացնող գործառույթ, հատկապես այն ժամանակ, երբ ականջը կարմրում ու տաքանում է:

Հայկական բառարանները հուշում են, որ ականջն ունի նաեւ լսելու գործառույթ, հետեւաբար՝ բանբասանքը բերանից բերան փոխանցելու ունակություն:

Այս ամենից բացի, ականջը սրվելու, լրտեսության միջոց դառնալու, իր մեջ սուտ խոսքեր կլանելու հատկությամբ էլ է օժտված:

Չէ՞ որ Պարույր Սեւակն է նկատել.

Ականջը սրած՝ ականջ է դնում,

Ականջի պոչով նա մեզ լրտեսում,

Հետո գնում է իր նման մեկի

Ականջը լցնում՝ ստեր փսփսում…

Նման մարդուկի ամենախոշոր

Բրդուջը պիտի ականջը թողնել,

Իսկ մենք հայրաբար եւ հիմարաբա՜ր

Այս հանցագործի ականջն ենք քաշում:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ