Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջորջ Սթեյբ. «Մեծագույն երազանքս Հայաստանում ելույթ ունենալն է…»

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հայազգի ամերիկյան պարող, պարադիր, պարագետ Ջորջ Սթեյբը ծնվել է Թեհրանում, 10 տարեկանից բնակվում է Միացյալ Նահանգներում: Քարլայլ քաղաքի Դիքինսոն քոլեջում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան: Պարային ուսուցումն ստացել է Կենտրոնական Փենսիլվանիայի երիտասարդական բալետի խմբում, որն այնուհետ խորացրել է Թեմփլ համալսարանում: Հանդես է եկել էնն Վաչոնի, Փոլի Քելինգերի, «Կորիոլիս», «Գեդըրինգ ուայլդ» պարախմբերում, 2006-ին՝ Խոսե Լիմոնի պարախմբի ներկայացրած «Միսսա Բրեւիս» բեմադրության մեջ: 2001 թվականից Էմորի համալսարանում դասավանդել է ժամանակակից պարի եւ բալետի տեխնիկա: Ատլանտա տեղափոխվելուց եւ այնտեղ իր անվամբ պարախումբ («Սթեյբդանս») հիմնելուց ի վեր Սթեյբի աշխատանքը եւ ուսուցումը լայն ճանաչում են ստացել Միացյալ Նահանգներում: Արդյունքում 2014-ին «Դանս թիչըր մեգըզինը» նրան ճանաչել է երկրի հինգ լավագույն պարուսույցներից մեկը: 2016-ին Սթեյբն իր խմբով հրավիրվել է Ստոկհոլմ՝ ելույթների եւ դասավանդման: Այնուհետեւ «Սթեյբդանսը» կազմակերպել է Ատլանտայի բազմամշակութային պարի առաջին փառատոնը եւ ամառային դասընթացներ Սորենտոյում (Իտալիա): Այս տարվա ամռանից Սթեյբը Դըրհեմի (ԱՄՆ) ամերիկյան պարի փառատոնի դասախոսական կազմի անդամ եւ պարուսույց է:

Թեեւ Ջորջ Սթեյբի մասին գրել էի իմ «Հայերը համաշխարհային պարարվեստում» աշխատության մեջ, նրա հետ մինչ վերջերս կապ չէր եղել: Մեր հեռավար զրույցները (անգլերեն, Ջորջի՝ որոշ պարսկահայ արտահայտությունների գործածությամբ) բացահայտեցին ճանաչված պարադրի հատկապես մարդկային կերպարը՝ սրտալից, անմիջական, հուզառատ, որն անկեղծորեն հուզվում եւ ուրախանում է Հայաստանից իր հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար: Մի անգամ էլ Ջորջը խնդրեց իր պարախմբի անդամների համար առցանց դասախոսություն կարդալ Հայաստանի և հայ Սփյուռքի մասին, ինչը կատարեցի հաճույքով: Դրանից հետո մեր միջեւ ծնվեց հետեւյալ զրույցը.

-Ջորջ, ինչպե՞ս է պատահել, որ պարող լինելով հանդերձ՝ բակալավրդ քաղաքագիտությունից է:

-Կարծում եմ՝ իմ հայկական ծագումն է ինձ մղել քաղաքագիտություն ուսումնասիրել: Երբ մեծանում էի Թեհրանում, ընտանիքս ինձ խրախուսում էր բժիշկ կամ իրավաբան դառնալ: Ուստի քոլեջում ես հաճախ փոխում էի մասնագիտական կողմնորոշումս, բայց ի վերջո որոշեցի զբաղվել քաղաքագիտությամբ: Միեւնույն ժամանակ սկսեցի պարել եւ կամաց-կամաց հեռացա իրավագիտության աստիճանի պատրաստվելուց: Ես պարով լրջորեն չեմ զբաղել մինչեւ 20 տարեկանս, եւ երբ սկսեցի՝ գիտեի, որ դա է լինելու իմ կարիերան:

-Տարիներ առաջ ելույթ ես ունեցել Խոսե Լիմոնի լեգենդար պարախմբի հետ՝ որպես հրավիրյալ արտիստ: Ի՞նչ նշանակություն ունեցավ դա քեզ համար:

-Ասպիրանտուրայի ընթացքում ես ամեն օր ուսումնասիրում էի Լիմոնի տեխնիկան, բացի այդ, պարում էի Լիմոնի առաջին պարուհիներից մեկի՝ Էնն Վաչոնի գլխավորած խմբում: Խոսե Լիմոնը դարձավ իմ կյանքը: Մինչեւ օրս իմ մեջ շատ կենդանի են մնում կեցվածքի, շնչառության, շարժման ձեւերի, հետազոտության եւ ֆիզիկականության նրա սկզբունքները: Հարազատ եմ զգում նրա տեխնիկայից իմ ձեռք բերած հասկացողության շնորհներին: Ի դեպ, հիմա ես պատրաստում եմ մի նոր, կարճ պարային համար, որը մի տեսակ հարգանքի տուրք է այն ամենին, ինչը սովորել եմ Լիմոնի խմբում ունեցած փորձառությունից:

-Ջո՛րջ, որոշ պարուսույցներ նաեւ գրում են: Դու հոդվածներ ու քննադատական նյութեր ես գրում ArtsATL-ի համար, որն Ատլանտայի արվեստի նորությունների եւ քննադատության միակ աղբյուրն է: Ասում են՝ արվեստի համար գրելն անշնորհակալ գործ է:

-Կարող եմ ասել, որ իրոք անշնորհակալ գործ է: Ցավոք սրտի: ԱՄՆ-ում արվեստի, հատկապես պարարվեստի մասին գրելը գնալով ավելի քիչ արժեքավոր է դառնում ընդհանուր լսարանի համար: Պարարվեստի մասին գրություններով, պարի քննադատությամբ ամենից շատ հետաքրքրված են նրանք, որոնց մասին գրում են՝ բեմի մարդիկ, պարուսույցները: Ես պարզապես ՍԻՐՈՒՄ ԵՄ խոսել, գրել եւ մտածել խորեոգրաֆիայի մասին: Պարային բեմադրության մասին մտքեր փոխանակելը, ստեղծագործությունը փորփրելը եւ ուրիշների կարծիքները լսելը միշտ ինձ համար պարգեւ են:

-Սակայն արվեստագետներին ի վերջո հետաքրքրու՞մ է քննադատությունը, արձագանքներ լինո՞ւմ են:

-Արվեստի քննադատության մասին շատերը կասեն՝ դա մի մարդու կարծիք է, ինչը թե՛ լավ է, թե՛, կարծում եմ, մի փոքր անհանգստացնող: Մեր աշխարհում մրցակցությունը մեծ է, եւ շատ մարդիկ ցանկանում են լավ արձագանքներ ու հետեւողական աջակցություն: Ես՝ նույնպես: Միեւնույն ժամանակ, շատ ենք կարեւորում այլոց կարծիքը, իսկ սա դժվար խնդիր է: Մենք ցանկանում ենք ազնվություն, բարություն եւ կառուցողական քննադատություն: Երբեմն այս ամենը համատեղ հանդես չեն գալիս:

-Դու աշխատել ես նաեւ ԱՄՆ-ից դուրս. ի՞նչ հաջողություններ ես ունեցել արտերկրում:

-Հաջողությունը հիմնված է տարբեր ծագման եւ մշակույթների տեր արվեստագետների հետ աշխատելու ուրախության վրա, երբ բոլորը հավաքվում են նույն սենյակում՝ հաղորդակցվելով եւ ուսումնասիրելով: Բախտս բերել է՝ ուսանելով Թել Ավիվում, դասավանդելով ու ստեղծագործելով Ստոկհոլմում, ինչպես նաեւ պարային ծրագիր ղեկավարելով Իտալիայում:

-Իսկ ի՞նչ կասես Հայաստանում աշխատելու մասին:

-Այս հարցից աչքերս լցվում են, քանի որ դա իմ ամենամեծ երազանքն է: Երկար տարիներ ցանկացել եմ մասնակցել Երեւանի «Հայֆեստ» թատերական փառատոնին: Ճանաչում եմ ժամանակակից պարի մի քանի ընկերությունների, որոնք մասնակցել են այդ փառատոնին, եւ «Հայֆեստին» մաս կազմելն ինձ համար նույնպես օրհնություն կլինի: «Սթեյբդանսում» հիմա իմ աշխատանքը կենտրոնացած է հայկական փորձառությանս վրա, իսկ այն իմ հայրենիքում իմ ժողովրդին ներկայացնելն ինձ համար պարգեւ կդառնա, որից հետո կարող եմ հանգիստ սրտով կյանքից հեռանալ: Մտածում եմ, թե որքա՛ն հպարտ կլիներ իմ ընտանիքը:

-Այո՛, թող իրականություն դառնա, բայց կյանքից հեռանալու մասին խոսելը դեռ շուտ է: Ջո՛րջ, Սթեյբը հայկական ազգանուն չէ…

-Ճիշտ ես, գերմանական ազգանուն է՝ Շթայբ, հայրս ծագումով գերմանացի է, որ հայ մայրիկիս հետ ծանոթացել է Թեհրանում: Իմ հայկական ազգանունը Հովհաննիսյան է, եւ երկար ժամանակ մտածում էի անունս փոխելու կամ պարախմբիս անվան մեջ Հովհաննիսյանն օգտագործելու մասին, բայց չէի գտնում, որ այն նորմալ կգործի: Բայց միգուցե կանե՞մ մի օր…

-Ի՞նչ ես հիշում Թեհրանից եւ որտեղի՞ց են հայ նախնիներդ:

-Այնքա՜ն բան եմ հիշում այնտեղի կյանքից: Բոլոր ազգականներս այնտեղ էին, այնտեղ դպրոց եմ գնացել, խոսում էի հայերեն, պարսկերեն եւ հիշում եմ, որ ինձ այնքա՜ն կապված էի զգում երկրի ու ժողովրդի հետ: Ինձ համար այն միշտ տուն կլինի, մի՛շտ: Տատիկս ծնվել է Հնդկաստանում, քանի որ նրա ծնվելու ժամանակ նրա ընտանիքը գործով գտնվել է այնտեղ: Պապիկս ծնվել է Հայաստանում, մայրս եւ նրա քույրերը՝ Սպահանում: Ես սիրում եմ իմ ընտանիքի անհավանական ծագումը եւ այնքա՛ն հպարտ եմ իմ ժառանգությամբ: Շա՛տ հպարտ:

-Հայկական ծագում ունեցող շատ պարուսույցներ իրենց կարիերայի որոշ ժամանակաշրջանում հարգանքի տուրք են մատուցում իրենց արմատներին: Ասացիր, որ դու նո՞ւյնպես նման մի բան ես անում…

-Իմ խմբի բոլոր բեմադրությունները, հատկապես վերջին 12 տարիների ընթացքում, հարգանքի տուրք են իմ ծագմանը, իմ ժողովրդին, Թեհրանում իմ ապրած ժամանակաշրջանին: Բացի այդ, մենք անդրադառնում ենք Իրանում իմ փորձառությունների եւ ԱՄՆ-ի մշակույթի միջեւ եղած առնչություններին: Իմ ամենավերջին աշխատանքում ներկայացված են Նովրուզի տոնակատարությունը, գրիգորյան սգերգությունը, սիրելիի մահը, Իրանի հեղափոխությունը եւ մեր արտագաղթն ԱՄՆ:

Մենք սկսում ենք մինչ օրս մեր ամենամեծ նախագիծը, որը կոչվում է «Արարատ»: Այս ստեղծագործությունը հարգանքի տուրք է հայ ժողովրդի ուժին, հատկապես Ցեղասպանության պատճառով աշխարհասփյուռ դառնալուց հետո: Սա մեր մշակույթի ուժեղ եւ գեղեցիկ մնալու տոնակատարումն է, հատկապես այդքան ողբերգական դեպքերից հետո:

Այս ողջ աշխատանքը ներառում է երաժշտություն, խոսք եւ ֆիզիկական գաղափարներ: Իմ աշխատանքը նաեւ միջոց է՝ մեր ավանդույթներն ու գաղափարները ներդնելու ժամանակակից ձեւերի եւ արդիական շարժումների մեջ, ինչը, կարծում եմ, հազվադեպ է աշխարհի մեր մասում ապրող մեզ պես մարդկանց համար: «Արարատը» խոսում է մեր հաղթանակի եւ մեր տոկունության մասին: Իմ նպատակն է այս ստեղծագործությունը կատարել Երեւանում, եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա իրականություն դառնա…

-Ջո՛րջ, ես նույնպես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա իրականանա: Հաջողությո՛ւն քո բոլոր ձեռնարկումներին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ուժ, կամք, պոռթկում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Առցանց զամբյուղով գնումներ

Լրահոս

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական