ԵՐԵՎԱՆ-ՍԱՆՏՅԱԳՈ, Չիլի – Առցանց զրուցակիցս՝ բալետի պարող, պարադիր եւ պարուսույց Կառլոս Պաբլո Ահարոնյանը, որը նաեւ Լատինական Ամերիկայի թերեւս միակ պարագետն է, ծնվել է 1956 թվականին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Պարային գործունեությունն սկսել է 12 տարեկանում, ծննդավայրի «Մարալիկ» հայկական պարախմբում (ղեկավար՝ Ռոսիտա Չագըճյան), 18 տարեկանից ուսանել դասական պար՝ աշակերտելով Ռաուլ Սեւերոյին: Եղել է Ուրուգվայի «Սոդրե» ազգային բալետի, Միլանի Լա Սկալա թատրոնի, Կառլա Ֆրաչչիի բալետի խմբի, Բոլոնիայի Քաղաքապետարանի թատրոնի եւ Չիլիի «Բալե Սանտյագոյի» մենակատար: Որպես հաջողակ պարող՝ նա իր հետքն է թողել աշխարհի բազմաթիվ բալետային խմբերում (Ֆլանդրիայի թագավորական բալետ, Չեխական ազգային բալետ, Արեւմտյան Ավստրալական բալետ, Շվեդիայի թագավորական բալետ, Կորեական ազգային բալետ, Բեռլինի Պետական բալետ, Լա Պլատայի Արգենտինական բալետ եւ «Կոլոն» թատրոն, Ռիո դե Ժանեյրոյի Քաղաքապետարանի թատրոն եւ այլն): Հանդես է եկել Ավգուստ Բուռնոնվիլի, Մարիուս Պետիպայի, Ջոն Քրանքոյի, Նիկոլայ Բերյոզովի, Ջերոմ Ռոբինսի, Գլեն Թեթլիի, Ուվե Շոլցի եւ այլոց բեմադրությունններում («Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Կարմեն», «Կոպելիուս կախարդը», «Հրեղեն հավքը», «Մոխրոտը», «Սիլֆիդ» եւ այլն): Որպես հրավիրյալ պարուսույց աշխատել է Լոնդոնի, Սան Ֆրանցիսկոյի, Ուրուգվայի, Նոր Զելանդիայի պարի դպրոցներում, Իվան Նագիի հետ եղել է Չիլիի «Բալետ դե Սանտյագո» խմբի գեղարվեստական ղեկավարը: 43 տարեկանում Պաբլո Ահարոնյանը Լոնդոնում ավարտել է խորեոլոգիայի (պարագիտություն) ուսումը (Բենեշի շարժման գրառման համակարգ), որի օգտագործմամբ գրառել է մի շարք պարային ներկայացումներ, հատկապես բրազիլացի պրիմա-բալերինա եւ պարադիր Մարսիա Հայդեի բեմադրությունները՝ ավելի քան երկու տասնամյակ հավատարմորեն սատարելով պարի գրառման այս ամենաճշգրիտ ձեւին: Ավելի ուշ, երբ Մարսիա Հայդեն ստանձնել է այդ խմբի տնօրենի պաշտոնը՝ Պաբլոն հանձն է առել նրա ներկայացումների վերաբեմադրությունները տարբեր երկրներում: Ահարոնյանը մինչ օրս շարունակում է դասական պարեր դասավանդել ու նաեւ Ջոն Քրանքոյի եւ Իվան Նագիի ժառանգության պաշտոնական վերաբեմադրիչն է:
–Հարգելի՛ Պաբլո, դուք աշխատել եք չորս մայրցամաքների տարբեր բալետային խմբերում (բացառությամբ Աֆրիկայի): Ի՞նչ տարբերություններ եք նկատել տարբեր երկրներում բալետային ստեղծագործական մոտեցումներում:
-Այո, բազմաթիվ ընկերություններում եմ աշխատել, եւ ոչ միայն պարել եմ կամ բեմադրել, այլեւ աշխատել տեխնիկական անձնակազմի հետ, լուսավորության եւ այլնի: Պարերը քիչ թե շատ նույնն են ամբողջ աշխարհում, քանի որ բալետային կրթությունն ամեն տեղ գրեթե նույնն է: Վաղ մանկությունից բալետի դպրոցներում սովորեցնում են ամենակարեւորը` կարգապահություն ու նվիրվածություն, ուստի պարերը մեծ մասամբ շատ ինքնակարգապահական են: Որպես պարադիր՝ ես միշտ պատրաստված եմ գնացել փորձերին, հանկարծաբանություններ չեմ արել եւ շատ հստակ եմ աշխատում դաշնակահարի, նվագախմբի դիրիժորի եւ պարողների հետ: Իսկ տարբերություններ տեսել եմ հիմնականում պարախմբերի կազմակերպչական գործերում՝ քանի՛ ժամ են տեւում փորձերը, պարապմունքները, ընդմիջումը, շաբաթական քանի՛ օր են աշխատում եւ այլն, իհարկե նաեւ՝ ինչպես է տնօրենը ղեկավարում խումբը: Բայց, ինչպես ասացի, ամեն ինչ քիչ թե շատ նույնն է:
–Դուք պարել եք բալետի բազմաթիվ հայտնի դեմքերի հետ՝ Ռուդոլֆ Նուրեեւ, Էրիկ Բրյուն, Սվետլանա Բերյոզովա, Ռոնալդ Հայնդ, Բեն Սթիվենսոն, Նատալյա Մակարովա, Մարսիա Հայդե, Ռիչարդ Քրեգան, Թամարա Գրիգորեւա, Օլգա Լեպեշինսկայա… Ի՞նչ եք սովորել նրանցից եւ կա՞ն արդյոք նրանց հետ կապված հետաքրքրական պատմություններ:
-Այո՛, ինձ բախտ է վիճակվել աշխատել այդ բոլոր մարդկանց հետ: Ես ոչ միայն սոսկ պարում էի նրանց հետ, այլեւ սովորում էի, նրանք իմ ուսուցիչներն էին:
Էրիկ Բրյունը ջենթլմեն էր, շատ բարի մարդ, հիանալի դասական պարող եւ զարմանալի ուսուցիչ: Նրա հետ աշխատել եմ Լա Սկալայում. նա եկել էր որպես դասարանի ուսուցիչ՝ օրական երկու պարապմունքով, ինչը հրաշալի էր: Նրա դանիական դպրոցը շատ կարեւոր էր, մե՛ծ առավելություն էր…
Սվետլանա Բերյոզովան ֆա՛ն-տա՛ս-տի՛կ էր: Պարուհիների մեջ ամենագեղեցիկն էր, շատ արիստոկրատ, զարմանահրաշ ու բարի: Ինձ թվում էր, որ աշխատում եմ կայսրուհու, թագուհու հետ: Նա եկել էր Լա Սկալա՝ ուսուցանելու իր հոր՝ Նիկոլայ Բերյոզովի «Կարապի լիճը»: Նա գեղեցիկ էր, երբ ցույց էր տալիս, երբ բացատրում էր, ամե՛ն ինչում էր գեղեցիկ: Մենք դարձանք շատ լավ եւ մտերիմ ընկերներ, եւ երբ ես ապրում էի Լոնդոնում, պարբերաբար այցելում էի նրան: Շատ բան սովորեցի նրանից, նրա ուսուցանած դերերը բավական յուրահատուկ էին: Բերյոզովայի Օդետտա-Օդիլիան ինձ համար լավագույնն է 20-րդ դարում: Ես շատ լուսանկարներ ունեմ նրա հետ եւ հիանալի հիշողություններ…
Ռոնալդ Հայնդը հոյակապ թատերական գործիչ էր, կարող էիր շատ բան սովորել այդ մեծ պարադիրից եւ հարուստ փորձ ունեցող ֆանտաստիկ մարդուց: Նա դասավանդում էր մեծապես շռայլորեն: Ես պարել եմ նրա բեմադրած մի շարք բալետներում ու մինչ օրս նույնպես հիանալի հարաբերություններ եմ պահում նրա հետ, փա՜ռք Աստծո…
Նատալյա Մակարովան մեծ աստղ էր, որը եկել էր մեզ հետ պարելու, ինչը եւս մեծ փորձառություն էր: Նա նաեւ մեզ սովորեցրեց «Բայադերայի» իր տարբերակը: Շատ խիստ էր, շատ պարզ, նրա մեջ ամեն բան կրում էր Վագանովայի դպրոցի ազդեցությունը, բայց ժամանակի ընթացքում ավելի ջերմացավ, դարձավ ավելի շփվող մարդկանց հետ…
Մարսիա Հայդեն ինձ համար ընտանիքի անդամի պես է: Մենք միմյանց ճանաչում ենք 1986 թվականից, երբ նա եկավ Չիլի՝ պարելու Ռիչարդ Քրեգանի հետ «Կամակոր կնոջ սանձահարումը» բեմադրության մեջ, եւ ես էլ պարեցի նրանց հետ: Դրանից հետո նա սկսեց ղեկավարել մեր պարախումբը: Նրա հետ ճանապարհորդել եմ աշխարհով մեկ՝ որպես իր պաշտոնական բեմադրողը եւ պարուսույցը: Մենք շատ հարազատ ու մտերիմ հարաբերությունների մեջ ենք…
Նույնը Ռիչարդ Քրեգանի պարագայում էր՝ մի հրաշալի, բարի անձնավորության եւ արտակարգ պարողի, որի հետ պարել եմ նաեւ «Ուրախ այրին» բալետում: Հետագայում նա Սանտյագոյում մի քանի բալետային բեմադրություն իրականացրեց: Միշտ հաճելի էր այս գեղեցիկ մարդուն եւ մեծ արհեստավարժին լսելը…
Թամարա Գրիգորեւան լեգենդ էր, որ աշխատել էր գնդապետ դը Բազիլի «Բալե ռյուս դե Մոնտե Կառլո» հռչակավոր խմբում: Այդ արտակարգ տիկինը չափազանց գեղեցիկ էր՝ օժտված բալետի զարմանալի իմացությամբ: Ամենը, ինչի մասին նա խոսում էր՝ հրաշալի մարդկանց, երկացանկի, բալետի պատմություն էր, եւ նա այդ պատմության մի մասն էր: Նա եկել էր դասավանդելու «Բալե ռյուսի» հին խաղացանկը: Գրիգորեւան այնքան էլ լավ չէր զգում իրեն, եւ քանի որ հայրս բժիշկ էր, տարա նրա մոտ՝ քննության, ու նա հորս հետ նույնպես լավ ընկեր դարձավ…
Իսկ Օլգա Լեպեշինսկայան երեք ամսով եկավ Լա Սկալա: Նա շատ լավ ուսուցչուհի էր, ուժեղ ու պահանջկոտ: Մշտապես հին պատմություններ էր պատմում Մեծ թատրոնից եւ խոսում էր այնպիսի մեծ աստղերի մասին, ինչպիսիք էին Ժդանովը, Ուլանովան, Պլիսեցկայան, Ֆեդիչեեւը, Մաքսիմովան, Վասիլեւը…
Ողջ կյանքս գիտակցել եմ, որ դեմ առ դեմ գտնվում եմ նման զարմանահրաշ անհատականությունների առջեւ: Ու շատ բախտավոր եմ եղել՝ հանդիպելով նման մարդկանց եւ շատ բաներ սովորելով նրանցից…
–Ես մշտապես հիացած եմ Ռուդոլֆ Նուրեեւով. տարիներ առաջ կարդացել եմ Դայան Սոլուեյի հեղինակած՝ նրա ամբողջական ծավալուն կենսագրությունը: Կա՞ն Նուրեեւի հետ կապված հատուկ պահեր, որոնք կցանկանայիք պատմել:
-Նուրեեւին հանդիպել եմ 1980 թվականին, Լա Սկալայում, որտեղ գնացել էի կատարելագործվելու: Մի անգամ նա եկավ՝ դիտելու մեր պարապմունքը: Եվ խնդրեց պարախմբի տնօրենին ինձ ընդգրկել «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետում: Ես պարեցի Մերկուցիոյի ընկերոջ դերը: Բեմադրության որոշ տեսարաններում պարում էի Նուրեեւի հետ: Ինչպես գիտեք, նա զարմանալի անձնավորություն էր, շատ ուժեղ բնավորությամբ, արդեն 40 տարեկան էր, կամ՝ 43, եւ շատ ջանասեր էր, անվերջ հղկում էր ոչ միայն մեզ, այլեւ իրեն: Եվ, փա՜ռք Աստծո, նա հավանեց ու շատ հարգեց ինձ, քանի որ հասկացավ, որ ես նույնպես շատ ջանասեր եմ: Դա շատ սիրալիր քայլ էր: Մի օր ես Չեկետտիի անվան մեծ փորձասենյակում էի, ֆուետե եւ սոտե էի պարապում:
Հանկարծ ներս մտավ Նուրեեւը, ու ես տեղում անշարժացա. այդ օրերին մարդ քարանում էր նման անձնավորությունների առաջ: Բոլորը գիտեին, որ նա շատ բռնկուն բնավորություն ուներ ու հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեր: Բայց Նուրեեւը հանեց վերարկուն ու մի փոքր շտկեց իմ շարժումները: Այնպես որ ես շատ լավ հիշողություններ ունեմ նրա հետ կապված: Նուրեեւը ջանասիրության հիանալի օրինակ էր, որին պետք էր հետեւել: Նրա գիտելիքները հսկայական էին բալետի պատմության, հագուստների բնագավառում, կարելի էր շատ բան սովորել՝ միայն նրան դիտելով ու լսելով:
–Ենթադրում եմ, որ ձեզ համար կարեւոր էր 1986 թվականին արժանանալ «Նյու Յորք թայմսի» բալետի խիստ քննադատ Աննա Քիսելգոֆի դրվատանքին:
-Այո՛, հրաշալի էր: 1986 թվականի հունվարն էր: Խոսքը Յոհան Շտրաուսի երաժշտությամբ Ռոնալդ Հայնդի բեմադրած «Ռոզալինդա» բալետի իմ դերի մասին էր: Երրորդ գործողության մեջ ես ունեի տեխնիկապես հագեցած մի համար՝ բազմաթիվ պտույտներով ու ցատկերով: Դա զվարճալի կատակերգական դեր էր, եւ, իհարկե, ուրախ էի Քիսելգոֆի արձագանքի համար: Այստեղ մեկ ուրիշ լավ բանն էլ այն էր, որ «Նյու Յորք թայմսի» էջերում մի հայի անուն շեշտադրվեց:
–Պա՛բլո, ձեզ Շթութգարթի բալետը հրավիրել էր որպես հյուր պարող՝ հանդես գալու Օֆենբախի դերով Մորիս Բեժարի «Փարիզյան զվարճություններ» բեմադրության մեջ: Գիտեի՞ք, որ այդ բալետի կերպարներից մեկում Բեժարը կերտել է իր սիրելի ուսուցչուհի Ռուզան Սարգսյանին:
-Այդ օրերին չգիտեի, քանի որ դերը կոչվում էր պարզապես «մադամ Ռուզան», բայց հետո իմացա նրա ծագման մասին: Ես բալետի մասին գրքերի հարուստ գրադարան ունեմ, որոնցից մեկում կարդացի, որ նա հայուհի էր: Երբ մեկ անգամ հանդիպեցի Բեժարին, նա արդեն շատ ծեր ու հիվանդ էր, շատ չէր խոսում, ուստի նրան չհարցրի իր ուսուցչուհու մասին: Բայց ինձ համար պատիվ էր հանդես գալ Շթութգարթի բալետի բազմաթիվ հիանալի պարողների հետ:
–Դուք ծնվել եք Աստղիկ Այնթապլյանի եւ Գուրգեն Վահագն Ահարոնյանի ընտանիքում, որը եղել է բարձրագույն կրթություն ստացած առաջին հայն Ուրուգվայում: Ինչպե՞ս են նրանք հայտնվել այդ երկրում: Եվ ի՞նչ մակարդակով են ձեզ փոխանցել հայ մշակույթը:
-Հայրական պապս՝ Հովհաննես Ահարոնյանը, իր հայրենի Զեյթունից հեռանալուց հետո մեկնել է Երուսաղեմ, որտեղ մանկատան պատասխանատու է եղել: Նրա ընտանիքի մի մասը սպանվել է, մի մասն՝ անհայտ կորել, ուստի որոշել են տեղափոխվել Ամերիկա: Անհավատալի էր, որ 1950-ականների կեսերին նրանք գտել են հորս զարմիկներից մեկին: Պապս իր կնոջ՝ Կատարինե Բոստանյանի հետ եկել է Ուրուգվայ, որը տնտեսապես շատ լավ էր, ներգաղթյալներին շատ լավ էին ընդունում, կլիման հիանալի է, ուստի նրանք հնարավորություն ունեցան խաղաղ ապրելու այդ շատ կուլտուրական երկրում: Պապս ողջ մնացած հինգ որդի ուներ՝ Արշակը, Նուբարը, Սեպուհը, Արիսը եւ հայրս՝ Գուրգենը: Ավագը՝ Արշակը, ապրել է ԱՄՆ-ում, ապա հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան, որտեղ էլ մահացել է: Մեր ողջ ընտանիքը շատ հայեցի էր: Ամեն կիրակի ես եկեղեցի էի գնում որպես դպիր եւ սարկավագ, իսկ քույրս երգում էր երգչախմբում: Մենք միշտ հայերեն էինք խոսում, թեեւ ես հայկական դպրոց չեմ հաճախել: Գերմանական դպրոցում ենք սովորել, բայց շատ հայեցի ենք դաստիարակվել, ռադիոյով միշտ լսել ենք հայկական երաժշտություն՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, օպերաներ: Հայրս կատարյալ հայերեն էր կարդում ու գրում, ավագ հորեղբայրս՝ նույնպես:
Մայրական կողմի տատիկս ու պապիկս՝ Խաչեր Այնթապլյանը եւ Բեատրիս Մանուկյանը, նույնպես հրաշալի մարդիկ էին: Նրանք Հարավային Ամերիկա են եկել 1924 թվականին: Տատիկս ինձ սովորեցրել է հայերեն գրել-կարդալ, բայց ես Ուրուգվայից հեռացել եմ 23 տարեկանում, ուստի հայոց լեզուն օգտագործելու հնարավորություն երբեք չեմ ունեցել: Հիմա Չիլիում ցանկություն ունեմ վերադարձնելու իմացությունս եւ գտնելու մեկին, որը կարող է ինձ նորից հայերեն սովորեցնել:
–Ենթադրում եմ, որ դուք ազգակցական կապ ունեք ուրուգվայցի կոմպոզիտոր Կորյուն Ահարոնյանի (1940-2017) հետ:
-Այո՛, նա իմ Նուբար հորեղբոր տղան էր: Իսկ իմ զարմուհի Անթառամ Գեղուհի Ահարոնյանը դաշնակահարուհի էր եւ Արամ Խաչատրյանի մոտ բարեկամը: Երբ Խաչատրյանը եկել է Մոնտեվիդեո՝ նվագախմբի հետ ղեկավարելու իր դաշնամուրային կոնցերտը, ընտանիքս հյուրընկալել է նրան: Արամ Խաչատրյանի նամակների ժողովածուում կա Անթառամին ուղղված 12 նամակ:
–Այո՛, տարիներ առաջ Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում հանդիպել եմ տիկին Անթառամին: Իսկ շփվու՞մ եք Չիլիի հայերի հետ եւ ունե՞ք Հայաստան այցելելու ծրագրեր:
-Չիլիում շատ հայերի հետ չեմ շփվում, բայց շատ կցանկանայի կապ ստեղծել: Ես այցելել եմ Սանտյագոյի Հայ Տունը, որը շատ գեղեցիկ վայր է եւ շատ մոտ՝ իմ ապրելավայրին: Բայց, ցավոք սրտի, Չիլիում հայերը շատ չեն, եւ նրանցից շատ քչերն են խոսում հայերեն: Երբ տանն եմ՝ հայերեն եմ մտածում, իսկ երբ որոշ հայ արվեստագետներ գալիս են Չիլի, բաց չեմ թողնում նրանց հանդիպելու եւ հայերեն խոսելու առիթը: Եվ, իհարկե, կցանկանայի գնալ Հայաստան եւ բալետի ուսանողներին փոխանցել այն, ինչը սովորել եմ ամբողջ աշխարհում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ