Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մորիս Ռավելի նամակները Մարգարիտ Բաբայանին

Ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Մորիս Ռավելի (1875-1937) ծննդյան 150-ամյակի առթիվ հայերեն թարգմանությամբ հրատարակում ենք նրա հինգ նամակները՝ ուղղված փարիզաբնակ երգչուհի Մարգարիտ Բաբայանին (1874-1968): Դրանք պահվում են Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում (Մարգարիտ Բաբայանի ֆոնդ, թիվ 133): Մարգարիտ Բաբայանի արխիվում պահպանվել է նաեւ Մորիս Ռավելի մի անթվակիր նամակ, որը, հնարավոր է, ուղղված է քրոջը՝ դաշնակահարուհի Շուշանիկ Բաբայանին. այն սույն հրապարակման մեջ թիվ 6-ն է: Ներկայացվող նամակների ֆրանսերեն բնագրերը եւս հրատարակել ենք մենք, Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսում» (տե՛ս Artsvi Bakhchinyan, Les lettres inédites des artistes français et espagnols addressées à Marguerite Babaïan, հատոր ԻԴ., 2004, էջ 343-346):

Այս գրությունները թեեւ հիմնականում գործնական բնույթի են, սակայն բացահայտում են մեծանուն կոմպոզիտորի՝ հայ արվեստագիտուհու հետ ունեցած բարեկամությունը եւ համագործակցությունը: Հիշենք, որ Մարգարիտ Բաբայանը եղել է ժամանակի մի շարք ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների, այդ թվում՝ Մորիս Ռավելի «Հունական երգեր» շարքի առաջին կատարողը: Ի դեպ, նամակներից մեկում հիշվող Ռավելի «Տրիպատոս» վոկալ ստեղծագործությունը, գրված 1909 թվականին, նվիրված է Մարգարիտ Բաբայանին:

-1-

22.3.06

Օրիո՛րդ: Պայմանավորված ենք կիրակի օրվա համար: Քանի որ դուք բարյացակամ եք ինձ հրավիրել, ես կգա՛մ ճաշի: Փոխանցե՛ք, խնդրեմ, իմ հարգանքը ձեր ծնողներին եւ ընդունե՛ք, Տիկին, իմ շնորհակալությունը եւ խորին հարգանքի զգացումները:

Մորիս Ռավել

-2-

[24.6.14]

Երեքշաբթի

Սեն Ժան-դը-Լյուզ

Սիրելի՛ Տիկին,

Հաճույքով կընդունեի ձեր բարեհաճ հրավերը, եթե այդքան հեռու չլինեի Դանֆեր-Ռոշերո փողոցից:

Խնդրում եմ՝ ներե՛ք ինձ եւ ընդունե՛ք ձեր նվիրյալ Մորիս Ռավելի խորին բարեկամությունը:

Մայրս հղում է ձեզ իր լավագույն ողջույնները:

-3-

Մուլուզ, 16.11.25

Սիրելի՛ տիկին եւ ընկերուհի,

Ափսոսում եմ, որ չեմ կարողացել ներկայանալ ձեր սիրալիր հրավերին:

Ինքներդ էլ տեսնում եք պատճառը:

Ձեր նվիրյալից, լավագույն հիշողություններով՝

Մորիս Ռավել

-4-

21.11.27

Սիրելի՛ Տիկին,

Ուրբաթ, դեկտեմբերի 15-ին, պետք է լինեմ Փարիզում՝ ընթրիքի համար, որի ամսաթիվն ինքս եմ նշանակել:

Ներեցե՛ք ինձ: Եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք երգել «Մադեկասները»[1] եւ ցանկանում եք ստանալ իմ ցուցումները, կարող եմ Փարիզ գալ շաբաթ օրերից մեկին՝ ոչ առաջիկայում:

Փորձե՛ք ինձ զանգահարել վաղը՝ երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի՝ մոտավորապես ժամը 7:30-ին. այդ ժամին անմիջապես կապվե՛ք:

Ներեցե՛ք ինձ եւ ընդունեք ձեր նվիրյալ Մորիս Ռավելի բոլորանվեր բարեկամությունը:

-5-

8.12.27

Սիրելի՛ ընկերուհի,

Ներեցե՛ք, ստիպված էի գնալ Փարիզ՝ բժշկի, քանի որ առողջությունս բավական թույլ էր:

Ձեզ մի քանի պատասխան եմ պարտք:

Գնա՛նք հերթով.

1. Պայմանավորված ենք շաբաթ օրը՝ ժամը 11-ին: Քանի որ նաեւ սպասում եմ ճաշի Օտեյլում, հուսով եմ, որ չեք բարկանա, եթե չկարողանամ ընդունել ձեր սիրալիր հրավերը:

2.  Գրո՛ղը տանի, թե հիշում եմ «Տրիպատոսի» որեւէ նոտա:

Եթե ինձ թվա, որ արժե, հաճույքով կկատարեմ գործիքավորումը, բայց ո՛չ մինչեւ վերադարձս:

Ինչ վերաբերում է «Վոկալիզին», իհարկե, չեմ կարող ձեզ արգելել այն երգել, սակայն ներեցե՛ք, ոչ միայն մերժում եմ այն գործիքավորել, այլեւ հրաժարվում եմ այն ձեր կատարմամբ լսելու հաճույքից: Ոչ թե մերժում եմ այդ փոքրիկ ստեղծագործությունը, այլ քանի որ այն դժբախտություն է ունեցել լույս ընծայել մի հրատարակիչ, որին ավելի ճիշտ կլինի անվանել անքաղաքավարի (չասելու համար՝ պարզապես տգետ), եւ որն արդեն տարիներ շարունակ անհանգստացնում է ինձ գրություններով, որոնց ես երբեք չեմ պատասխանում, մինչդեռ արդեն ավելի քան 15 տարի սպասում եմ պատասխանի մի փոստային բացիկի, որը ոչինչ չէր պահանջում՝ մի պարզ ներողությունից բացի:

Քանի որ նա միգուցե զարմանա իմ մերժումից, ձեզ լիազորում եմ այս նամակը ներկայացնել նրան. նա, անշուշտ, կձեւացնի, թե չի հասկացել:

Բայց մի՛ անհանգստացեք, նա հաստատ կգտնի որեւէ մեկի՝ իմ «Վոկալիզը» գործիքավորելու:

Ներեցե՛ք այս երկար բացատրության համար. պարտավոր էի բացատրել մերժումս:

Խնդրում եմ՝ իմ հարգալից ողջույնները փոխանցեք Ձեր մայրիկին, եւ հավատացե՛ք, սիրելի՛ ընկերուհի, իմ ամենանվիրական զգացմունքներին:

Մորիս Ռավել

-6-

Ուրբաթ

Տիկի՛ն,

Կալվոկորեսին[2] փոխանցեց ձեր սիրալիր հրավերը, որին հաճույքով կընդառաջեմ: Խնդրում եմ՝ իմ բարեմաղթանքները փոխանցել պարոն Բաբայանին եւ քույրերին, եւ ընդունել, Տիկի՛ն, իմ խորին հարգանքը:

Մորիս Ռավել

11 Շեւալիե փողոց

Լեւալուա-Պերե

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

#

[1] «Chansons Made՛casses», Մորիս Ռավելի ստեղծագործությունը, գրված 1925-1926 թթ.:

[2] Միշել Դիմիտրի Կալվոկորեսի (1877-1944), ֆրանսիացի երաժշտագետ եւ քննադատ: