…Լեզուն ազգի ինքնության ու գոյության ցուցիչն է, որով հայ դպրոցականը սկսում է հաղորդակցվել իր արմատների հետ, ձեւավորվում է ազգային գիտակցությունը: Հենց ազգային ինքնությունը պահպանելու համար են մեր նախնիները պայքարել, որ անգամ պատմական գաղթօջախներում, հետո նաեւ՝ Սփյուռքում կառուցվեին դպրոցներ ու վարժարաններ, որ հայ սերնդի մեջ վառ պահեին հայրենիքի պատկերը, պահպաներ հայ մշակույթը: Եվ բոլոր ժամանակներում այդ դասագրքերը ստեղծելու գործը երբեք չի վստահվել պատահական մարդկանց, ինչպես այսօր: Թիրախում այն կրտսեր սերունդն է, որ դեռ չի հասցրել ճանաչել ու իրեն նույնականացնել այն ազգի հետ, որին պատկանում է՝ իր անցյալով ու հոգեւոր ժառանգությամբ: Յոթերորդ դասարանի «Հայոց պատմության» խեղաթյուրված դասագրքի կողքին հնարավոր չէ անտեսել նաեւ երկրորդ դասարանի «Մայրենի լեզվի» դասագիրքը, որի առաջին մասը շրջանառության մեջ դրվեց դրա դեմ պայքարի մեծ ալիքի պայմաններում: Հիշում ենք, թե ինչպես էին դասագրքից այլեւս դուրս մղվել հայ մեծերի գործերը, անգամ Հովհաննես Թումանյանի ծննդավայրի անունը ներկայացվել էր թուրքական անվանումով` Համամլու, իսկ էջերն էլ երիզված էին մեր թշնամի պետության դրոշի գույներով: Ազգային արժեքներն ու պատմությունը խեղաթյուրված ներկայացնելու ծրագիրը նույն տրամաբանությամբ շարունակվում է նաեւ «Մայրենի լեզվի» դասագրքի ՝ երկրորդ կիսամյակի համար նախատեսված հաջորդ մասում:
Նշենք, որ դասագրքի հեղինակներն են Անահիտ Արնաուդյանը եւ Մարինե Մանուկյանը: Հրատարակվել է 7075 տպագրական օրինակով:
Եվ այսպես, մի քանի դրվագ հիշատակելն էլ բավական է ցույց տալու համար, թե ինչպիսի նենգադավ ծրագիր է իրականացվում հայ նոր սերնդի հանդեպ:
Դասագիրքը հայ աշակերտի առաջ բացվում է «Հայաստանյան խճանկար» վերտառությամբ ոչ լիարժեք տեքստով, որը մի միջակ փորձ է պատմելու Հայկական լեռնաշխարհի մասին: Այստեղ այլեւս խոսք չկա մեր այն աշխարհագրական տարածքների մասին, որոնք Հայոց ցեղասպանության հետեւանքով մնացել են Արեւմտյան Հայաստանում: Սերնդե-սերունդ հայ դպրոցականը թե՛ Հայոց պտմության, եւ թե՛ Մայրենի լեզվի դասագրքերում կարդում էր, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Բիբլիական Արարատն է: Ամենաաչքի ընկնող տողը սա է. «…Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի չորս սուր կատար…»: Հաստատուն քայլերով փորձ է արվում այսօրվա սերնդի համար փակելու Հայոց պահանջատիրության էջը: Չկան մեր մեծերի այն բանաստղծությունները, որոնք նվիրված են Արարատին:Երեւան քաղաքի հիմնադրման մասին խոսելիս անգամ չի նշվում , թե ե՞րբ եւ ո՞ր դարաշրջանում Արգիշտի արքան կառուցեց Էրեբունին:
Մեկ այլ ակնառու օրինակ. գրքի 21-րդ էջի տեքստը կոչվում է. «Մեսրոպ Մաշտոցը եւ հայ գրերի գյուտը»: Սա Մայրենի լեզվի դասագրքերի ամենակարեւոր թեմաներից է եղել, որը, սովորաբար տեղ է գտել ամենաառաջին էջերում: Բայց սույն դասագրքի հեղինակները որոշել են, որ Հայոց գրերի ստեղծման մասին խոսելիս չպետք է նշեն Սահակ Պարթեւ կաթողիկոսին եւ Վռամշապուհ արքային: Դրանով հայ մանուկին հիմքեր չպետք է տան հետագայում հասկանալու, որ հայ ազգը այդ դարաշրջանում իր գոյաբանական պատերազմը հաղթեց եկեղեցի -պետություն ամուր միասնությամբ, որը հետագայում էլ դարձավ մեր ազգային կարեւոր կոնցեպտը. մի արժեք, որն այսօր նույնպես հակահայ ուժերի թիրախում է : Նշվում է միայն, որ Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցները բացեց Հայաստանում, եւ այլեւս ոչ մի խոսք Արցախի Ամարասի հռչակավոր վանքի մասին, որը մեր կրթական առաջին կենտրոններից է եղել:
Մեկ ուրիշ օրինակ, որը կարող ենք համարել փորձ՝ հարվածի տակ դնելու նաեւ մեր ամբողջ միջնադարյան շրջանը: Բոլորս ենք մեր դպրոցական դասագրքերից հիշում Վարդան Այգեկցու իմաստուն առակները: Եվ ահա դրանցից մեկը տեղ է գտել 32 -րդ էջում եւ չի նշվում հեղինակը: Ընդամենը գրված է . «Միջնադարյան զրույց»: Այդ ո՞ր ժողովրդի միջնադարյան շրջանի մշակույթի մասին է խոսքը: Իր հարուստ անցյալով կրթված , վաղվա ուժեղ սերնդի՞ց եք վախենում, որը դառնալու է պահանջատեր եւ պայքարելու է մեր պատմական իրավունքների համար: Սրանո՞վ է պայմանավորված այս ծրագիրը՝ Մայրենի լեզվի խեղաթյուրված ու աղճատված դասագքերի միջոցով հայ մանուկի մեջ սպանել հայրենիքը ու նրա անցյալը: Իսկ մեր նյութական սահմաններով Հայրենիքից զատ կա նաեւ «Հոգեւոր Հայաստանը», որի մասին ժամանակին հոդված է գրել Վահան Տերյանը: Այդ «Հոգեւոր Հայաստանի» սահմանները մեզ համար ընդգրկում են ե՛ւ այսօրվա Հայաստանը, ե՛ւ Արեւմտյան Հայաստանն ու Արցախը:
«Մայրենի լեզվի» այս դասագիրքը եւս պետք է դուրս մղվի հետագա գործածությունից: Հայոց լեզվի դեմ այս արշավը նոր չէ այս անհայրենիք իշխանությունների օրոք. դեռ երկու տարի առաջ էին տարբեր բուհերից դուրս մղել Հայոց լեզվի դասավանդման ծրագիրը՝ պատճառաբանելով, թե դա կխանգարի ուսանողին դառնալու լավ գիտնական: Այնինչ Հայոց լեզուն գիտության լեզու է դեռ 5-րդ դարից, ինչի մասին խոսել են բազում նշանավոր հայագետներ: Սակայն հարկ ենք համարում հիշատակել աշխարհառչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի խոսքը, որը սերունդների համար ունի կտակի արժեք.
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից՝ անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ