Հայ մի շարք կոմպոզիտորների երգեհոնային ստեղծագործություններ գրվել են հատուկ Թերեզա Ոսկանյանի կատարման համար: Երեք շաբաթ առաջ էր, որ Թ. Ոսկանյանը Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը հնչեցրեց Երվանդ Երկանյանի հոգեւոր երկերից մեկը՝ գրված միջնադարյան տաճարական երաժշտության թեմաներով: Իսկ ահա օրերս կայացած երգեհոնային երաժշտության երեկոն անցավ բացառապես Թ. Ոսկանյանի մենակատարմամբ: Այս անգամ ծրագրում հիմնականում բախյան վեհահունչ երաժշտությունն էր: Թե լիներ այնպես, որ հայ երգեհոնահարներից շատերը մի հրաշքով հայտնվեին եվրոպական ուշ միջնադարի շրջանում, ապա նրանց կատարողական արվեստն արդարացիորեն շատ բարձր կգնահատվեր բարոկ արվեստի մեծանուն հեղինակների կողմից, եւ մեր Թերեզային էլ կվստահվեր դրանցից շատերի կատարումը: Համերգին Յոհան Սեբաստիան Բախի ծով ստեղծագործությունից հնչեցին «Գալիս է հեթանոսների փրկիչը», «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», «Միայն սիրելի Աստծուն է տրված ներել», «Քրիստոսը, ամբողջ աշխարհի մխիթարությունը», «Քեզ եմ դիմում, Տեր Հիսուս Քրիստոս» խորալային պրելյուդները եւ այլ գործեր: «Բախի ստեղծագործությունների կատարումն ընթացք է դեպի Արարիչը, շարունակ հայտնություն եւ մաքրագործում,- ասում է Թերեզա Ոսկանյանը:- Հոգեզտման նույնպիսի ազդեցություն ունեն հայ միջնադարյան նվագներն ու արդի հայ կոմպոզիտորների՝ երգեհոնի համար գրած շատ երկեր, որոնք ընդգրված են իմ երկացանկում»:
Թերեզան ծնվել է Թբիլիսիում, երաժշտական կրթություն ստացել տեղի Պալիաշվիլու անվ. երաժշտական, ապա՝ Երեւանի Չայկովսկու անվ. տասնամյա դպրոցներում: Ուսանել է Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ որպես դաշնակահար աշակերտելով դոցենտ Ի. Սեդրակյանին, այնուհետեւ որպես երգեհոնահար՝ պրոֆ. Վ. Ստամբոլցյանին: Նա խորապես յուրացրել է երգեհոնային երաժշտարվեստի առանձնահատկությունները՝ աչքի ընկնելով իր կատարողական ունակություններով, ստեղծագործությունների ոգին հաղորդող զգայական նվագով, միջնադարյան դասական եւ հոգեւոր նվագների բարձր ոգեղենությունն արտահայտելու՝ տարեցտարի կատարելագործվող արվեստով: Նա, հիրավի, մեծանուն երգեհոնահար Վ. Ստամբոլցյանի կատարողական «դպրոցի» արժանի շարունակողն է: Խորհրդանշական էր, որ ոչ վաղ անցյալում Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին Թերեզա Ոսկանյանը պարգեւատրվեց ԿԳՄՍ մեդալով՝ Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման եւ տարածման, ինչպես նաեւ երկար տարիներ գործունեության եւ երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար:
Հանդես գալով թե՛ Հայաստանի մեծ ու փոքր բեմերում եւ թե՛ արտերկրի հայտնի համերգասրահներում ու հոգեւոր կենտրոններում՝ Թերեզա Ոսկանյանն իր կատարողական արվեստով գրավել է հազարավոր ունկնդիրների համակրանքը: Նրա արվեստը նվիրում է հայ հոգեւոր կյանքին, քանզի նաեւ Էջմիածնի Մայր տաճարում տրվող պատարագներին աղոթքները հնչում են իր նվագակցությամբ: Թերեզա Ոսկանյանը բարձր կուլտուրայով օժտված երաժիշտ է, համեստ, նրբամիտ անձնավորություն, իր գիտելիքները երաժիշտների նոր սերնդին հաղորդող վարպետ ուսուցիչ:
Հայ եւ համաշխարհային երաժշտարվեստից քաջատեղյակությունը եւ իր բարձր կատարողական արվեստն երգեհոնահարին թույլ են տալիս հանդես գալու բազմազան եւ հարուստ ծրագրերով: Դրա վկայությունն էր, օրինակ, 2017 թ.-ին համերգային ծավալուն ծրագրով երգչուհի Հասմիկ Պապյանի հետ ելույթը Տալլինի Մայր տաճարում՝ ՀՀ եւ Էստոնիայի երկկողմ հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Օտարազգի երաժշտասեր հանրությունը եւս ծանոթ է Թերեզայի արվեստին եւ գնահատում է նրա պրոֆեսիոնալիզմը:
Բարձրորեն գնահատելի է Թ. Ոսկանյանի երկարամյա ծառայությունը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կազմում, ինչպես նաեւ մասնակցությունը՝ արդեն տասնամյակներ հայ հանդիսականի համար պարբերաբար կազմակերպվող երգեհոնային համերգներին:
«Տաղարան»-ի եւ այլ խմբերի հետ հյուրախաղերով նա հանդես է եկել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Թուրքիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Էստոնիայում, Լիտվայում եւ այլուր: Արդյունավետորեն համագործակցում է երգիչ-մենակատարների հետ, ինչպես նաեւ Հայաստանի պետ. սիմֆոնիկ (դիրիժոր՝ Է. Թոփչյան), Հայաստանի կամերային (դիրիժոր՝ Վ. Մարտիրոսյան) նվագախմբերի, Հայաստանի պետ. ակադեմիական (դիրիժոր՝ Հ. Չեքիջյան), Հայաստանի պետ. կամերային (դիրիժոր՝ Ռ. Մլքեյան) երգչախմբերի հետ: Անհատ կատարողների հետ Թ. Ոսկանյանի համագործակցության եւս մի օրինակ էր մայիսի 18-ի համերգին թավջութակահար Սամսոն Թաթոսյանի հետ իր բեմելույթը: Երկու նվագարանների հուզական հնչմամբ կատարվեց Կ. Տեսարինիի Ֆա մաժոր սոնատը:
Իսկ համերգային երեկոյի ավարտին երգեհոնահարը ծրագրից դուրս կատարեց Ե. Երկանյանի «Անցյալի որմնանկարներ» սյուիտի վերջին մասը՝ գրված Ն. Շնորհալու «Տարածեալ»-ի թեմաներով: «Շուրջ 40 տարի ճանաչում եմ մեր լավագույն երգեհոնահարներից Թերեզա Ոսկանյանին, որի հետ անցել ենք երկար համագործակցության ճանապարհ,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը:- Տակավին ուսանողական տարիներին նա, որպես տաղանդավոր երգեհոնահարուհի եւ կլավեսինահարուհի, իր վրա լուրջ ուշադրություն հրավիրեց: «Տաղարան»-ում համատեղ յոթնամյա գործունեությունից հետո էլ՝ մինչ օրս, իմ բոլոր երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարումները վստահել եմ իրեն: Իր մեծ ուսուցչի` Վահագն Ստամբոլցյանի սիրելի սանն անուրանալի ավանդ ունի հայ երգեհոնային երաժշտության ասպարեզում`այն մեծ հաջողությամբ ներկայացնելով նաեւ աշխարհի մի շարք երկրներում, ուր մշտապես արժանացել է ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի: Համաշխարհային երգեհոնային երաժշտության մի շարք գոհարներ Հայաստանում հնչել են նրա շնորհիվ: Լինելով երգեհոնային արվեստի իրական նվիրյալ եւ ջատագով՝ նա մեծ նպաստ է բերել ունկնդիրների լայն շրջանակ ձեւավորելու գործում»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ