Բացվող փակագծեր…
Երբ ընթերցել ես սկսում նոր գիրք, առավել եւս համաշխարհային դասական երաժշտության ամենանշանավոր ստեղծագործողների մասին մասնագետի վերլուծություն եւ վերամբարձ ակադեմիականության հետք չես գտնում, հատկապես` խոսքի, կարծիքի կամ մեկնաբանության պարտադրանք` որպես վերջին ճշմարտության, առաջին զգացումը, որ ունենում ես, թեթեւությունն է ընթերցման հաճույքի, որովհետեւ այն ինչ փոխանցվում է քեզ, զրույց է, հեղինակի` տարիների փորձառությամբ դիրիժորի կուտակած գիտելիքի յուրօրինակ փոխանցում ընթերցողին: Արվեստագետի, երաժշտի ներաշխարհային ձայները ստեղծագործական աշխատանքի մի հանգրվանում դրսեւորման գրավոր ձեւ են ստացել, ցանկություն` կենսափորձը, մտազգացական կուտակումներն արտահայտելու էսսեների միջոցով:
Երեւանի կոնսերվատորիան ավարտելուց հետո դիրիժորական աշխատանքը հայաստանյան տարբեր նվագախմբերի հետ Վարդան Հակոբյանին միաժամանակ ճամփորդությունների, արտերկրյա համերգների, շրջագայությունների հնարավորություններ են տվել դեռ վաղ երիտասարդական հասակից:
2015 թվականին դիրիժորական աշխատանքի առաջարկ ստանալով` մեկնում է Միացյալ Նահանգներ, բնակություն հաստատում բազմատեսակ մշակույթներ կրող այս երկրի թերեւս ամենաակտիվ ու ռիթմիկ քաղաքում` Նյու Յորքում: Համերգային հյուրախաղերը, շփումները տարբեր ժողովուրդների, նրանց մշակույթների` արդեն ծանոթ Արեւմուտքի եւ բացահայտվող Արեւելքի հետ (Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Ավստրալիա, Նոր Զելանդիա)` մտորումների, ընդհանրություններ եւ առանձնահատկություններ որոնելու, կամուրջներ փնտրելու առիթ են դառնում:
Բնականաբար ծնվում է հարց` ինչպե՞ս կարճ ժամանակում ավելի ամբողջական ճանաչել անծանոթ երկիրը, ժողովրդին: Եվ ամենաարդյունավետ ճանապարհը` անցյալի, պատմության եւ մշակույթի, նրա գաղափարական հենքի, աշխարհճանաչողության` դավանանքի, հոգեւոր տարբեր ուսմունքների, կրոնների միջոցով, որի շնորհիվ են իրականացվում անհրաժեշտ կամրջումները: Եվ որովհետեւ միայն բաց, ազատ միտքն է, որ կարող է հասկանալ ամբողջականության մասը լինելու կարեւորությունն ու ճշմարտությունը` փոխկապակցության մեջ տեսնելով կյանքի ներդաշնակությունը…
Իր մտորումները հեղինակը մեզ է փոխանցում դասական երաժշտության հինգ մեծությունների միջոցով` Լյուդվիգ վան Բեթհովեն, Ռիխարդ Վագներ, Յոհաննես Բրամս, Պյոտր Չայկովսկի, Դմիտրի Շոստակովիչ:
Տպավորությունն այնպիսին է, որ հեղինակի մտերմությունը նրանց հետ կայացել է ոչ միայն ստեղծագործությունների մակարդակում, այլ ավելին է, ավելի խորը` անձնական, հոգեւոր, մարդկային …
Գրքի տարբեր հատվածների ընթերցումը ստիպում է պարբերաբար դնել այն մի կողմ ու մտածել: Հեղինակի առաջադրած հարցերը ուղղակիորեն անցնում են քեզ, մտորելու տարբեր շերտեր բացում, պահի մեջ նաեւ փոխում են գործողությանդ բնույթը, թողնում ես կարդալը եւ մտորել ես սկսում երաժշտական այդ գործի մասին, փորձում հասկանալ այլ կերպ, գտնել շեշտադրումներ, որի մասին քիչ առաջ կարդում էիր:
Լինելով բաց` աշխարհի տարբեր մշակույթների առաջ, բազմազգ կուլտուրաների հետ աշխատելու հնարավորությունն ու փորձը Վարդան Հակոբյանին բերել են կարեւոր մի եզրահանգման. հաջողության բանալին ճանաչողության մեջ է: Կատարողական արվեստի համար տաղանդից ու աշխատասիրությունից բացի, անհրաժեշտություն է ստեղծագործության հեղինակին, նրա ապրած ժամանակն ու միջավայրն իմանալը, պակաս կարեւոր չէ նրա մարդկային բնույթի, նկարագրի իմացությունը, վերաբերմունքը կյանքին, իրականությանը: Սա անհրաժեշտ է ոչ միայն երաժշտական գործի ճշգրիտ հնչողության, նաեւ ստեղծագործության ոգին զգալու, մոտիվացիան հասկանալու, կատարումը դրան համահունչ դարձնելու համար:
«Անցյալ եւ մոտիվացիա»` այսպես է խորագրել իր գիրքը դիրիժոր Վարդան Հակոբյանը, շարադրանքի անկեղծությունը հասցնելով առավելագույնին, ինչն էլ պատճառներից մեկն է այն սեղանի գիրք համարելու:
Ընթերցումն ուղեկցվում է ներքին երաժշտությամբ, ցանկություն է առաջանում ծանոթ ստեղծագործությունները նորից լսելու, կարծես ստուգելու նախկին զգացողություններդ, ենթագիտակցորեն սկսում ես ուղղորդվել հեղինակի` քիչ առաջ կարդացածդ մտքերով: Եթե երաժիշտ չես, դժվար հաջողես թափանցել խորքերը, բայց զգայուն հոգին երաժշտությունը կարդալ սկսում է այլ կերպ, նախկինից տարբեր:
Մի ժամանակ այն կարծիքին էի, որ պետք չէ նույնացնել արվեստագետին ստեղծագործության հետ: Տարիների փորձը սակայն այլ մտքի բերեց. որեւէ ճշմարիտ ստեղծագործություն իր ստեղծողի աշխարհընկալման, պատկերացումների, վերաբերմունքի, արտաքին աշխարհն իր ներքին պրիզմայով անցկացրած զգացումի ու մտքի արտացոլումն է արվեստի այս կամ այն տեսակի մեջ:
Վարդան Հակոբյանը այս ամենի հետ կարեւորում է անցյալը, մասնավորապես մանկության տարիների թողած հետքը հոգեբանության վրա, ձեւավորված մտածելակերպը, վարքագիծը: Եվ ամենից հետաքրքիրը` ստեղծագործության մոտիվացիայի շեշտադրումն է, որն էլ հենց երաժշտական գործը ամբողջապես հասկանալու, կարդալու բանալին է համարում, որովհետեւ այն ուղղակիորեն առնչվում է ստեղծագործողի կյանքի ամենատարբեր ասպեկտներին:
Տեխնիկական վարպետությունից բացի ստեղծագործության ոգին զգալու, դրա ներքին շերտերը թափանցելու, ճիշտ հնչեցնելու համար անհրաժեշտ է հասկանալ հեղինակի մոտիվացիան:
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է ներշնչանքը, կա՛ արդյոք նման բան, ինչպե՞ս է ձայնը, հնչյունը դառնում երաժշտություն, բառը` բանաստեղծություն:
… Ճանաչված կոմպոզիտորը փողոցում մի պահ կանգ է առնում ծանոթ կենցաղային ձայնարկումից, ապա մի քանի անգամ կրկնում այն: Կարոտի երանգներ կան ձայնում, մտքում հաստատ ասոցացվում են երաժշտական կտորներ: Առավոտյան ձյան բարակ ու խիտ հոսքը կտրող սեւաթույր թռչունի թեւաբախումից արթնացող բանաստեղծը ապակիներին գրում է օրվա առաջին պատկերը…
Երաժշտական աշխարհի, արվեստի մարդը գիտի, որ նոր, ինքնատիպ գործ, որը միայն իրենն է, ինքնության իր ներսից եկող, ստեղծելու համար դժվար ճանապարհով պիտի գնա, անցնի մի սահման, հատի այն` տեսնելու պատկերից, գծից այնկողմը, հայտնվելու երեւակայականի ու իրականի, սովորականի ու անսովորի միջեւ` լսելու այնկողմնայինի ձայներ… Իսկ գուցե՛ դա է ներշնչանքը:
Սրանով հանդերձ, հեղինակը ստեղծագործությունը կարդալու, բացահայտելու իր մեթոդն է առաջարկում. անդրադառնալով նախընտրած երաժիշտների կյանքային ավելի ուշագրավ դրվագներին` միտքը կենտրոնացնում է կարեւոր երկու հանգամանքի վրա` ապրած ժամանակաշրջանի եւ արվեստագետի մարդ քաղաքացու տեսակի:
Ծավալով փոքր էսսեների շրջանակներում հեղինակին հաջողվել է կերտել ստեղծագործողի ամբողջական կերպարներ, շնորհիվ ճիշտ ընտրված ատրիբուտների եւ խորը ուսումնասիրությունների` թե կյանքի ու գործունեության, հոգեբանության, մտածողության, թե ստեղծագործությունների:
Այս վերլուծության մեջ շատ գրավիչ են հաճախ տարվող զուգահեռները ոչ միայն տարբեր կոմպոզիտորների, նաեւ պատմական, քաղաքական հայտնի դեմքերի միջեւ: Հետաքրքիրը նաեւ նրանց մեկ այլ ժամանակաշրջան, կյանքի պայմաններ կամ երկիր մտովի տեղափոխելն է, թե դրանից ինչպե՞ս կփոխվեր նրանց ստեղծագործությունների բնույթը: Օրինակ` ինչպիսի՞ն կլիներ Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը, եթե նա ապրեր ոչ թե Խորհրդային Միությունում, այլ ազատ երկրում: Որքանո՞վ է Բեթհովենի երաժշտությունը պայմանավորված նորը որոնող, ըմբոստ, հեղափոխական նրա խառնվածքով, որով զուգահեռ է տարվում Նապոլեոնի հետ եւ կամ մանկության տարիների հետքերը ի՞նչ ազդեցություն կարող էին թողած լինել հոգեբանության, ապա եւ ստեղծագործության վրա…
Նույնը եւ` Պյոտր Չայկովսկու պարագայում: Բրամսի ներքին ներդաշնության, հանդարտության հասած, կատարելության ձգտող էության ուղղակի արձագանքներն է տեսնում նրա երաժշտության մեջ:
Ռիխարդ Վագների բարդ ու հակասական կերպարը` աշխարհայացքը, ազգային քաղաքական մոտեցումները, իդեալները` միավորված Գերմանիայի ու նոր գերմանացու տեսակի, հեգելյան փիլիսոփայության ու կոնցեպցիայի ազդեցությունը, բարոյականության ու դրա չափանիշների ընկալումներն ու կիրառումները եւ այս ամենի արտացոլանքը ստեղծագործության մեջ շատ պատկերավոր, գրավիչ, հարուստ են դարձնում շարադրանքը: Նկարագրությունները, վերլուծումները բացում են փակագծեր` ընթերցողին նորովի ընկալման ու ճանաչման հնարավորություններ թողնում. սիրված, վաղուց կյանքից հեռացած կոմպոզիտորները ներկայացված են մարդկային բնական կողմերով ու հատկանիշներով, ինչը նրանց դարձնում է ավելի մերձ, շոշափելի եւ անգամ` ժամանակակից:
Ընթերցման տպավորությունները հեղինակին ուղղված հարցերի տեղիք տվեցին. ընտրեցի երկուսը:
– Մոտ տասը տարի է` ապրում եք հայրենիքից հեռու, Նյու Յորքում: Կարծում եմ` ակտիվ աշխատանքով, ընտանեկան ջերմությամբ լի, բարեկեցիկ, ապահով կյանք ունեք, սակայն Ձեր ամենօրյա հոգսը, ապրումը, անհանգստությունները ուղղակիորեն կապված են Հայաստանում կատարվող յուրաքանչյուր իրադարձության հետ, ամեն նյարդով կապված եք երկրի հետ, տագնապով ու անթաքույց հուզմունքով եք հետեւում մեր ներկային` անհանգստացած նրա` առայժմ անորոշ ու վտանգված ապագայով: Եվ սա ոչ միայն խոսքի մակարդակում, որի կարեւորությունն, ինչ խոսք, անժխտելի է` արտահայտվող ձեր ամենօրյա հաղորդումներում, նաեւ Ձեր գործունեությամբ է հաստատված:
Ի՞նչ կասեք Հայաստանում ապրող մտավորական – արվեստագետների ներկա քաղաքացիական կեցվածքի, վերաբերմունքի մասին:
– Բազմիցս կրկնված, ծեծված արտահայտություն կա` իսկ որտե՞ղ են մտավորականները: Գուցե դրա տակ հոգեբանական հիմնավորումներ կան, թե ինչու են մարդիկ սպասում նրանց խոսքին: Հասարակ, պարզ մարդը մտածում է, որ կատարվող իրադարձությունների մեջ կա այնպիսի բացատրություն, որն իրեն հասանելի չէ, որ դրա համար անհրաժեշտ է ավելի բարձր կրթություն, խորը գիտելիքներ, լայն մտահորիզոն ունենալ, մտածող լինել: Հասարակության այդպիսի շերտը մտավորականությունն է, որը նման պարտավորություն պիտի ստանձնի: Ովքեր դա գիտակցում են` արտահայտվում են, ովքեր` ոչ, լուռ սպասում են դեպքերի ընթացքին: Հավանաբար կարծում են, թե դամոկլյան այն սուրը, որ կախված է մեր ժողովրդի, պետականության գլխին, իրենց չի վերաբերվում կամ չի հասնելու: Սակայն դա այդպես չէ, որովհետեւ միեւնույն է` դա իջնելու է նաեւ այն կազմակերպությունների, այն միավորումների գլխին, որտեղ իրենք կան, աշխատում են. հարվածն անմիջականորեն զգալու հավանականության մասին է խոսքը: Որովհետեւ այդպիսի վտանգը հնարավոր չէ հասարակության մի մասի վրա տարածվի, մի հատվածի վրա`ոչ, ինչ է թե իրենք այսօր այդ ասպարեզում չեն: Սա ընդհանուր համակարգ է, երբ ներսից փտած է, տոքսիկ է, դրա վնասները, վտանգները ամենուր են տարածվում: Հատվածաբար տարածվելու մտայնությունը սխալ է, ինչից էլ օգտվում են բռնատիրական բոլոր ռեժիմները, այն ինչ մենք ունեցել ենք անցած 30 տարիներին բոլոր չորս ղեկավարների օրոք: Այս ընթացքում ոչինչ էական չի փոխվել, որովհետեւ համակարգը չի փոխվել, նույնն է` նույն կոռումպացվածն ու կործանարարը, որ մարդակենտրոն չէ, ժողովրդավարական չէ, մարդու ազատություններն արժեք չեն ներկայացնում: Այդպիսի միջավայրում ապահով կարող է զգալ մեկը, ով չի հասկացել պատճառահետեւանքային կապի օրինաչափությունները:
Ստեղծագործողն ինքն իրեն է որակում որպես մտածող, արարող, իրերն ու երեւույթները տարբեր անկյան տակ տեսնելու, ընկալելու, վերլուծելու ընդունակ` դրանով իսկ տարբերվող պարզ, հասարակ մարդուց:
Վագները, Բեթհովենը, Շոստակովիչը, մյուս մեծերը կրողն ու փոխանցողն էին իրենց ժամանակի ոգու: Եթե, օրինակ, որեւէ կերպ պրոպագանդիստական փորձ արվի ստալինյան ժամանակաշրջանը ներկայացնելու այլ գույներով, ասենք` թեթեւ կամ անհոգ, դա մերժելու, այդ շրջանը հասկանալու համար Շոստակովիչի երաժշտությունը բավարար է, որովհետեւ այն ներկայացնում է այդ ժամանակաշրջանի իրական պատկերը, տրամադրությունները` վախերով, անկումներով, կասկածներով, մռայլությամբ:
19 րդ դարասկզբի եվրոպական կյանքի մթնոլորտը, մոլեգնող ապստամբության կիրքը, ազատության շունչը զգալու, հասկանալու համար, լսում ենք Բեթհովեն:
Ի՞նչն էր տարբերում Բեթհովենին կամ Շոստակովիչին իր ժամանակի շատ ստեղծագործողներից. ամենակարեւորը` դեպքերի մասշտաբային, խորը ընկալումը, ապագան կանխազգալու, դրա համար պայքարելու կամքը, ինչով էլ նրանք մնացին պատմության մեջ: Վագները մի ամբողջ պատմություն էր կերտում իր ազգի, Գերմանիայի համար, նա դարձավ նույն խորհրդանիշը գերմանացիների համար, ինչպես Կոմիտասն ու Նժդեհը` հայերի: Կոմիտասը հասկացավ` մշակութային նույն աղավաղված, աղճատված կյանքը շարունակելու դեպքում հայ ժողովրդին սպառնում է ուծացման վտանգ: Փրկության ելքը նա տեսավ մաքուր հայ երգը գտնելու, տարածելու մեջ: Կոմիտասն իր վրա վերցրեց մի ողջ ազգի փրկությունը մշակութային առումով, Նժդեհը` ողջ ժողովրդի ֆիզիկական պահպանությունը, փրկությունը պայքարի միջոցով:
Պարտավո՛ր է, թե՞ ոչ ստեղծագործողն իր քաղաքական դիրքորոշումը, վերաբերմունքն արտահայտել: Իմ կարծիքով, այո ` պարտավոր է: Իհարկե` ոչ պարտադրաբար, կամավորապես գիտակցելու հարց է սա: Եթե չեն վերցնում այդպիսի պարտավորություն, ուրեմն չեն հասկացել իրենց մասնագիտության միսիան որն է: Զարմանալի չէ, որ ժողովրդի մեջ այդ պահանջը, կարիքը, ակնկալիքը կա նրանցից: Իսկ ո՞վ է լրացնելու դա, եթե ոչ մտավորականը, մտածող մարդը:
«Անցյալ եւ մոտիվացիա» էսսեների ժողովածուի անգլերեն թարգմանությունը որպես աուդիոգիրք շուտով հասանելի կլինի Amazon. com ում: Ինչպե՞ս մտահղացվեց եւ իրականացվեց այն:
– Գրքի տպագիր հայերեն տարբերակը սպառվեց շատ արագ: Գիրքը թարգմանվել է երեք լեզուներով` անգլերեն, ճապոներեն եւ ռուսերեն. մտածեցի լայն ընթերցողին (ունկնդրին) հասանելի դարձնել անգլերեն աուդիոգրքի տարբերակը, որովհետեւ այսօր շատ ավելի լսում, քան կարդում են: «Ամազոնում» կարելի է պատվիրել նաեւ գրքի տպագիր տարբերակը: Ներքին վստահություն ունեմ, որ գիրքը տեղ կգտնի կրթական ծրագրերում: Այն մեկնաբանությունները, կարծիքները, որ ստացել եմ ոչ միայն մասնագիտական, հատկապես ոչ երաժշտական շրջանակներից, ինձ թույլ են տալիս մտածել այսպես: Գրականության մեջ որքան փնտրել եմ վերլուծություններ այդպիսի անկյան տակ` պատմական, հոգեբանական, անհատական, չեմ գտել: Փայլուն երաժիշտներ, դիրիժորներ, երաժշտության շատ ավելի լավ գիտակներ, իրենց զբաղվածության պատճառով չունեն ժամանակ ստեղծագործության պատմական արմատներին, քաղաքական բաղադրիչներին ծանոթանալու, վերլուծություններ անելու, առավել եւս գիրք գրելու ժամանակ չեն ունենում: Մինչդեռ սերունդներ կարելի է կրթել, կարեւորը` մտածել սովորեցնել, մտածողություն ձեւավորել այդ գրքերով: Երիտասարդներին նման ընթերցումներին, լսումներին, դիսկուրսներին մասնակից դարձնելով, դասական երաժշտություն լսելը նրանց համար շատ ավելի հեշտ կդառնա, հետաքրքրությունն ավելի կմեծանա:
Երեք ամսյա իմ հյուրախաղերի ընթացքում` ավտոբուսներում, հյուրանոցներում, սպասասրահներում, ինքնաթիռներում կարողացա ամփոփել տարիների կուտակված մտքերս ու Էմոցիաներս եւ ներկայացնել գրքով:
Եթե մեկը հիմա հորդորի շարունակել, չեմ կարող, որովհետեւ այդ ռեսուրսները եւ եզրահանգումների այն կուտակվածությունը, որ ժայթքեցին այն ժամանակ, հիմա չունեմ:
2020 թվականի պատերազմից առաջ աշխատում էի Վերդիի եւ Պուչինիի գրքի վրա` նույն անկյան տակ դիտարկումներով: Այդ շրջանում կային մտքի կուտակումներ: Քանի որ օպերաներ շատ եմ սիրում, շատ ասելիք կար, զուգահեռներ երկու կոմպոզիտորների միջեւ, բայց կիսատ մնաց, որովհետեւ 2020 թվականի պատերազմը փոխեց իմ կյանքի ողջ դինամիկան, արժեքները, նախընտրությունները: Չգիտեմ` երբեւէ կվերադառնամ այդ գրքին, այսօր ես այդ կուտակումները չունեմ, նույնիսկ իմաստ չեմ տեսնում: Նաեւ նոր գիրք գրելու իմաստ չեմ տեսնում, որովհետեւ 20 թվականը քանդեց… շատ բան քանդեց նաեւ իմ ներսում…
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ