ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ – Պարուհի, պարադիր, պարագետ, պարուսույց, միջազգային պարային միջոցառումների կազմակերպիչ Անահիտ Սարիբեկյանը (ծն. 1985, Վանաձոր) ավարտել է Վանաձորի արվեստի դպրոցի պարի բաժինը եւ Նիժնի Նովգորոդի պետական մանկավարժական համալսարանը: Մագիստրոսի կոչում է ստացել Գրինվիչի համալսարանում (Լոնդոն): Բազմիցս ընտրվել է պարին վերաբերող մի քանի համաշխարհային գիտաժողովների, փառատոների եւ սեմինարների ժյուրիի նախագահ, անդամ եւ պատվավոր հյուր: Նա Յունեսկոյի «Սիդ» պարի միջազգային խորհրդի ներկայացուցիչ է, պարի, երգի եւ պոեզիայի մի քանի մրցույթների դափնեկիր: Դասախոսություններով ու համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում, Հունաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Օմանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լեհաստանում:
–Սիրելի՛ Անահիտ, դու ավելի քան 24 տարվա փորձ ունես խորեոգրաֆիկ արվեստի հոգեբանամանկավարժական մեթոդաբանության մեջ: Կարո՞ղ ես նշել այն գլխավոր կետերը, որոնք պետք է հաշվի առնի պարուսույցը երեխաների հետ աշխատելիս:
-Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Դժվարանում եմ հարցին երկու բառով պատասխանել: Անփոխարինելի գիտելիքները հոգեբանության եւ մանկավարժության ասպարեզում կարող են հիմք հանդիսանալ ամուր ու ճիշտ աշխատանքի եւ այդ աշխատանքի արդյունքի համար: Յուրաքանչյուր նոր շարժում երեխայի հոգեկան համակարգում նոր նեյրոնային կապի ստեղծում է, որին պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Բոլորը կարող են պարել, երգել, ինձ համար անտաղանդ մարդ գոյություն չունի: Կան տեխնիկաներ եւ հատուկ մոտեցումներ, որոնք օգնում են կարճ ժամանակահատվածում ստանալու այն արդյունքը, որին շատերը դժվարանում են հասնել գիտելիքի ու փորձի պակասի պատճառով:
Երեխաների հետ աշխատելիս պետք է հաշվի առնենք նրանց՝ 1. տարիքը, 2. առողջությունը, եթե առկա են սիրտ-անոթային անբավարարվածություն, մկանների թուլություն, գերլարվածություն եւ այլն, 3. խառնվածքն ու բնավորությունը, 4. ընկալման ուղիները եւ այլն: Հարկավոր է համագործակցել մասնագետների հետ հոգեբանության եւ մանկավարժության ոլորտում, ինչպես նաեւ անպայման ինքնակրթությամբ ավելի լավ տիրապետել այն մեթոդներին, որոնք օգնում են աշխատանքն է՛լ ավելի հետաքրքրական դարձնել թե՛ աշակերտների եւ թե՛ ուսուցիչների համար: Չնայած իմ գիտելիքներին՝ ես աշակերտներիցս միշտ մի նոր մոտեցման ձեւ եմ հայտնաբերում, քանզի մենք բոլորս տարբեր ենք ու մոտեցումը եւս պիտի լինի տարբեր:
–Մոտ 20 տարի առաջ հիմնել եւ առ այսօր տնօրինում ես «Անահիտ» արվեստի միջազգային ակադեմիան: Ո՞րն է այն նորույթը, որ բերել ես այս հաստատությամբ:
-Ակադեմիան իմ բալիկն է, իմ մսից ու արյունից ստեղծված, ու ես շնորհակալ եմ Աստծուց՝ այս գործում ինձ համախոհներ ու օգնականներ ուղարկելու համար: Սկզբում այն ստեղծվեց որպես «Նաիրի» պարային համույթ Նիժնի Նովգորոդում, 2007 թվականից սկսեցինք համագործակցել հայ համայնքի հետ, ինչի արդյունքում էլ դարձանք համայնքի ներքո գործող պարային համույթ: Այսօր գործը շարունակում է մայրս՝ «Հորովել» համույթի պարուհի եւ բալետմայստեր, այժմ «Նաիրիի» գեղարվեստական ղեկավար Կարինե Քոչարյանը, իմ աշակերտ ընթերակաների հետ միասին: Ես առցանց միանում եմ նրանց, երբ օգնության կարիք է լինում:
Իմ բեմադրությունները եւ պարի վարպետաց դասերը համաշխարհային ընդլայնում ստացան, երբ 2009 թվականից այդ գործընթացը սկսեցի առցանց հարթակով, ու արտերկրյա աշակերտներս իմ ակադեմիան կնքեցին «Անահիտ» անվամբ: Այս հաստատությունը համախմբում եւ հայեցի է դարձնում մեր տարագիր հայերին, նրա նպատակն է միավորել նրանց արվեստի միջոցով, այդպիսով նպաստել հայ անհատի մտավոր, հոգեւոր, ֆիզիկական ձեւավորմանն ու զարգացմանը՝ պաշտպանելով եւ պահպանելով բոլոր այն արժեքները, որոնք ստեղծվել են բնության, հայ ժողովրդի եւ մարդկության պատմության կողմից:
–Դու ստեղծում ես այսպես կոչված աբստրակտ-մոնումենտալ պարեր՝ հայ ժողովրդական պարային շարժումները համադրելով «նյու վորդ վիժըն» ոճի հետ: Կբացատրե՞ս՝ ինչ է այս անսովոր «ֆյուժընը»:
-Այս պարաոճի անունը կնքել է հայրիկս՝ Աշոտ Սարիբեկյանը: Աբստրակտ-մոնումենտալ պարային բեմադրությունը Էթնիկ պար է, պատմության եւ արդիականության նուրբ միահյուսում: Յուրաքանչյուր ժեստ խորհրդանիշ է, յուրաքանչյուր շարժում՝ պատկեր, ամեն տարր հետադարձ հայացք է հնագույն մեծ մշակույթին: Հնագույն ծեսերը, հայկական տարեգրությունները, հնագույն պատմության, մեր արմատների ու նախնիների մասին նուրբ զգացողությունը ոգեշնչման աղբյուր են հանդիսանում բեմադրություններիս համար:
Աբստրակտ-մոնումենտալ պարային էկլեկտիկ բեմադրություններում առկա են հատուկ մեթոդով համադրված սրբազան նշանակություն ունեցող հայկական մանրանկարչության նախշերը՝ մարմնավորված շարժումների եւ վերացական-զուգորդական պատկերների մեջ: Մոնումենտալությունը լուսապատկերների հավաքածու է՝ պարային շարժումներին միաձուլված, աբստրակցիան երկրաչափական պատկերների եւ նշանների ներդաշնակությունն է տարածության մեջ՝ աչքի համար անսովոր մեթոդով շարժման մեջ դրված, երաժշտությանն ու թեմային համահունչ: Յուրաքանչյուր շարժում կրում է թաքնված իմաստ, որը գալիս է հնագույն հեթանոսական սիմվոլիզմից:
Բեմադրություններիս համադրումը «նյու վորդ վիժըն» ոճի երաժշտության հետ սկսվեց հենց առաջին՝ «Հայկական նախշեր» բեմադրությունիցս, երբ 14 տարեկանում էի: Վերցրի մեր գորգերից ու մանրանկարչությունից պատկերներ ու աբստրակտ կերպով դրեցի շարժման մեջ: Ու որպեսզի հետաքրքրական լինի հանդիսատեսին, օգտվեցի երաժշտության այս տեսակից, քանի որ այն արդիական է ու միեւնույն ժամանակ՝ էթնիկ: «Նյու վորդ վիժըն» ոճի հիմնադիրն է մեծանուն Փիթեր Գաբրիելը, որը համադրել է էթնիկ գործիքներն ու երաժշտությունը էլեկտրոնային գործիքավորման հետ:
–Այսպիսով, սերում ես արվեստագետների ընտանիքից…
-Ծնողներս ժամանակին շատ կարևոր դերակատարություն են ունեցել Վանաձորի մշակույթի զարգացման մեջ, եղել են Տիկնիկային թատրոնի առաջատար դերասաններ, հայրս՝ «Հորովել» համույթի երգիչ, մայրս՝ պարուհի: Հայրս եղել է նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական Դրամատիկական թատրոնի դերասան, «Հորովելի» կազմակերպիչ ու որոշ ժամանակ՝ նաեւ տնօրեն: Ես բեմի վրա եմ բեղմնավորմանս օրվանից (ծիծաղում է): Ուրիշները տատիկի հեքիաթներն են հիշում, ես՝ «Հորովելի» փորձերը: Դեռ փոքր հասակից մայրս ինձ տանում էր իր փորձերին, եւ ես, բալետի ձողին նստած, հետեւում էի դրանց, կլանում եւ յուրացնում էի ամբողջ տեսածս ու լսածս…
–Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Հունաստանում:
-Աթենքում է գտնվում «Սիդ» Միջազգային պարային խորհրդի նախագահի գրասենյակը: Պաշտոնական գրասենյակը Փարիզում է, հենց Յունեսկոյի շենքում, որտեղ եւս ես հաճախ մեկնում եմ աշխատանքի հետ կապված: Գրասենյակի ղեկավարների հետ ծանոթացել եմ Սանկտ Պետերբուրգում, Պարի համաշխարհային կոնգրեսի ընթացքում: Խնդրեցին Հայաստանի հետ կապված համագործակցություն սկսել: Աշխատանքի ընթացքում ի հայտ եկավ, որ համակարգչային գիտելիքները, կազմակերպչական ջիղը ու լեզուների իմացությունը պահանջված են «Սիդի» գրասենյակում, եւ համագործակցության հրավեր ստացա: Նախընտրեցի Աթենքի գրասենյակը զուտ կլիմայի ու հրաշք տեղանքի պատճառով. այն մոտ է Ակրոպոլիսին: Արդեն 12 տարի է՝ աշխատում եմ «Սիդի» գրասենյակում որպես տարածաշրջանային ղեկավար, վեբ դիզայներ եւ պարի հետազոտող:
Շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության, պրոֆեսիոնալ մոտեցման ու հետաքրքրական հարցազրույցի համար: Շատ հաճելի էր…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ