Որ «դրսում» մեր գործերն առայժմ, մեղմ ասած, լավ չեն, ցավալիորեն ակնհայտ է կարծես թե: Բայց նաեւ տպավորություն է ստեղծվում, որ երկրի ներսում էլ իշխող ուժի արմատական քայլերը մի պարբերական տարօրինակ հետեւողականությամբ մեզ մղում են դեպի չգիտես թե ուր…
Այն, ինչ արհեստականորեն հերթական օրակարգ է բերվել այսօր՝ Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն (անհեթե՛թ հակադրում), նոր Սահմանադրություն եւ այլն, միանգամայն տեղավորվում է այն ներքին քաղաքականության ծիրում, որը ներկա իշխանությունը վարում է իր առաջին քայլերից սկսած: Փաստերի գոնե մի մասի համադրումը, կարծում ենք, կվկայի դա:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին քայլերից մեկը՝ կառավարությունը կազմող նախարարությունների թվի էական կրճատումը, ժամանակին մենք ողջունել ենք: Սակայն որոշակի տարակուսանք էր հարուցում մեր երկրի համար այնքան կարեւոր մշակույթի նախարարության տարրալուծումը ստեղծվող ԿԳՄՍ գերնախարարության մեջ, ապա եւ՝ ազգային այդ գերկարեւոր նոր կառույցի ղեկը Փաշինյանի թիմակից «քայլական» մի երիտասարդի հանձնելը: Որն ընդամենը գիտության թեկնածու, միայն մեր Պետհամալսարանում այդպիսի հարյուրներով հաշվվող օգնական դասախոս (ասիստենտ), իր իսկ խոստովանությամբ՝ ռուսական կրթությամբ, այսինքն հիմնականում այլ մշակույթի կրող… արաբագետ էր: Որի վերջին գիտական աշխատանք-հոդվածն էլ, դատելով պաշտոնական կենսագրությունից, հրապարակվել էր 11 տարի առաջ՝ մինչ 2008 թ. գիտական թեզը պաշտպանելը, եւ որը հանրակրթական դպրոցում էլ գոնե մեկ օր չէր աշխատել:
Եվ սկսվեց… Մեր եկեղեցու դեմ հարձակման անվայել շարժումն ու դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դեմ հեռուստատեսային հակաքարոզը (Պետրոս Ղազարյանի վարած հայտնի «քննարկում»-բանավեճը): Կրթության ազգային ինստիտուտի փակումը՝ իրականում բազմանշանակ մեկնարկային ազդանշաններից մեկը: Այս եւ հետագա նման քայլերի հետ համառորեն մարդու մտքին եկող, հենց 2018 թվականին՝ «թավշյա» հեղափոխությունից հետո Սորոսի հիմնադրամի կրթաթոշակային ծրագրով կատարված ու հրապարակված «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ավագ դպրոցներում» ուսումնասիրությունը, որի հայտնի հեղինակները նաեւ հղում են անում 2017-ին թուրքերի հետ գրված տխրահռչակ գրքին: Ու մեջբերում են հայ գրականության ոմն փորձագետի խոսքը, թե մեզ մոտ կրթությունն ընդհանրապես պահպանողական է եւ դրանից է գալիս «էն մտածողությունը, որ պետք է ազգայինի վրա հենվել, ամրացնել, ամրացնել, որովհետեւ դա քո միակ պաշտպանական համակարգն է… Անկախությունից հետո մենք պիտի ձերբազատվեինք դրանից, մենք պիտի հավասարակշռության մեջ դնեինք մեծ աշխարհն ու մենք» (փոխանակ՝ մեզ- Գ. Մ.)…
Ու շարունակվեց: Ըստ էության՝ հին ու «ժամանակակից պահանջներին» չհամապատասխանող համարվեց իր անվան մեջ «հայ», «ազգ» բաղադրիչները կամ ազգային արժեքային հենք ունեցող շատ բան: Կրթության ազգային ինստիտուտի փակմանը հաջորդեցին, օրինակ, «Հայ ասպետ» ուսուցանող ու դաստիարակող հեռուստահաղորդման, հայ սերունդներ դաստիարակած մանկապատանեկան հայտնի ու սիրված հրատարակությունների («Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ») պետական ֆինանսավորման դադարեցումը: Փոխարենը տեսանք «Մել» ֆիլմի, «Հուզանք ու զանգ» ինչ-որ «ներկայացման» ֆինանսավորում, դպրոցականների համար նախարարություն-սորոսյան հիմնադրամ համագործակցությամբ ամառային դպրոցի հրավեր եւ այլ բաներ: Հետո հերթը եկավ բուն կրթության ոլորտին՝ հենց հայագիտակա՛ն առարկաների մասով, ինչպես եւ Գիտությունների ազգային ակադեմիայի սպառնալի հեռանկարին:
Մնացածը հայտնի է: 2019-ի հոկտեմբերի կեսին հայտնի դարձավ, որ օրինակ Ռումինիայի նախագահի ստորագրած օրենքով հոկտեմբերի 12-ն այդ երկրում հայտարարվել է հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր, իսկ նույն ժամանակ ՀՀ հիշյալ նախարարությունում մշակված նոր օրինագծով Հայաստանի բուհերում հայագիտական առարկաների դասավանդումն այլեւս չի լինի պարտադիր: Հետո հայոց լեզվի ու Հայոց պատմության քննությունը ոչ պարտադիր դարձվեց նաեւ բուհերի ոչ մասնագիտական բաժինների ընդունելության ժամանակ: Իսկ հանրակրթական դպրոցին երկրի ակադեմիական ու բուհական համակարգերի ողջ մասնագիտական կարծիքի եւ հասարակական կարծիքի բացարձակ արհամարհումով պարտադրված նոր, դպրոցն ապազգայնացնող չափորոշիչների առաջին պտուղներն արդեն երեւան են գալիս հրամցվող նորահայտ դասագրքերի տեսքով, ինչն առանձին շատ երկար խոսակցության նյութ է:
Իսկ այս տարին սկսվեց Ամենայն Հայոց կաթողիկոսին տարեմուտի ավանդական եթերը չտրամադրելու արտառոց քայլից…
Ահա այսօր ասպարեզ նետված նոր արտառոց նախաձեռնությունները միանգամայն համահունչ են եւ տեղավորվում են այն ներքին քաղաքականության մեջ, որն առաջին օրվանից սկսած հետեւողականորեն վարել եւ վարում է ներկա իշխանությունը, արդեն չունենալով դրա գոնե բարոյական իրավունքը: Քաղաքացիական եւ դրանից բխող քաղաքական հաճախ կասկածելի ծագմամբ ու առաքելությամբ, հիմնականում կառավարչական փորձի ու գիտելիքների բացակայությամբ, ժողովրդական դժգոհության ալիքն օգտագործելով իշխանության եկած երիտասարդների այս հեղափոխական-ռեւիզիոնիստ խմբակը, որի կառավարման տարիներին այսքան փորձանք ու ծանր կորուստներ ունեցանք՝ կանգնելով նոր վտանգավոր մարտահրավերների առջեւ, գոնե հիմա պետք է կանգ առներ՝ մտածելով ստեղծված ծանր վիճակից դուրս գալու հրատապ ու հեռանկարային քայլերի մասին:
Լինում են ժամանակաշրջաններ,- ինչպես օրինակ՝ ադրբեջանական ագրեսիաների կամ նոր սպառնալիքների ժամանակ,- երբ ամեն առավոտ արթնանալով, մտածում ենք՝ Ալիեւը, Ադրբեջանը այսօր ի՞նչ է մեզ մատուցելու, ի՞նչ նոր բան է բերելու մեր գլխին: Ցավով պիտի ասենք, որ հիմա արդեն այդ նույնը մտածում ենք մեր իսկ երկրի կառավարության մասին: Այս նոր՝ աներեւակայելի «նախաձեռնությունները, Սահմանադրություն փոխելով՝ դրանից, եթե ճիշտ է, ազգային-պետական քաղաքականության եւ իրավունքների հանգուցային տարրեր հանելը, ազգային խորհրդանիշների ու արժեքների հիմնարար տարրերից հրաժարումը անգամ իրենց մինչեւ այժմ վարած քաղաքականության մեջ գերադրական, արդեն վերազանցության աստիճան են ու միայն մեկ իշխանության օրոք որոշելիք հարցեր չեն:
Թշնամու պահա՞նջն եք վկայակոչում: Իսկ սրանից դեռ շատ առաջ ո՞վ առաջինը հրապարակավ հայտարարեց, թե՝ գիտե՞ք, մեր սարը Արագածն է, Արարատ լեռը մեզ հետ կապ չունի, կամա թե ակամա քնած հոգի զարթեցնելով ու միտք հուշելով թշնամուն: Հայաստանի ղեկավարի կողմից դա նույնքան աններելի ճակատագրական սխալ էր, որքան Արցախն Ադրբեջան հայտարարելը:
Ձեր մասին գրվելու է Հայոց պատմության մեջ՝ որեւէ կերպ պսակելով ձեր իսկ ներկա ու գալիք սերունդների ճակատը եւ ճակատագիրը: «Դրսի» թելադրանքի կամա թե ակամա սպասարկումը, եթե անգամ այդպիսի թելադրանք արդեն եղած լինի, մեզ միեւնույն է, հույժ վտանգավոր հեռանկար է խոստանում: Կանգ առեք…
Ինչ վերաբերում է Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն վերանվանելու կեղծ, անհասկանալի նպատակով ոչ մասնագետների հորինած օրակարգին, Խորենացուն իսկ խմբագրելուն ու մի նոր անտեղի շփոթ ստեղծելուն, դրա քննարկումն իսկ ավելորդ է թվում:
Մանավանդ որ այդ հարցում ինչն ու ինչոցն արդեն մասնագիտորեն, տարրական դասարանցիներին հասկանալի մակարդակով բավականաչափ բացատրվել է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ