Բանաստեղծուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանի հայրըՙ Հովհաննես Տէր-Հովհաննիսյանը, իր հուշերում հիշելով, որ 1919 թվականին Ճապոնիայում հանդիպելով ազգային գործիչ, հրապարակախոս Դիանա Աբգարին, նշել է, որ վերջինս «Ինծի նամակ մը տուաւ յանձնելու Օր. Արմէնուհի Թաշճեանին, որուն հետ թղթակցութեան մէջն էր, Սիէթըլ, Վաշինկթընի մէջ, «որուն գրած եմ քու մասիդ, սքանչելի հայուհի մ’է եւ ձեզի օգտակար կը լինի, երբ Սիէթըլ հասնիք»: Հովհաննես Տէր-Հովհաննիսյանը Ճապոնիայից նավ նստելովՙ 17 օր անց, հուլիսի 23-ին հասել է Սիեթլ, որտեղ նրան դիմավորել է Արմենուհին, որը «Մեր գալուն առաջին օրէն նուիրուեցաւ մեզ ներկայացնելու իբրեւ հայկական բանակի զինուորներ եւ յաջողեցաւ ապահովել մեր տոմսերը կէս գինով ճամբորդելու, հաւասար ամերիկեան զինուորներուն, իբր դաշնակից պետութիւն: Գրած էր պատմութիւն մը հայ զինուորի, Անդրանիկի եւ հայ ժողովուրդի մասին. շատ հետաքրքրական գործ մը: …..Սիեթըլի հայերուն շնորհակալութիւն յայտնեցինք, մասնաւորապէս Օր. Թաշճեանին, իր նուիրած աշխատանքին համար, ոչ միայն մեզի, այլ բոլոր անոնցՙ որ այդ ճամբով Ամերիկա անցան» (Յովհաննէս Տէր-Յովհաննիսեան, Օրեր, որ պիտի չմոռցուին. յուշեր ազգային գործիչի մը կեանքէն, Վենետիկ, 1974, էջ 253-254):
Այդ «սքանչելի հայուհին», որի հետ նամակագրություն է ունեցել Դիանա Աբգարը, բժշկուհի էր, գրող, հանրային գործիչ եւ իրապես սքանչելի էր իր գործունեությամբ, ազգային նկարագրովՙ բավական տարբեր իր ժամանակի հայ կանանցից:
Հաշվի առնելով, որ լրանում է այդ ականավոր հայուհու մահվան 50-ամյակըՙ տեղին համարեցինք մի ակնարկով ներկայացնել նրան մերօրյա ընթերցողին:
Նա ծնվել էր 1885-ին, հայոց պատմական Կարին քաղաքում, Հակոբ Արամ Թաշճյանի (1852-1908) եւ Սոֆյա Վարժապետյան-Թաշճյանի (1860-1933) ընտանիքում: Հայրը եղել է Զմյուռնիայի ավետարանական հայոց հովիվը: Ունեցել է մի քույրՙ Նվարդ եւ երկու եղբայրՙ Սուրեն եւ Արմեն. վերջինս հետագայում դարձել է ճարտարապետ ԱՄՆ-ում: Նախնական կրթությունն Արմենուհին ստացել է Պոլսում եւ Զմյուռնիայի ամերիկյան քոլեջում, ապա մեկնել է Գերմանիաՙ մանկավարժություն եւ հոգեբանություն ուսանելով Հիլդենի եւ Քայզերսվերթի իգական քոլեջներում: 1902-ին տեղափոխվել է ԱՄՆ եւ ուսանել Բալթիմորի Ջոն Հոփքինս համալսարանի բժշկական դպրոցում, միաժամանակ որպես ուսուցչուհի աշխատել ամերիկյան բարձրագույն քոլեջներում:
Արմենուհի Լեմսոնը վստահաբար առաջին հայուհին է, որ եղել է Ամերիկայի ծայր հյուսիսումՙ Ալյասկայում, որտեղ հետազոտություն է կատարել ուղեղի բջիջների վերաբերյալ: Այստեղ էլ նա հանդիպել է ապագա ամուսնունՙ ամերիկացի վիրաբույժ, հասարակական գործիչ Օթիս Ֆլոյդ Լեմսոնին (1876-1956), որը նաեւ հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ի դեպ, ինչպես գրել է Հովհաննես Տեր-Հովհաննիսյանն իր վերոհիշյալ հուշերում. «Պէտք է ըսեմ, թէ կը նախանձէի այդ օտար տոքթորինՙ որ այսպիսի սքանչելի հայ աղջիկ մը կ’առնէր: Ինծի վախ ու սարսուռ կը պատճառէր այն գաղափարըՙ թէ այսպիսի աղջիկ մը չէր կրցած իրեն արժանաւոր փեսայ մը գտնել. կը կորսուէր իր ազգին արժանաւոր զաւակներ տալու, որոնց այնքան պէտք ունէր» (նույն տեղում, էջ 254): Ինքըՙ դոկտոր Լեմսոնը, բարձր է գնահատել կնոջը. 1921-ին Զմյուռնիայում մնացած զոքանչին գրել է. «Սիրելի Մայրիկ, աղջիկդ Արմէնուհինՙ որուն հետ ամուսնանալու բախտն ունեցայ, ուսումով, կրթութեամբ եւ դաստիարակութեամբ շատ բարձր է ինէ: Յանհունս երախտապարտ եմ քեզի, փեսադ կամ զաւակդ յորջորջուելու պատիւն ունենալուս համար» (Յովսէփ Թըգըրեան, Տիկ. Արմէնուհի Լեմսըն, «Ամենուն տարեցոյցը», 1925, էջ 337):
Ամուսնու հետ հաստատվելով Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքումՙ Լեմսոնները հիմնել եւ տնօրինել են սեփական կլինիկա: Որպես բժշկուհի աշխատելուց բացի Արմենուհի Լեմսոնը հեղինակել է բժշկական թեմայով երկու հանրամատչելի գիրքՙ «Իմ ծնունդը» (1915) եւ «Ինչպես եմ պատրաստվում լինել. չծնված երեխայի ինքնակենսագրությունը» (1926), հրատարակել նաեւ հոդվածներ ամերիկյան մամուլում (մասնավորապեսՙ «Սիեթլ փոսթ-ինթելիջենս» պարբերականում) գրական, քաղաքական, մանկավարժական, հոգեբանական եւ բժշկական թեմաներով, ինչպես նաեւ հայ ժողովրդի եւ Մեծ եղեռնի մասին: Անդամակցել է տասնյակ հանրային, կրթական, քաղաքացիական եւ քաղաքական կազմակերպությունների: Հիմնադրել է ամերիկյան կին գրողների ազգային լիգայի Սիեթլի մասնաճյուղը, եղել Կանանց ազգային կուսակցության Վաշինգթոն նահանգի մասնաճյուղի նախագահը:
Լեմսոնը մի քանի անգամ ունկնդրության է արժանացել ԱՄՆ նախագահ Վիլսոնի մոտ եւ իր պերճախոս լեզվով պատմել է հայոց տառապանքների եւ հայուհու հոգու մեծության մասին: 1922-ին, Զմյուռնիայի աղետից հետո շրջել է ամերիկյան տարբեր քաղաքներումՙ դրամ եւ հագուստ հավաքելով ու «Մերձավոր Արեւելքի նպաստամատույց» ընկերության միջոցով ուղարկելով Հունաստանում եւ այլուր ապաստանած հայ աղետյալներինՙ հատկացումներ կատարելով նաեւ սեփական միջոցներից: Կալիֆոռնիայում կազմակերպել է բանախոսություններ եւ միտինգներՙ խանդավառելով հայկական շրջանակներին, միաժամանակ դիմումներ կատարել ամերիկյան բարձր շրջանակներին:
Սիեթլի իր ընտանեկան խաղաղ կյանքը հաճախ լքելովՙ Արմենուհի Լեմսոնը փութացել է ձեռք մեկնել իր օգնության կարիքը զգացողներինՙ հայ թե օտար: Բերենք երկու օրինակ: 1924-ին Օրեգոնի Փորթլենդ քաղաքում սկիզբ է առել մի արտառոց (եւ ամոթալի) դատավարություն. ամերիկյան կառավարությունը վիճարկել է նույն քաղաքի բնակիչ գորգագործ Թաթոս Օ. Քարթոզյանիՙ Հայաստանից արտագաղթելուց յոթ տարի անց ձեռք բերված քաղաքացիությունը: Կառավարությունը ներկայացնող մեղադրող փաստաբանը պնդել է, որ հայերը չեն պատկանում սպիտակ ռասային, իսկ այդ ժամանակաշրջանում ամերիկյան քաղաքացիական օրենքը քաղաքացիություն տալիս էր միայն սպիտակամորթներին: Ի պաշտպանություն Քարթոզյանի գործիՙ դատարանում վկայության է կանչվել նաեւ Արմենուհի Լեմսոնը, որը վկայել է հօգուտ հայերի սպիտակամորթ լինելուն: Ի վերջո, 1925-ին արձակած դատավճիռով, դատավորն ընդունել է բերված փաստերը եւ վճռել հայերի սպիտակամորթ լինելը:
Իսկ 1931-ին Արմենուհի Լեմսոնն է ղեկավարել 12-ամյա դեռահաս Հերբերթ Նիքոլսի փրկության գործը, որը ցմահ բանտարկության էր դատապարտվել սպանություն կատարելու համար: Նա մի քանի հոդված է գրել Նիքոլսի դատի մասին եւ հաջողացրել է դատապարտյալին ուղարկել Նեբրասքա նահանգում գտնվող հայր Ֆլանագանի անչափահասների կենտրոնը: Հետագայում Լեմսոնը գրել է մի օրինագիծ, որը մտել է օրենսդրությունՙ ուրիշ անչափահասներին նման ճակատագրից հեռու պահելու համար:
Այս «սքանչելի հայուհին»ՙ Արմենուհի Լեմսոնը, մահացել է 1970 թվականին, Սիեթլումՙ թողնելով մեկ դուստր եւ երկու որդիՙ Ռոբերթ եւ Օթիս անուններով: Ռոբերթ Լեմսոնը (1914-2011) եղել է ամերիկյան ավիացիայի պիոներ, աշխատել «Բոինգ» օդանավային ընկերությունում, կատարել առաջին փորձարարական թռիչքները ինը տարբեր տեսակի ինքնաթիռներով, նախագծել «Լեմսոն Էլ 106» պլաները…
Արմենուհի Լեմսոնի անունն այսօր մոռացված չէ Ամերիկայում: 2017-ին լույս տեսած Սարա Դյուբոուի «Մենք դեռ չենք ծնվել. պտղի զարգացման պատմությունը ժամանակակից Ամերիկայում» գրքում մի գլուխ նվիրված է նրա գրքերին…