Հրաչուհի Բասենցը բեմից համոզեց
Անցյալ շաբաթներին Արամ Խաչատրյան համերգասրահի մեծ ազդագրի վրա մեծ տառերով «Morgen!» («Վաղը») բացականչությունն ինձ արդեն հույզ էր փոխանցում: 2020 թվականի պատերազմից հետո ես գիտեմ, որ վաղը գալու է, որ վաղվան պիտի սպասել, գիտեմ նաեւ «Morgen»-ի բառերը, որ հեղինակել է Ջոն Հենրի Մեքքեյը՝ «իսկ վաղը նորից արեւը կշողա…(Und morgen wird die Sonne wieder scheinen)»: Ազդագիրը սպասման եւ խոստման գեղարվեստական լուծումը հստակ ամսաթվով էր ամրագրել՝ սեպտեմբերի 28-ին ժամը 19-ին, դրա իմաստավորումը բեմից ներկայացնելու էին սոպրանո Հրաչուհի Բասենցը, գերմանացի հանրահայտ դաշնակահար Հելմուտ Դոյչը՝ Ռիխարդ Շտրաուսի «միջոցով»:
«Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի» շրջանակներում սեպտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասումը մի փոքր էլ՝ քառորդ ժամ էլ երկարեց… Ծես մատուցելու քայլքով բեմ մտավ կապույտ շղարշ հագած Հրաչուհի Բասենցը, գերմանացի դաշնակահար Հելմուտ Դոյչը, որի ազգանունն արդեն իմաստային առումով պարտադրում է հանդիսատեսին ներկայացնել գերմանական մշակույթը, կայացրին մի բացառիկ գեղեցիկ կամերային համերգ, որ առաջին իսկ հնչյուններից քար լռություն պարտադրեց՝ լրջություն եւ հանդարտություն փոխանցելով:
Համերգը սկսվեց Շտրաուսի չորս վերջին երգերով՝ առաջինը Abendrot- ը խորհրդանշում է մահը՝ այն, ինչ կա 2020-ի պատերազմից հետո, բայց գալիս է «Վաղը», որ հույս է բերում իր հետ: Բասենցի չափազանց հուզառատ դեմքը լույս է ճառագում, հոգնածության նշույլ չկա, նրա բեմական ներկայությունը հագեցնում է, ոգեղեն հաղորդակցությունը չի սպառվում:
Թեեւ սոպրանո Հրաչուհի Բասենցին հայ հանդիսատեսը ճանաչում էր, սակայն նրա Շտրաուսն առաջին անգամ էր ունկնդրում, եւ լռության մեջ դժվար չէր որսալ Բասենցի գերմաներեն բառերի վերջավորությունները՝ հստակ եւ ավարտուն: Ես լսել էի գերմանացի հանրահայտ նվագակցող Հելմուտ Դոյչի հետ այս ծրագրով Զեմփերօփերում կայացած համերգային հաջողության մասին, կարդացել, սակայն որ այն կարելի էր վայելել Արամ Խաչատրյան համերգասրահում, հնարավոր եղավ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը շարունակվող «Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը», որի համերգները բացառիկ գեղեցիկ ծրագիր են ներկայացնում: Ինչպես տեղեկացրինք, այս ծրագրով Հրաչուհի Բասենցը Հելմուտ Դոյչի նվագակցությամբ 2023-ի ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Դրեզդենի Զեմփերօպերում: Թատրոնի նախաձեռնությամբ եւ առաջարկով է Հրաչուհի Բասենցը հարստացրել իր իտալական երգացանկը՝ Շտրաուսի բարդագույն երգերը մեկնաբանելու արտոնությունը նրան տվել են գերմանացիները՝ Դրեզդենի հանդիսատեսը:
19-րդ դարավերջից 20-րդ դարասկզբին ստեղծագործած գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսին հայաստանցի ունկնդիրն առաջին հերթին ճանաչում է օպերաներով եւ սիմֆոնիկ ստեղծագործություններով, երգաշարերը համերգային բեմից շատ ծանոթ չեն: Շտրաուսի «Վաղը» վերնագրյալ երգաշարը, որի նույնանուն չորրորդ երգը թերեւս ամենահայտնին է, Հրաչուհի Բասենցի արտահայտիչ մեկնաբանմամբ փոխանցեց սեր ունեցող մարդու, սիրահարի ներքին ապրումները, հիացումը: Սոցցանցերից մեր աշխարհ խուժող ավելորդ սիրառատ արտահայտչաձեւերից հեռու պահեց մեզ երգչուհին՝ միշտ նվագակցողի հետ համընթաց, հաղորդակից դարձրեց Շտրաուսի մտավոր, հոգեւոր, զգացական անժամանցելի աշխարհընկալմանը:
Նյուրնբերգի եւ Դրեզդենի օպերային թատրոնների առաջատար երգչուհի Հրաչուհի Բասենցը, որ միջազգային հանրահայտ օպերային թատրոններում այսօր փայլում է գլխավոր դերակատարումներով, բազմիցս է հաստատել, որ իրեն վստահված դերը կատարում է մեծագույն պատասխանատվությամբ, բարձր գիտակցությամբ: Նա չի խուսափում իր պատկանելիությունն ընդգծելուց, անում է դա գիտակցված, առանց ավելորդ ճիգի ու գովազդի, նրա արվեստի գերմանացի երկրպագուն միայն կենսագրականից չէ, որ տեղյակ է, թե Հրաչուհի Բասենցը Հայաստանում է ծնվել, կրթություն ստացել, նա հայ մշակույթի, երգարվեստի լավագույն ներկայացնողներից է, որ միշտ սնուցում է ստանում իր հողուջրից: Երեւի այդ էր պատճառը, որ Խաչատրյան համերգասրահում սպասում էին, որ գերմաներենից հետո Բասենցը հայերեն կերգի: «Սիրտս նման է էն փլած տներ»… կողքիս նստածները հուզվեցին: Հետո ծաղիկների մեծ փնջերը գրկեցին երգչուհուն, հետո՝ ողջ դահլիճի ծափերը՝ ծովածավալ…
«Շատ մեծ աշխատանք է արված, հիանալի կատարում է, երեւանյան այս բեմում առաջին անգամ է Շտրաուս հնչում, փայլուն դաշնակահար էր», մեզ իր կարծիքն է փոխանցում Բարսեղ Թումանյանը, որ համերգից ստացած իր տպավորությունը «հրաշալի» բառով օծելով, չի համաձայնում իմ տեսակետին, թե Հրաչուհի Բասենցի «Վաղը» պատերազմից վիրավոր մեր սիրտն է ամոքում, հույս բերում: « Քաղաքականության հետ, պատերազմի եւ մեր հոգեվիճակի հետ կապ չունի այն, ինչ ներկայացվեց բեմից: Դա իր աշխատանքն է, գերմանական մշակույթի մեջ նրբագեղության այն աստիճանն է, որին Հրաչուհին հասել է եւ եկել է ներկայացնելու իր հայրենակիցներին»: Մեր հաջորդ՝ գիտակ զրուցակցին՝ Հասմիկ Պապյանին խնդրեցինք նախ գնահատել Հրաչուհի Բասենցի ելույթը, համերգը Կոմիտասի «Անտունիով» եզրափակելը եւ իհարկե կարեւոր հարցը՝ ի՞նչ տվեց այս համերգը հայ ունկնդրին:
«Շատ մեծ համարձակություն է այսպիսի ծրագրով Հայաստանում ներկայանալը: Տասնամյակներ հետո հիշեցի 70-80-ականների Երեւանը, հատկապես ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, որտեղ լսել եմ Զարուհի Դոլուխանյանին, Իրինա Արխիպովային՝ այսպիսի կամերային ծրագրով, եւ հետո այդ ավանդույթը մի տեսակ կարծես վերացավ: Այսպիսի լուրջ ծրագրով ոչ ոք հիմա գրեթե հանդես չի գալիս: Շնորհակալություն Հրաչուհուն այս ավանդույթը վերականգնելու փորձի համար: Շնորհիվ բարձրակարգ կատարման՝ ունկնդիրն այնպե՛ս ընդունեց, դահլիճն այնպե՛ս արձագանքեց, որ հույս ներշնչեց, որ մենք դեռ ունենք այդ հանդիսատեսը: Բացառիկ կատարում էր: Շատ դժվար է դիմակայելը՝ բեմում կանգնել եւ իրար հետեւից այդպիսի ծանր եւ բազմաշերտ ստեղծագործություններ ներկայացնելը չափազանց դժվար է: Բայց Հրաչուհին դա կարողացավ: Այսպիսի ծրագրով մեր հանդիսատեսին իսկապես կարելի է կրթել: Եւ շատ լավ կլինի, որ սա շարունակական լինի: Գաղտնիք չէ, որ այսօր ժողգործիքների անսամբլները դիմում են Շառլ Ազնավուրի երգացանկին, չբացառելով, որ Ազնավուրի հիշատակը հարգելու, նրան մեծարելու նպատակն ունեն, այդուհանդերձ դա իհարկե պոպուլիստական քայլ է: Փորձում են նրան հանրայնացնել, բայց Ազնավուրին ավելի հանրայնացնել հնարավոր չէ: Բոլոր «Դիսնեյլենդ» շոուները, մարզահամերգային համալիրում ֆիլմի ցուցադրմամբ ուղեկցվող ֆիլմի երաժշտություն հնչեցնելը, չգիտեմ՝ ո՞ւմ են հարկավոր: Իմ կարծիքով, իզուր վատնված ժամանակ եւ էներգիա է: Այսպիսի համերգներ են պետք մեզ, ասում է Հասմիկ Պապյանը: Իսկ «Անտունի՞ն»:
«Եթե շատ ազնիվ լինեմ, ընդհանրապես բիս կոչվածը այսպիսի ծրագրից հետո դժվարընկալելի է ինձ համար: Կնախընտրեմ ուրիշ որեւէ բան չլսել: Սակայն այս պարագայում շատ մեծ կապ կա գերմանական երաժշտության եւ Կոմիտասի միջեւ: Հրաչուհին դա շատ էմոցիոնալ ձեւով ներկայացրեց՝ «Սիրտս նման է էն փլած տներ…» ուզեց մեզ անպայման մասնակից դարձնել իր ապրումներին, իր զգացածին, որին չեմ կասկածում: Եւ գերմանացի համբավավոր երաժիշտ նվագակցողին էլ ստիպեց Կոմիտաս նվագել, նվագակցել, դա էլ մի ուրիշ առաքելություն է: Շերտերը շատ են եւ բացատրելի: Իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ կուզենայի լսել իր կոմիտասյան համերգը»: Հասմիկ Պապյանի ցանկությունը ես էլ եմ կրկնում:
Համերգի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հրաչուհին հանդիսատեսի նվիրած ծաղիկները Եռաբլուր տարավ: «Փնջերը ձերն են, տղանե՛ր, ձեր կյանքի գնով ենք այսօր ապրում եւ արարում…», գրել էր նա ֆբ-ի իր էջում:
Ա՛յս խոնարհումով է Վաղը գալու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ