Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –
Թավրիզն Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որը հաճախ գրգռում է պանթուրքիզմի ռազմավարության մաս կազմող «Մեծ Ադրբեջան» ստեղծելու հովերով տարված Բաքվի ախորժակը։ Պատճառը Իրանի հյուսիսային սահմաններում ընդամենը մեկ դար առաջ քարտեզի վրա հայտնված արհեստածին պետության կեղծ անվանումն է։
Բայց Ատրպատականն ու Թավրիզը թյուրքական ցեղերի օրրան համարող կեղծարարները երբևէ մտածե՞լ են Թավրիզի հին թաղամասերի տեղանունների ծագումնաբանության և թյուրքերենի հետ դրանց գոյություն չունեցող կապի մասին։ Համոզված եմ, որ Բաքուն ամեն ինչ կաներ՝ թաքցնելու այդ մտացածին կապը հերքող բացահայտ փաստերը։ Խոսենք օրինակներով․
Չարանդաբ چرنداب
Թավրիզի հնագույն թաղամասերից է, որը սահմանակից է հայաբնակ Լիլավա թաղամասին։ Այն چَهارْاَنْدابْ [չահարանդաբ] բառի կրճատ ձևն է, որը կազմված է պարսկերեն چهار [չահար] (չորս) և آوند آب [ավանդ-աբ] (ջրաման) բաղադրիչներից։ Ինչպես տեսնում եք, տեղանունը որևէ կապ չունի թյուրքերենի հետ։
Ահրաբ اهراب
Այդ թաղամասը նույնպես գտնվում է Թավրիզի կենտրոնական հատվածներում և սահմանակցում հայկական թաղամասին։ Ենթադրվում է, որ բառն առաջացել է պարսկերեն اهر [ահր] (ճնճղահաց, ճնճղալեզու ծառատեսակ, որին թավրիզահայերը «ծտի բոմբի» են անվանում) և آب [աբ] (ջուր) բաղադրիչներից։ Թաղամասն իր անվանումն ստացել է տվյալ վայրում առվակների եզրին առատորեն աճող այդ ծառատեսակի շնորհիվ։
Այս տեղանունն էլ հնարավոր չէ որևէ կերպ կապել թյուրքերենի հետ։
Բաղմեշա باغمیشه
Թավրիզի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող հնագույն թաղամասերից է։ Տեղանունն առաջացել է պհլ․ bag «աստված» (այլ ոչ թե այգի) և biše [vīšak] (անտառ) բաղադրիչներից, որը նշանակում է «Աստվածների վայր»: Անտառ իմաստով թուրքերեն meşə բառը փոխառություն է պարսկերեն بیشه [biše] հոմանիշից։
Տեղանունը համեմատելի է bogestan> bagestan> bistun (Բիսթուն) بیستون բառի հետ, որը նույնպես նշանակում է «Աստվածների վայր»։
Շեշգիլան ششگیلان
Այս հնագույն թաղամասը հայտնի է իր պատմական հուշարձաններով։ Բառի ստուգաբանության մասին կան որոշ ենթադրություններ, սակայն ամենահավանականը կարող է լինել شش [շեշ] «վեց» և کیل [քիլ] «պտույտ» բառերի համակցումից առաջացածը՝ «վեց պտույտ» իմաստով։ Միայն պարսկերեն شش [շեշ] «վեց» թվականի առկայությունը բավարար է փաստելու, որ այս տեղանունը նույնպես որևէ կերպ չի առնչվում թյուրքերենի հետ։
Մարալան مارالان
Մարալան տեղանունը կազմված է مار «ՄԱՐ» (Ատրպատականի Մեդիա-Մարաստանի թագավորական ընտանիքի անվանումը) և ԱԼԱՆ آلان (թաթերենում տեղանուն ցույց տվող վերջածանց) բաղադրիչներից՝ «Մարաստան» նշանակությամբ։ (Մարալանը ժողովրդական ստուգաբանությամբ հնչում է նաև ՄԱ(Լ)ԱԼԱՆ مال آلان , իբր «անասուններ վաճառելու վայր») : Թավրիզի տվյալ թաղամասում է գտնվում հայկական «Մարյամ Նանե» (Մարիամ Աստվածածին) եկեղեցին, որտեղ ավանդաբար կատարվում է խաղողօրհնեքի արարողությունը:
Մահադ-Մահին مهاد مهین
Այս տեղանունը նույնպես կապակցվում է Մեդիա-Մարաստանի թագավորական ընտանիքի անվան հետ և նշանակում է «Մարաց հայրենիք»։
Չուսթ-դուզան چوست دوزان
Չուսթ-դուզանը Թավրիզի հյուսիսային թաղամասերից է, որն իր անվանումն ստացել է նշված թաղամասում չուստ (չարոխանման կոշիկ) կարողների շնորհիվ: Հստակ է, որ چوست [չուսթ] چست [չօսթ] բառն իրանական ծագում ունի: Ընդ որում հայերենում «արագաշարժ» և «հողաթափ» իմաստներով «չուստ» բառը նույնպես իրանական փոխառություն է և որևէ կապ չունի թյուրքերենի հետ:
Այսպիսով, բառը կազմված է «չուսթ» և «դուզան» բաղադրատարրերից, որի երկրորդ բաղադրիչը պարսկերեն է և նշանակում է «կարողներ»: Պատկերացրեք, «Չուսթ-դուզան» տեղանվանը թյուրքական ծագում վերագրելու համար Բաքվից որքա՜ն ջանքեր կպահանջվեին:
***
Հարկ չհամարեցի անդրադառնալ Թավրիզի այն հնագույն թաղամասերին, որոնց անվանումների ոչ թյուրքական ծագման շուրջ հնարավոր չէ անգամ կեղծ փաստարկներ ներկայացնելու մասին մտածել: Դրանց թվին են պատկանում՝ «Ուղտապան» իմաստով شتربان [շոթորբան] թաղամասը, (որին թյուրքախոս թավրիզցիները թարգմանաբար “դեվելեր” են կոչում), «երախայրիք» իմաստով نوبر Նոբար թաղամասը, «չորս մինարեթ» իմաստով Չար-մենար՝ چار منار թաղամասը, «կարմրաջուր» նշանակությամբ سرخاب [սօրխաբ] թաղամասը և բազմաթիվ այլ տեղանուններ, որոնք որևէ կերպ առնչություն չունեն թյուրքերենի հետ: Ի դեպ, Սորխաբ թաղամասն իր անվանումն ստացել է Էյնալի սարից հոսող կարմրագույն ջրից։ Ովքեր տեսել են Թավրիզի նկատմամբ տիրական դիրք զբաղեցնող ԷՅՆԱԼԻ լեռը, նկատած կլինեն դրա առանձնահատուկ կարմիր գույնը:
Մնում է միայն շատ հակիրճ խոսել Թավրիզի երբեմնի ծաղկուն հայկական թաղամասերի՝ Ղալայի ու Պարնավայի (Լիալավա) մասին:
Ենթադրվում է, որ բնիկ թավրիզահայերը բնակվել են Բերդաթաղում (Ղալա), որն արաբերեն قلعه «բերդ» բառի հայերեն տարբերակն է: Իսկ վերաբնակեցված հայերը հիմնականում կենտրոնացել են Պարնավայում (Լիլավա), որը «Պարոն Ավագ» անվան աղավաղված ձևն է: Թավրիզի այս վերջին թաղամասը նաև կոչվում է Հայաստան: Ի դեպ, Պարնավայի գլխավոր փողոցներից մեկի կառուցապատման հեղինակներից է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ով 1921-1923 թթ. բնակվել է Թավրիզում և որպես ճարտարապետ աշխատել քաղաքապետարանում: