Կառավարող ուժը հակաքարոզչության «մեխ» է դարձրել հետեւյալ ֆրազը՝ ինչու՞ էր 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Կարապետյանը հայտարարություն արել, որով ըստ էության հավասարության նշան էր դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այս «միտքը» նախօրեին բանավեճ անվանված միջոցառմանը կրկնում էր նաեւ կառավարող ուժի ներկայացուցիչը:
Սա, իհարկե, շատ ցածր մանիպուլյացիա է: Մանիպուլյացիա է այն պարզ պատճառով, որ Սամվել Կարապետյանն իրական գործի մակարդակում ահռելի դեր է ունեցել այդ օրերին թե հայկական զինուժի, թե ընդհանրապես Արցախի ու Հայաստանի համար այլ հարթություններում:
Իսկ հայտարարության մասով, «հավասարության» նշանի տպավորություն ստեղծող հանգամանքը պայմանավորված է եղել նրանով, որ, փաստորեն, ի տարբերություն այդ ժամանակ կառավարող ուժի ներկայացուցիչների եւ նրանց ինֆորմացիոն քարոզչության տակ գտնվող ու «հաղթելու» թմբիրի մեջ գցված լայն հանրության՝ Սամվել Կարապետյանը հասկացել է, թե ինչ է կատարվում, թե ինչ աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական պրոցեսներ են բախվում, հատվում, զուգակցվում, խմորվում՝ Արցախի դեմ ագրեսիայի տեսքով, եւ իր հրապարակավ հայտարարության մեջ ոչ թե տուրք է տվել էժանագին քարոզչական էֆեկտ քաղելուն, այլ այդ բարդ հանգույցում իրավիճակը արագորեն հանդարտեցնելուն: Մի բան, որ պարտավոր էր անել Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց ինչպես հետո պետք է պարզվեր՝ չի արել, հազարավոր զոհերի գնով, որպեսզի «հետո չասեն՝ դավաճան»:
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան









