Category: 26 Օգոստոսի, 2021

  • ԵՐԲ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՉԷ

    Հայաստանի հանրապետության կայացման, առավել եւս զարգացման առաջնահերթություններն այնքան անորոշ են, որ թվում է դրանց իրականացմանն անզոր է օգնել անգամ իշխանությունների չափից անդին լավատեսությունը: Թե ինչու է հանրության որոշ մասն այսկերպ մտածում, պարզից էլ պարզ է. հայաստանաբնականերն աշխարհի չորս կողմերում ժամանակվորապես թե հիմնավորապես հաստատված բարեկամներ ու հարազատներ ունեն, ովքեր ու իրենց շրջապատը որեւէ հատուկ ջանք չեն գործադրում առօրյան բարեփոխելու ուղղությամբ, սակայն գոհ են ապրած ու անցկացրած օրից ու ժամանակից: Մեզանում չգիտես ինչու այդպես չի ստացվում. թե սեփական գործ ունեցող փոքր ու միջին գործարարները, թե պետական հաստատությունների մինչեւ միջին օղակների հարյուր հազարավոր պաշտոնյաները հավաստում են, որ… ապրելը շատ է դժվար, անվերջ շարունակվող գների ու ծառայությունների աճը լավատեսության տեղ չի թողնում: Օրվա իշխանություններն այս վիճակից մեկ հիմնական բացատրություն ունենՙ Հայաստանի հանրապետության տնտեսությունը պետք է արտահանման կողմնորոշում ունենա: Ավա՜ղ, այսքանով հարցն ավարտվում է, քանզի խնդիրը չի մանրամասնվում, չի տեղայնացվում, չի կոնկրետացվում: Ընդհանուր մոտեցումն ու պատկերացումն այն է, որ ներկայիս մոտ 4 մլրդ ներմուծման ու 2 մլրդ արտահանման տեղերը փոխելով ու շարունակական աճ ապահովելով դեպի երկիր դոլարային հոսքերը կաճեն, որն էլ կայացման ու զարգացման երաշխիք է: Այսպիսին է տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի մոտեցումը, որը տարօրինակորեն թե ցավալիորեն մինչ այժմ դրական տեսանելի արդյունք չի ցուցադրել: Փորձենք ներկայացնել երկրների վիճակագրություններ, որոնք չեն տեղավորվում մերոնց կողմից մշակված ու ներդրվող հիշատակված մոտեցումներում:

    Առաջինը ծանոթանանք երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի ցուցանիշներին, որոնք վերցրել ենք այս երկրում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուից: ԱՄՆ-ի ներմուծումն ու արտահանումը, որը առեւտրային հաշվեկշիռ է համարվում, 1780-1880 թվականներին բացասական է եղել, սկսած 3 մլրդ դոլարից մինչեւ 60-70 մլրդ դոլար: 1880-ից սկսած մինչեւ 1980-ը այն դրական է դարձել, սկսած մոտ 170 մլրդ դոլարից նվազելով մինչեւ մի քանի մլրդ դոլարի: Սկսած 1980-ից, երբ նախագահ դարձավ Ռ. Ռեյգանն ու սկսվեց ռեյգանէկոնոմիկայի շրջանը, ներմուծումը սկսեց գերազանցել արտահանմանը, 20 մլրդ բացասական հաշվեկշռից տասնամյակի ընթացքում հասնելով 80 մլրդ դոլարի: Հաջորդ նախագահներից եւ ոչ մեկը չհրաժարվեց տնտեսական այս քաղաքականությունից, որի արդյունքում ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշիռը բացասական է մինչեւ օրս, 20 մլրդ դոլարից 2005 – 2008 թվականներին հասնելով 700 մլրդ դոլարի, վերջին տարիներին կայունանալով 600 մլրդ դոլարի մոտակայքում: Պետք չէ տնտեսագիտական խորը ու կայուն գիտելիքներ ունենալ համոզվելու համար, որ 40 եւ ավելի տարիներ շարունակվող առեւտրի բացասական հաշվեկշիռը որեւէ ձեւով չի խոչընդոտել ԱՄՆ-ի կայացմանն ու զարգացմանը: 1980-ի 3 տրիլիոն դոլարի չհասնող համախառն ներքին արտադրանքը 2019-ին հասել է 21,4 տրիլիոն դոլարի, որոշ տասնամյակների կրկնապատկվել, որը թռիչքաձեւ զարգացում է համարվում:

    Համանման բացասական առեւտրային հաշվեկշիռների ենք հանդիպում եվրոպական առաջատար երկրների վիճակագրությունում, անգամ Ճապոնիայի պարագայում: Թե ինչու է ձեռնտու առեւտրային նման քաղաքականությունը, մասնագետների ուսումնասիրման եւ բացատրության խնդիրն է, որը մեզանում, թող ներվի լրագրողիս, չի առանձնանում: Տարիներ շարունակ խոսվում է մեր երկրում յուրօրինակ Դավոս կազմակերպելու անհրաժեշտությունից, որն այդպես էլ իրականություն չի դառնում: Ամեն ինչ ավարտվում է ՀՀ վարչապետների բուն շվեյցարական Դավոս այցելելով, որպիսի փաստ ունեցանք 2019- ին Ն. Փաշինյանի կողմից: Վստահ չեմ, որ արտահանումը գերակա խնդիր դիտարկելու գաղափարը նման այցերի արդյունքում է կազմավորվել:

    Փորձեմ ասելիքս, թող որ սիրողական մակարդակով, հիմնավորել հետեւյալ օրինակով: Հաճախ է խոսվում հայկական գինու համաշխարհային պահանջարկից, այն դիտարկվում է հայկական բրենդներից մեկը: Երբ նշվում են հարեւան Վրաստանի ու մեր գինեգործների արտադրանքի ցուցանիշները, մեր թվերը արտառոց համեստ են: Նկատենք, որ վրացիները հայտնի են իրենց գինին սպառելու առումով, երբ մենք գինի հազվադեպ ենք օգտագործում, թեեւ հիշատակվում են գինեգործության դարավոր ավանդույթները: Առայժմ փաստ է, որ վերջին մի քանի տասնամյակներին խաղողի այգիները կտրուկ պակասել են եւ ըստ իրականացվող հաշվառումներիՙ ներկայում կազմում են մոտ 12 հազար հեկտար: Հիշենք օրինակ Ոսկեվազի համայնքապետի հեռուստատեսային ասուլիսը, որտեղ նշվեց, որ գյուղի երբեմնի 250 հեկտար խաղողի այգիներից հիմա հազիվ 7-8 հեկտարն է նմացել: Ըստ բերքատվության 10 տոննա միջին ցուցանիշի 12 հազար հեկտար այգիներից կարելի է ակնկալել 120 հազար տոննա բերք, որն ամբողջությամբ գինի ստանալու նպատակով վերամշակելու պարագայում կունենանք 75 հազար տոննա հյութ, 1 բնակչի հաշվով մոտ 25 լիտր գինի: Ընդունենք, որ ոգեւորող ցուցանիշ չէ, հատկապես եթե ՀՀ-ում կյանքի մակարդակը փոխվի եւ մենք էլ սկսենք առօրյայում գինի վայելել: Ցավոք, այս առումով մեր ակնկալիքները համեստ են, կապված խմիչքի գնի, որակի, մատչելիության առումներով: Խաղողի մթերման գինն այն չէ, ինչ սպասում է խաղողագործը, որը պայմանավորված է մի շարք խնդիրներով: Այգին 7-8 անգամ ջրել է պետք… Երբ մի առիթով ավստրիացի խաղողագործի նման հարց ուղղեցի, նա ընդամենը երկնքից թափվողը նշեց: Երկրորդը խաղողաթաղն է, որը նույնպես երկիր մոլորակի որեւէ հատվածում չի իրականացվում: Հաջորդը սեփական հումքը սեփական ուժերով վերամշակելն է, որի արդյունքում աշխարհի չորս կողմերի խաղողագործները ահռելի քանակների տարիներով հնեցրած արտադրանք ունեն, կայացած տնտեսվարներ են: Հիմնական հոգսը վայելք պարգեւող հեղուկի իրացումն է, որը կատարվում է ամենատարբեր միջոցներով, սկսած շուկաներում այն վաճառելով, սրճարաններ ու ռեստորաններ հիմնելով, վաճառքի կոոպերատիվներ կազմակերպելով: Պարզ է, որ այս բոլորը աշխատատեղեր են, մատուցվող ծառայություններ, հարկային մուծումներ, առօրյայի այն մակարդակը, որի հանդեպ մենք հարգանք ու պատկառանք ունենք:

    ՀՀ տնտեսվարական միտքը պատրա՞ստ է երկիրն առաջնորդել այսպիսի ուղղությամբ, քանզի ծրագրային փաստաթղթերում խոսվում է առաջիկայում, մինչ 2050 թվականը ՀՀ-ում կյանքի որակը էականից արմատապես փոխելու անհրաժեշտության մասին: Կրկնեմ. թող որ սիրողական մակարդակով քննարկվող հարցի պարագայում պահանջվում է խաղողի այգիների տարածքները հասցնել 40-50 հազար հեկտարի, 1 բնակչի հաշվով գինու արտադրությունը հասցնել 50-60 լիտրի, այն վայելել երկրի ներսում, նաեւՙ զբոսաշրջիկներին, ժամանող գործարարներին հրամցնել: Հիշենք նաեւ, որ խաղողը մեր սեղաններին է անհրաժեշտ, այս պտղից նաեւ չամիչ է պատրաստվում, հյութ է ստացվում, իմ ուսանողության տարիների անմոռաց ըմպելիքը, բաժակը 10 կոպեկ: Չմոռանանք քացաղի, օղու եւ իհարկե կոնյակի մասին: Տեսար այս ամենի արդյունքում ՀՀ առեւտրային բացասական արդյունքի կողմը նայող էլ չկա, որպիսի մտահոգություն չունեն երկիր մոլորակի կայացած ու զարգացած տնտեսություն ունեցող շատ պետություններ:

    Այսկերպ են երկրների ընդամենը մեկ ոլորտի մեկ ճյուղում հարյուրավոր միլիոնների, ինչու ոչՙ միլիարդավոր դոլարների համախառն ներքին արդյունքներ ստեղծվում ու կուտակվում, խնդիրները լուծվում, երբ հակառակը չգիտես որտեղից հայտնվող գերխնդիրներն են, դրանք հաղթահարելու գերմարդկային ջանքերը, անհեթեթ արդարացումները, ժամանակի կորուստը, որը երբեւէ չի ներվում:

    Եվՙ ստացվում է բացասականը միշտ չէ որ բացասական է:

    24.08.2021 թ.

  • ՓԱՌԱՏՈՆ ՀԱՄԵՄՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ

    ՓԱՌԱՏՈՆ ՀԱՄԵՄՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ

    Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Լոռու մարզի Ախթալա քաղաքն իր դռներն էր բացել խորավածասերների համար: Խորովածի փառատոնը իրական տոն է, որն անցկացվում է բնության գրկում, լեռնային տեղանքում, որն էլ գրավում է թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին: Օգոստոսի 22-ին Ախթալայում տեղի ունեցավ ավանդույթ դարձած Խորովածի համահայկական 12-րդ մրցույթ- փառատոնը, որի մասնակիցների թիվը հասնում էր 40-ի:

    Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ զրույցում ասում է. «Փառատոնի նպատակն է գրավել հատկապես զբոսաշրջիկների ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել հայկական խոհանոցի նկատմամբ ու դրանով ավելի ակտիվացնել մարզի սննդի կենտրոններ, ռեստորաններ այցելությունները»:

    Խորովածի փառատոնը եւս մեկ առիթ էր մեկ տեղում հավաքվելու համար: Այստեղ ներկա էին հասարակության տարբեր շերտեր, ինչպես նաեւ զբոսաշրջիկներ արտերկրից:

    Փառատոնի ընթացքում քաղաքի լավագույն ռեստորաններն ու խոհարարները հյուրերին հիացրին խորովածի պատրաստման իրենց գաղտնիքներով:

    «Առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին եւ ոգեւորությունս շատ մեծ է: Պատրաստածս խորովածը մյուսներից տարբերվում է օգտագործվող սոուսներով, որոնք ինքս եմ պատրաստում»,- մեզ հետ զրույցում ասում է Կոլյա Բալյանը , ապա ավելացնում, որ փառատոնին մասնակցելը արդեն իր համար առաջըթաց է, իսկ սպասելիքներըՙ շատ:

    Փառատոնը հրաշալի հնարավորություն է տալիս տարբեր կազմակերպություններին մասնակցել եւ միեւնույն ժամանակ հասարակության համար ճանաչելի դառնալ: Փառատոնի ընթացքում անցկացվեց մրցույթ երեք անվանակարգերումՙ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մտահղացում»:

    Փառատոնի անցկացման գործում ներգրավված էին նաեւ մի շարք կամավորական թիմեր եւ հասարակական կազմակերպություններ, որոնք հայերեն եւ օտար լեզուներով հյուրերին ներկայացնում էին տաղավարների գործունեությունն ու ցուցանմուշները:

    «Առաջին անգամ եմ Հայաստանում: Հայ ընկերներիցս լսել եմ, որ հայկական խորովածը ամենահամեղն է, եւ երբ տուրիստական ընկերությունից առաջարկեցին ուղղություն դեպի Ախթալա մասնակցելու խորովածի փառատոնինՙ միանգամից համաձայնեցի: Կարող եմ ասել, որ մասնակցելով այս փառատոնին զգացի Հայաստանի համը եւ վստահ ասում եմ, որ հաջորդ տարի ընկերներիս հետ եմ վերադառնալու Հայաստանը նորովի բացահայտելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս զբոսաշրջիկը:

    Էլ ինչ խորոված առանց հայկական երգ-երաժշտության ու պարերի: Փառատոնն ուղեկցվում էր Adana Project ռոք խմբի հայկական ժողովրդական երաժշտության ժամանակակից մատուցմամբ, ավելի գեղեցկանում ու ներկայանալի դառնում հայկական ժողովրդական պարերով:

    Պետք է նշել, որ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Ուտելիքի համաշխարհային ատլասի» վարկածով ճանաչվել է հայկական ամենահայտնի ուտեստներից մեկը:

    Ասում ենՙ խոհանոցը կարող է ստիպել մարդուն սիրել տվյալ ուտեստի հայրենիքը:

  • «ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԸՆԹԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

    «ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԸՆԹԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

    Օգոստոսի 15-ին «Թալիբանը» գրավելով Քաբուլը պատճառ դարձավ, որ Աֆղանստանը, որպես առաջնահերթ խնդիր, հայտնվի միջազգային հանրության օրակարգում: Թերեւս դա պայմանավորված էր Աֆղանստանի հարեւանների գլխավորությամբ տարածաշրջանի երկրների մտահոգությամբ, ինչը բխում է մեծ տերությունների թալիբների հաշվարկով մշակված աշխարհաքաղաքական ծրագրերից:

    «Թալիբանը», լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով հաստատված ահաբեկչական կազմակերպություն, իշխանության է ձգտում երկրում: Ակնհայտ է, որ նրանց իշխանությամբ Աֆղանստանը պաշտոնապես վերածվելու է ահաբեկչական պտության, իսկ դա է՛լ ավելի է խախտելու ռազմաքաղաքական առկա հավասարակշռությունները ոչ միայն երկրում, այլեւ հարեւան երկրներում եւ ողջ տարածաշրջանում: Եթե հավասարակշռության այս խախտումը, որն արդեն առկա է, համադրենք ԱՄՆ-ի, նրա դաշնակից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերի հետ, ապա ակնհայտ կդառնա Աֆղանստանի քաղաքական զարգացումների ներգործությունը բազմաթիվ երկրների փոխհարաբերությունների վրա:

    Թերեւս այդ երկրներից պետք է առանձնացել Ռուսաստանն ու Թուրքիան, ոչ միայն այն պատճառով, որ նրանցից մեկը ակնհայտ թշնամական քաղաքականություն է որդեգրել Հայաստանի հանդեպ, իսկ մյուսը, լինելով այսպես կոչված բարեկամ եւ ռազմավարական դաշնակից, ընդդեմ հայ ժողովրդի սերտորեն համագործակցել եւ համագործակցում է Հայաստանի ոխերիմ թշնամիների հետ:

    Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներն անդրադարձել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Կարեւորը, սակայն, անդրադարձը չէ, այլ դրա թուրքական գնահատականը: «Այդ առումով «timeturk.com» կայքէջը օգոստոսի 22-ին հրապարակել է հետաքրքրական մի հողված: «Այլեւս առաջվա պես չեն լինելու Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները» խորագրով այդ հոդվածը գրի է առել թուրք պրոֆ. Օղյունը: Ահա թե ինչ է գրել հեղինակը.

    «ԱՄՆ-ը կարող է կրկին վերադառնալ Աֆղանստան

    Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռացումը, այն էլ վերին աստիճանի անկազմակերպ, չպետք է դիտարկել իբրեւ բացարձակ հեռացում: Չմոռանալ ԱՄՆ-ի ամեն պահին Եվրոպական Միության աջակցությամբ, որն առանձնապես ոգեւորված չէ վերջին զարգացումներով, Աֆղանստանին միջամտելու հավանականության մասին, որը հավանաբար ավելի արյունահեղ է լինելու, քան նախորդը: Այստեղ կարեւորն ԱՄՆ-ի ու «Թալիբանի» միջեւ ձեռք բերված համաձայնությանը կողմերի հավատարմության աստիճանն է:

    Հավանական առաջին սցենարը հիմնվում է «Թալիբանի» հարավում Ռուսաստանը, ապա նաեւ Չինաստանն ապակայունացնելու ներուժի վրա: Միանգամայն հնարավոր է, որ ներկայումս քնածի տպավորություն գործող եւ «Թալիբանի» թեւերի տակ թաքնվող Ալ Ղաիդային հանկարծ զարթնեցնեն եւ ուղղորդեն Ռուսաստանի ազդեցության տարածք, իսկ Թուրքեստանի իսլամական բանակինՙ Չինաստան: Ես անձամբ հակված եմ մտածել, որ այս սցենարը Ռուսաստանի պարագային հազիվ թե գործի:

    Ռուսաստանն անհանգստացած է Չինաստանի վերելքից

    Ռուսաստանին հանգստացնող հանգամանքը (Աֆղանստանում ձեւավորված) «Հյուսիսային դաշինքի» առկայությունն է, որքան էլ նա առայժմ հանդես գա նահանջողի դերում: Կարծում եմ Ռուսաստանին չի անհանգստացնի «Թալիբանի քողարկված փաշտունական ազգայնամոլությունը: Ընդհակառակը, եթե թալիբները հետամուտ լինեն այդ ազգայնամոլ քաղաքականությանը, նա Հյուսիսային Աֆղանստանում կձեւավորի տաջկական, ուզբեկական եւ այլ տարրերի դիմադրությանն աջակցող մի բլոկ: Ենթադրում եմ, որ այս հարցը քննարկված լինի Բայդեն-Պուտին հանդիպմանը: Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները: Թվում է թե Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության սրումը չպետք է անհանգստացնի Ռուսաստանին: Ռուսաստանի մտահոգության գլխավոր աղբյուրն Ասիայում Չինաստանի հարաճուն վերելքն է: Եվրոպայի, հատկապես Գերմանիայի հետ հարաբերությունները կարգավորող Ռուսաստանը Չինաաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վարելով ճկուն քաղաքականություն, օգուտ է քաղելու նշված լարվածությունից:

    «Պակիստանի միջամտությունը խոչընդոտ է հարուցելու Չինաստանին»

    Ենթադրում եմ, որ «Թալիբանին» ի սկզբանե աջակցող Չինաստանն աշխատում է երկու սցենարի վրա: Առաջինը, ինչ խոսք, Աֆղանստանում կայունության հաստատումն է, որին առաջնահերթ նշանակությամբ ձգտում է Չինաստանը, որպեսզի գործի դնի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագիրն Աֆղանստանով, Պակիստանով եւ Իրանով: Աֆղանստանում քաղաքացիական որեւէ նոր պատերազմ ակնհայտորեն իր մեջ ներառելու է Պակիստանը, այդ իսկ պատճառով Չինաստանը խիստ շահագրգռված է , որ «Թալիբանի» փաշտունական ազգայնամոլությամբ պայմանավորված քաղաքականությունը սահմանափակվի Հյուսիս-Հարավ հակամարտությամբ, առանց տարածվելու Պակիստանում: Դժվար չէ կռահել, որ ԱՄՆ-ը դրա ճիշտ հակառակն է ցանկանում: Նա ձգտում է Աֆղանստանի փաստացի մասնատման: Հյուսիսում Ռուսաստանի հետ համաձայնեցրած ինքնավարություն, իսկ հարավում Պակիստանի խորքերում գործող փաշտունական շարժում…

    «Առաջվա պես չեն շարունակվելու Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները»

    ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժովին եւ դրանից հետո իրականացված Բայդեն-Պուտին հանդիպումը երեւան հանեց քողարկված Ռուսաստան-ԱՄՆ մերձեցումը: Այս մերձեցումը հղի է Միջերկրականում եւ Կովկասում ցնցող ազդեցությամբ:Նախ (հավանաբար նկատի ունի Ռուսաստանին) Թուրքիա-Պակիստան-Կատար -Ադրբեջան դաշինքը կազմալուծելու եւ նրանց ձեռքբերունմները հետ ստանալու նպատակ է հետապնդում: Ի՞նչ հակազդեցություն է ցուցաբերելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Պակիստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր գործողությանը, ինչպե՞ս է աջակցելու Պակիստանին: Արդյոք Թուրքիայի հնարավոր ամեն մի աջակցությունը Պակիստանին մի՞թե բացասաբար չի գրանցվելու Արեւելյան Թուրքեստանը դժոխքի վերածած Չինաստանի հաշվին:

    Իմ կարծիքով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այսուհետ առաջվա պես չեն շարունակվելու: Ինձ թվում է Ռուսաստանն այսուհետեւ Թուրքիայի դեմ Իդլիբում եւ Լիբիայում վարելու է ամբարտավան քաղաքականություն: Դրա առաջին քայլն արդեն Կովկասում կատարել է: Նա Ֆրանսիայի գլխավորությամբ Արեւմուտքի աջակցությունը վայելող Փաշինյանին ռազմական առումով ուժեղացնող ձեռնարկումներ է իրականացնում: Հայաստանում ներդրումներ է կատարում նաեւ Չինաստանը: Դրանով (հավանաբար Ռուսաստանը) փաստորեն ստիպում է Թուրքիային կանգնել «ընտրություն կատարելու» փաստի առջեւ, ասելով կարծեսՙ «կա՛մ ինձ հետ ես, կա՛մ իմ թշնամին»:

    Հարկ է նշել, որ Թուրքիան Աֆղանստանի միջոցով մղվում է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առաջացած սեղմվածքի մեջ: Տերն օգնական մեր արտգործնախարարությանը»: