«ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԸՆԹԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

6

Օգոստոսի 15-ին «Թալիբանը» գրավելով Քաբուլը պատճառ դարձավ, որ Աֆղանստանը, որպես առաջնահերթ խնդիր, հայտնվի միջազգային հանրության օրակարգում: Թերեւս դա պայմանավորված էր Աֆղանստանի հարեւանների գլխավորությամբ տարածաշրջանի երկրների մտահոգությամբ, ինչը բխում է մեծ տերությունների թալիբների հաշվարկով մշակված աշխարհաքաղաքական ծրագրերից:

«Թալիբանը», լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով հաստատված ահաբեկչական կազմակերպություն, իշխանության է ձգտում երկրում: Ակնհայտ է, որ նրանց իշխանությամբ Աֆղանստանը պաշտոնապես վերածվելու է ահաբեկչական պտության, իսկ դա է՛լ ավելի է խախտելու ռազմաքաղաքական առկա հավասարակշռությունները ոչ միայն երկրում, այլեւ հարեւան երկրներում եւ ողջ տարածաշրջանում: Եթե հավասարակշռության այս խախտումը, որն արդեն առկա է, համադրենք ԱՄՆ-ի, նրա դաշնակից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերի հետ, ապա ակնհայտ կդառնա Աֆղանստանի քաղաքական զարգացումների ներգործությունը բազմաթիվ երկրների փոխհարաբերությունների վրա:

Թերեւս այդ երկրներից պետք է առանձնացել Ռուսաստանն ու Թուրքիան, ոչ միայն այն պատճառով, որ նրանցից մեկը ակնհայտ թշնամական քաղաքականություն է որդեգրել Հայաստանի հանդեպ, իսկ մյուսը, լինելով այսպես կոչված բարեկամ եւ ռազմավարական դաշնակից, ընդդեմ հայ ժողովրդի սերտորեն համագործակցել եւ համագործակցում է Հայաստանի ոխերիմ թշնամիների հետ:

Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներն անդրադարձել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Կարեւորը, սակայն, անդրադարձը չէ, այլ դրա թուրքական գնահատականը: «Այդ առումով «timeturk.com» կայքէջը օգոստոսի 22-ին հրապարակել է հետաքրքրական մի հողված: «Այլեւս առաջվա պես չեն լինելու Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները» խորագրով այդ հոդվածը գրի է առել թուրք պրոֆ. Օղյունը: Ահա թե ինչ է գրել հեղինակը.

«ԱՄՆ-ը կարող է կրկին վերադառնալ Աֆղանստան

Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռացումը, այն էլ վերին աստիճանի անկազմակերպ, չպետք է դիտարկել իբրեւ բացարձակ հեռացում: Չմոռանալ ԱՄՆ-ի ամեն պահին Եվրոպական Միության աջակցությամբ, որն առանձնապես ոգեւորված չէ վերջին զարգացումներով, Աֆղանստանին միջամտելու հավանականության մասին, որը հավանաբար ավելի արյունահեղ է լինելու, քան նախորդը: Այստեղ կարեւորն ԱՄՆ-ի ու «Թալիբանի» միջեւ ձեռք բերված համաձայնությանը կողմերի հավատարմության աստիճանն է:

Հավանական առաջին սցենարը հիմնվում է «Թալիբանի» հարավում Ռուսաստանը, ապա նաեւ Չինաստանն ապակայունացնելու ներուժի վրա: Միանգամայն հնարավոր է, որ ներկայումս քնածի տպավորություն գործող եւ «Թալիբանի» թեւերի տակ թաքնվող Ալ Ղաիդային հանկարծ զարթնեցնեն եւ ուղղորդեն Ռուսաստանի ազդեցության տարածք, իսկ Թուրքեստանի իսլամական բանակինՙ Չինաստան: Ես անձամբ հակված եմ մտածել, որ այս սցենարը Ռուսաստանի պարագային հազիվ թե գործի:

Ռուսաստանն անհանգստացած է Չինաստանի վերելքից

Ռուսաստանին հանգստացնող հանգամանքը (Աֆղանստանում ձեւավորված) «Հյուսիսային դաշինքի» առկայությունն է, որքան էլ նա առայժմ հանդես գա նահանջողի դերում: Կարծում եմ Ռուսաստանին չի անհանգստացնի «Թալիբանի քողարկված փաշտունական ազգայնամոլությունը: Ընդհակառակը, եթե թալիբները հետամուտ լինեն այդ ազգայնամոլ քաղաքականությանը, նա Հյուսիսային Աֆղանստանում կձեւավորի տաջկական, ուզբեկական եւ այլ տարրերի դիմադրությանն աջակցող մի բլոկ: Ենթադրում եմ, որ այս հարցը քննարկված լինի Բայդեն-Պուտին հանդիպմանը: Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները: Թվում է թե Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության սրումը չպետք է անհանգստացնի Ռուսաստանին: Ռուսաստանի մտահոգության գլխավոր աղբյուրն Ասիայում Չինաստանի հարաճուն վերելքն է: Եվրոպայի, հատկապես Գերմանիայի հետ հարաբերությունները կարգավորող Ռուսաստանը Չինաաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վարելով ճկուն քաղաքականություն, օգուտ է քաղելու նշված լարվածությունից:

«Պակիստանի միջամտությունը խոչընդոտ է հարուցելու Չինաստանին»

Ենթադրում եմ, որ «Թալիբանին» ի սկզբանե աջակցող Չինաստանն աշխատում է երկու սցենարի վրա: Առաջինը, ինչ խոսք, Աֆղանստանում կայունության հաստատումն է, որին առաջնահերթ նշանակությամբ ձգտում է Չինաստանը, որպեսզի գործի դնի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագիրն Աֆղանստանով, Պակիստանով եւ Իրանով: Աֆղանստանում քաղաքացիական որեւէ նոր պատերազմ ակնհայտորեն իր մեջ ներառելու է Պակիստանը, այդ իսկ պատճառով Չինաստանը խիստ շահագրգռված է , որ «Թալիբանի» փաշտունական ազգայնամոլությամբ պայմանավորված քաղաքականությունը սահմանափակվի Հյուսիս-Հարավ հակամարտությամբ, առանց տարածվելու Պակիստանում: Դժվար չէ կռահել, որ ԱՄՆ-ը դրա ճիշտ հակառակն է ցանկանում: Նա ձգտում է Աֆղանստանի փաստացի մասնատման: Հյուսիսում Ռուսաստանի հետ համաձայնեցրած ինքնավարություն, իսկ հարավում Պակիստանի խորքերում գործող փաշտունական շարժում…

«Առաջվա պես չեն շարունակվելու Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները»

ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժովին եւ դրանից հետո իրականացված Բայդեն-Պուտին հանդիպումը երեւան հանեց քողարկված Ռուսաստան-ԱՄՆ մերձեցումը: Այս մերձեցումը հղի է Միջերկրականում եւ Կովկասում ցնցող ազդեցությամբ:Նախ (հավանաբար նկատի ունի Ռուսաստանին) Թուրքիա-Պակիստան-Կատար -Ադրբեջան դաշինքը կազմալուծելու եւ նրանց ձեռքբերունմները հետ ստանալու նպատակ է հետապնդում: Ի՞նչ հակազդեցություն է ցուցաբերելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Պակիստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր գործողությանը, ինչպե՞ս է աջակցելու Պակիստանին: Արդյոք Թուրքիայի հնարավոր ամեն մի աջակցությունը Պակիստանին մի՞թե բացասաբար չի գրանցվելու Արեւելյան Թուրքեստանը դժոխքի վերածած Չինաստանի հաշվին:

Իմ կարծիքով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այսուհետ առաջվա պես չեն շարունակվելու: Ինձ թվում է Ռուսաստանն այսուհետեւ Թուրքիայի դեմ Իդլիբում եւ Լիբիայում վարելու է ամբարտավան քաղաքականություն: Դրա առաջին քայլն արդեն Կովկասում կատարել է: Նա Ֆրանսիայի գլխավորությամբ Արեւմուտքի աջակցությունը վայելող Փաշինյանին ռազմական առումով ուժեղացնող ձեռնարկումներ է իրականացնում: Հայաստանում ներդրումներ է կատարում նաեւ Չինաստանը: Դրանով (հավանաբար Ռուսաստանը) փաստորեն ստիպում է Թուրքիային կանգնել «ընտրություն կատարելու» փաստի առջեւ, ասելով կարծեսՙ «կա՛մ ինձ հետ ես, կա՛մ իմ թշնամին»:

Հարկ է նշել, որ Թուրքիան Աֆղանստանի միջոցով մղվում է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առաջացած սեղմվածքի մեջ: Տերն օգնական մեր արտգործնախարարությանը»: