Category: 24 Հոկտեմբերի, 2014

  • ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Սեփական իրավունքների պաշտպանության համար,կամ, ինչպես հիմա, անցյալ դարում, նախանցյալ դարում էին ասում եւ հաջորդ դարում էլ կասեն` «հանուն մեր երեխաների ապագայի» պայքարել պետք է, ավելին` չպայքարելը մի տեսակ մեղք է: Բայց սեփական պետության դեմ պայքարել չի կարելի:Ավելին, պետությունը, ցանկալի է` սեփական, պետք է ընկալելի լինի, որպես բարձրագույն հեղինակություն: Եվ եթե անգամ մենք ունենք այլ հեղինակություններ, ասենք` անզուգական Շառլ Ազնավուրը, կամ երեւանցի Ռուբեն Հախվերդյանը, կամ առաջին, երկրորդ նախագահները, եւ, եթե նրանք պետության դեմ ելույթ են ունենում, կամ գործողություն են կատարում, ուրեմն մենք իրավունք չունենք պաշտպանելու նրանց` ընդդեմ պետության, մենք իրավունք չունենք այս պարագայում անգամ նրանց պաշտպանելու: Բայց ի՞նչ է պետությունը. օրինակ իշխանությունը` գործող, կամ նախկին, դրա ճիշտ այնքան մասն է, որքան ընդդիմությունը, ընդ որում ոչ որոշիչ մասը: Այսինքն, երբ, օրինակ, Բելգիայի քաղաքացի Ժան Ժակ Պիրեսը հայտարարում է, որ ինքը սիրում է իր պետությունը, դա ամենեւին չի նշանակում, որ նա սիրում է իր իշխանություններին, կամ ընդդիմությանը, քանի որ երբ մենք մեր տունը սիրում ենք, դա չի նշանակում, որ սիրում ենք դրա ջրատար խողովակները նաեւ: Գուցե լինեն նաեւ սիրողներ, բայց նրանք կկոչվեն ոչ այնքան տուն սիրողներ, որքան` խողովակասերներ:

    Հետեւաբար, երբ իշխանության որեւէ ներկայացուցիչ, կամ ընդդիմության ներկայացուցիչ պետության դեմ հայտարարություն է անում, կամ գործողություն, մենք պետք է կանգնենք պետության պաշտպանության դիրքերում: Պետությունն` ըստ մեր, գուցե սիրողական կարծիքի, առաջին հերթին դրա օրենքներն են, ընդ որում ամենեւին նշանակություն չունի այդ օրենքները լավն են, թե՞ վատը: Օրինակՙ Իտալիայի Միլան քաղաքի բնակիչ, քաղաքում հայտնի ռեստորաններից մեկի սեփականատեր Ստեֆանո Բելոչետին, վերջերս տեղական լրատվամիջոցներին հայտարարել էր, որ ինքը պատրաստվում է պայքարել` Միլան քաղաքում ընդունված օրենքներից մեկի դեմ, որով` «միլանցիները փողոցում պարտավոր են ժպտալ»: Ըստ Բելոչետիի` «այս օրենքը աբսուրդային է, եւ ոտնահարում է խոժոռ դեմք ունեցող միլանցիների իրավունքները»: Բայց, նույն այս Բելոչետին ամեն օր աշխատանքի է գնում` ժպիտը դեմքին, եւ իր աշխատակիցների հետ փողոցում խոսում է` ժպտալով, քանի որ` «այսպես պահանջում է իմ քաղաքի օրենքը»: Այսինքն, երբ մեզ դուր չի գալիս պետության օրենքներից մեկը, մենք անշուշտ կարող ենք եւ պետք է պայքարենք դրա դեմ, բայց դա մեզ իրավունք չի տալիս պայքարի ընթացքում խախտել այն:

    Հիմա, խախտե՞լ են արդյոք Շանթ Հարությունյանն եւ իր որդին Հայաստանի Հանրապետության օրենքը, խախտե՞լ է արդյոք Սյունիքի մարզպետն ու իր որդին եւ նրանց թիկնապահ Զարզանդը ՀՀ օրենքը, խախտե՞լ է արդյոք Ռուբեն Հայրապետյանն իր թիկնապահների հետ միասին ՀՀ օրենքը` իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, խախտո՞ւմ են արդյոք ՀՀ օրենքը բոլոր այն պատգամավորները` իշխանական, թե ոչ իշխանական, ովքեր բիզնես(ներ) ունեն, բայց օրենսդիրի աթոռին են նստում, եթե, իհարկե, գալիս են` խորհրդարան: Խախտո՞ւմ են արդյոք բանակային օրենքները սահմանի վրա, հակառակորդից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող երիտասարդ զինվորները, երբ խրամատից բարձրացնում են իրենց անպաշտպան գլուխները, կամ գիշերները պոստերում կազմակերպում են «խմելու օրեր», կամ նրանց տարեկից այն տղաները, ովքեր չեն ծառայում, եւ չեն էլ ծառայելու: Այս եւ այլ բոլոր պարագաներում հնչած միակ հարցի պատասխանն ընդ որում երկու տարբերակ ունի` կամ այո, կամ` ոչ: Եթե ոչ, ապա մենք ձեր կողքին էլ ենք, եթե այո, ապա կներեք, բայց մեզ համար մեկ բարձրագույն հեղինակություն կա` Հայաստանի Հանրապետությունը, այսինքն` պետության օրենքը:

  • ԱՄԵՆ «Գ»-ՈՎ ՍԿՍՎՈՂ ԲԱՆ ԳՅՈՒՄՐԻ ՉԷ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Վերջին անգամ Գյումրի եմ գնացել մեկ տարի առաջ` ոչ գործի բերումով: Երեւանից Հայաստանի «իսկական մայրաքաղաք» ուղեւորվող միկրոավտոբուսի դիմացն էի նստել, վարորդի կողքին: Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, վարորդը եւս սիրում էր խոսել, ինչպես յուրաքանչյուր գյումրեցի, վարորդը եւս սիրում էր` շատ խոսել: Այսպեսՙ հենց նրանից, նախքան Գյումրի հասնելս, ես տեղեկացա, որ Հայաստանի երկրորդ քաղաքը շարունակում է ոչ թե ապրել, այլ գոյատեւել, որ «աղետի գոտի» հասկացողությունը Գյումրիից չի վերացել, որ «գյումրեցիներն ապրում են վագոն տնակներում», որ «հումորը այլեւս գյումրեցիների հիշողությունն է, ոչ թե առօրյան», իսկ «առօրյան հոգսերն են, հացի փնտրտուքները…»: Հարցնում եմ` «Իսկ դուք Գյումրիո՞ւմ եք ապրում», պատասխանում է` «Իհարկե չէ, ընդեղ կյանք կա՞, որ ապրեմ, մեռածա սաղ»: Երկրորդ հարցն եմ տալիս` «Բա էս ամբողջը որտեղի՞ց գիտեք», ուշադիր նայում է ինձ ու գյումրվա բարբառով, ինչը ես երբեք չեմ կարողացել արտաբերել, ցավոք սրտի, պատասխանում. «Տղա, դու լուսնի՞ց ես իջել, դու թերթ, ինտերնետ կարդո՞ւմ ես, ռադիո լսո՞ւմ ես, տելեվիզոր նայո՞ւմ ես: Չե՞ս տեսնում ինչեր են գրում…»:

    Այսպես հասանք Գյումրի: Միկրոավտոբուսից իջնելուն պես լսում եմ կայարանում հավաքված երիտասարդ գյումրեցիների խոսակցությունը. «Ծո, Էրեվանի «Գազել»-ն եկավ, երթանք տեսնինք բերե՞լ են թուղթը, որ էսօրից Գյումրին կհռչակվի մայրաքաղաք»: Հասկանում եմ, որ ճիշտ տեղում եմ, զգում եմ, որ այս քաղաքում հումոր կա… եւ Երեւանին խիստ պակասող քաղաքային կոլորիտ, որոնք ապահովում են Գյումրու հին շենք-շինությունները, նեղլիկ եւ սալահատակ` ֆայտոններ տարած փողոցները, որտեղ ժամանակին աջից-ձախից արհեստավորներ էին աշխատում, ապրում:

    Հասնում եմ քաղաքի կենտրոնական հրապարակ` լրիվ նոր շինություններ, ինձ անձամբ ավելի շատ դուր են գալիս Գյումրու հին շենքերը: Բայց ճաշակին ընկեր չկա: Հասնում եմ վագոն-տնակներին, կան, բայց քիչ են, քիչ են մնացել… Գնում եմ նորակառույց թաղամասերը` կառուցված են, կիսակառույց են, այնքան էլ լավ կառուցված չեն, բայց ապրողներ կան եւ շատ, ավելի շատ, քան վագոն-տնակներում, այնտեղ թող մի քանի տասնյակ ընտանիքներ լինեն, անշուշտ, սարսափելի է, բայց ողջ Գյումրին չէ: Հասկանում եմ, որ այս մասին ես չեմ կարող բարձրաձայնել, քանի որ ինչ էլ անեմ չեմ կարող կոտրել` «Գյումրին ապրում է վագոն-տնակներում» «բացարձակ ճշմարտությունը»: Հասկանում եմ, որ գյումրեցիներից ոմանք, անգամ ոչ մեծամասնությունը, այսօր էլ ապրում է վագոն տնակներում: Մոտենում եմ այնտեղ ապրող տղա երեխաներից մեկին: Մի տասը-տասնմեկ տարեկան կլինի, հարցնում եմ` «Ո՞նց ես»: Անմիջապես հասկանում է, որ Երեւանից եմ (չգիտեմ ինչպես) ու մի պահ միայն նայելով ծաղկավոր վերնաշապիկիս, պատասխանում է ինձ. «Լավ եմ, ապ ջան, բայց սպասի տուն մտնիմ ջուր բերեմ մեջը կանգնի, որ վրիդ ծաղիկները չթոշնին»: Հասկանում եմ, որ Գյումրին ապրում է, անգամ վագոն-տնակներում, վատ, սարսափելի վատ, բայց ապրում է…

    Անցած երեքշաբթի ես լրատվամիջոցներում կարդացի, որ «Գյումրիի լրագրողները որոշել են բոյկոտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Գյումրի` չլուսաբանելով այն»: Բացեցի լուրը եւ այնտեղից իմացա, որ Սերժ Սարգսյանի այցը` Գյումրի որոշել է բոյկոտել «Ասպարեզ» ակումբը, եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը միացել է այդ կոչին… միայն: Նրանք իրենց այս որոշումը հիմնավորել են հանգամանքով, թե` «Ս. Սարգսյանը չկարողացավ կատարել իր խոստումը ոչ միայն գյումրեցի անօթեւանների առաջ, այլեւ 2013 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ…»: Այսինքն Գյումրին շարունակում է «մնալ աղետի գոտի»: «ԳԱԼԱ»-ն, որպես իր բոյկոտի պատճառ էլի մի քանի հիմնավորումներ էր նշել, բայց այդ ամենն այնքան էլ կարեւոր չէ տվյալ պարագայում եւ առանձին խոսակցության թեմա է:

    Ի դեպ, «ԳԱԼԱ»-ն եւս վաղուց արդեն հիմնականում կենտրոնացած է եւ աշխատում է ոչ թե Գյումրիում, այլ Երեւանում, ինչպես մեկ տարի առաջ ինձ Գյումրի տարած միկրոավտոբուսի գյումրեցի վարորդը, ով, հավանաբար հենց «ԳԱԼԱ»-ից էլ տեղեկանում է հայրենի քաղաքի անցուդարձի մասին:

    …Իսկ Գյումրիում կան այլ լրատվամիջոցներ եւս, մի քանի լրագրողական կազմակերպութուններ, նրանցից ոչ մեկը չի հայտարարել, թե միանում է «ԳԱԼԱ»-ի նախաձեռնությանը: Չնայած, արդարության համար նկատենք, որ հեռուստաընկերության նախաձեռնությունը տեղին է, բայց կիսատ է. պետք է բոյկոտել, բայց ոչ միայն Սերժ Սարգսյաանին, այլեւ երկրի ողջ քաղաքական դաշտը, չնայած, ինչպես գյումրեցիները կասեին` «Ո՞ւր է քաղաքական դաշտ, օր…»:

    Ամեն դեպքում ամեն «գ»-ով սկսվող բան դեռ Գյումրի չէ, այնպես ինչպես ամեն մեկն, ով մեզ հետ չէ, պարտադիր չէ, որ սրիկա լինի:

    Հ. Գ. – Մնում է պարզել, թե ո՞րն է արդյունավետ միջոց` պայքարելու «չարիքի դեմ». այդ «չարիքի» մասին որեւէ տեղեկություն չտրամադրե՞լը, բոյկոտե՞լը նրա բոլոր գործողությունները, թե՞ մոտենալը, մանրամասն զննելը եւ նրա մասին անդադար լավը խոսողներին զուգահեռ այլընտրանքային եւ փաստարկված տեղեկատվություն տրամադրելը:

  • «ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»

    «ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»

    Հարցազրույցըՙ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

    Հարցազրույց արգենտինահայ քաղաքական գործիչ Սերխիո Նահապետյանի հետ

    Ամեն անգամ, երբ առիթ է լինում Սփյուռքի ու սփյուռքահայության մասին գրելու, հատկապես Հայոց մեծ ողբերգության հարյուրամյա տարելիցի նախօրեին, ակամա մտածում եմ` անհրաժեշտ է, որ բոլորս մեկտեղենք մեր կորովն ու վճռականությունը, հստակեցնենք յուրաքանչյուրիս անելիքը արդարության վերահաստատման եւ Հայոց պահանջատիրության արդարացի լուծման ճանապարհին: Այսօր շատ կարեւոր է, թե ինչպես է Սփյուռքի համար ներկայանում Հայրենիքը: Շատ սփյուռքահայերի համար նույնքան հարազատ է մեր երկիրը, նրանք նույն ձեւով ուրախանում ու տառապում են նրա լավ ու վատով, աշխարհի տարբեր ծայրերում բնակվելով` նույն ձեւով հպարտանում են մեր հաղթանակների եւ նվաճումների համար: Սակայն ոչ պակաս կարեւոր է, թե ինչպես է Հայաստանում ապրող մեր ժողովրդի համար ներկայանում սփյուռքահայությունն իր ազգային, հասարակական կյանքով, իր անվանի անհատներով, իր կառույցներով ու գործունեությամբ: Համոզված եմ նաեւ, որ հայաստանցին պետք է ճանաչի Սփյուռքը, հասկանա, թե որտեղից է գալիս իր` հեռավոր, երբեմն նույնիսկ երբեք չտեսած հայրենիքին օգտակար լինելու մղումը: Կարծում եմ, որ ամենաառաջնային պատմական անցյալի վերքով հիմնական նմանությունը, որ մեկ դար շարունակ սեղմում է մեր կոկորդը, պիտի փոխարինելու գա հաղթողի, բարգավաճ ու հզոր լինելու, իր ապագան իր ձեռքով կերտողի զգացողությունը:

    Այս մտորումներով գնացի իմ լավ բարեկամ, մերօրյա սփյուռքահայ իրատես ու քաղաքական կյանքում մեծ փորձի տեր, հեռավոր Արգենտինայում Հայոց ցեղասպանության իրավատերերի առաջամարտիկ Սերխիո Նահապետյանի հետ հարցազրույցի:


    – Պատմեք խնդրեմ Ձեր մասին,- դիմեցի նրան ջերմ: Արդեն այն տարիքում եք, որ բավականին անցած ուղի ունեք, փորձ, վաստակ:

    – Ծնվել եմ Բուենոս Այրեսում: Հաճախել եմ հայկական դպրոց: Ունեցել եմ ուրախ մանկություն: Պատանեկությունս` շնորհիվ հոգատար ծնողներիս, անցել է մեծիմասամբ հայկական միջավայրում: Բարձրագույն կրթություն ունեմ, սակայն այդ մասնագիտությամբ չեմ աշխատել, քանի որ հայրիկիս պիտի օգնեի մեր ձեռնարկությունը ղեկավարելու ու արտադրությունը կազմակերպելու գործում, հետո էլ (մեղմ ու մի տեսակ մեղավոր ժպտում է) շուտ ամուսնացա, իսկ ընտանիքիս կարիքները հոգալ էր հարկավոր: Դեռ մանկության տարիներին հաճախում էի ՀԲԸՄ-ի միջոցառումներին եւ շուտով ընտրվեցի տեղի ՀԲԸՄ-ի երիտասարդաց ակումբի ատենապետ: Տասնվեց տարեկանում անդամագրվեցի ՌԱԿ-ին: Ի˜նչ տարիներ էին, աշխույժ մրցակցություն կար ավանդական կուսակցությունների միջեւ, յուրաքնչյուրս աշխատում էր ամեն ինչ անել լավագույնս ներկայանալու համար հանրության:

    1983 թ. զինվորական իշխանությունների տապալման հետեւանքով Արգենտինայում սկսված բարեփոխումների արդյունքում հնարավոր դարձան կուսակցությունների գործունեությունը: Ես` հավատարիմ աշխարհայացքիս, վաղ տարիքից անդամագրվեցի նորաստեղծ Արգենտինայի Լիբերալ դեմոկրատական կուսակցությանը եւ ակտիվորեն մասնակցում ու նախաձեռնում էի շատ գործառույթներ: Անկեղծ ասած, քաղաքականություն շատ եմ սիրում, մի տեսակ այն իմ տարերքն է, դրա համար էլ ամբողջովին ու եռանդուն սկսեցի աշխատել այդ ասպարեզում: 1989 թ. ընտրվեցի քաղաքային ավագանու անդամ, իսկ չորս տարի հետո աշխատեցի որպես քաղաքի վերահսկողության վարչության պետ: Մեծ հնարավորությունների, գայթակղիչ ու պատասխանատվության բնագավառ էր, սակայն անում էի ամեն ինչ կատարյալ ու անթերի, քանի որ ի դեմս ինձ, մյուսները տեսնում ու կարծիք էին կազմում հայերի մասին: 2005 թ. ընտրվեցի Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդարանի (այն երկրի խորհրդարանին գրեթե հավասար, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի կարեւոր դերակատարություն ունի) պատգամավոր եւ իմ հեղինակած առաջին օրենքը որ ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին էր եւ ամեն տարի ապրիլի 24-ը որպես անմեղ զոհերի հիշատակի օր ճանաչելն էր: 2007 թ. նահանգապետի թեկնածու եւս եղա: Այժմ աշխատում եմ Արգենտինայի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակում որպես հաշմանդամների իրավունքների պաշտպան:

    – Մի քանի բառով ներկայացրեք արգենտինահայ գաղութի այսօրյա վիճակը եւ զարգացման հեռանկարները:

    – Դժվար է ասել որքան հայ է բնակվում Արգենտինայում, որեւէ վիճակագրական տվյալ չկա, պարզապես շրջանառվում է 100 հազար թիվը: Նրանցից ակտիվ համայնքային կյանքով ապրում են 5-6 հազարը: Գործում են յոթ դպրոցներ, որոնցից վեցը` ամենօրյա են: Գաղութում գործում են հինգ եկեղեցիներ, բոլորն էլ էջմիածնական են, այսինքն մեզանում եկեղեցական խնդիր չունենք: Ավելին, վերջերս դադարել ենք տեղ տալ ընդգծված կուսակցականությանը: Ամեն ինչից վեր են դասվում նախ եւ առաջ համագաղութային շահերը, ինչն, անկասկած, դրական երեւույթ է եւ խիստ շահեկան:

    Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հայապահպանությունը, ինչն իմ կարծիքով հենված պիտի լինի եւ իրականանա երեք հիմնական սյուների վրա` Հայրենիք, եկեղեցի, բարեգործական միություններ: Անչափ կարեւոր է մամուլի դերակատարությունն իր բոլոր տեսակներով: Արդեն երկար տարիներ է, որ գաղութում հրատարակվում են ՀՅԴ-ի «Արմենիա» եւ ՌԱԿ-ի «Սարդարապատ» պաշտոնաթերթերը: Գործում են 4-5 ռադիոժամեր, երբեմն նաեւ հեռուստաժամեր են տրամադրվում հայեցի հաղորդումներ հեռարձակելու համար:

    Ընդհանրապես նկատելի է, որ գաղութն օր-օրի ավելի է հասունանում: Մեր առջեւ խնդիր ենք դրել ավելի շատ երիտասարդներ ներգրավել հայանպաստ գործերում: Իսկ գլխավոր նպատակը` որքան հնարավոր է խելացի շատ հայ երիտասարդներ գտնել, սատարել նրանց լավ կրթություն ստանալու եւ կառավարական համակարգերում բարձր դիրքեր գրավելու գործում, որպեսզի նրանք այնուհետեւ հայանպաստ գործունեություն ծավալեն: Ընդհանուր առմամբ, Բուենոս Այրեսում եւ այլ բնակավայրերում գործող հայկական կազմակերպությունները դրական առումով հրաշալի օրինակ են տեղացիների համար: Մենք միշտ ընդգծում մեր հայ լինելը, հպարտանում ենք դրանով եւ կանենք ամեն հնարավորը այդ զգացումը երբեք չկորցնելու համար: Այս գործում անչափ կարեւոր է Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, քանի որ հայ մնալու համար այլեւս միայն պատմությունը բավարար չէ:

    – Հետաքրքրական է Ձեր կարծիքը ընդհանրապես Սփյուռքի եւ մասնավորապես նրա ապագայի վերաբերյալ: Զարգացման ինչ ուղիներ եք տեսնում Սփյուռքի համար:

    – Նախ եւ առաջ ամեն ջանք պիտի գործադրենք, որ Հայաստանն առաջ քայլի: Գաղտնիք չէ, անշուշտ, որ շատ սպասելիքներ ունենք նրանից, ուստի հարկավոր է անել ամեն հնարավորը, որպեսզի երկիրը ծաղկի ու բարգավաճի: Պայմաններ պիտի ստեղծվեն, որ ժողովուրդը լավ ապրի, աշխատելու, ստեղծագործելու հնարավորություն ունենա: Բոլորս` անկախ աշխարհի որ անկյունում կլինենք, պիտի ձգտենք ու անենք ամեն ինչ, որ յան վերջավորությունը հնչի որպես հպարտության, հզորության, ապագայի խորհրդանիշ:

    Հարկավոր է ուշադիր լսել երիտասարդությանը, քաջալերել նրան, որ նոր ու նորովի առաջարկներ ասպարեզ բերի, թարմ շունչ հաղորդի ազգին, նրա մտածողությանն ու գենին գիտության վերջին նվաճումները հասանելի ու յուրացնելի դարձնի: Բնականաբար, սպասում ենք նաեւ, որ մոտ ապագայում հզորացած Հայաստանը նաեւ մեզ օգնի, լուծումներ գտնելու համար Սփյուռքի ու հաճախ կորսվելու եզրին հասած յուրաքանչյուր հային հայ պահելու, Հայրենիք վերադարձնելու, որպես հայ հպարտ լինելու համար:

    – Որպես շուրջ կեսդարյա կուսակցական ինչ կարծիքի եք ՌԱԿ-ի եւ նրա ապագայի մասին:

    – Ընդհանրապես յուրաքանչյուր գաղութ եւ կուսակցություն պիտի որոշի, թե ինչ ծրագրերով ու քայլերով առաջ ընթանա: Նույնիսկ նույն կուսակցությունը որեւէ գաղութի առանձնահատկություններն հաշվի առնելով պիտի որոշի իր մարտավարությունը: Օրինակ` արգենտինահայ գաղութը եկեղեցու խնդիր չունի, ինչը տարիներ շարունակ եղել է շատ գաղութների կարեւոր մտահոգությունը եւ հոգնեցրել ու զզվեցրել տեղերի երիտասարդությանն ու հեռացրել հայկական միջավայրից: Հարկավոր է սթափվել վերջապես, վերջ տալ նմանաբնույթ վեճերին եւ վեր կանգնել մանր, աննշան ու անպտուղ վեճերից: Անկեղծ զրույցների ժամանակ երիտասարդները մեզ օգտակար դասեր են տալիս ասելով` ձեր վեճերի մեջ մեզ մի ներքաշեք, դրանք մեզ պետք չեն, ավելին` խանգարում են մեզ:

    ՌԱԿ-ը Արգենտինայում բոլոր կուսակցականների ջանքերի արդյունքում միաձույլ կառույց է Շրջանային վարչության կարգավիճակով (բաղկացած է Կորդովա, Բրազիլիա, Ուրուգվայ եւ Սան-Պաուլո ակումբներից): Սա չի նշանակում թե բանավեճեր ու քննարկումներ չկան: Կան, իհարկե, սակայն փառք Տիրոջը, դրանք բանավեճերի մակարդակում էլ լուծումներ են ստանում: Կարճ ասած` գերիշխող է բանավեճ բառի առաջին հատվածը:

    Կուսակցության ապագայի առումով, խորապես համոզված եմ, որ ամենակարեւոր դերակատարությունը պիտի ունենա կուսակցության հայաստանյան ջոկատը: Նա պիտի դառնա այն առանցքը, որի շուրջը կառուցողական մթնոլորտում համախմբվեն մնացյալ բոլոր ջոկատները: Ես միշտ կհպարտանամ, որ հայաստանյան ՌԱԿ-ը հաջողություններ ունենա, որովհետեւ դրանով կդրվի այն հիմնաքարը, որի հենքի վրա կբարձրանա համախմբված, մանր մունր վեճերից այլեւս ձերբազատված ու քաղաքական ասպարեզում շարունակական հաջողություններ արձանագրող քաղաքական ուժը, որի հետ հաշվի կնստեն բոլորը: ԽՍՀՄ-ի գոյության տարիներին տարբեր զոհողությունների գնով պահում էին կուսակցությունը, սատարում նրան այն համոզվածությամբ, որ շուտով Հայաստանը կդառնա անկախ ու ազատ երկիր, իսկ ՌԱԿ-ը կմասնակցի ընտրություններին, կունենա իր արժանավոր տեղը իշխանական կառույցներում եւ կիրականացնի իր ծրագրային դրույթները, որոնք, համոզված եմ, ամենմոտն են հայ ժողովրդի սրտին ու հոգեբանությանը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը սպասում է, թե Սփյուռքից կգան ու քաղաքականությամբ կզբաղվեն հայրենիքում: Անհատներ, իհարկե, կլինեն, բայց միայն անհատներ: Պարզապես հարկավոր է մշտապես կապ պահպանել ժողովրդի հետ, իմանալ նրա ցավն ու հոգսը, լուծումներ գտնել եւ շահել նրա քվեն:

    – Այս անգամ ինչ տպավորություններով եք մեկնում հայրենիքից եւ ինչ մաղթանքներ ունեք:

    – Եկել էինք արգենտինիայի խոշոր հեռուստատեսային եւ տուրիստական մի գործակալության պատվերով` Հայաստանին նվիրված գովազդային-ճանաչողական ֆիլմ նկարելու համար: Այսօր առավել քան կարեւոր է մեր երկիրը պատշաճ ներկայացնել օտար ափերում: Հատկապես վերջին տարիներին թուրքերի եւ նրանց նմանակ ադրբեջանցիների խավիարանավթային հզոր քարոզչությանը դիմագրավելու տեսանկյունից: Լատինական Ամերիկայում շատերը գաղափար չունեն Հայաստանի մասին, իսկ չորսժամանոց ժապավենը հավուր պատշաճի կներկայացնի ավելի քան հինգհազարամյա Հայաստանն ու հայ ժողովրդին: Նախագծի ակունքներում եւ իրագործման գործում իհարկե կա մեր ակտիվ մասնակցությունը:

    Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը նախագծի կարեւորությունը խորությամբ ըմբռնելու եւ բոլոր դյուրություններն ապահովելու համար: Եղանք ու նկարահանեցինք գրեթե բոլոր կարեւորագույն տեսարժան վայրերը: Տաս օր շարունակ, երբեմն նաեւ գիշերները, շրջեցինք ամենուր ու նկարահանեցինք: Ֆիլմը պիտի եթեր գնա չորս ծրագրով, մեկական ժամ տեւողությամբ: Կարծում եմ, որ կհաջողենք այն ցուցադրել նաեւ հարեւան երկրներում:

  • ՍՈՍԸ ԵՐԿՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ. ԱՐՑԱԽԸ ԵՎ ԹԱՏՐՈՆԸ

    ՍՈՍԸ ԵՐԿՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ. ԱՐՑԱԽԸ ԵՎ ԹԱՏՐՈՆԸ

    ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

    Քառասուն տարի ամուր բարեկամությամբ կապված էինք Սոսի հետ: Սոս Արտաշեսի Սարգսյանի: Ինչ-որ առիթով ասաց, թե ինքն ինձ ավելի հաճախ է զանգում, քան ես իրեն: Պատճառը ներկայացրիՙ «Լիտերատուրնայա գազետա»-ի իմ հրապարակումները: Ընդհանուր առմամբ, իրոք, այնպես էր ստացվել, որ մեր այսպես ասածՙ կենդանի շփումը զիջում էր հեռախոսայինին: Գուցե այդ սովորությունն էր «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերի անձնակազմերի հետ Սոսի հեռախոսային անվերջանալի խոսակցությունների նախապատճառը: Այդ մասին ես մանրամասն պատմել եմ Եվրոպայի եւ աշխարհի շուրջ մեր ճամփորդություններին վերաբերվող գրքերում… Եվ ահա թե ինչի վրա առանձնահատուկ ուշադրություն դարձրինք. Սոսի հետ կանոնավոր խոսակցությունն ինքնին բարձրացնում էր անձնակազմի ոգին: Համենայն դեպս, երբ ոչ երկար ժամանակով կապը դադարում էր, զգում էինք ոչ միայն Սոսի զրույցների, այլեւ նրա զարմանալի ձայնի կարիքը: Հայկական առագաստանավերի վրա Սոսի հետ հեռախոսային շփումներին ես դեռ կանդրադառնամ, իսկ առայժմ խոստովանեմ, որ այսօր նստեցի գրասեղանիս մոտ, որին դրված են արդեն արխիվային դարձած մի ամբողջ կույտ թղթեր ու հուշատետրերՙ ընկերոջս մասին արված գրառումներով: Այն մարդու, որը սիրում էր կյանքը եւ «հարգում մահը»: Չակերտների մեջ վերցրել եմ Սոսի բառերը:

    Այո, վերջին տարիներին, վերջին ամիսներին նա մահվան մասին խոսում էր կատարյալ հանգստությամբ եւ, իրոք, որոշակի հարգանքով: Նման դեպքերում ես ամեն անգամ փորձում էի փոխել թեման, բայց բոլոր փորձերն ապարդյուն էին:

    Ամեն անգամ բաժանվելուց հետո, տաք հետքերով, ես գրի էի առնում նրա շատ մտքեր հուշատետրում, պատահում էրՙ նույնիսկ անձեռոցիկի վրա: Սոսը միշտ լիակատար հանգստության մեջ էր, հաճախ ժպիտը դեմքին: Եվ ես, շատ էր պատահում, ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյոք նրա մասին չէին չափազանց վաղուց անգլիացի գիտնական Ֆրենսիս Բեկոնի ասած բառերը, որը դեռեւս 16-րդ դարում փորձեց արծարծել մահվան թեման, եթե չասենքՙ փիլիսոփայությունը. «Նկատեք, թե որքան քիչ է ազդում մահվան մոտենալը ոգով ուժեղների վրա, քանզի նրանցից յուրաքանչյուրը մինչեւ վերջ հավատարիմ է մնում ինքն իրեն»:

    Նա ոչ միայն անհարմար, այլեւ ինչպես ես էի ընկալում, չափազանց վատ էր զգում, տեսնելով, թե ինչպես են բժիշկներն ամեն օր պտտվում իր շուրջ, եւ դա այն դեպքում, երբ բուն բժիշկների հանդեպ մեծագույն հարգանք էր տածում: Մահից ոչ շատ առաջ նա ֆանտաստիկ կամքով ու համառությամբ ժողովեց վերջին ուժերը, ինչպես ասում ենՙ իրեն բուռը հավաքեց եւ վերջին անգամ այցելեց Արցախ, որտեղ փայլուն ելույթ ունեցավ գինու գավաթը ձեռքին, դահլիճի մեռյալ լռության մեջ: Երբեք չեմ մոռանա, թե ինչ երջանիկ դեմք ուներ իմ ընկերն այդ օրը:

    Մահվան բառացիորեն նախօրեին ես երկար նստեցի Սոսի մահճակալի մոտ Նա երկար խոսում էր Ղարաբաղի մասին եւ հանկարծ անցավ իր կրքոտ երազանքին, որն ընդհանուր էր դարձել երկուսիս համար: Խոսքը Երեւանում թատրոն կառուցելու մասին էր: Նա այդպես էլ ասաց. «Երկու երազանք, երկու ճակատագիր. Ղարաբաղը եւ իմ թատրոնը»:

    Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան զանգեց նրա կինըՙ Նելլին եւ հազիվ լսելի ձայնով արտաբերեց. «Նա գնաց»: Բավական երկար դադարից հետո ինքս էլ մեծագույն ջանքով պատասխանեցի. «Գնաց, որպեսզի մնա»: Ի դեպ, այդպես էի վերնագրել Հետմահու ակնարկն անմոռանալի Սիլվա Կապուտիկյանի մասին, որը գրել էի «Կիլիկիա» առագաստանավում: Բանաստեղծուհու մահվան լուրն առանք երբ ծովում էինք:

    Բոլորովին վերջերս ողջ հայությունով նշեցինք Սոսի մահվան մեկ տարին: Շատերը, ասես պայմանավորված, կրկնում էին նույն բանը. «Մի՞թե արդեն մի ամբողջ տարի է անցել: Թվում է, թե երեկ պատահեց դա…»: Ինչ վերաբերում է ինձ, ապա ընդհանրապես ինձ թվում է, որ նա բոլորովին էլ չի մահացել: Ավելին, հաճախ եմ մտածում, թե բոլորովին վերջերս էր, որ մենքՙ «Արմենիա» առագաստանավի անձնակազմով շնորհավորեցինք Սոսին իր ութսունամյակի կապակցությամբ: Այն ժամանակ, հինգ տարի առաջ, ես արբանյակային հեռախոսով նրա համար կարդացի իրեն նվիրված բանաստեղծությունը, գտնվելով Ատլանտյան օվկիանոսում: Ավ այսօր չեմ հավատում, որ արդեն ամբողջ հինգ տարի է անցել: Ահա եւ որոշեցի, փորփրելով իմ արխիվները, հիշել այդ մարդու, մեր Սոսի բոլորովին էլ ոչ թե մահվան, այլ կյանքի մասին:

    1990 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում ես քաղաքական հացադուլ հայտարարեցի որպես բողոքի նշան Գորբաչովի կողմից Ղարաբաղում սահմանադրական իշխանության լուծարման դեմ: Հաջորդ օրը ինձ մոտ մտավ Սոսը եւ ամուր ու հաստատակամ տեղեկացրեց, թե ինքն էլ է հացադուլ հայտարարում: Ես կտրուկ դեմ էի հենց միայն այն պատճառով, որ նա ծխող էր: Նմանատիպ քաղաքական բողոքների համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ծխողները ծանր են տանում հացադուլը, եւ որ հայտնի են դեպքեր մահվան ելքով: Սակայն Սոսն ամեն օր համառորեն խնդրում էր ինձ: Ես համառորեն չէի համաձայնվում: Բայց պնդակող ընկերս հասավ իր ուզածին: Պարզապես նստեց հյուրանոցի իր համարում եւ հացադուլ հայտարարեց: Ստիպված հանձնվեցի: Դա արդեն սեպտեմբերի 14-ին էր: Նույն երեկո մեծ ու հաստափոր պայուսակով իմ համար մտավ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ, մեծ աստղագետ եւ ատղաֆիզիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը: Նա ինձ նայեց այնպես, որ ես իսկույն հասկացաՙ այստեղ էլ եմ հանձնվելու: Առավոտյան ինձ հայտնի դարձավ, որ հացադուլին միացել են եւս մեկ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորՙ Վաչագան Գրիգորյանը եւ ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ Սեմյոն Բաբայանը:

    Ես բոլորովին էլ ինքնանպատակ կանգ չառա Ղարաբաղյան շարժման այդ դրվագի վրա: Բանն այն է, որ արդեն երկու օր անց Սոս Սարգսյանին այցելեց ռուս ականավոր արտիստ Կիրիլ Լավրովը, որը հատուկ եկել էր Լենինգրադից: Ամբողջ երկու ժամ Կիրիլ Յուրեւիչը նստեց Սոսի մոտ վեցերորդ հարկում եւ ապա բարձրացավ իմ ու Համբարձումյանի 13-րդ համարՙ տասերորդ հարկում:

    Լավրովի հետ զրույցի ընթացքում խոսք գնաց Սոսի մասին, եւ պահը որսալով, Վիկտոր Համբարձումյանը, դիմելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստին, ասաց.«Պետք է հայտնեմ ձեզ, Կիրիլ Յուրեւիչ, որ մեր ողջ ժողովուրդը շատ է սիրում Սոս Սարգսյանին»:

    – Իսկ ես գիտեմ, թե ինչու է ձեր ողջ ժողովուրդը սիրում նրան,- ասաց Լավրովը,- համոզված եմ, ոչ միայն ձեր ժողովուրդը, այլ առաջին հերթին ռուս եւ ընդհանրապես ողջ խորհրդային ժողովուրդն է սիրում նրան ոչ միայն այն պատճառով, որ հանճարեղ դերասան է: Ես հաճախ եմ մտորել այդ մասին եւ կարծես թե պարզել եմ այդ սիրո պատճառի բովանդակությունը: Գտել եմ Սոսի հանդեպ սիրո գաղտնիքի բանալին: Դա կուլտուրան է: Նրանից կուլտուրա է տարածվում շուրջը, որը ոչ միայն արտաքնապես է երեւան գալիս շփման ժամանակ, այլեւ ներքին, նույնիսկ խորքային բնույթ ունի:

    Այդ երեկո մենք երկար խոսեցինք Սոսի մասին: Ես նույնպես ասացի իմ խոսքը: Եվ նույնիսկ քնից անմիջապես առաջ, դատարկ ստամոքսով (հացադուլի իններորդ օրն էր) ես առաջին հերթին հուշատետրում գրի առա Վիկտոր Համբարձումյանի եւ Կիրիլ Լավրովի զրույցը: Գիտեի, որ ինչ-որ ժամանակ պետք կգա քսաներորդ դարի երկու ականավոր անձանց ոչ միայն այդ հանդիպումը, այլեւ հատկապես այն, թե ինչ էին խոսում նրանք ոչ պակաս ականավոր մարդու, մեր հայրենակցի մասին:

    Եվ ահա, կարծում եմ եկավ այդ ժամանակը: Չկա արդեն հայ մեծ գիտնականը, չկան հայ եւ ռուս ականավոր արտիստները: Բայց մնացել է իմ հիշողության մեջ այն հանդիպումը: Մնացել են Սոս Սարգսյանի մասին ասված բառերը: Բառեր սիրո եւ խորին հարգանքի:

    Եվ այդ ամենի մասին ես մտածեցի այնօրը, երբ դուրս էի գալիս հիվանդանոցից, որտեղ բժիշկները փրկեցին մի մարդու, որն այնքան պետք էր մեզ: Մեր ժողովրդին: Մեր մշակույթին: Չէ՞ որ ես չէի կարող չհպարտանալ այն օրը, երբ ժողովուրդը նշում էր Վիկտոր Համբարձումնյանի 82-ամյակը: Երբ Կիրիլ Լավրովը գնահատական էր տալիս մեր Սոսին, օգտագործելով ոչ թե պարզապես բառ, այլ «կուլտուրա» տերմինը: Այդպես էլ ասաց. «Նրաՙ Սոսի մեջ ամեն ինչ գալիս է կուլտուրայից. եւ՛ այն, թե ինչպես է նա խոսում, եւ՛ այն, թե ինչպես է լսում, ինչպես է ծիծաղում, ինչպես է վիճում, ինչպես է բարկանում, ինչպես է պահում իրեն բեմում»: Բայց չէր հապաղում անպայման հավելել, թե ինչպես է մտածում Սոս Սարգսյանը, որը մշակույթին էր հանգեցնում ամեն ինչ, այդ թվում եւ մարդու ու մարդկության փրկությունը:

    Սոսը երբեք չէր շփոթում կուլտուրան արտաքին փայլի հետ: Նույնիսկ բեմում եւ կինոյում բոլորովին տարբեր կերպարներ մարմնավորելով, ջանում էր մարդու մեջ ընդգծել ամենակարեւորը, ամենափրկարարըՙ մարդկայնությունը: Լիներ դա Մկրտիչը «Եռանկյունուց», թե Ֆեոֆան Պրոկոպովիչը «Միխայլո Լոմոնոսովից», թե նույնիսկ շեքսպիրյան Ջոն արքան: Բոլորովին չարհամարհելով հեղինակային մտահղացումը, նա ներսից ընդգծում էր աշխարհի սեփական ընկալումը իր հերոսի էության միջոցով: Այնպես որ Սոսի մոտ ավելի հաճախ խոսքը խաղի մասին չէր, այլ կյանքի:

    Մենք այսօր ողջ աշխարհում խոսում ենք տնտեսական ճգնաժամի մասին, դրա էությունը նեղացնելով ընդամենը ֆինանսական ճգնաժամի շրջանակներում: Ընդ որում չի կարելի չտեսնել, որ արդեն ավելի ու ավելի հաճախ են խոսում այդ փորձանքի ժամկետի ավարտման մասին, որն այնքան սուր է ազդում մեր հանապազօրյա հացի խնդրի վրա: Բայց չգիտես ինչու քիչ են մտածում այն մասին, թե ողջ աշխարհի համար որքան վտանգավոր է վաղուց սկսված մշակութային ճգնաժամը: Հենց այդ մասին էր հաճախ խոսում Սոսն իր զրույցներում: Մնում է միայն նախանձել պլատոնյան եւ սոկրատյան ժամանակներին, երբ փիլիսոփայական շատ աշխատություններ ու հայտնագործություններ ստեղծվում էին զրույցների ընթացքում: Սոսը պարզապես հանճարեղ զրուցակից էր: Նրա մեջ ինչ-որ բան կար Էկզյուպերիից: Քանզի շփումը նրա հետ միշտ ուրախություն եւ երջանկություն էր: Իր պարզությամբ ու պատկերավորությամբ նա կարողանում էր ստիպել զրուցակցին հուզվել: Այդ նա էր, որ 1990 թվականի մարտի 5-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ամբիոնից հնչեցրած իր ելույթում խոսեց Սումգայիթի եւ Բաքվի մասին, Ղարաբաղի ողբերգության ու ցավի մասին: Նա խոսում էր ոչ բարձր, բայց մեռյալ լռության մեջ (ելույթ էր ունենում առանց թղթի): Մի ինչ-որ պահի նա կանգ առավ եւ հազիվ թեքվելով նախագահության կողմը, որտեղ նստած էր ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը, արտաբերեց արդեն բարձրաձայն. «Մի՞թե դուք այդպես էլ չհասկացաք, թե ինչ է կատարվել եւ կատարվում մեր մեծ երկրում: Այդպես էլ չհասկացաք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի սեփական, ինքնօրինակ մշակույթ եւ միայն միասնության մեջ ենք մենք ներկայացնում համամարդկային արժեքներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մենք մշակույթը սկսեցինք դիտարկել որպես վերնակցորդ, մինչդեռ այն հիմք է բոլորի եւ ամեն ինչի համար, այն մարդկային կյանքի էությունն է: Արդյոք դա չհանգեցրեց նրան, որ մշակույթ ենք համարում ընդամենը, ասենք, շեքսպիրյան կրքերը բեմում կամ քանդակների կախարդական գծերն ու ձեւերը: Այնինչ մշակույթի հիմքում ընկած է գթասրտությունը, որի բացակայությունն էլ հանգեցրեց Սումգայիթի, իսկ հիմա ահաՙ նաեւ Բաքվի»:

    Ես երբեք չեմ մոռանա այդ րոպեները: Նիստերի Կրեմլյան դահլիճում քար լռություն էր իշխում, քանի դեռ Գորբաչովը մի ինչ-որ ձայնարկությունից հետո ցածրաձայն ու բազմիմաստ արտաբերեց «Դա՜-ա»:

    Սոսը, հաճախ հիշատակելով, որ հայ թատրոնի պատմությունը գալիս է դարերի խորքից, եւ որ Հայաստանը մեծ դերասանների հայրենիք է, անպայման ավելացնում էր. «Ասես հայկական արյան հենց բուն կազմում դեպի թատրոնը ձգող մի ինչ-որ բան կա»: Նա գտնում էր, որ ոչ թե մտավորականությունը, այլ ողջ ժողովուրդն է իր դերասաններին ընկալում որպես ազգային ոգու մարմնավորում:

    Ճիշտ էր ասում: Մի կողմ թողած կեղծ համեստությունը, խոսում էր նաեւ իր մասին: Մանավանդ երբ թեման ոգին էր: Ես երջանիկ էի, երբ ղարաբաղյան դժնդակ տարիներին համոզվեցի, որ այն ժամանակ Գարեգին Նժդեհը ամենից շատ մեջբերվող մեր հայրենակիցն էր: Այդ նա էր գտնում, որ ոգին գործուն զենք է: Եվ երբ մեծ զորահրամանատարն ու փիլիսոփան, ես կասեի նաեւՙ հրապարակախոսը, պարզապես պարտավորեցնում էր մեզ բոլորիս շարքեր կազմել եւ մարտն սկսել նրանից, որ ինքդ քո մեջ հաղթես սեփական պարտությունը, հաղթահարես ինքդ քեզ, մենք հասկացանք, որ վրա է հասել մեր ժամանակը:

    Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Սոսը, լեգենդար Սիլվայի նման մտավ պայքարի շարքեր:

    Քչերն են այսօր հիշում, որ արդեն մի քան օր անց այն բանից, երբ սումգայիթյան հաշմված փախստականների հոսքը թափվեց Երեւան, Սոսն իր բնակարանը վերածեց իսկական շտաբի: Նելլիի հետ այն ժամանակ ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու:

    Ամեն օր վաղ առավոտից նրա դռան մոտ հերթ էր գոյանում: Սումգայիթցի փախստականները լուռ խռնվում էին բակում: Սոսի եւ տաղանդավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ սկզբում այցելեցինք Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանին, ապա ուղղվեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ: Հաջորդ օրը Էջմիածինը Պետական բանկի հաշվին փոխանցեց ավելի քան երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա ահռելի գումար էր): Մի քանի ուսանողներ կամովին ցանկություն հայտնեցին աշխատել Սոսի շտաբում: Յուրաքանչյուրի սեղանին համակարգիչ էր դրված: Գրի էին առնում անունները, անձնագրերի համարները, հանձնում ստացականներ, որոնք նախապես մեզ ուղարկում էին բանկից: Դա շարունակվեց մի քանի ամիս: Շուտով Ֆադեյ Սարգսյանը հասավ ամենագլխավորին. ԽՍՀՄ-ի տարբեր տարածաշրջաններից նրա խնդրանքով մեզ ուղարկեցին ֆիննական տնակների ահռելի քանակի կոմպլեկտներ, որոնք իսկույն ուղարկեցինք Ստեփանակերտ: Մի քանի անգամ Սոսի եւ Սիլվա Կապուտիկյանի հետ մեկնեցինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թե ինչպիսի բուռն աշխատանք էր տանում այնտեղ Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը: Կարճ ժամկետում նա համենայնդեպս կարողացավ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպես էլ կոչվում էՙ Սումգայիթյան: Եվ այդ ամենի մեջ կար Սոս Սարգսյանի ոգին: Նրա տան դռանը ինչ-որ մեկն այն ժամանակ կավճով գրել էր բառեր Սողոմոնի առակից. «Ավերված անպարիսպ քաղաքը նույնն է, թե մարդըՙ ոգուց զուրկ» (Հին Կտակարան):

    Ես բոլորովին չեմ կասկածում, որ ճակատագիրն Աստծո կամքով ինձ մոտեցրեց Սոսին: Հիմա, երբ նա այլեւս չկա, չափից ավելի լավ գիտեմ, թե որքան պետք էր մեր ժողովրդին նրա ոգին: Չէ՞ որ դեռ վաղուց է ասված, թե աղեղը կոտրվում է լարումից, իսկ ոգինՙ թուլանալուց: Դրանում ինքըՙ Սոս Սարգսյանը համոզեց մեզ բոլորիս, հանճարեղաբար մարմնավորելով Ձորի Միրոյի եւ Նահապետի կերպարները:

    Մի ողջ տարի է, ինչ Սոսը մեզ հետ չէ: Այդ ընթացքում մենք իմացանք, որ նրա կյանքը անչափելիորեն վսեմ էր: Այդ հավանաբար նրա մասին է ասել հին աշխարհի իմաստունը. «Միակ բանը, որ հիրավի վեհացնում է մարդկային կյանքը, դա ուրիշի կյանքը սեփական կյանքից ավելի սիրելու կարողությունն է»: Նա հեռացավ, թողնելով իր կյանքի պես վսեմ, ես կասեիՙ խորապես մտահղացված երազանքՙ Սոսի թատրոնի մասին: Ցավոք, չհասցրեց իրագործել: Ահա թե ինչի մասին պետք է մենք մտածենք այսօր: Եվ մտածել գործուն կերպով, ինչպես միշտ անում էր ինքը: Մեծ դերասանը, մեծ մարդը, որի համար չկար այլ երջանկություն, բացի կատարված պարտքի վեհությունից:

  • ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-27-ԻՑ ԵՂԱՆԱԿԸ ԿՏՐՈՒԿ ԿՑՐՏԻ

    Ա. Մ.

    Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ հոկտեմբերի 26-ից Հայաստան կներթափանցեն սիբիրյան ցիկլոնները եւ հոկտեմբերի 27-ից ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Մասնավորապես, 20 աստիճանով օդի ջերմաստիճանը կնվազի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում, իսկ Երեւանում եւ մյուս մարզերումՙ 10 աստիճանով:

    Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արեւելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրեւի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

    Երեւանում հոկտեմբերի 26-ի ցերեկային ժամերին կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կլինի 11-13 աստիճան, իսկ հոկտեմբերի 27-ին` 10-12 աստիճան տաքություն, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:

  • ԻՆՉՊԻՍԻ՞ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՅՍ ՏԱՐԻ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    2014-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3 տոկոսով: Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում սա տնտեսական ակտիվության աճի ամենաբարձր ցուցանիշն է: Աճի տեմպի բարձրացման միտումը գրացվել է վերջին երեք ամիսներին: Տարվա առաջին 7 եւ 8 ամիսներին էլ աճը կազմել էր 4,1 տոկոս: Դրանից առաջ տնտեսական աճի ցուցանիշը 4 տոկոսից ցածր է եղել: Այս ցուցանիշը որքանո՞վ կարելի է լավ կամ վատ համարել, նկատի ունենալով մեր երկրի տնտեսական կացությունը:

    Ավելի ցածր, բայց կայուն եւ շարունակական տնտեսական աճ

    Այս տարվա պետական բյուջեով ակնկալվում է, որ մեր երկրի տնտեսական աճը պետք է լինի 5,2 տոկոս: Միաժամանակ, միջազգային ֆինանսական կազմակերպությունները ավելի ցածր աճ են կանխատեսում: Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա համար կանխատեսում է Հայաստանի տնտեսութան 2,5 տոկոս աճ, Համաշխարհային բանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ` 3 տոկոս: Այս կանխատեսումների համապատկերում 4,3 տոկոս տնտեսական աճը կարծես թե վատ ցուցանիշ չէ: Եվ ընդհակառակը, բյուջեով սահմանված 5,2 տոկոսի համեմատ էլ այն ցածր ցուցանիշ է:

    Հիշեցնենք, որ նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության առջեւ նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր էր դրել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Սակայն առավելապես համաշխարհային տնտեսական ցածր աճի հանգամանքներից ելնելով, ակնհայտ դարձավ, որ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը` տնտեսության կառուցվածքը փոխելու եւ դիվերսիֆիկացնելուն զուգահեռ, անհնար է: Արդյունքում, նոր` Հովիկ Աբրահամյանի կառավարության առջեւ դրվեց տարեկան 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու խնդիրը:

    2000-ականների երկնիշ տնտեսական աճի համապատկերում, բնական է, որ 5 տոկոս տնտեսական աճը ցածր ցուցանիշ է: Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ 2000-ականներին բարձր տնտեսական աճն ապահովվում էր հիմնականում տնտեսության մեկ ճյուղի` շինարարության հաշվին, որը ամենածանր հարվածը կրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ մինչ այժմ էլ բավականին հեռու է նախկին ծավալներից: Այսինքն, տնտեսական աճ ապահովելը չպետք է տեղի ունենա միայն մեկ ճյուղի եւ այն էլ այնպիսի ճյուղի հաշվին, որն իր բնույթով կայուն եւ շարունակական չէ: Տնտեսական աճի ապահովման ներկայիս միտումը, երբ շեշտը դրվում է իրական հատվածի` արդյունաբերության եւ գյուղատնտեսության, ծառայությունների` զբոսաշրջության, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, անգամ ավելի ցածր տեմպ ունենալով, ավելի կայուն է եւ զարգացման հեռանկարներ ունի: Թե ի՞նչ համաչափությամբ են զարգանում տնտեսության ճյուղերը, երեւում է այս տարվա 9 ամիսների ցուցանիշներից:

    Ինչպե՞ս է փոխվում տնտեսության ճյուղային կառուցվածքը

    Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերության արտադրանքի ծավալներն այս տարվա 9 ամիսների ընթացքում աճել են 1,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 6,9 տոկոսով, ծառայություններինը` 6,8 տոկոսով, առեւտրինը` 5,2 տոկոսով, շինարարությունն արձանագրել է 2,4 տոկոս անկում:

    Աճի տեմպով առաջատար են գյուղատնտեսությունն ու ծառայությունները: Գյուղատնտեսությունը արագ տեմպերով ավելացնում է իր համախառն արտադրանքի ծավալները: Սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի նկատմամբ գյուղատնտեսությունում աճը կազմել է 11,7 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսի նկատմամբ` 43,5 տոկոս:

    Արդյունաբերության ծավալները նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճել են 7,5 տոկոսով, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ` 15 տոկոսով: Արդյունքում, 9 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են գրեթե 919 մլրդ դրամ: Արտադրանքի ծավալներով արդյունաբերությունը երկրորդն է առեւտրից հետո:

    Ծառայությունների ոլորտն էլ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ դարձյալ բարձր` 10,8 տոկոս աճ է ունեցել, իսկ օգոստոսի համեմատ այն կազմել է 2,5 տոկոս: Վերջին ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ օգոստոսը այս ճյուղի կարեւոր բաժին հանդիսացող զբոսաշրջության համար ամենաբարձր ակտիվության ամիսն է եղել եւ սեպտմբերին դրան զգալի գերազանցող աճ դժվար թե արձանագրվի:

    Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ անկումը շարունակվում է: Եղած ծավալներն էլ մեծապես պայմանավորված են պետական շինարարությամբ, իսկ մասնավոր հատվածում կառուցապատման ծրագրերը գրեթե չեն իրականացվում:

    Տնտեսական աճը զսպող եւ խթանող գործոնների ազդեցության տակ

    Տնտեսական աճի տեմպը մինչեւ տարեվերջ կբարձրանա, թե՞ կնվազի: Հայտնի է, որ տարվա վերջին երեք ամիսներն ամենաբարձր տնտեսական ակտիվությունն ունեն: Միաժամանակ, կանխատեսվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպի անկում: Այս հանգամանքներից բացի, կան եւս երկու գործոններ, որոնք դժվարացնում են կանխատեսելը, թե ո՞ր ուղղությամբ կընթանա մեր երկրի տնտեսական աճի ցուցանիշը:

    Ռուսաստանից եկող մասնավոր փոխանցումների թեեւ ոչ մեծՙ բայց նվազումը բացասաբար է ազդելու մեր երկրի տնտեսական ակտիվության, հետեւաբար եւ տնտեսական աճի վրա: Մյուս կողմից էլ, Ռուսաստանի կողմից, արեւմտյան երկրների արգելքներին ի պատասախան, այդ երկրների գյուղմթերքների նկատմամբ սահմանած արգելքները, Հայաստանի արտադրողներին ռուսական շուկա արտահանման ավելացման հազվադեպ հնարավորություն են ստեղծում: Եթե մեր արտադրողները կարողանան օգտվել դրանից, ապա դա կխթանի տնտեսական ակտիվության աճը:

    Վերոնշյալ գործոնները հաշվի առնելով, հավանական է թվում, որ տնտեսական աճի ցուցանիշը կպահպանվի 4-4,5 տոկոսի սահմաններում: Այս տարվա համար, ներկա իրողությունների պարագայում, սա թերեւս կարելի է բավարար համարել, բայց երկրի զարգացման, տարածաշրջանային զարգացումներից հետ չմնալու, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու, սոցիալական իրավիճակի նկատելի բարելավման հասնելու համար իշխանությունների եւ գործարար համայնքի կողմից բոլոր ջանքերը պետք է գործադրվեն առաջիկա տարիներին 4-5 տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ արձանագրելու համար:

  • ՀՐԱԺԵՇՏ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

    Իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնը թողած եւ արդեն Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Լեհաստանում Հայաստանի դեսպան: Ինքը` Էդգար Ղազարյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ իր դիմումի` կառավարության կողմից ընդունվելու մասին եւ հրաժեշտը ծաղկեցրել իր մասնակցությամբ մի կատարում տեղադրել-նվիրելով ընկերներին եւ իրեն դրական վերաբերմունքով շրջապատած մարդկանց: Իսկ կատարումը «Կադանս» խմբի հետ մի երգ է: Ավելացնենք, որ մեր տպավորությամբ Ղազարյանը մարզպետների մեջ ամենից կրթված ու բարեկիրթ ղեկավարի տպավորություն էր թողնում` հավելյալ դրական հատկանիշ ունենալով նաեւ երիտասարդ տարիքը:

  • «ԱՆՄՈՌՈՒԿԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

    «ԱՆՄՈՌՈՒԿԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

    ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

    Մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Հսկայական անելիքներ կան տեղեկատվական դաշտում: Վերջերս Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր այն պլանները, որոնք տարելիցի միջոցառումների օրակարգում են: Ընդգծենք կարգախոսըՙ «Հիշում եմ եւ պահանջում»: Իհարկե, արդեն մեկ դար էՙ հայ ազգը տարբեր ամբիոններից ու միջազգային հարթակներից հայտարարում է, որ չի մոռացել: Գալիք տարում մի փոքր ուրիշ կլինի. մենք լռությամբ կհարգենք միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը, իսկ մեր փոխարեն կխոսի… անմոռուկը (forget-me-not): Սրանք երկու կարեւոր տարրերն են, որոնց ասելիքը մեր մեկդարյա պահանջն է: Բայց սովորական դարձած մի երեւույթ ծառս եղավ այս հարցի շուրջ. մինչ նախագծի հեղինակները մամուլի ասուլիսներում բացատրում էին, որ անմոռուկ ծաղիկը աշխարհի տարբեր լեզուներով նույն իմաստի թարգմանությունն ունի, առաջացավ ըմբոստացողների բանակ: Նրանք չվարանեցին իրենց հերթին պրպտել բառարաններն ու հակասելՙ ֆրանսերենով էլ այդ ծաղիկը «myosotis» է կոչվումՙ մկան ականջ: Բառախաղերը մի կողմ: Ո՞վ էր այն առաջինը, որ հայտարարեցՙ անմոռուկը տարիներ շարունակ եղել եւ մնում է մասոնական շարժման խորհրդանիշ: Հայտարարեց ու ալեկոծեց ընդդիմախոսների բողոքը:

    Հիշեցնենք, որ շատ ավելի վաղ ձեւավորվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով: Այն հայտարարել էր խորհրդանիշների մրցույթ, որում հաղթող ճանաչվեց «Շարմ» ընկերությունը: Մի խումբ բանախոսներ ու լրագրողներ փորձում են հաղթանակը կապել քաղաքական էլիտայի շրջանում խնամիական կապերի հետ: Բայց հանձնաժողովը վստահեցնում էՙ ամեն ինչ կատարվել է անաչառ: «Շարմ»-ը ունեցել է երեւակայությունՙ ծաղկի հինգ պսկաթերթերը նույնացնելու այն հինգ մայրցամաքների հետ, որտեղ Ցեղասպանությունից հետո հանգրվանեցին մազապուրծ հայերը: Ծաղկի չորս հիմնական գունային բաղադրիչները եւս խորհրդանշական են: Մեջտեղում դեղինով պատկերված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող տասներկու մույթեր: Ինչեւէ, անմոռուկը մասոնական է, թե՞ ոչՙ այլեւս կարեւոր չէ, որովհետեւ արժանացել է թե՛ նախագահականի, թե՛ Մայր աթոռի հավանությանը: (*)

    Արդեն ասացինք, որ հարյուրամյակի հիմնական գործողությունները դուրս են գալու տեղեկատվական ասպարեզ: Կարեւոր է Փի Ար ասվածը: Սրա շրջանակներում է պատրաստվել եւ շարունակում են պատրաստվել նշված ծաղկի տեսքով կրծքանշաններ, իսկ գույներովՙ ժապավեններ: Թողարկվելու են երկգույնանիՙ սեւ ու սպիտակ պաստառներ: «Առաջինը, որպես սգո եւ հիշատակի օրվա նշան, օգտագործվելու է Ապրիլի 24-ին, երկրորդըՙ ամբողջ տարվա կտրվածքով»,- ասվում է «Շարմ» ընկերության տեղեկատվական տեսանյութում: Դժվար է ըմբռնելՙ ինչ է նշանակումՙ ամբողջ տարվա կտրվածքով, եւ ինչպես են հեղինակները պատկերացնում պաստառի տարեկան օգտագործման մեխանիզմը:

    Իհարկե, տեսանելի է այն աշխատանքը, որ տարվում է նախապատրաստական փուլում: Արդյունքների մասին դատելու համար վաղ է: Թե ինչ տպավորություն կթողնի այս ամենը աշխարհի վրա, զրուցեցինք «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի հետ.

    – Եթե խորհրդանիշներին հանրային կապերի տեսանյունից նայենք, ապա գույնի եւ սիմվոլի ընտրությունը մասնագիտորեն ձեւակերպված ու արդարացված է: Իսկ այդ ծաղիկը միշտ ունեցել է իր յուրահատկությունը: Կապ չունիՙ այն ինչպես է ընկալվել, որովհետեւ այսօր արդեն կընկալվի այնպես, ինչպես մենք կներկայացնենք:

    Ինչ խոսք, շատ ավելի մեծ Փի Ար է սպասվում արտաքին քաղաքականության դաշտում: Իսկ ժամանակն ինքը ցույց կտաՙ տապալված «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո որքանով հաջողված կլինի «անմոռուկի դիվանագիտությունը»: Եթե թուրքերը ծնկեցին, ուրեմն հաղթանակը մերն է, եթե ոչՙ գրողի ծոցը ծնկեն…

    (*) Ավելացնենք մեր, ավելի շուտՙ մեր թերթի փարիզաբնակ բարեկամներից մեկի նկատողությունըՙ «Եվրոպայում եւ Մ. Նահանգներում մասոնականությունը այլեւս մոդա չէ. փոխարենը մոդա է «գեյ»ականությունը»: Ծ.Խ.:

  • ՇԹԱՅՆՄԱՅԵՐԸ ՀԵՏԵՎԵ՞Ց ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

    Գերմանական «Ցայթ օնլայնը» հոկտեմբերի 23-ին հաղորդում է, որ, ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերը հինգշաբթի օրը Բաքվում պահանջել է վերջ տալ Ադրբեջան- Հայաստան հակամարտությանը։ Հակամարտությունը խաթարում է տարածաշրջանային կայունությունը, եւ ԵՄ ամրապնդում է ջանքերը, որ ԼՂ հակամարտությունն ավարտ գտնի, ասել է ԳԴՀ արտգործնախարարը, որ վերջերս Կիեւի բանակցություններում մեծ մասնակցություն ունեցավ հրադադարի հաստատման հարցում։ Ըստ ԳԴՀ արտգործնախարարության հայտարարության, հոկտեմբեր 22-23 -ին Ադրբեջան, այնուհետ Հայաստան այց նախաձեռնած Շթայնմայերը նպատակ ունի երկկողմանի հարաբերություններն ամրապնդել, ինչպես նաեւ երկու երկրներին մերձեցնել ԵՄ-ին։ Արտգործնախարարին ուղեկցում են գերմանական գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Հինգշաբթի առավոտյան Բաքվում գերմանական պատվիրակությունը հանդիպել է քաղաքացիական հասարակության անդամների հետ, այնուհետ նահատակների ծառուղում ծաղկեպսակ դրել հուշարձանին, հանդիպել նախագահ Ալիեւին, որին հետեւել է իր պաշտոնակից Մամեդյարովի հետ զրույցը։ Ադրբեջանի հետ Գերմանիան 1999-ից ի վեր համագործակցության պայմանագիր ունի էներգետիկ բնագավառում։ Այցը հաստատում է, որ Ուկրաինայի ճգնաժամը չի տկարացնում Գերմանիայի հետաքրքրությունը արեւելյան գործընկերության մյուս անդամ երկրների նկատմամբ։ Հայաստանում էլ Շթայնմայերը հանդիպելու է նախագահ Սարգսյանին, արտգործնախարար Նալբանդյանին, այցելելու է Ծիծեռնակաբերդ։ Գերմանիան սատարում է Հայաստանիՙ ՆԱՏՕ-ին,ԵՄ-ին մերձեցմանը, վերջինիս պարագայում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների առումով։ Երկու երկրների կառավարությունների բանակցությունների արդյունքն է 2014-իհոկտեմբերին զարգացման համագործակցության վերաբերյալ Գերմանիայի ՀՀ-ին խոստացած 109, 8 միլիոն եվրոյի տրամադրումը։ Գերմանիան եւ նրա ԵՄ գործընկերները սատարում են Մինսկի խմբի բանակցային ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

    Գերմանական ARD իր «Tagesschau» օրվա լրահոսը ներկայացնող բաժնում հոկտեմբերի 22-ին անդրդադառնալով Շթայնմայերի այցին, փոխանցում էՙ ռուսական ղեկավարությունը ուշադիր հետեւելու է ԳԴՀ արտգործնախարարի հայտարարություններին։ «Նախկին ԽՍՀՄ այս հանրապետություններն այլեւս ամբողջովին Եվրոպա չեն, բայց դեռեւս լրիվ Ասիա էլ չեն։Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ ընկած այս տարածքը երկու մայրցամաքներ են կապում։ Անցած 25 տարում տարածաշրջանի հիշյալ երկրները առավելաբար դեպի Արեւմուտք էին հակվել։ Անդրադառնալով ԼՂ- ին, մեկնաբանը վերլուծում է Ռուսաստանի երկակի խաղըՙ լծակներն օգտագործում է իր ռազմավարական գործընկեր Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու նպատակովՙ Ադրբեջանին զենքի մատակարար հանդիսանալով։ Ադրբեջանը Ռուսաստանի աչքի փուշն էՙ Եվրոպայի համար նավթի եւ գազի հնարավոր մատակարար լինելու փաստը հանգիստ չի թողնում ՌԴ-ին։ Հսկայական գումարների միջոցով Ադրբեջանն ուզում է արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իր վարկը բարելավել։ Եվրոպայի Խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո էլ Ադրբեջանի նախագահը կառավարությանը քննադատողների նկատմամբ բռնաճնշումներ է իրականացնում։ Մարդու իրավունքների պաշտպանները հաշվել են 98 քաղբանտարկյալ։ Վերջերս Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը Բաքվում հստակ քայլ էր արելՙ նա ադրբեջանական իշխանությունների առջեւ էր դրել քաղբանտարկյալների անվանական ցուցակը, ինչպես նաեւ ԵՄ երկրների այն լրագրողների անունները, որոնց արտոնված չէ Ադրբեջան մտնել։ Շթայնմայերը նույն կերպ կվարվի՞, դեռ հայտնի չէ, հոկտեմբերի 22-ի իր հաղորդումը եզրափակել էր գերմանական Առաջին ալիքը։

  • «ԿՈԲԱՆԻ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱ ԿԱՅԱՆ»

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

    Հոկտեմբերի 23-ին հիշյալ վերնագրով հոդված է հրապարակել ավստրիական «Դեր Շտանդարտը»: Մեր ընթերցողին ծանոթ Մարկուս Բերնաթը, որն ի դեպ վերջերս հայտնվել է ադրբեջանական սեւ ցուցակում, իր բլոգում պատմության գրքերը վկայակոչելով գրում էՙ Կոբանիումՙ այնտեղ, ուր այսօր քրդերն ու իսլամիստները պայքար են մղում, 1915-16-ին երիտթուրքերը հալածելով քշում էին հազարավոր հայերի: Տարօրինակ դեպքերը հաջորդում են միմյանց Սուրուչումՙ սահմանի թուրքական հատվածում: Նախկին քաղաքապետ, քուրդ ցեղախմբերից մեկի առաջնորդն իր որդու հետ ավտոմեքենայում սպանվում է, Press TV-ի լրագրողը կասկածելի հանգամանքներում ավտովթարի զոհ դառնում, սիրիական ապստամբների խմբի առաջնորդներից մեկը, որ Կոբանիում մարտնչում էր ԻՊ դեմ, թուրքական հողում Սուրուչից քիչ հեռու Ուրֆայում սպանվում է ենթադրաբար իսլամիստների ձեռքով, ինչը վկայում է, թե հանցանշանն առկա էՙ իսլամիստ ահաբեկիչները ազատ տեղաշարժվում են թուրքական քաղաքներում:

    Ավստրիական օրաթերթը հիշեցնում է, որ այս վայրերը առաջին անգամ չէ, որ պատերազմ ու վայրագություն են տեսելՙ Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ այս վայրերով էր սիրիական Դեր էզ Զոր անապատ քշում հայերին: Մարկուս Բերնաթն այնուհետ մանրամասն շարադրում է այն, ինչ միջազգային լրատվամիջոցների ուշադրության առանցքում էՙ առանց հիշատակելու այս շրջանների մասին գրված իրական պատմությունըՙ վկայակոչելով ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» 2011-ին լույս տեսած աշխատությունը, Թաներ Աքչամի «Երիտթուրքերի ոճիրը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» 2012-ին լույս տեսած գիրքը: Իսկ քրդերի Կոբանին, որին արաբները Այն ալ Արաբ անունն էին տվել, հայերի բերանում դարձել էր Արաբ Փունար կամ Արաբունարի: Ըստ Գեւորգյանի, 15 000 աքսորյալ, մեծ մասը Սվազից, 1915-ի սեպտեմբերին այստեղ էին հավաքվել: Օրական 150-170-ը մահկանացուն էր կնքում, իսկ շաբաթներ անց 4000-ն արդեն մեռյալ էին, ականատեսի պատմածը իր գրքում շարադրած Ռայմոն Գեւորգյանին է մեջբերում ավստրիական օրաթերթը: