Category: 21 Հունիսի, 2024

  • Իշխանությունը կորցրեց պատմական պահը

    Հավերժ սկեպտիկները, որոնք բազմաթիվ են մեր հասարակության մեջ, ավելի ինքնավստահ են դարձել. «Մենք չէի՞նք ասում, որ «Սրբազան Շարժումը» հանգելու է», բազմանշանակ ասում-գրում են նրանք: Գոհ են նաեւ դավադրագետները. «Վաղո՜ւց նկատել էինք Սրբազանի սքեմի ետեւ թաքնված Ռոբին ու Սերժին: Տեսա՞ք,- հարցնում են նրանք,- հյուրանոցում Ռոբերտ Քոչարյանի հետ գաղտնի հանդիպումից հետո երեկ էլ ոնց գնաց Սերժ Սարգսյանի առանձնատուն»: Հասարակության մի շերտ էլ կա, ավելի սրատես ու լայնատես, որ Շարժման ետեւ կամ մեջ տեսնում է Ռուսաստանի, անձնապես Պուտինի ձեռքին խամաճիկ խաղացնողի լարերը. «Շարժման նպատակը պարզ է,- ասում են այդ շերտին պատկանողները,- Հայաստանը գուբերնիա պիտի դարձնեն Եկեղեցու եւ Սրբազանի միջոցով»:

    Անշուշտ կան նաեւ հասարակության ավելի լայն շերտեր, մի ամբողջ զանգված եւս, որտեղ տիրապետողը «ի՞նչ եք ուզում Նիկոլից, թողեք մարդն աշխատի» խրատականն է, կամ՝ «Նիկոլը գնա, որ նախկինները հե՞տ գան», կամ՝ «Բագրատի հետեւից գնացողները սա՛ղ ղարաբաղցիք են», «նորից պատերա՞զմ եք ուզում», «Ռոբն ու Սերժը արդեն տվել էին հողերը», կամ՝ «դաշնակները կյանքում ի՞նչ լավ բան են արել, որ հիմա անեն», եւ կամ՝ «ճանապարհ փակողների դեմ ուրիշ ի՞նչ էր անելու ոստիկանությունը»: Բայց ամենատարածվածը այս խավում՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» անգիր արած խոսույթն է:

    Իսկ կա եւս մի խավ, որն անասելի ցնծության մեջ է այս օրերին: Խորհրդարանում Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով ընդդիմության բերած օրակարգը մերժելու, նիստը բոյկոտելու, դրսում, հարակից փողոցներում, հատկապես հունիսի 12-ին, Շարժման մասնակիցների ջարդն ու ձերբակալությունը ոգեւորել է նրանց անասելի չափով: Նրանց քայլվածքը դարձել է ավելի հոխորտ եւ ինքնավստահ, որոշապես՝ ավելի լկտի: «Մենք կողջունենք, եթե ընդդիմադիր պատգամավորները մանդատը վայր դնեն, ավելի ազատ կլինենք մեր ուզած օրենքները ընդունելու», ասում են ժողովրդավարության բաստիոն-միջնաբերդի այդ բնակիչները: Նրանց կարծիքով, Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժումը ավարտին է հասել չորեքշաբթի օրը տեղի ունեցեած ասուլիսով, հաղթել է երկրի «օրինական իշխանությունը» եւ եկել է ժամանակը հանրաքվե, ընտրություն եւ ցանկացած այլ բան անելու:

    Ես այստեղ կարող եմ շարադրել Շարժման վերաբերյալ իմ դիտարկումները, քննադատել որոշ բացթողումները, լուրջ վրիպումները, որոնց շարքում՝ ժողովրդային առավել լայն զանգվածին շահագրգռող սոցիալական ու տնտեսական խնդիրների անտեսումը, տակտիկական մի քանի սխալները, իսկ ամենկարեւորը՝ փորձառու եւ մասնագիտորեն զարգացած հայտնի գործիչներից Շարժման ղեկավար կուռ թիմ չստեղծելը: Նկատի ունեմ մանավանդ նախկին մեր վարչապետներին:

    Այսուհանդերձ, ձեռնպահ եմ մնում քննադատությունները մանրամասնելուց, առայժմ, քանզի ուզում եմ հավատալ, որ Շարժումը չի ընդհատվի, ընդհակառակն՝ մասնագետ ու թրծված նոր տարրերով կհամալրվի, գործնական նոր մոտեցումներով, վերանորոգված նոր ավյունով կշարունակի իր շարժընթացը: Անորակ եւ արկածախնդիր իշխանությանը զսպող, հակակշռող, պատժող ուժ է պետք մեր երկրին:

    Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական բռնատիրությամբ հոխորտացող իշխանավորներին, նրանք պետք է ըմբռնեն, որ հունիսի 12-ին ու դրանից առաջ իրե՛նք են կորցրել պատմական պահը երկիրը խաղաղ հուն տեղափոխելու, ռամկավարական-ժողովրդավարական կարգերը ամրապնդելու: Ընդվզման հաջորդ շարժումները, ովքեր էլ որ լինեն դրանք առաջնորդողները, կարող են բոլորովին այլ բնույթ ու բովանդակություն ունենալ:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Հայաստանը քիչ ժամանակ ունի

    Հայաստանը քիչ ժամանակ ունի

    Ցավակցել կարելի է այն մարդկանց, ովքեր մտածում են, կամ առնվազն բարձրաձայն ասում են, թե Նիկոլին հեռացնենք, դա է հիմա գլխավոր խնդիրը, մնացածը հետո կարելի կլինի գլուխ բերել:
    Լո՞ւրջ:

    Մեծ շահերի խաչմերուկ երկրում, ուր ամեն քաղաքական միավորի ու խմբի հետեւում, ներառյալ` իշխանական ու իշխանամերձ, շահ ունեցող մի երկրի պահապան շներն են թազնած, ուր ամեն խումբ իր պատրոնին է հարցնում քայլերի հերթականություն եւ հաջորդ` ամենամոտիկ քայլն անգամ չգիտե, լուրջ մտածում եք, որ մի անձ ինչ-որ բա՞ն է վճռում Հայաստանում: Որ աշխարհի համակարգերն ու նրանց հետեւում թաքնված շահերը չե՞ն կռվում այստեղ միմյանց հետ: Դա առնվազն ծիծաղելի է, եթե լալու չլիներ, մանավանդ` մի ողջ շարժում, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարոււթյամբ, հենց այդ թեզով է շարժվել մինչեւ այժմ: Լուրջ մարդիկ, լուրջ դեմքով, լուրջ տեսքով ասում են` մենակ սա գնա, հետո կորոշենք` ի՞նչ անենք: Իրո՞ք:

    Այն օրը, երբ Ազգային ժողովում կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմության ուղերձը քվորում չհավաքեց, ԱԺ նախագահն էլ ասաց` ընդդիմության գործողություններն ավելի ուժեղացրին իշխանության դիրքերը (լրիվ համաձայն եմ Ալեն Սիմոնյանի հետ այս դեպքում), դուրս եկա փողոց ու խոսքի բռնվեցի երիտասարդ մի կնոջ հետ, որ ՀՅԴ անդամ էր, մտավորականության շերտից: Ու նա լուրջ-լուրջ խոսում էր այն մասին, թե հիմա գերխնդիրը Նիկոլի հեռացնելն է, ժողովուրդն էլ, հիմարի նման, չի գալիս հրապարակ, այն դեպքում, երբ երկիր ենք կորցնում: Հակադարձեցի նրան, թե ժողովրդին հիմար ասելով` ոչինչ չեք առաջարկում, ասում եք` Նիկոլը թող հեռանա, նոր կասենք, թե ո՞վ է մեր նախընտրած վարչապետը: Ու հետո ուզում եք այդ նույն` հիմար անվանված ժողովուրդը գա հրապարա՞կ: Իսկ ի՞նչ պիտի ենթադրի ժողովուրդը` հետեւելով ձեր քայլերին. որ նորից ուզում եք իշխանության բերել նախկին նախագահներին ու նրանց շրջապատը: Է, ժողովուրդն այնքան էլ ձեր կարծած հիմարը չէ, որ դա իր ձեռքով անի, այս դեպքում անսխալ աշխատում է հավաքական բնազդը, որքան էլ համաձայն չէ արդեն արված սահմանազատման եւ նույն ոճով արվելիք հետագա սահմանազատումների հետ: Ժողովուրդը հասկանում է անցյալի ու ներկայի պատճառահետեւանքային կապերը, միգուցե Սյունիքի դեպքում էլ ոտքի կկանգնի, միգուցե նման սահմանազատումը հնարավոր դարձնելու Փաշինյանի ակնարկած հանրաքվեն էլ կտապալի, բայց նախկինների վերադարձ թույլ չի տա: Մի խոսքով, բանավիճեցինք պարզամտությունը քաղաքական շարժում կարծողների թեմայով, չնայած հուսով եմ` ՀՅԴ-ում բարձր դիրք զբաղեցնող երկու-երեք իրոք հայրենասեր ու մտածող մարդիկ (խոսքը խորհրդարանում եղածների մասին չէ) հասկանում են այս բոլորը եւ պարզունակության այս շքահանդեսը չեն համարում քաղաքականություն:

    Ինչպես հույսս չեմ կտրում, որ իշխող կուսակցության մեջ էլ մի քանի ողջամիտ մարդիկ դեռ կգտնվեն, որոնք կհասկանան, կամ արդեն հասկացել են (ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի խաղաղության պայմանագիր չկնքելու եւ պատերազմելու մտադրության մասին դրա վկայությունն է), որ տարբեր դիրիժորական փայտիկներով մեր քաղաքական միավորների զորաշարժերի դեմն առնելու լավագույն միջոցը ներքին առճակատումը կամ ոստիկանությամբ ուժի ցուցադրությունը չէ: Շատ քիչ ժամանակ ունի Հայաստանը:

    Երբ ԱՄՆ-ում հայտարարեն նախագահական ընտրությունների արդյունքը, որը մեր կարծիքով այս անգամ կարող է հայկական շահերին ամենալուրջ վնաս հասցնող տարբերակով լինել` Թրամփի շատ հավանական ընտրությամբ, ատամները սրած մեր բոլոր թշնամիներն այդժամ ձեռք կզարկեն մեր հոշոտմանը: Դրան է պետք պատրաստվել: Ձեր պարզունակ պահանջը, միգուցե էմոցիոնալ առումով ձեզ արդարացված թվա, բայց կօգնի ընդամենը նրան, որ այս երկու ամսվա մեջ ներքին ֆիգուրափոխություն կանեն`գոլորշի թողնելու համար, Նիկոլին կփոխեն Ալենով, Արմենով կամ մեկ ուրիշով, մինչեւ հիմնական սոդոմ-գոմորի օրը գա ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Որովհետեւ բոլորին պետք է ոչ թե Հայաստանը, այլ Սյունիքով անցնող ճանապարհը, ու դա մեծ խաղացողներին ավելի հրատապ է պետք անգամ, քան Ադրբեջանին ու Թուրքիային: Կարծում եք` Փաշինյանը պատահաբա՞ր է խոսում Սյունիքում սահմանազատման հաջորդ փուլից եւ հանրաքվեից, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, այս դեպքում` Սյունիքով անցնող հաղորդուղի: Եւ անգամ այն խոսակցությունը, որ մամուլն էր արտահոսեցրել, թե ի վերջո հնարավոր է ճանապարհի վերահսկողությունը հանձնել պրոֆեսիոնալ եվրոպական կառույցի, այդ գործում մասնագիտացած, էլի պատահական չէ:
    Եւ անգամ Փաշինյան-Էրդողան հեռախոսարույցի բովանդակության` առանց նախապայման Հայաստանի եւ Թուրքիաի միջեւ հարաբերությունների կարգավորման կամքի մասին բարձրաձայնումն այս պահին այդ սերիայից է, մեծ պետությունների պարտադրանքներից առաջ անցնելու հուսահատ փորձ, եւ անգամ Ադրբեջանը, որ անվերջ նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, մի պահ կարող է հասկանալ, որ ոտքի տակ կգնա Արեւմուտք, ԵՄ-ՌԴ, Իրան, Չինաստան առճակտման տարածաշրջանային թեժ գծում: Չնայած վերջինս այնպիսի շահերով է շաղկապված այս ու այն խաղացողի հետ, որ ստիպված կարող է կատարել պատերազմի հրձիգի իր դերը:

    Այսինքն` նվազագույնը կիսապատերազմական վիճակ, մեծ խաղացողների դրդմամբ-Ադրբեջանի շահերի հետ համադրմամբ, կարող ենք ունենալ արդեն աշնան կեսին, ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Ինչո՞վ ենք մենք զբաղված: Փողոցի շարժումը զբաղված է Աստված գիտե ինչով` երբ որ հենց ինքն էլ, որպես իշխանության հավակնորդ, պիտի ունենա երկրի պաշտպանությունն ամրապնդելու, այդ մասին բաց խոսելու տեսլականը, բայց ասում է` մի տարի ժամանակավոր կառավարություն թողեք կազմեմ` չգիտես ինչով զբաղվող, հետո կասեմ` ումով եմ գնում խորհրդարան ու կառավարություն: Որ այդ ընթացքում Հայաստանն արդեն կարող է նաեւ չլինել` մինչեւ անպատրաստ մարդիկ մի տարի որոշեն ումով են կիսում իշխանական տորթը, սա հավանաբար սխեմա գծողներին չի հուզում:

    Իսկ արդեն ռեալ երեւացողը, եթե իհարկե, մարդու ուղեղը կեղծ կոչերով եւ կեղծ սպասումներով չի լցոնված, ոչ մի լավատեսության տեղ չի թողնում: Ահա. 2021 թվականին ընդդիմությունը (ոչ իմ երազածը, քանի որ ես երազում եմ նոր մարդկանցով ընդդիմության մասին), գիտակցված, թե ոչ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջեց, մասնակցեց եւ երկարացրեց իշխանության ժամկետն առնվազն երեք տարով, եթե այդպես չլիներ` 2023 թվականին հերթական ընտրություններ կլինեին` միգուցե նաեւ այլ արդյունքով: Այժմ փողոցի ընդդիմությունն արեց նույնը` շարժման առաջին փուլն ավարտին հասցվեց նույն էֆեկտով, մարդիկ այդպես էլ դեպի ընդդիմություն չհակվեցին` առաջին անգամվա մեծ հանրահավաքից հետո աստիճանաբար իրենց համար բացահայտելով փողոցի ընդդիմության ինչ-ինչ նպատակներ: Արդյունքը կրկին նույնն է`իշխանության համար կյանքը երկարացնելու նոր շանս:

    Հետն էլ Սուրբ Աննան դառնում է զրուցարան-հավաքատեղի, այս ձեւաչափով մարդկանց զբաղեցնելու գործառույթով, որ հանկարծ ու չարթնանան ու նոր ընդդիմություն չստեղծեն` անցյալին ու ներկային մշտապես իրար փոխարինելու եւ ոչ մի այլ խմբի իշխանությանը մոտ չթողնելու միշտ առկա նպատակով: Մնացածը հեքիաթներ են, թե վերադասավորվում ենք, ավելի ներառական եւ ընդգրկուն ենք դառնում: Թե այս բոլորից հետո ո՞վ կներառվի ու ո՞վ կընդգրկվի:Իրականում ավելի պարզունակ բան է կատարվում` մեր ներսում բոլոր քաղաքական խմբերի (իշխանական եւ հակաիշխանական) թելերը քաշող տարածաշրջանային խաղացողներն են մի պահ շունչ քաշում, նոր գործիքակազմ եւ մարդուժ հավաքում` միմյանց դեմ փորձելով հետագայում կիրառել այլ ռազմավարություն:

    Իրականում մենք այնքան խելք պիտի ունենայինք եւ ունենանք, որ կարողանանք մեզ պարտադրվող սխեմաներին դիմակայելու միավորներ ստեղծել: Ամեն երիտասարդ, գիտակից, երկրի ճակատագրով մտահոգ մարդ պետք է մտածի սխեման կոտրելու, երկրին ներկայացող սպառնալիքների դեմն առնելու մասին: Մենք դարձել ենք տարածաշրջանային մեծ սխեմաների թիրախն ու սուբյեկտը` անցյալ եւ ներկա բոլոր իշխանություններով հանդերձ: Նայեք` ուրախանում ենք, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի գնման համար, զայրանում ենք Ադրբեջանի, Ռուսաստանի` այս առթիվ արված զգուշացումներից: Իրականում սա ուղղակի ցուցափեղկ է, հույս, որ մենակ չենք, թե չէ վերջին մի քանի տարին յոթ-ութ միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերած Ադրբեջանի դիմաց սա առարկայորեն ոչինչ է: Եւ անգամ կարող է իրավիճակ հրահրել, եթե նայում ես, որ հատկապես ֆրանսիական կողմն է նախ հրատապ հանրայնացնում Հայաստանին աջակցելու այս եւ համանման քայլերը:

    Աստված խելք տա մեզ բոլորիս:

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  • Ո՞վ է Իրանի ապագա նախագահը

    Ո՞վ է Իրանի ապագա նախագահը

    Հունիսի 28-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին պայքարի են  պատրաստվում Սահմանադրության Պահապան Խորհրդի արգելքը հաղթահարած 6  թեկնածուներ՝ երկու հակադիր քաղաքական հոսանքներից. 5 թեկնածուն «արմատականների» թեւի ներկայացուցիչներն են, իսկ մեկը՝ «բարեփոխականների»:

    Դասական իմաստով կուսակցությունների բացակայության պայմաններում, Իրանում ձեւավորվել են երկու հակադիր ճամբարներում դիրքավորված քաղաքական հոսանքներ, որոնք պայմանականորեն կոչվում են «արմատականներ» եւ «բարեփոխականներ»:

    Իրանում «արմատականներին» հաճախ «պահպանողականներ»  էլ են անվանում, որոնք ձեւավորվել են 1999 թվականի 6-րդ գումարման մեջլիսի ընտրությունների ընթացքում՝ ի հակադրություն նախագահ Խաթամիի գլխավորած «բարեփոխականների»: Այդ քաղաքական հոսանքի հիմնադիրներից են  «Մարտնչող հոգեւորականների միության եւ Ղոմ քաղաքի հոգեւոր կենտրոնի դասախոսական հանրույթի» ներկայացուցիչները:

     «Պահպանողականների» հռչակած կարգախոսները հետեւյալ ձեւակերպումներով են ներկայացված՝ «նվիրվածություն իսլամի եւ իսլամական հեղափոխության նկատմամբ, հնազանդություն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդին եւ  հավատարմություն կրոնապետության  սկզբունքների հանդեպ»: 

    Ինչ վերաբերում է «բարեփոխականներին», ապա նրանք իրենց կոչումն ստացել են Խաթամիի՝ 1997 թվականի նախընտրական պայքարի թոհուբոհին, որոնք   կարողացան  8 տարի անընդմեջ պահպանել գործադիր եւ  4 տարի էլ օրենսդիր իշխանության ղեկը:

    Պահպանողական թեւի թեկնածուներն են՝ Իրանի դատական համակարգում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած  Մոսթաֆա Փուրմոհամմադին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդում ԻԻՀ Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչն ու  «Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող» խորհրդի իսկական անդամ   Սաիդ Ջալիլին, Մեջլիսի խոսնակ Մոհամմադ   Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ   Ալիռեզա Զաքանին,  Մեջլիսի նախկին պատգամավոր եւ «Շահիդ» հիմնադրամի նախագահ    Սեյյեդ Ամիրհոսեին Ղազիզադե Հաշեմին:

    Իսկ Պահապան խորհրդի արգելքը հաղթահարած  բազմաթիվ  «բարեփոխականներից» միակ թեկնածուն մասնագիտությամբ բժիշկ Մասուդ Փեզեշքիանն է, որը 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ գումարման մեջլիսում ներկայացրել է Իրանի Արեւելյան եւ Արեւմտյան Ատրպատական նահանգների տարբեր շրջանները: Փեզեշքիանը 10-րդ գումարման մեջլիսում եղել է մեջլիսի առաջին  փոխխոսնակը: Եղել է նաեւ Իրանի առողջապահության նախարար:

    Բարեփոխականների ճամբարից նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստացած Մասուդ Փեզեշքիանի հայրը ազերի է, իսկ մայրը՝ քուրդ: Ծնվել է Իրանի Արեւելյան Ատրպատականի   քրդաբնակ Մահաբադ քաղաքում եւ պարսկերենից բացի, տիրապետում է ադրբեջաներենին ու քրդերենին:

    Մի առիթով, շուրջ 8 տարի առաջ, մեջլիսի դռնբաց նիստերից մեկի ժամանակ, Մասուդ Փեզեշքիանն ասել է. «Ազգությամբ թուրք ծնվելու համար շնորհակալ եմ  Աստծուց: Ոչ ոք իրավունք չունի քամահրանքով վերաբերվել  թուրքերի մշակույթի ու լեզվի նկատմամբ»:  Նույն ելույթի ժամանակ նա հիշեցրել է, որ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի թուրքերն ու  այլ էթնիկ խմբերը պետք է դպրոցներում իրենց լեզվով սովորելու  հնարավորություն ունենան:

    Իրանում անցկացվող բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «բարեփոխականների» միակ թեկնածուի վարկանիշն ամենաբարձրն է:  Այդ  պատճառով էլ «արմատականների» մոտ Մասուդ Փեզեշքիանի դեմ միասնական ճակատով հանդես գալու  պահանջ է առաջացել:

    Այդպիսի գաղափարով  է հանդես եկել   նախագահի  թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, առաջարկելով ընդդեմ Փեզեշքիանի, մի թեկնածվով պայքարելու մարտավարությունը: Բնականաբար, Ղալիբաֆը նկատի է ունեցել իր օգտին բացարկ հայտարարելու տարբերակը, ով ըստ հարցումների, համարվում է «պահպանողականների»  ֆավորիտը:

    Այսպիսով, բոլոր հանգամանքները վկայում են, որ հունիսի 28-ի արտահերթ նախագահական ընտրությունների առաջին փուլի գլխավոր մրցակիցները Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու Մասուդ Փեզեշիանն են:

    Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի աշխատանքային կենսագրությունը, մյուս թեկնածուների համեմատությամբ, ավելի  հարուստ է: Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային հրամանատարի եւ երկրի ոստիկանապետի պաշտոնները թողնելուց հետո նա ընտրվել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնում, դրանից հետո՝ նաեւ ստանձնել մեջլիսի խոսնակի պարտականությունները:

    Ղալիբաֆը երեք անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին եւ մեկը մյուսին հաջորդած պարտություններից հետո իր բախտը փորձել խորհրդարանական ընտրություններում ու երկու անգամ զբաղեցրել  մեջլիսի խոսնակի պաշտոնը:

    Մասուդ Փեզեշքիանի աշխատանքային կենսագրությունն ավելի համեստ է: Վերջերս նա կարողացել է Ատրպատականի  Ազարշահր, Թավրիզ   եւ Մաքու  քաղաքների ընտրողների պատկառելի քանակությամբ  քվեներով  12-րդ գումարման մեջլիսի պատգամավոր դառնալ: Փեզեշքիանն էլ Ղալիբաֆի նման երեք անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, որոնցից մի անգամ, մինչեւ Պահապան Կորպուսի կողմի որոշման հրապարակումը, հրաժարվել է իր ներկայացրած դիմումից:

    Եթե հունիսի 28-ին նախատեսված նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ինչ-ինչ պատճառներով չհստակեցվի  արդյունքը, երկրորդ փուլը կկայանա դրանից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 5-ին: 

     ԻԻՀ նախագահի թեկնածուները

    Ձախից աջ՝  ըստ հերթականության

    1.    Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

    2.    Ամիրհոսեին Ղազիզադե Հաշեմի

    3.    Ալիռեզա Զաքանի

    4.    Սաիդ Ջալիլի

    5.    Մոսթաֆա Փուրմոհամմադի

    6.    Մասուդ Փեզեշքիան

    ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

    Իրանագետ

  • «Ո՞վ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»

    «Ո՞վ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»

    Ըստ «Թագեսշփոգելի», «ղեկավար՝ որ կանգնում է արդի պատմության հավանաբար ամենավտանգավոր մարդու՝ Վլադիմիր Պուտինի դեմ»:

    Բեռլինում լույս տեսնող «Թագեսշփիգել» թերթը հունիսի 20-ին անդրադարձել է հայաստանյան արդի քաղաքական իրողություններին:

    «Պատերազմի եւ հեղաշրջման վտանգի միջեւ. Ո՞վ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ի՞նչ է նախատեսում (անել)» վերնագրյալ ծավալուն հոդվածում (որը տեղի սղության պատճառով կներկայացնենք սեղմ) հեղինակ Էվա Ֆիշերը, որ թերթի միջազգային քաղաքականության բաժնի խմբագիրն է, բազմիցս նույն լրատվամիջոցում լուսաբանել է Հայաստանին, ԼՂ-ին առնչվող հրատապ թեմաներ, գրում է՝ «Հեղափոխությունը Փաշինյանին Հայաստանի ղեկավար դարձրեց: Նա՝ 2018-ից ի վեր Հայաստանի պաշտոնավարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սիրահոժար թույլ է տալիս, որ իրեն Նելսոն Մանդելայի հետ համեմատեն: Չափազանցված համեմատություն է, բայց զուգահեռ կա՝ Փաշինյանն էլ որպես քաղբանտարկյալ նույնպես բանտ է նստել, հետո հեղափոխություն արել, փրկել Հայաստանի ժողովրդավարությունը, դարձել Հայաստանի կառավարության ղեկավար եւ հիմա կանգնում է արդի պատմության հավանաբար ամենավտանգավոր մարդու՝ Վլադիմիր Պուտինի դեմ: Փաշինյանը կամենում է Հայաստանն ազատել Ռուսաստանի ճիրաններից, դեպի Արեւմուտք կողմնորոշել: Նա ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին մերձ լինել է ձգտում, ՀԱՊԿ-ը պետք է լքի», գրում է «Թագեսշփիգելը»՝ ակնարկելով Փաշինյանի ԱԺ-ում հրապարակած խոսքը, դրան հավելելով նաեւ այն տեղեկությունը, թե վարչապետը ձգտում է նաեւ լքել ԵԱՏՄ-ն: Փաշինյանը ռիսկի է դիմում՝ Հայաստանն իր այժմյան տեսքով կվերանա աշխարհի քարտեզից, երկիրը մնացել է առանց դաշնակիցների, դրացի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ թշնամի է: Երկյուղ կա, որ Ադրբեջանը կհարձակվի՝ Հայաստանին նախկինում սատարող Ռուսաստանի դրդմամբ, մեկնաբանում է Ֆիշերը հավելելով, թե Հայաստանի բնակչության մեջ աստիճանաբար նվազում է վարչապետին աջակցությունը, այդու Փաշինյանը ռուսամետ ուժերի կողմից տապալման վտանգի տակ է:

    «Ռուսական հեղաշրջումը չի կարելի բացառել, Հայաստանի ԱԱԾ-ում աշխատում են շատերը, որ Մոսկվայի հետ սերտ կապեր ունեն, «Թագեսշփիգելին» կարծիք է հայտնում Կոնրադ Ադենաուր հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Շտեֆան Մալերիուսը: Նրա տեղեկությանը հոդվածագիրը հավելում է նաեւ այն փաստը, որ ռուսական վերահսկողության տակ են երկրի տնտեսության խոշոր ճյուղերը: «Փաշինյանը գնալով կորցնում է նաեւ բնակչության սատարումը, գրում է Բեռլինում լույս տեսնող թերթը՝ վկայակոչելով Մալերիուսի կարծիքը՝ «Նա այժմ շատ չսիրված է: Մայիսի վերջից հազարավոր բողոքավորներ նրա դեմ են. Կառավարությունը նախապես սահմանամերձ 4 գյուղ հանձնել էր Ադրբեջանին՝ վերջինիս հարձակումը կանխելու համար: Առաջին անգամ չէ, որ վարչապետը այսպիսի իրադրության դեմ հանդիման է:

    Երբ 2020-ի աշնանը, հրադադարից 26 տարի անց, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվեց, որի միջոցով Ադրբեջանը նվաճեց Հայաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանները, մարդիկ նմանապես փողոց ելան եւ իրենց վարչապետին «դավաճան» անվանեցին, գրում է հոդվածագիր Ֆիշերը եւ շարունակում. Բողոքի գործողություններն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ Փաշինյանի դեմ պաշտոնանկման գործընթաց է պահանջում: «Հավանականությունը մեծ է, որ Ռուսաստանը զանգվածաբար աջակցում է այս շարժմանը», կարծիք է հայտնում Շտեֆան Մալերիուսը:

    «Թագեսշփիգելը» հիշատակում է, որ ժամանակին Փաշինյանի դեմ են արտահայտվել նաեւ բանակի ներկայացուցիչները: Ռազմական հեղաշրջման սպառնալիքի դեմ Փաշինյանը իշխանությունը պահպանելու ռազմավարության համաձայն հրաժարական է տալիս, ցրում խորհրդարանը, նոր ընտրություններ կազմակերպում, հաղթում: «Թագեսշփիգելի» խմբագիր Ֆիշերն անհրաժեշտ է գտնում ընդգծել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի կենտրոնամետ, ազատական դիրքորոշում: Փաշինյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում մանդատ ստացավ, իսկ 2018-ի ապրիլին «Թավշյա հեղափոխության» միջոցով դարձավ կառավարության ղեկավար:

    Այդ ժամանակից ի վեր նախկին վարչակարգը զրկվել է իշխանությունից:  Հավանաբար պարզապես սպասում է մի հնարավորության, երբ Փաշինյանն այլեւս չի կարող բարձունքում մնալ», եզրահանգում է «Թագեսշփիգելի» հեղինակ Էվա Ֆիշերը՝ հունիսի 20-ի ծավալուն հոդվածում:

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Գերմանիա

  • Ռայա Նազարյանը՝ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ

    Ռայա Նազարյանը՝ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ

    Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 38-ամյա հայազգի փաստաբան Ռայա Նազարյանը՝ հաղթելով երեք մրցակից թեկնածուներին: Քվեարկությանը մասնակցել է 237 պատգամավոր, որից կողմ են քվեարկել 131-ը, դեմ՝ 66-ը, ձեռնպահ՝ 39-ը:»: Սրա մասին հաղորդում է Չեխիայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական ամսագիրը՝ հղում տալով բուլղարական լրատվամիջոցներին: Ռայա Նազարյանը Բուլղարիայի Ազգային ժողովի 67-րդ նախագահն է: Նա ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 16-ին Վառնա քաղաքում, Նազար Նազարյանի ընտանիքում: Հայտնի փաստաբան է, ГЕРБ-СДС կուսակցության անդամ, ամուսնալուծված է, ունի մեկ երեխա:

    Ռայա Նազարյանի ընտրությունն արդեն շնորհավորել է Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը (Պլովդիվ):

    «Ազգ»ը միանում է շնորհավորանքներին:

    Ան. Հ.

  • Անգլիկան եւ Հայ առաքելական եկեղեցին ողջունել են Վատիկանի առաջարկները

    Անգլիկան եւ Հայ առաքելական եկեղեցին ողջունել են Վատիկանի առաջարկները

    Հունիսի 13-ին առաջին անգամ գերմանալեզու (քրիստոնեական) մամուլում հրապարակվեց հետեւյալ նախաբանով տեղեկույթը. «Դարերով Հռոմից անջատված երկու եկեղեցիների՝ Անգլիկան եւ Հայ առաքելական եկեղեցիների պաշտոնյաները ողջունել են Վատիկանի առաջարկները պապական իշխանության իրականացման նոր ձեւի վերաբերյալ: Վատիկանն առաջարկել է նոր փոխըմբռնման, պապի պաշտոնի գերակայության նոր ըմբռնման փաստաթղթի վերաբերյալ, որ արմատական փոփոխություններ է նախատեսում Կաթոլիկ եկեղեցու համար եւ որը պիտի նպաստի քրիստոնեական միասնության վերականգմանը»:

    Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը ողջունելով ասել է, որ «այսուհետ փաստաթուղթը հղման կետ է լինելու եկեղեցիների միջեւ քննարկումների համար, առաջարկել, որ դրանից բխող հեռանկարները պետք է խորացնեն եկեղեցիների միջեւ կապը Նիկիայի ժողովի 1700-ամյակին»:

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

    Գերմանիա

  • Պապերի թաղած ածուխներով սահման գծեցին, ու Դովեղն Ադրբեջանից հետ պոկեց 1850 հա հող

    Պապերի թաղած ածուխներով սահման գծեցին, ու Դովեղն Ադրբեջանից հետ պոկեց 1850 հա հող

    Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սահման են զատում ու գծում, մեր երկրի առաջնորդն էլ, ոտ ու ձեռ ընկած, «հպարտներին եւ արժանապատիվներին» համոզում է, թե «իրական Հայաստանի սահմաններն է գծում», Տավուշում հիշում են խորհրդային տարիներն ու մտովի 40 տարի հետ գնում:

    Վայ-հարեւանները Դովեղին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերն ու անտառոտ հատվածները տարիներ ի վեր իրենցով էին արել: Քաղցր լեզու թափելով՝ ցանկանում էին տիրանալ նաեւ գյուղի չորս աղբյուրին: Եթե դա տեղի ունենար, դովեղցիները կզրկվեին ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրի բնական պաշարից: Գյուղացիները սրա հետ համակերպվել չէին կարող: Մոսկվա նամակներ ուղարկում էին պարբերաբար, ի վերջո հաջողվեց կորզել Կրեմլի ստորագրությունն ու հայկական հողերը հետ բերել:

    Այս պատմության մասին «Ազգ»-ը զրուցել է Կոմունիստական կուսակցության Դովեղի քարտուղար Հայկ Ղազարյանի հետ: Նրա ներկայացրածով՝ նախապատմությունը եղել է այսպես:

    «Գյուղի տարեցները պատմում էին, որ 1927-ին, երբ տեղի է ունեցել Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների միջեւ սահմանագծում, իրենք Մոսկվայից, Ադրբեջանից եւ Թբիլիսիից եկած «զեմլամերների» հետ  մասնակցել են այդ գործընթացին, սահմանային բոլոր կետերը շատ լավ հիշում են եւ այդ կետերում փայտածուխ են թաղել: Այնուհետեւ ադրբեջանցիները, օգտվելով այն ժամանակվա շրջանի ղեկավարության թողտվությունից, կարողացել են Դովեղի տարածքներից անօրինական ձեւով օգտագործել շուրջ 1850 հեկտար հող: Դովեղցիները անընդհատ դիմել են պատկան մարմինների, նույնիսկ պատվիրակություն են ուղարկել Մոսկվա: Բայց միայն 1984-ի մայիսին Նոյեմբերյանի կոմկուսի շրջկոմից  զանգահարեցին եւ ասացին, որ հաջորդ օրը պլենումից առաջ ինձ եւ սովխոզի տնօրենին ընդունելու է շրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանը: Այն ժամանակ ես Դովեղի կուսակցական կազմակերպության քարտուղարն էի: Նա մեզ անմիջապես ընդունեց եւ նրբորեն հասկացնել տվեց, որ հնարավորություն է ստեղծվել հողերի վերադարձի համար, եւ որ կարող ենք գյուղացիների անունից հեռագրեր ուղարկել Մոսկվա: Հետո տարիներ անց իմացա, որ  այդպիսի հանձնարարություն տվել էր Կարեն Դեմիրճյանը՝ Մոսկվայի հետ ձեռք բերելով պայմանավորվածություն: Այն ժամանակ ազգամիջյան միջադեպեր հրահրելը խիստ վտանգավոր էր եւ, առանց շրջանի ղեկավարության գիտության, մեզանից ոչ մեկը փոստում պարզապես հեռագրեր չէր ընդունի: Այդ օրն եւեթ ձեռնամուխ եղա տեքստերի կազմման գործին, եւ արդեն երեկոյան հեռագրեր ուղարկեցինք ԽՄԿԿ կենտկոմ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն եւ ԽՍՀՄ նախարարների խորհուրդ: Հեռագրերը ստորագրել տվեցինք գյուղի տարեց կոմունիստներին, որոնք կորցնելու ոչինչ չունեին: Հեռագրերը թարմացնում էինք 10-15 օրը մեկ: Եվ ահա, սեպտեմբերին արդեն ընդունվեց ԽՍՀՄ կառավարության որոշում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների ճշգրտման վերաբերյալ: Իսկ 1984-ի հոկտեմբերի 24-ին երկու հանրապետությունների նախարարների խորհուրդների նախագահների առաջին տեղակալների՝ Վլադիմիր Մովսիսյանի եւ Ռասիզադեի գլխավորությամբ կազմված հանձնաժողովները տեղում էին հարցը ուսումնասիրելու եւ սահմանների ճշգրտման գործընթացին նախապատրաստվելու համար»,- ներկայացնում է Ղազարյանը:

    1985-ի հունվարին Դովեղում սկսվում է սահմանների ճշտումը: Հիմք է ընդունվում 1927-ի քարտեզը, որի  օրիգինալը պահպանվում էր Թբիլիսիում;

    «Երբ սահմանային կետերը փորում էինք, մեր պապերի թաղած փայտածուխն էր դուրս գալիս: Իսկ ճշգրտված սահմանային կետերում 1.5 մետր խորությամբ Հայաստանի գերբով երկաթբետոնյա սյուներ էինք թաղում: Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանների մանրակրկիտ ճշգրտման արդյունքում Հայաստանին վերադարձվեց ադրբեջանցիների կողմից ապօրինաբար օգտագործվող 15 000 հեկտար հող, միայն Դովեղին 1850 հա: Հողերի հանձնման-ընդունման ակտը կից քարտեզով ստորագրվեցին ու հաստատվեցին երկու սահմանային գյուղերի սովխոզների տնօրենների եւ վարչական շրջանների հողաշինարարների կողմից: Այդ պատմական ու հաճելի արարողությանը անձամբ եմ ներկա գտնվել: Հաջորդ օրն եւեթ ձեռնամուխ եղանք վերադարձված հողերի յուրացման աշխատանքներին. այդ նպատակով Դովեղ տեղափոխվեց Գուգարքի մելիորատիվ ջոկատը եւ մացառներից ու թփերից մաքրվեց ու վարելահող դարձվեց 150 հեկտար հող, կառուցվեցին անասնապահական ֆերմաներ, ճանապարհներ եւ ջրագծեր, հիմնվեցին այգիներ»,- ներկայացնում է Ղազարյանը:

    Ըստ նրա, ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր պետության համար պայքարի, զարթոնքի կարիք կա: Մեր զրուցակիցը վստահ է, որ այսօրվա ստեղծված իրավիճակի պատճառն արժեքների ոչնչացումն է, որն իրականացվում է դրսից:

    ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  • Օրենքը չընդունեցին, փոխարենն առեւտրականների բերանը լեզու դրեցին

    Օրենքը չընդունեցին, փոխարենն առեւտրականների բերանը լեզու դրեցին

    Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարի հենց այս օրերին՝ հունիսի  վերջին, իրավական ակտերի միասնական «e-draft» հարթակում հրապարակել էր մի նախագիծ, որով առաջարկում էր կանոնակարգել ձմերուկի եւ սեխի նախագիծը: Նախարարության աշախատակիցները, բան ու գործ թողած, գցել-բռնել էին, որ փոփոխության կարիք ունի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը՝ հատկապես զովացուցիչ հատապտուղների մասով:

    Կառավարության առաջարկը վերաբերում էր կտրած կամ կտորով ձմերուկ ու սեխ չվաճառելուն: «Հանրապետության տարածքում կարգելվի մասերով կամ կտրված վաճառքը, քանի որ այս համատեքստում ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը: Սրա արդյունքը միտված է  կանխելու մարդու կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելը եւ սպառողներին մոլորության մեջ գցելը»,- ասված էր փաստաթղթում:

    Թե ի՞նչ վնաս էր մարդուն հասցնելու մի կտոր ձմերուկ գնելը, անհասկանալի է: Այնպես չէ, որ խանութներում, շուկաներով կամ վաճառքի այլ տեղերում կեղտոտ, չլվացված դանակով ձմերուկ կամ սեխ են կտրում, եւ դրանից վնասակար ինչ-որ նյութեր պտուղին են անցնում:
    Փոփոխությունները, բարեբախատաբար, կյանք չունեցան. «e-draft» առցանց հարթակում մեկ ամիս մնալուց, քննարկվելուց հետո դրա մասին մոռացան թե՛ կառավարական կաբինետի «պայծառ գլուխները», թե՛ քաղաքացիները, բայց՝ ոչ առեւտրականները:

    Հարցի հանրայնացումից հետո վաճառականներն այսօր էլ հրաժարվում են կտրել պտուղը կամ այն վաճառել կտորով՝ պատճառաբաելով, թե «պետությունը դրա դեմ օրենք է ընդունել»: Հակափաստարկները, թե ո՛չ գործադիրը, ո՛չ օրենսդիրը նման որոշում կամ օրենք չեն ընդունել, հնարամիտ առեւտրականներին չեն հուզում:  Իհարկե, ավելի ձեռնտու է ձմերուկը կամ սեխը վաճառել առանց կտրելու եւ ամբողջական:

    ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

  • Միստերիաներ  Ռոբերտ Էլիբեկյանի կտավներում 

    Միստերիաներ  Ռոբերտ Էլիբեկյանի կտավներում 

    Ռոբերտ Էլիբեկյանի նկարչության գունային լույսի տեւական ազդեցությունը գալիս է անտեսանելի խորքերից: Դա իր երեւակայության աշխարհում ծնված ու փայփայած երազն է, որ հետո սնվել ու հասակ է առել մի միջավայրում, որտեղ նրան շրջապատել է գույնի մի ուրիշ աշխարհ, հոր` Վաղարշակ Էլիբեկյանի եթե ոչ այդքան երեւակայական, սակայն դարձյալ թատերային` հետագայում  ձեւավորված նրա գեղագիտական մտածողությունից, հայացքներից տարբեր իհարկե,  բայց ընդհանուր պատկանելությամբ նույնի` գույնի արվեստից սնվող, այդ աշխարհի իրականության իմպուլսներով ու կանոններով ապրող: Եղբայրը` Հենրի Էլիբեկյանը նույնպես հայտնի արվեստագետ, հետաքրքրական մտածողությամբ  գեղանկարիչ, քանդակագործ էր: Այնպես ստացվեց, որ այդ շղթան, այդ թելը շարունակական եղավ, հասնելով  հաջորդող սերնդին նաեւ: Որդին` Արեգ Էլիբեկյանը, կտավները վրձնում է փորձի սեփական պատկերացումներով, գեղագիտության իր սկզբունքներով:

    Այն վայրը, ներքին, ինքնաստեղծ այն միջավայրը, որտեղ ապրում է արվեստագետը, համարվում է երկրորդ, զուգահեռ իրականություն, բայց հաճախ դառնում է ավելի իրական, ավելի ռեալ, առաջնային, իսկ ամենակարեւորը` ապրեցնող:

    Ինչ հոգեվիճակում էլ որ լինես, միտքդ արտաքին աշխարհի ինչպիսի լարերի վրա էլ որ լինի` հուսահատ, ճնշված թե մռայլ,  երբ հայտնվում ես էլիբեկյանական գունային լույսի հոսքում, նրա կերպարների միջավայրում, անհնար է մտային  տրանսֆորմացիաներ ու նոր ապրումներ չունենալ. ընդ որում՝ շատ արագ, վայրկենապես զգում ես փոփոխությունը: Լույս ու նորից լույս,  հավերժության իմպուլսների հանդարտ զգացողություն, որ հուսալիություն ու ներքին հավասարակշռություն է բերում մտքերիդ: Կյանքի բեմից տեղափոխվում ես մեկ այլ տարածք. դա նրա ստեղծած թատրոնն է նկարչության մեջ, որին բնորոշ է հատկապես պահի կարեւորության ընդգծումը: Շեշտված դիմախաղ, միմիկա, ժեստ, բոլոր մանր դետալները` գործողության, տեսանելի է դարձնում նկարիչը, կանգնեցնում պահը, ակնթարթը, որ  գեղեցկությունը ամբողջությամբ բացվի, թաքնված շատ բաներ հայտնի լինեն:

    Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքային ճանապարհն ուղղակիորեն կապված է եղել բեմին, թատրոնին: Դեռ վաղ շրջանից է նա թատերական, օպերային ներկայացումներ ձեւավորել, հեղինակել բալետային, թատերական  ներկայացումների զգեստներ: Ազգային պատկերասրահում ներկայացված նրա ցուցահանդեսի մի բավական մաս բեմական աշխարհին նվիրված գործեր են. թատերական  ձեւավորումների, բեմական դեկորների, զգեստների էսքիզներ: 

    Հետաքրքրական է այն, որ թատերայնության տարրերը թափանցված են նրա գրեթե բոլոր աշխատանքներում` կոմպոզիցիաներում,  դիմանկարներում, առավելաբար կանացի կերպարներում շատ նկատելի են: 

    Փորձում եմ տպավորություններս ամփոփել փակ աչքերով, մտովի. մեծածավալ, բազմաֆիգուր բեմ կտավի տեսքով, որ է կյանքը մեր, որտեղ մի պահ քարացել է գործողությունը. միտքն ու զգացումը կենտրոնացած են թատերային ձեւերի, դիմակների տակ. վարագուրված, քողարկված է կերպարների ներքին բնույթը: Մինչդեռ զուգահեռները բեմի թատրոնի ու կյանքի թատրոնի միջեւ ակնհայտ են: Չգիտես ինչու, թվում է` նկարիչն այդ երկուսի սահմանները հատուկ է մոտեցրել իրար: Վրձինը, այնուամենայնիվ, պահելով  կտավի խորքից եկող հաճախականության` դեղին գույնից ծնվող լույսի վրա, նա  վարագույրը բացում է խորքից, բեմը նկարում կյանքի ներսից…

    Համենայն դեպս նման զգացողություն վերջին, երրորդ սրահի էքսպոզիցիայի կենտրոնական կտավից փոխանցվեց` վերնագրված  «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մոտիվներով»: Շատ զգայուն ու անմիջական, հաղորդական է այստեղ հոգու տառապանքը, այնպես  մերկ ու այնքան հավերժական:

    Այս ամբողջի մեջ հստակ անցնող տոնական տրամադրությունների վառ գունային արտահայտությունները նկարների թատերային, բեմական մթնոլորտով ու դրանց արտիստիզմով չեն պայմանավորված միայն: Կյանքն է այդ մասին հուշում, ուղղորդում, որպես արտահայտության հակադիր ձեւեր` բնական, օրինաչափ, այնպես ինչպես իրական են նաեւ սեւի, մոխրագույնի կամ արյան խուլ կարմիր երանգները…

    Այսպես սրնգի հնչյունները մերթ հեգնում, մերթ շոյում են մեզ… Կյանքի նավն իր առագաստները բացում է տարբեր գույներով ու ձեւերով: Նկարիչը տեսնում, ապրում է այս անցումները. կտավներին դաջվում են իրականի ու իր պատկերացրածի միստերիաներ: 

    Այս ամենի ֆոնին չանդրադառնալ նկարչի կնոջ` Մարիի` բոլորից առանձնացող հրաշալի դիմանկարին, անկարելի է ու չհիանալ  երիտասարդական տարիների այս  խորունկ, հմայիչ պատկերով` նույնպես:

    Ցուցահանդեսի խորագիրը մաքուր Էլիբեկյանական է: Միստերիան հայտնի է որպես եվրոպական միջնադարյան թատրոնի ժանրերից մեկը՝ հիմնված կրոնական տեքստերի, պատմությունների վրա. բառային ստուգաբանությամբ` ծիսական արարողություն: 

    Էլիբեկյանի միստերիաներում, պայմանականորեն ասած՝ նրա «բեմականացումներում» գործողությունների հաջորդականություն, շղթա է նկատվում: Թատրոնը տեղափոխելով կտավին՝ արարողությունները խորհրդավորության շղարշով են պատվում: Այստեղ լռությունը խոսուն է, իսկ գործողության ստատիկ վիճակը  հարկավոր է որսալ` հասկանալու ձեւի, կերպարի կեցվածքի, դիմախաղի բուն նշանակությունը:

    Գործողությունների ծիսական այս հանդարտությունը` մեղմ հանդիսավորությամբ ու վառ գունագեղությամբ միտքս տարավ հեռու – հեռավոր Արեւելք, դեպի չինական թատերական  մշակույթի խորն ու հանդարտ, անչափ գեղեցիկ աշխարհը, երբ արտաքին խիստ արտահայտիչ դեկորների ծանրության տակ հանդիսականը պետք է կարողանա տեսնել ներքին աշխարհի լույսն ու մութը, թաքնված շարժումները, հույզերն ու կրքերը:

    …Ժամանակը  չի հոգնում,  այդ հոսքի անդադար պտույտում վարագույրը` բեմի ու կյանքի՝ մեկ բարձրանում, մեկ իջնում է: Թատրոն է…

    ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

  • Բենիամինի հնավայրը. Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցադրանքը Ասլամազյան քույրերի պատկերասրահում

    Բենիամինի հնավայրը. Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցադրանքը Ասլամազյան քույրերի պատկերասրահում

    Իսկ թանգարանն ինքը ցուցասրահի պայմաններ չունի

    Շիրակի մարզի Բենիամին գյուղի մոտ գտնվող հնավայրը հայտնաբերվել է 1989 թվականին: Այն իր հնագիտական ու պատմական արժեքով բացառիկներից մեկն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ  Անդրկովկասի տարածաշրջանում: Հուշարձանի պեղումները սկսվել են հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի կողմից եւ շարունակվել 18 տարի, ապա որոշակի ընդմիջումից հետո վերսկսվել են 2022-ին: Այս բոլոր տարիների ընթացքում հայտնաբերված հազարավոր նյութերի մի փոքր մասը ներկայացված է Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացված «Բենիամին. Շիրակի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսում:

    «Մայրաքաղաք» հասկացությունն այս դեպքում, իհարկե, պայմանական է: Հնագետները «գեղարվեստորեն» այսպես են անվանել զգալի տարածք ընդգրկող այս բազմաշերտ հնավայրը, նկատի ունենալով աքեմենյան, Երվանդյան շրջանին համընկնող, հետագայում նաեւ հելլենիստական եւ անտիկ ժամանակաշրջաններում ծաղկում ապրած տարածքում նկատված վարչական կենտրոնի հատկանիշները:  Մասնավորապես՝ հայտնաբերված աքեմենյան պալատը եւ սյունազարդ անտիկ դահլիճը, որոնք նախաքրիստոնեական Հայաստանի բացառիկ նմուշներից են: Ցուցադրանքում ներկայացված եզակի գտածոներից են Արտաշես արքայի  սահմանաքարը, տարբեր զարդեր, արձանիկներ, որոնք, ըստ մասնագետների, կարող են զարդարել ցանկացած թանգարանի ցուցադրություն:

    «Մեր թվարկությունից առաջ մոտավորապես 6-րդ դարից սկսած մինչեւ մեր թվարկության 3-րդ դարը՝ մոտ 8-9 հարյուր տարի, Բենիամինը Շիրակում ուներ ուրույն դեր եւ երեւի թե Շիրակի կարեւորագույն ու գլխավոր կենտրոնն էր»,- բացման առիթով ասաց երկրագիտական թանգարանի գիտաշխատող, հնագետ Լեւոն Աղիկյանը: «Շիրակի մարզն ընդհանրապես հարուստ է պատմական հնավայրերով,-իր հերթին նշեց հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի անդամ, ֆրանսիացի  հնագետ Ֆրանսուա դե Ֆիշե Քլեյրֆոնթեյնը:- Դրանցից արժեքավոր են հատկապես Հոռոմի, Ազատանի եւ Բենիամինի հնավայրերը: Բենիամինի հնավայրը 40 հեկտար տարածք է ընդգրկում, բայց այդ 40 հեկտարի վրա դարերի պատմություն է ամփոփված»:

    Շիրակի երկրագիտական թանգարանը ոչ միայն մշակութային, այլ նաեւ գիտական կարեւոր հաստատություն է: Բենիամինից, մարզի մյուս հնավայրերից ու հուշարձաններից պեղված ավելի քան 25 հազարի հասնող պատմական եւ հնագիտական արժեքավոր նյութերի մեծ մասը, ցավոք, փոշոտվում են արկղերում՝ թանգարանի հարմարեցված մի հին շենքում ցուցասրահ ու մշտապես ցուցադրվելու հնարավորություն չլինելու պատճառով: Խնդրի լուծման նպատակով դեռ 2018 թվականին, կառավարությա՛ն որոշմամբ նրան հատկացվեց քաղաքիս նախկին վիրաբուժական հիվանդանոցի եռահարկ ընդարձակ շենքը, բայց դրա նորոգման եւ այնտեղ թանգարանի տեղավորման համար անհրաժեշտ գումարը դեռ այդպես էլ չի գտնվել…

    Երկրագիտական թանգարանի խնդրի լուծումն իր հաճելի հայերեն խոսքում կարեւորեց նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն: «Մենք կարող ենք օգնել, իհարկե, Ֆրանսիան: Գիտեք, որ Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության բարեկամն է, բայց… պետք է ինչ-որ բան անեք: Ու այդ հավաքածուն պետք է հայ եւ միջազգային հանրությանը ցույց տալ»,- ասաց նա:   

    ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ