Category: 10 Հոկտեմբերի, 2014

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի Թեքեյան մշակութային իության վարչություն

    ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

    Հայաստանի Թեքեյան մշակութային միության շուրջ 23-ամյա մշակութապահպան գործունեությունը իր ուրույն տեղն է ունեցել հայաստանյան մշակութային կյանքում:

    Միությանՙ արդեն ավանդական դարձած ամենամյա մրցանակաբաշխությունը նոր լիցք ու ոգեւորություն է հաղորդել Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետներին:

    2014 թվականի Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխությունը կամփոփվի այս տարվա նոյեմբեր ամսվա վերջին:

    Մինչ այդՙ հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը, հեղինակներն իրենց աշխատանքները պետք է ներկայացնեն միության գրասենյակ:

    Մրցանակները (դրամական պարգեւ) նախատեսված են 4 անվանակարգերով:

    ա) Գրականություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան ֆոնդ)

    բ) Երաժշտություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան ֆոնդ)

    գ) Կերպարվեստ (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան ֆոնդ)

    դ) Արա-Մարալ (Մանուկների համար ստեղծագործություններ) (Սիլվա Տեր-Ստեփանայն ֆոնդ)

    Մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողները իրենց աշխատանքները կարող են ներկայացնել Թեքեյան մշակութային միությունՙ հոկտեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 7-ը ներառյալ, Երեւան, Խանջյան 50, II հարկ, ՀԹՄՄ գրասենյակ:

    Լավագույն աշխատանքների ընտրությունը համապատասխան հանձնաժողովները կամփոփեն նոյեմբերի վերջին:

  • ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

    ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

    ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆ

    Հոկտեմբեի 24-ին եւ նոյեմբերի 4-ին Առաջին ցուցահանդեսըՙ Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան փող. 16), ժամը 15:00-ից:

    Երկրորդ ցուցահանդեսըՙ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան (Մաշտոցի պող. 7), ժամը 16:00-ից:

    Նկարների զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

  • ՖԻԶԻԿԱՅԻ 2014 Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

    Պ. Ք.

    Ֆիզիկայի բնագավառում կատարած ակնառու հայտնագործության համար 2014 թ. Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնականներ Իսամու Ակամասակին, Հիրոշի Ամանոն եւ Սյուձի Նակամուրան: Այդ մասին հաղորդում է Նոբելյան հաձնախմբի կայքէջը:

    Այդ երեք գիտնականները ստեղծել են էժանագին կապույտ լուսադիոդային լամպեր (հանրահայտ կապույտ LED-երը): Տվյալ կիսահաղորդչային սարքերը լուսապատկերի կապույտ դիապազոնում լույս են արձակում իրենց միջով էլեկտրական հոսանքի անցկացման արդյունքում: Լուսագովազդային վահանակները պարունակում են հենց այդպիսի լուսադիոդներ:

    Անցյալ տարի ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ ստացել էին Պիտեր Հիգսը, եւ Ֆրանսուա Էնգլերըՙ մասնիկների ստանդարտ մոդելի թույլ էլեկտրական հատվածում զանգվածագոյացման բացատրության հետ կապված տեսական աշխատանքների համար:

    Առաջին Նոբելյան մրցանակը 1901 թ. շնորհվել է Վիլհելմ Ռենտգենինՙ հետագայում իր անունով կոչված ճառագայթների հայտնագործման համար: Ֆիզիկայի մրցանակն ունի իր ռեկորդները: Այսպես, երկու անգամ դրան արժանացել է ամերիկացի Ջոն Բարդինը. 1956 թ. Ուոլթեր Բրեթեյնի եւ Ուիլյամ Շոքլիի հետՙ տրանզիստորի հայտնագործման համար եւ 1972 թ. Լեոն Կուպերի եւ Ջոն Շրիֆֆերի հետՙ գերհաղորդականության միկրոսկոպիկ տեսության ստեղծման համար: Դափնեկիրների միջին տարիքը 55-ն է: Ամենից երիտասարդը 25-ամյա ավստրալացի Ուիլյամ Բրեգն է, որը իր հոր հետ 1915 թ. մրցանակ ստացավ բյուրեղներում ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիային (արգելքների շրջանցմանը), վերաբերող հետազոտությունների համար: Նրա աշխատանքը տեսական հիմք ծառայեց ռետնգենակառուցվածքային տարրալուծման համար:

    Ֆիզիկայի մրցանակը (համահեղինակությամբ) ստացել է ընդամենը երկու կինՙ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին 1903 թ. ճառագայթման հետազոտման համար եւ Մարիա Գյոպերտ-Մայերը 1963 թ. ատոմի միջուկի թաղանթային մոդելի համար: Մինչեւ 2013 թվականը տեղի է ունեցել ֆիզիկայի մրցանակների շնորհման 107 արարողություն: Դափնեկիրների ընդհանուր թիվը 195 է, նրանցից 47-ը մրցանակը ստացել են միանձնյա կարգով:

  • Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

    2014-2015 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն

    (Հեռակա ուսուցում, անվճար հիմունքներով)

    1.Համաշխարհային պատմությունԷ.00.021 տեղ
    2.Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա /աշխարհագրություն/ԺԳ.00.021 տեղ
    3.Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա /մաթեմատիկա/ԺԳ.00.021 տեղ
    4.Հատուկ մանկավարժությունԺԳ.00.032 տեղ
    5.Սոցիալական հոգեբանությունԺԹ.00.031 տեղ
    6.Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ եւ գործընթացներԻԲ.00.031 տեղ

    Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական եւ հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ, հանձնել են քննություն օտար լեզվից եւ համակարգչից օգտվելու հմտություններ առարկայի տարբերակված ստուգարք հաղթահարելով անցումային շեմերը:

    Դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.

    1. Դիմում համալսարանի ռեկտորին նշելով ընտրած մասնագիտությունը:

    2. Մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմի եւ գնահատականների ներդիրի պատճենները, բացառությամբ այս տարվա շրջանավարտների, որոնց թույլատրվում է ներկայացնել ավարտական տեղեկանք:

    3. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն եւ չորս լուսանկար (3×4 չափի):

    4. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

    5. Ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում, մասնագիտական ամբիոնի կողմից գրավոր դրական գնահատականով:

    Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից: «Բավարար» գնահատական ստացած դիմորդը զրկվում է ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից:

    Մասնագիտական քննությունից հավասար գնահատական ստանալու դեպքում մրցույթն իրականացվում է հաշվի առնելով հետեւյալ ցուցանիշները ըստ հերթականության:

    ա/ «Օտար լեզու» եւ «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից ստացած տարբերակված ստուգարքների գնահատականները:

    բ/ Հրատարակված գիտական աշխատանքների քանակը:

    գ/ Մագիստրոսի կամ բարձրագույն կրթության մասնագետի դիպլոմի ներդիրում գրանցված բոլոր գնահատականների միջինը:

    դ/ Մագիստրոսական ատենախոսության կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմային աշխատանքի պաշտպանության գնահատականները:

    ե/ Միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում, օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներում մասնակցությունը (զեկուցումները):

    Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ:

    Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2014թ. նոյեմբերի 1-ից 10-ը:

    Տեղեկությունների համար դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին, հեռ. 59-70-78

  • ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ՈՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ

    ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ՈՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ

    ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, բժիշկ, գրող

    Բաց նամակ մարդու իրավունքների գծով Ռուսաստանի լիազոր Է. Պամֆիլովային

    Մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա

    Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացա, որ «Ռուսաստանում ձերբակալված հայ բարեգործ Լեւոն Հայրապետյանի գործը գտնվում է ՌԴ մարդու իրավունքների գծով լիազորի ուշադրության կենտրոնում»: Այդ տեքստում ես նկատեցի որոշակի օրինաչափություն եւ նույնիսկ տրամաբանություն: Քառորդ դար առաջ մենք գործընկերներ էինք խորհրդային վերջին պառլամենտում: Հիշում եմ, ստանալով «ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորները» կարմրակազմ հատորի իմ օրինակը, ես ուշադրություն դարձրի, որ ամենից շատ այսպես կոչվածՙ պառլամենտական պարտականություններ ունեիք Դուք: Դա եւ՛ բնապահպանության ու բնական պաշարների արդյունավետ օգտագործման հարցերով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կոմիտեի անդամի, ե՛ւ արտոնությունների ու առավելությունների հարցերով հանձնաժողովի քարտուղարի, ե՛ւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մանդատային հանձնաժողովի անդամի պարտականություններն էին: Այս թվացյալ ձանձրալի տվյալները բոլորովին էլ հենց այնպես չեմ ներկայացնում: Բանն այն է, որ, հավանաբար, պաշտոնների հենց այդ ողջ լուսապատկերն էր պարտավորեցնում Ձեզ լինել թերեւս ամենաակտիվ պատգամավորը: Համենայնդեպս, ամբիոնից ամենից հաճախ, եթե չասենքՙ ամենից սուր եւ կտրուկ, ելույթ էիք ունենում Դուք: Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Սոս Սարգսյանն ասաց. «…այդ համեստ եւ, թվում է, հանգիստ կնոջ մեջ մշտապես արթուն է արդարության զգացումը»:

    Բացարձակապես օրինաչափ է եւ այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Դուք դարձաք ավելի ակտիվ, եւ որ ամենակարեւորն է, գործուն եւ սկզբունքային գործիչ արդեն Նոր Ռուսաստանում: Եվ ամեն անգամ, լիներ պետդումայում, թե կառավարությունում, Դուք զբաղվում էիք սոցիալական, հումանիտար խնդիրներով, հաճախ կոնկրետ մարդկանց կոնկրետ ճակատագրերով եւ նրանց քաղաքացիական արժանապատվությամբ: Եվ նույնիսկ որսացել եմ տարբերության նրբությունները Ձեր վերջին պաշտոնների միջեւՙ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազոր:

    Եվ ահա ես Ձեզ դիմում եմ հենց որպես Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազորիՙ Լեւոն Հայրապետյանի ճակատագրի առիթով: Ընդգծում եմ, որ խոսքն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մասին է: Այն փաստը, որ նրան արդեն բաց են թողել տնային կալանքի, ոչ մի կերպ չի փոխում սուր դրամատիկական վիճակը, որում նա հայտնվել է: Դրանում է կայանում Ձեզ ուղղված իմ նամակի էությունը:

    Համարձակորեն կարող եմ ասել, որ ես, ինչպես ուրիշ ոչ մեկը, գիտեմ Լեւոն Հայրապետյանի կենսագրությունը: Ի դեպ, նա «Սոբեսեդնիկ» թերթի խմբագրության կողմից հավատարմագրված էր լուսաբանելու ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի աշխատանքը: Մենք նրա հետ հաճախ էինք հանդիպում Կրեմլյան պալատում, ընդմիջումների ժամանակ: Առաջ անցնելով ասեմ, որ մի քանի տարի անց ես առաջինը նրա մասին ծավալուն ակնարկ գրեցի հայկական «Ուրարտու» շաբաթաթերթում եւ ընթերցողներին պատմեցի նրա լայնորեն հայտնի պատմական տոհմաբանության մասին, ՀամԼԿԵՄ Կենտկոմի կողմից նրա երկարաժամկետ գործուղման մասինՙ աշխատելու Ծայր Հյուսիսում, այն մասին, որ նա առաջիններից մեկն էր, ով վերականգնեց Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիների կողմից ավերված հայկական եկեղեցիները: Բավական է հայացք նետեք նամակին կցված լուսանկարներին, որտեղ պատկերված է Շուշիում վանդալների կողմից ավերված հայկական տաճարը, որը պատերազմի ավարտից անմիջապես հետո վերականգնվեց շնորհիվ Լեւոն Հայրապետյանի: Սակայն այդ ամենը, ես հասկանում եմ, բոլորովին էլ չի կարող որպես յուրօրինակ ինդուլգենցիա ծառայել:

    Ես հեռու եմ այն մտքից, որ կարող եմ ինձ թույլ տալ շոշափելու այն հարցը, թե Լեւոն Հայրապետյանը մեղավոր է կամ անմեղ: Հստակ գիտեմ, որ մինչեւ դատավարությունը պետք է գործի անմեղության կանխավարկածի անխախտ օրենքը: Եվ Ձեզ եմ դիմում բացառապես որպես ամենաբարձր կարգի բժիշկ: Լավ գիտեմ, որ Լեւոն Հայրապետյանի սիրտը ցանկացած պահի կարող է կանգ առնել: Հենց այդ ժամանակ կարող է տեղի ունենալ ամենասարսափելին, քանզի ոչ ոք հենց իրենից բացի, չի կարող պաշտպանել նրան: Ես լավ եմ ուսումնասիրել Վլադիմիր Պուտինի դեռեւս վարչապետության օրոք ստորագրած որոշումը «Հանցագործության կատարման մեջ կասկածվողների բժշկական զննության մասին»: Այնտեղ բերվում է «հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներին կամ կասկածվողներին կալանքի տակ պահելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» մանրամասն թվարկումը: Եվ դրանց մեջ բազմաթիվ են այն հիվանդությունները, որոնցով արդեն վաղուց տառապում է Լեւոն Հայրապետյանը:

    «Լեւոն Հայրապետյանը եւ անմեղության կանխավարկածը» հոդվածում ես ներկայացրել եմ միայն մի քանի ախտորոշումների ցանկՙ արտագրված հիվանդությունների բազմաթիվ պատմություններից. լյարդի կառուցվածքային տարրերի ախտահարման խրոնիկական զարգացման հիվանդություն, շաքարախտ(մինչեւ 20-րդ նիշ), երկու ինսուլտ (բուժումըՙ Երեւանում), միոկարդի երկու ինֆարկտ, ուռոլոգիական վիրահատություն (բուժումըՙ Մոսկվայում), հիպերտոնիկ հիվանդություն, լյարդի ուռուցքի վիրահատություն (Գերմանիա): Իսկ հիմա որոշ ախտորորշումներ ներկայացնեմ Ռուսաստանի կառավարության որոշումից. «Նորագոյացություններ (օնկոլոգիա), հիպերտենզիվ (հիպերտոնիկ) հիվանդությունՙ արյան շրջանառության անբավարարությամբ, գլխուղեղային հիմնական եւ պերիֆերիկ անոթների ախտահարման հետեւանքներ, լյարդի հիվանդություններՙ լյարդային անբավարարությամբ»: Այնպես որ, ինչպես տեսնում ենք, առաջին հերթին Լեւոնին պետք է փրկել մահից:

    Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես կարելի է պաթոլոգիական նման ահավոր փնջի առկայության դեպքում անտեսել բժշկական հետազոտման այդքան լուրջ հարցը, արհամարհել կառավարական որոշման հստակ պահանջները, խնդրի լուծումը թույլ տալ ընդամենը բանտային բժշկին եւ ոչ թե բուժող բժիշկներից կազմված հեղինակավոր բժշկական կոնսիլիումին: Հավատացնում եմ, վտանգն անխուսափելի է նույնիսկ տնային կալանքի պայմաններում:

    Ցանկանում եմ այս կապակցությամբ Ձեզ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Սելեզնյովի (հաքերի) դրամատիկական ճակատագրի մասին, որին ձերբակալել էին ԱՄՆ-ում: Ես չեմ ցանկանում այստեղ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, դիմել բուն ձերբակալման փաստարկումների եւ դրդապատճառների թեմային: Նմանությունը Հայրապետյանի իրավիճակի հետ միայն այն է, որ Սելեզնյովը նույնպես ծանր հիվանդ է: Եվ ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հերթական տեղեկատվությունը նրա մասին, ուշադրություն եմ դարձնում, որ պաշտոնական, ըստ էությանՙ կառավարական տեքստն ավարտվում է անթաքույց զարմանքով. «…հենվելով միջազգային իրավունքի սկզբունքներին, բարոյականությանը, փաստերին, ինչպե՞ս կարելի է ծանր հիվանդ մարդուն չպահել կլինիկայում…»: Բայց չէ՞ որ հանուն արդարության հարկ է նշել, որ այդ բառերը կարելի է հասցեագրել նաեւ նրանց, ովքեր զբաղվում են, եթե կարելի է այդպես արտահայտվել, հայ ժողովրդի զավակ Լեւոն Հայրապետյանի բժշկական խնդրով:

    Չէ՞ որ այդպես, իրոք, ավելի ճիշտ, ավելի մարդկային կլիներ: Ինչ վերաբերում է Լեւոն Հայրապետյանի քրեական գործին, ապա այդ հարցը կլուծի միայն դատարանը: Իսկ առայժմ, մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա, պետք է փրկել մարդուն: Հավատացեք ինձ. հիվանդը պարտադիր պետք է գտնվի համապատասխան կլինիկայումՙ իր բուժող բժիշկների հսկողության տակ, հակառակ դեպքում, իրոք, դժբախտությունն անխուսափելի է:

    Անկեղծ հարգանքով`

  • ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ

    ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ

    Հավաքեց եւ ներկայացրեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ

    Այս հոդվածի հեղինակըՙ Սերգեյ Գալոյանը, «Ազգ»ի նախկին աշխատակիցներից է, եղել է մեր թերթի մշակույթի էջի պատասխանատուն: Վերջին տարիներին նա խորացել է գողական աշխարհի հանրահայտ դեմքերի կենսագրության, հայ եւ միջազգային հայտնի խաբեբաների արարքների էության, դրանց բացահայտման մեջ: Հեղինակ է մի շարք գրքերի եւ ուսումնասիրությունների: Ստորեւՙ նրա «վերադարձի» նյութերից առաջինը, որի թեման կհետաքրքի ոչ միայն արվեստի համաշխարհային շուկայում կեղծումների եւ խաբեբայությունների հարցերով հետաքրքրվողներին, այլեւ առհասարակ բոլոր ընթերցողներին:

    «Ազգ»ը Ս. Գալոյանի նյութերը կհրապարակի պարբերաբար:


    Երբ վաղնջական ժամանակներում մարդ արարածը ժայռերի վրա որսի տեսարաններ էր նկարում կամ փորձում էր կպչուն հողիցՙ կավից մամոնտ հիշեցնող ինչ-որ բան ստեղծել, մի ներքին զգացողությամբ այս պատկերները ընդունում էր որպես ակնահաճո, գեղեցիկ առարկաներ, որ կջերմացնեին իր աչքն ու հոգին: Ակամա նա դառնում էր առաջին հավաքորդըՙ կոլեկցիոները: Դարերի, հազարամյակների ընթացքում «նկարիչների», «քանդակագործների», «բանասացների», ապա նաեւՙ «գրողների» կողքին հայտնվեցին կեղծողները, ովքեր ստեղծողների, արարիչների հանճարը կամ գոնե տաղանդը չունենալով, փորձում էին կրկնօրինակել արդեն եղածը: Փաստորեն զբաղվում էին կեղծելով: Արվեստի պատմության մեջ կեղծումների բացահայտումների մասին հավաստի եւ ճշգրիտ տեղեկություններ հայտնվել են դեռեւս Վերածննդի դարաշրջանից:

    1506 թվականին Ալբրեխտ Դյուրերը դատական հայց ներկայացրեց ոմն Մարկո Անտոնիո Ռայմոնդի դեմ, ով կեղծել էր գերմանացի նկարչի 990 փորագրանկար:

    Հռոմի պապ Կլիմենտես 8-րդը, ցանկանալով հաճելի նվեր մատուցել Մանտուայի ամենազոր դերկոմս Ֆեդերիկո Գոզագին, որոշեց նրան նվիրել Ռաֆայելի նկարներից մեկը: Բայց իր մոտ եղած Ռաֆայելի բնօրինակից պապը չէր ուզում բաժանվել: Եվ նա ելքը գտավ: Նկարիչ Անդրեա դել Սարտոյին պատվիրեց անել Ռաֆայելի գործի կրկնօրինակը, հասկանալի է, այն ներկայացնելով որպես բնօրինակ:

    Երիտասարդ Միքելանջելոն, ով դեռեւս բնավ ճանաչում չուներ, ստեղծեց Կուպիդոնի արձանիկի կրկնօրինակը, որը ոչնչով չէր տարբերվում հին հունական մարմարե քանդակներից: Այն ներկայացվեց որպես իրոք անտիկ գործ եւ վաճառվեց Հռոմի կարդինալ Ռաֆայել Ռիարիոյին այն ժամանակների համար առասպելական գնովՙ 200 դուկատով:

    Եթե մինչեւ 19-րդ դարավերջ արվեստի գործերի, հատկապես նկարների կեղծումների մասին հազվադեպ տեղեկություններ էին հանդիպում, ապա այդ ժամանակներից արդեն ավելի ու ավելի շատ նկարներ սկսեցին կեղծվել: Ինչո՞ւ: Մարդիկ ցանկանում էին շքեղ ապրել եւ գիտակցում էին, որ հարուստ մարդը հանրահայտ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքների, հնաոճ իրերի, գրքերի հազվագյուտ հրատարակությունների տեր պետք է լինի: Երեկվա «մեծաքսակը» ցանկանում էր նաեւ իր արյան մեջ ազնվականի, արվեստի աշխարհի «նվիրյալի» տպավորություն թողնել: Իսկ դա կարելի էր անել այն պարագայում, եթե հզոր նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ ունես քո տանը: Հավաքորդների (կոլեկցիոներների) մի մեծ բանակ էր ստեղծվում: Մի քանի տասնամյակում շատ թանկարժեք (եւ ուղիղ, եւ փոխաբերական իմաստով) մասնավոր հավաքածուներ ստեղծվեցին: Այս մոլուցքը հասցրեց նրան, որ մեծ պահանջարկին ի պատասխան առաջարկը չէր կարողանում բավարարել մարդկային փառամոլության աներեւակայելի չափերը: Իհարկե, ոչ բոլոր կոլեկցիոներներն էին լիովին հասկանում արվեստի գործերից: Այդ իսկ պատճառով շուկան սկսեց հեղեղվել արվեստի գործերի կեղծված օրինակներով: Երեկվա ու այսօրվա վաճառականին, արդյունաբերողին, գործարարին, ով արդեն «մեծ փողեր» ուներ, բազմապիսի եւ բազմաթիվ կեղծիքներ էին առաջարկվում: Պատկերացրեք, որ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Միացյալ Նահանգներում հայտնվեց ավելի քան… երկու հազար «Ռեմբրանդտ»: Ռուս հանրահայտ նկարիչ, թանգարանագետ եւ վերականգնող Իգոր Գրաբարը (1871-1960 թթ.) ինքնակենսագրական «Իմ կյանքը» գրքում, խոսելով 20-րդ դարասկզբին ԱՄՆ եւ Եվրոպա կատարած իր այցերի մասին, գրում է. «Ամերիկայում առաջնակարգ մի շարք հավաքածուների հետ միասին շատ են նաեւ այնպիսիները, որոնք կիսով չափ կեղծված գործերից են կազմված: Շատ ու շատ կեղծված գործեր ես հայտնաբերեցի դիրիժոր Ստրանցկիի փառաբանված հավաքածուում, որում տասնյակ կեղծ «Մոնեներ» ու «Ռենուարներ» կային: Վան Գոգի աշխատանքների բեռլինյան ցուցահանդեսի բացումից առաջ կազմակեպիչըՙ Յուստը ինձ հրավիրեց իր աշխատասենյակ եւ ցույց տվեց վան Գոգի 15 գործ, ցանկանալով իմանալ իմ կարծիքը: Դրանք բոլորն էլ կեղծված աշխատանքներ էին»:

    Արվեստի կեղծված գործերը մեծ չափերի հասան հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ նկարների իսկությունը որոշող ֆիզիկա-քիմիական նոր մեթոդներ հայտնվեցին: 1965 թվականին պարզվեց, որ Լոնդոնի Ազգային պատկերարահում գտնվող, Գոյային վերագրվող կոմս Վելինգտոնի դիմանկարը պարզապես կեղծիք է:

    1970 թվականներին ավստրալուհի Էլիզաբեթ Դուրակը (դե, այս տիկնոջ ազգանունն էլ այս է) մի քանի տարի նկարներ էր ստեղծում հնարովի աբորիգեն Էդդի Բուրոպի անվան տակ: Նա շատ լավ էր որսացել ժամանակի ջիղը. «պարզունակ» եւ էթնո արվեստը մեծ պահանջարկ ուներ: Կեղծիքը պարզվեց այն ժամանակ, երբ Լիզին առաջարկեցին ներկայացնել նկարչին: Նրա վարձած աբորիգենը պարզապես սովորական ալկոհոլիկ էր, ով անգամ մի նորմալ գիծ չէր կարող քաշել թղթի վրա: Էլիզաբեթ Դուրակը, սակայն, թեթեւ պրծավ: Դատարանը գտավ, որ նրա շնորհիվ ամբողջ աշխարհը սկսեց լուրջ հետաքրքություն ցուցաբերել ոչ միայն աբորիգենների պարզունակՙ «պրիմիտիվ» արվեստի, այլեւ ողջ Ավստրալիայի նկատմամբ:

    1976 թվականին պարզվեց, որ Կոռնեյլի թանգարանում գտնվում են Կորոյի կեղծված գործերը: Ստեղծագործական իր ողջ կյանքում Կորոն ստեղծել է 600-ից ոչ ավելի գործ, բայց միայն արվեստի ամերիկյան շուկայում պտտվում է երեք հազար կեղծ «Կորո»:

    Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում գտնվող ութհազարամյա արվեստի 66 արժեքներից (որոնց մի մասը իրականում հայկական ծագում ունեն եւ Նյու Յորք են հասել նաեւ Հայկական լեռնաշխարհից) միայն 18-ն են իսկական: Ներկայիս Թուրքիայի տարածքից Նյու Յորք հասած պատմական ու մշակութային «արժեքները» հատուկ հոգատարությամբ հավաստագրեր են ստացել եւ թուրք, եւ եվրոպացի, եւ ամերիկացի փորձագետների կողմից:

    Բացառիկ կեղծումների մի շարան սկսվեց 1970-ական թվականների վերջերին, երբ սկանդալների մեծ սիրահար Սալվադոր Դալին հիվանդացավ Պարկինսոնի հիվանդությամբ եւ այլեւս չէր կարողանում վրձին վերցնել: Սակայն նրա ստորագրությամբ գեղանկարներն ու մատիտանկարները շարունակում էին հաճախակի հայտնվել: Այդ կեղծիքների ոգեշնչողը Գալան էրՙ Դալիի կողակիցը, իսկ հեղինակըՙ իսպանացի երիտասարդ նկարիչ Մանուել Պուխոլ Բալադասը: Երեք տարվա ընթացքում այս Պուխոլն ստեղծեց մոտ 400 ջրանկար, մատիտանկար, լիտոգրաֆիկ աշխատանք, 200-ից ավելի յուղանկար: Միայն Դալիի մահվանից հետո նա խոստովանեց մաեստրոյի կենսագրությունում ունեցած իր դերը:

    Կոնրադ Քույաուն կեղծում էր Պիկասոյի, Վան Գոգի, իմպրեսիոնիստների գործերը, բայց առավել մեծ ճանաչման արժանացավ 1983 թվականին, երբ կեղծեց Հիտլերի գաղտնի «օրագրերը»: Հեղինակավոր բազմաթիվ փորձագետներ հաստատեցին «օրագրերի» իսկությունը, հայտարարելով, որ այստեղ ոչ մի կեղծիք լինել չի կարող: Իսկ մի շարք երկրների հանրահայտ պարբերականներ հատվածներ տպագրեցին այդ «օրագրերից»: Արդեն նույնիսկ նախանձախնդիրներ էին գտնվել, ովքեր ցանկանում էին դրանք հրատարակել առանձին գրքով, ամբողջությամբ: Բայց պարզվեց, որ «օրագրերի» թղթերի մեջ սպիտակեցնող այնպիսի նյութ կա, որը պարզապես գոյություն չուներ Համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ: Քույաուին ձերբակալեցին, դատեցին եւ ազատազրկեցին 3 տարով: Ազատվելով բանտից, խաբեբան շարունակեց կեղծել արվեստի գործեր, բայց նկարի վրա ինչ-որ տեղում իր փոքրիկ ստորագրությունն էր դնում, որպեսզի իրեն ոչ ոք չկարողանա մեղադրանք ներկայացնել:

    Գերմանացի նկարիչ Օտտո Վակերն, իր մեջ հայտնաբերելով նմանակողի տաղանդ, սկսեց կեղծել վան Գոգի նկարները, եւ այդ կեղծիքները վաճառում էր իր գեղարվեստի սրահում: Կեղծումները շատ բարձր որակի էին, եւ խոշորագույն փորձագետները չորս տարի շարունակ գլուխ էին ջարդումՙ փորձելով կեղծիքները տարբերել վան Գոգի ստեղծած բնօրինակներից: Ինչպես տեղեկացնում է lookatme.ru” կայքը, Վակերը կեղծել է վան Գոգի 30 գործ: Դրանցից 6-ը փորձագետները ճանաչել էին որպես մեծ հոլանդացու ձեռքի գործ, իսկ մեկը երկար տարիներ համարվում էր Վաշինգտոնի Ազգային թանգարանի լավագույն նմուշներից մեկը:

    1984 թվականին իտալացի ճարտարապետ եւ կոլեկցիոներ (հավաքորդ) Ջուզեպպե Սալցանոն աճուրդներից մեկի ժամանակ ձեռք բերեց Ջորջ դե Կիրիկոյի «Իտալիայի հրապարակը» նկարը, որը, պարզվեց, կեղծված գործ է, կրկնօրինակ: Սալցանոն պարզապես ցնցված էր կեղծարարի վարպետությունից: Փնտրեց, գտավ նրան: Դա, պարզվեց, 75-ամյա Անտոնիո Մազզիզն էր, ով հավաքորդին խոստովանեց, որ ստիպված կեղծում է մեծ վարպետների գործերը, որովհետեւ ապրուստ վաստակելու այլ միջոցի չի տիրապետում: Սալցանոն կազմակերպեց Մազզիզի «աշխատանքերի» ցուցահանդեսը, որը հսկայական հաջողություն ունեցավ: Ապա հավաքորդը բացեց «Պըտի արտ» պատկերասրահը, որտեղ աշխատում էր 48 նկարիչ: Իտալիայի մշակույթի նախարարությունը այս պատկերասրահում ստեղծված «գործերին» համապատասխան հավաստագրեր է տալիս: Իսկ գնորդները երաշխավորագրեր են ստանում այն մասին, որ այդ կտավները «բնօրինակի տեխնիկան եւ նկարելաոճը հարգող եւ դրանց հետեւող յուրօրինակ աշխատանքներ են»: Թանգարանի հաճախորդների թվում նշվում են արքայադուստր Դիանայի, Ֆրենք Սինաթրայի, Առնոլդ Շվարցենեգերի, Անտոնիո Բանդերասի եւ ուրիշ ճանաչված մարդկանց անուններ: «Պըտի արտ» պատկերարահի որոշ նմուշներՙ Ռաֆայելի «Աստվածամայրը», վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, Վելասկեսի ստեղծած դիմանկարները, Բոտիչելիի «Գարուն»-ը, Դեգայի «Պարողներ»-ը, Պիսսարոյի «Մոնպառնաս զբոսայգին» եւ այլ գործեր վաճառվել են մինչեւ 30 հազար դոլարով:

    Ամենաանհեթեթ իրադարձությունն այս ոլորտում կարելի է համարել Վինսենթ վան Գոգի «Արեւածաղիկներ» նկարի կեղծումը… Սակայն չշտապենք, որովհետեւ այս պարագայում կեղծում բառն օգտագործելը ճիշտ չի լինի:

    Ականավոր հոլանդացու «Արեւածաղիկներ»-ը, որը վաճառվել է Քրիստի՛զ աճուրդատանը 1987 թվականին 40 միլիոն դոլարով, պարզվեց, որ բնօրինակը չէ, չի պատկանում վան Գոգի վրձնին: Այսպիսի եզրակացության հանգեցին իտալացի փորձագետներն ու արվեստի պատմաբանները, ովքեր 2001 թվականի սեպտեմբերի վերջին իրենց նկատառումները հրապարակեցին “Quadrie Sculture” պարբերականում: Իրենց եզրակացությունները վերջիններս կազմեցին լրջորեն ուսումնասիրելով վան Գոգի եւ նրա նկարիչ-ընկերոջՙ Պոլ Գոգենի, ինչպես նաեւ Գոգենի բարեկամ Կլոդ-Էմիլ Շուֆենեկերի նամակագրությունները: Իրականում այսպես է եղել. 1888 եւ 1889 թվականներին վան Գոգն ստեղծել է այս նկարի 4 տարբերակ (արվեստի որոշ պատմաբաններ մինչեւ 10 տարբերակ են նշում, որի հետ դժվար է համաձայնվել): Բոլոր այս 4 գործերի գտնվելու վայրերը հայտնի են: Սակայն դրանց մեջ չի նշվում այն տարբերակը, որը գնել են ճապոնացիները 1987 թվականին:

    Գոգենը մի քանի անգամ գրել է վան Գոգին, որ ինքը շատ է հավանում հոլանդացու այս գործը եւ շատ կուզեր նրանց (նկարչին եւ նկարը) նկարել իր արվեստանոցում: Գոգենի «Առաջ եւ հետո» նոթագրությունների տետրում, որը գրվել է 1903 թվականի հունվար-փետրվարին եւ առաջին անգամ հրատարակվել Մյունխենում 1914 թվականին, այսպիսի տողեր ենք կարդում. «…Ես մտահղացում ունեցա նկարելու նրան իր սիրած արեւածաղիկներով նատյուրմորտի վրա աշխատելիս: Երբ դիմանկարն ավարտված էր, նա ասաց.

    – Այո, սա ես եմ, բայց խելագարված…»:

    Որոշ ժամանակ անց Պոլը համոզում է Վինսենթին կարճ ժամանակով իրեն վստահել նկարը «ստեղծագործության գունային ներդաշնակությունը շնչելու համար»: Կարճ ժամանակ անց նկարը վերադարձվում է տիրոջը: Վան Գոգի մահվանից մեկ տարի անց ջրի երես դուրս եկավ «Արեւածաղիկներ»-ի եւս մեկ տարբերակ, որը մինչ այդ հայտնի չէր ոչ մեկին: Այդ ժամանակ նկարը գտնվում էր Կլոդ-Էմիլ Շուֆենեկերի մոտ: Եթե հաշվի առնենք մի հանգամանք, որ Շուֆենեկերը (ինչպես կպարզվի հետագայում) վաճառքի էր հանում հոլանդացու կեղծված (կամ կրկնօրինակված) մի քանի գործեր, ապա հետաքրքրական մի պատկեր է գծվում: Փորձագետներն այն եզրակացությանը եկան, որ «Արեւածաղիկներ»-ի իրենց ուսումնասիրած տարբերակը բնօրինակից նկարել է Գոգենը:

    Հետաքրքրական է, որ կասկածելի «Արեւածաղիկներ»-ը ձեռք բերած ճապոնական «Yasuda Fire @ Marine insurance» ապահովագրական ընկերությունը հրաժարվել է նկարը փորձաքննության ենթարկել ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: Բայց պետք է նշել, որ իրականում «Արեւածաղիկներ»-ի ճապոնացի տերերը փաստորեն ոչինչ էլ չեն կորցրելՙ անկախ այն բանից, թե ում վրձնին է պատկանում իրենց ձեռք բերած նկարը: Չէ՞ որ Պոլ Գոգենի ստեղծագործությունները արվեստի գործերի շուկայում բավականին մեծ գներ ունեն: Ավելի ճիշտ կլինի ասելՙ նրանք շահել են. չէ՞ որ երկու անկրկնելի նկարչի շունչ կա իրենց գնած նկարում:

    Արվեստի գործերի, հատկապես նկարների կեղծումների մասին հաղորդագրությունները շարունակական են: Եվ որքան էլ ցավալի էՙ այս որակի հանցագործությունները վիճակագրություն են դառնում: Ռուսական «հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏ» պարբերականում հանրահայտ վերլուծաբան հարգաժան Լարիսա Կիսլինսկայան դեռեւս 2006 թվականի հունվարի տպագրված իր հերթական ուսումնասիրությունում գրում է. «Փորձագետ արվեստաբանների հաշվարկներով այժմ շուկայում շրջանառվում է Հովհաննես (Իվան) Այվազովսկուն վերագրվող ավելի քան 60 հազար կտավ: Ճիշտ է, մեր հայրենակիցը շատ արդյունավետ է աշխատել, սակայն իր ողջ կյանքում նա ստեղծել է միայն 6 հազար գործ»:

    Ահա, այսպես: Շարունակենք կեղծումների եւ դրանց հայտնաբերումների մասին հաղորդագրությունների թվարկումը…

    2000 թվականի նոյեմբերին Սոթբի՛զում աճուրդից անմիջապես առաջ վաճառքից հանվեց Այվազովսկու մի գործը, Գոլովինի թատերական էսքիզները, Կուինջիի արվեստանոցում ստեղծված գործերը, Լեբեդեւի, Պետրով-Վոդկինի նկարները: Որոշ գործեր վաճառվեցին «Ատրիբուտվում է որպես Մարտիրոս Սարյան» նշումով: Իսկ թե դա ինչ է նշանակումՙ կարելի է հասկանալ, եթե մի փոքր պատկերացում ունես արվեստի մասին:

    2012 թվականի մարտին «ՁՐՌցՎՒ» պատկերասրահի իրավաբան, հնաոճ իրերի Մոսկվայի հանրահայտ կոլեկցիոներների խոհրդատու, Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության հետաքննությունների կոմիտեի նախկին քննիչ Նիկիտա Սեմյոնովը հայտարարեց. «2000 թվականի կեսերին հեղինակավոր փորձագետ Վլադիմիր Պետրովը հանկարծ հրաժարվեց իր 200 փորձագիտական եզրակացություններից: Կարծում եմ, որ նա կանխարգելեց հարվածը մինչ այն, որ կարող էր լուրջ բան կատարվել: Դա համարձակ քայլ էր»: Թե ով է այս Վլադիմիր Պետրովըՙ շատ ավելի հստակ երեւում է 2014 թվականի փետրվարին, երբ Մոսկվայում ձերբակալվում է ոչ պակաս հայտնի փորձագետ Ելենա Բասները:

    Իսկ մինչ 2014 թվականը աշխարհում ուրիշ իրադարձություններ էին արձանագրվում…

    2013 թվականին Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտ» թանգարանում բացվում է կեղծված նկարների ցուցահանդես: Ինչպես նշված է «Ասոշիեյթըդ փրես» գործակալության տարածած հաղորդագրությունում, ցուցադրվող «գործերը» վերցվել էին Բրիտանիայի ոստիկանության պահոցներից: Ցուցահանդեսում ներկայացված էին ոչ միայն նկարներ եւ արվեստի գործեր, այլեւ փաստաթղթեր ու սարքավորումներ, որոնք օգտագործել են կեղծարարները վերջին մի քանի տարիների ընթացքում: Փորձագետներին առավել հետաքրքրեցին այն ամենը, ինչ կապված էր 20-րդ դարի վերջին տասնամյակների ամենահաջողակ կեղծարարներիՙ Ջոն Դրյուիի եւ Ջոն Մայաթի հետ: Ոստիկանությանը հաջողվել է գտնել նրանց կեղծած 200 գործից 80-ը: Նմանատիպ մի ցուցահանդես կազմակերպվել էր Իտալիայում 2001 թվականին: Այդ ժամանակ ցուցադրվել էին ավանգարդիստ նկարիչներիՙ Կորոյի, դե Կիրիկոյի, Պիկասոյի, Տրեկանիի, Գուիդիի եւ այլոց 86 կեղծված գործ, որոնք գնելու համար թանգարաններն ու կոլեկցիոներները ծախսել էին ավելի քան 2 միլիոն դոլար:

    Նկար 1. Վինսենթ վան Գոգ, «Արեւածաղիկներ»

  • ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ

    ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

    Արտագաղթի ու արտագաղթը կասեցնելու մասին այնքան ապարդիւն կերպով խօսուեցաւ ու գրուեցաւ, որ դարձեալ նոյն նիւթին անդրադառնալը անիմաստ պիտի ըլլար:

    Սակայն, անցեալ հինգշաբթի, հոկտ. 2-ին, «Մոսկուա» կինոթատրոնին մէջ նոր շարժանկարի մը անդրանիկ ցուցադրութիւնը մղեց զիս, որ վերստին անդրադառնամ այս ցաւոտ հարցին:

    Ֆիլմը կը կոչուի «Մեր Երեւանը» եւ գործն է Արսէն Ասլանեանին:

    Գրական պատումի մը վրայ կառուցուած չըլլալով, շարժապատկերը լրիւ ռեկլամային է, ուր նկարահանուած է Երեւանը իր ամէնափայլուն երեսներով, իր լայնանիստ ու գեղեցիկ պողոտաներով, կանաչազարդ պուրակներով, փարթամ շէնքերով, արձաններով, զբօսավայրերով… Մէկ խօսքով, Երեւանը ներկայացուած է այնպէս, որ կրնայ ախորժակը գրգռել ու հրաւէր կարդալ ամենադժուարահաճ զբօսաշրջիկին իսկ, սակայն ըստ սցենարին, ան ուղղուած է հայութեան, մասնաւորաբար քաղաքը կամ երկիրը լքող քաղաքացիին, ինչպէս ցոյց կու տար առաջին իսկ դրուագը, ուր ընտանիք մըՙ հայր, մայր եւ զաւակ, օդանաւակայան կը մտնեն արտագաղթելու նպատակով:

    Վերոյիշեալ նախաբանէն ետքՙ հաճելի շրջապտոյտ, ուր բեմադրիչն ու նկարողը կարողացած են որսալ եւ պաստառին բերել Մայրաքաղաքի ամենաընտիր երեսները, այնքան հմայիչ, այնքան գրաւիչ.

    Յետո՞յ:

    Երեւանի անվերջանալի տեսարժան վայրերու տողանցքէն ետք, յանկարծ, քաղաքը լքած ընտանիքը օդանաւակայանէն դուրս գալով, կը վերադառնայ Երեւան… քանի որ Երեւանը աննկարագրելիօրէն գեղեցի՞կ է, շքեղ ու հարու՞ստ, կախարդող ու հմայի՞չ: Եւ այսքանը, ըստ ֆիլմը պատրաստողներուն, բաւական է, որ մարդիկ չլքեն «Մեր Երեւանը» ու լքածներն ալ ետ գան…

    Եղա՞ւ:

    Ուրեմն Երեւանը լքողները ծանօթ չեն իրենց ապրած քաղաքի գեղեցկութեան եւ երբ ծանօթանան այս ֆիլմին միջոցով, վազելով ետ կու գան:

    Շատ միամիտ վերաբերմունք է ասիկա, շատ ցաւոտ հարցի մը առնչութեամբ:

    Որպէս այս ֆիլմի գլխաւոր հովանաւոր, ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը ա՞յս ձեւով կ՛ուզէ կանխել արտագաղթը: Իսկ ֆիլմը պատրաստողները ինչո՞ւ միայն Երեւանի փայլուն երեսը նկարած են. ինչո՞ւ տեսախցիկը չէ մտած բակերը, չէ նկարած կուտակուած աղբն ու թափթփածութիւնները, չէ նկարած մուրացկաններն ու արեւածաղիկի սերմ ծախող մամիկները: Ո՞ւր է Երեւանի տգեղ երեսը, եթէ նպատակը մեր Երեւանը ցոյց տալն է: Մեր տգեղութիւնները կոծկելով, օտարակա՞նը կը խաբենք, թէ՞ մենք զմեզ:

    Թերեւս այդ խեղճուկ, այդ անհրապոյր բակերուն մէջ աւելի գեղեցիկ ու սրտայոյզ յուշեր կան, որոնք աւելի թանկ արժեն, քան դուրսի փարթամութիւնը: Թերեւս հարցին այդ անկիւնէն մօտենալը աւելի սրտաշարժ պիտի ըլլար, աւելի ազդեցիկ:

    Տեսարաններուն ուղեկցող Երեւանին նուիրուած երգերն ու մեկնաբանութիւնները յաւելեալ փայլք մը կու տան ֆիլմին, սակայն միւս կողմէ հովանաւոր հաստատութեանց ցայտուն գովերգութիւնը շատ բան կը պակսեցնէ անոր համեստ գեղարուեստական արժէքէն:

    Նայինք, թէ այս ֆիլմը քանի՞ արտագաղթող ետ պիտի բերէ…

    Հալէպ-Երեւան

  • ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

    ՆԱԻՐ ՅԱՆ

    Էս գիշեր էլի անհանգիստ էի. հազար բան էր անցնում մտքովս: Ուրախ ու տխուր հույզերս իրար էին խառնվել: Տասը-քսան երիտասարդներ, մեջքներին գրած «Երեւանն իմ տունն է», լուսումութին փողոցներում ու կամուրջների եզրերին եռագույներ էին շարում: Այ մարդ, էդ ինչ ճռճռան բառեր եք ասումՙ «Երեւանն իմ տունն է», «Երեւան, իմ սեր», «Երեւանը մենք ենք». մի պահ սիրտս հրճվանքից խուտուտ է գալիս, քիչ է մնում հավատամ, թե անկեղծ եք: Բայց որ հիշում եմՙ ինչքան եք ինձ դաղել ու վառել, ինքս իմ աչքից ընկնում եմ, որ էս տարիքում էլի ձեր սուտ ու փուչ խոսքերից հալվում եմ: Ըհը, դե տես. էն տղան վերջին դրոշակն էլ դրեց, սիգարետը վառեց ու տուփը շպրտեց հենց եռագույնի տակ. արարքի՞դ նայեմ, թե՞ մեջքիդ գրածին: Բա դու քո տանը սիգարետի տուփը սենյակիդ մեջտեղում կշպրտես ու կգնա՞ս:

    Պա՜հ-պահ-պահ. առավոտ շուտ էս ինչ ավտոշարասյուն է անցնում: Լավ պրծանք. եթե մի-երկու ժամ ուշ լիներ, ոստիկանները փողոցները փակելու էին, ժողովրդին ծեփեին պատերին, գոռգոռոցով հրահանգեին մյուս մեքենաներին աջ քաշվել ու տեղում գամվել: Մի հարցնող լինի, որ դուք ձեր տուն եք մտնում, ձեր կինն ու երեխաները կաթվածահար եղածի պես շունչները պահած մեխվում են իրենց տեղերո՞ւմ: Չէ, ձեր տանն էդպես չեք անում. մտնում եք, համբուրում ձեր կնոջը, երեխաների թուշիկից մի հատ «պոնչո» անում, քիթիկին պաչիկ անում, նվերներ տալիս, չէ՞: Բա եթե Երեւանը ձեր տունն է, ուրեմն երեւանցիներն էլ ձեր տանեցիներն են, ընտանիքի անդամները, հարազատները, արյունակիցները: Ես էդպես եմ հասկանում, համենայն դեպս, ամեն Աստծու օր ամբիոններից դուք դա եք հայտարարում:

    Տոնական շոփինգ արե՞լ եք. այսօր հանդիսավոր օր է, բաժակ եք բարձրացնելու, զրնգոցով իրար զարկեք, կենաց ասեք. «Մեր Երեւանի ցավը տանեմ, շեն մնա, ծաղկի, բարգավաճի»: Էս բարգավաճել բառն էլ վերապահումով եմ օգտագործում, գիտե՞ք. վախենում եմ լսողները քաղաքականացնեն, կուսակցական կասկածամտությամբ նայեն հալիվորիս: Ինչեւէ, այսօր կուսակցական-ոչ կուսակցականՙ տոնական համերգ են գնալու, խնջույք անեն, հանդիսավոր երթով Էրեբունուց հասնեն քաղաքի կենտրոն. դրոշակներ, փուչիկներ, երգ ու պար, բեմականացում: Պաշտոնյաներն էլ սովորական մահկանացուների պես մասնակցելու են երթին, քայլելու են փողոցներով, ժպիտներ բաշխեն: Այ էդ պահերին էլ է էս ծերացած սիրտս նվաղում, հուզմունքից ալեկոծվում, էդ ժամանակ էլ եմ սկսում հավատալ, թե անկեղծ եք: Բայց նորից ձեր էն դաղած տեղերը սկսում են մրմռալ, ու երջանիկ ժպիտն էլի ծուռ կախ է ընկնում երեսիս: Դեռ մի վերքս չլավացած, նորից եք խոցում ինձ:

    Լուսանկարների ցուցահանդեսներ եք կազմակերպումՙ «60-70-ականների Երեւանը»: Երիտասարդ աղջիկները գալիս են, կանգնում սեւ-սպիտակ լուսանկարների առաջ, միամիտ աչքերով նայում, հիացած բացականչում .«Էս ինչ սիրուն է եղել Երեւանը.էս ինչ տարօրինակ տրոլեյբուսներ ենՙ գնացքի գծերի վրա: Սա՞ ինչ շենք է. հա՜, «Կուկուռուզնիկ» որ ասում են, սա՞ է երեւի, էս ինչ շենքերն ենՙ «Սեւան» հյուրանո՞ց, «Դվի՞ն»: Վա՜յ, Փակ շուկան էսպե՞ս է եղել. իսկական շուկա է եղել փաստորեն: Իսկապես որ ճիշտ էր ասում մամասՙ վարդագույն Երեւան»:

    Աղջիկ ջան, էդ սեւ-սպիտակ լուսանկարներում դու գո՞ւյն տեսար, հա՞, այն էլՙ վարդագույն: Վարդագույնն անգամ սեւ-սպիտակի մեջ է երեւում, որովհետեւ Երեւանի տրամադրությունն է վարդագույն եղել, Երեւանի սիրտն ու հոգին են վարդագույն եղել: Էս մեքենան տրոլեյբուս չիՙ գնացքի գծերի վրա, տրամվայ է, որ վերացրիք-ոչնչացրիք, իբր հին ժամանակների մնացորդ էր: Բայց տրամվայը քաղաքի կոլորիտն էր, շունչը, տրամադրությունը:

    Էն համուհոտով առեւտուր բառն էլ դուրներդ չեկավ. շուկա գնո՞ւմ եք, որ առեւտուր էլ ասեք: Սուպերմարկետ եք գնումՙ շոփինգի: Շուկա ե՞ք թողել. էն խեղճ գյուղացին արյուն-քրտինքով բերք-բարիք է ստեղծում, մի մարդավարի, մարդավայել տեղ էլ չեք տալիս, որ իր ստեղծածը վաճառի, ապրի: Վերավաճառողներին սուպերմարկետ է հասնում , իսկ հողի հետ կռիվ տվող գյուղացուն մի ոտքի տեղ էլ չի հասնում. մահակներով այս ու այն կողմ եք քշում, վերջում էլ բերքը ձեռքից կոպեկներով առնում ու սուպերմարկետներում շարում: Այսօր շոփինգ որտե՞ղ եք արել. սուպերմարկետ Փակ շուկայո՞ւմ: Փակ շուկայի թեման հեշտ ու հանգիստ փակեցիք-գնաց: Անունը դրեցիք պատմամշակութային հուշարձան ու գրողի ծոցն ուղարկեցիք: Ուրիշ երկրներում իրենց ունեցած աղյուսի մի հին բերկորը, քանդված պատը փայում-փայփայում են, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում զոռով ընդգրկել տալիս, իսկ դուք անունը դնում եք սովետի մնացորդ ու քանդում-ավիրում: Մի հին շենք, թաղամաս, տուն չթողեցիք. գետնին հավասարեցրիք: Հասկանում եմ, որ այսօր քաղաքաշինության ծրագրերում ձեր լեզվով ասածՙ քաղաքական ու բիզնես-պլանային լուրջ շահեր են ներգրավված, բայց այդքանից հետո գոնե մի ասեքՙ Երեւա՛ն, իմ տուն, իմ սեր, իմ ապագա: Ձեր տունը ձեր ամրոց-պալատն է, ձեր սերը ծախված է,ձեր ապագանՙ Եվրոպաներն ու Ամերիկաներն են: Ոչ ձեր մայրաքաղաքի, ոչ էլ երկրի հետ ոչ մի ապագա չեք կապում, եթե կապեիք, այսպես չէիք բզկտի ձեր երկիրն ու մայրաքաղաքը: Դուք Երեւանի անունը տալիս եք ու նույն պահին Պետրոս առաքյալի պես ուրանում Երեւանը: Դավաճանում եք, երբ հին շենքը քանդում եք ու տեղում ռեստորան ու առեւտրի կենտրոն, «էլիտար» շենք սարքում: Դավաճանում եք, երբ բնակելի շենքերի արանքն եք խցկվում, մայթերը զավթումՙ մի-երկու սանտիմետր ավել փախցնելու համար: Սարքում եք, կառուցում եք, փոշու ամպեր եք բարձրացնում. մի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի օջախ, անտունների համար մի բնակարան սարքած կա՞ք. մի գլուխՙ ռեստորան ու խանութ: Որկրամոլների ու շոփինգի քաղաք եք դարձրել: Հիմա էլ մարզահամերգային համալիրի վրա եք խաղադրույքները դրե՞լ: Երիտասարդական պալատից, «Սեւան» ու «Դվին» հյուրանոցներից, Փակ ու բաց շուկաներից պրծանք, «Զվարթնոցի» ու Հանրապետության հրապարակի շուրջը դեռ կրքերը թեժանալու են, զգում եմ, բայց Համալիրի հերթն առաջ գցեցիք: Ավելի յուղոտ պատառ է երեւի:

    Պատճառաբանում եք, թե էդ շենքերը պահել-պահպանելը շատ ծախսատար է, իսկ բյուջեում փող չկա: Ասում եք, թե դրանք ժամանակին ծառայել են իրենց նպատակին, կարեւոր դեր ունեցել ազգի ու պետության համար, իսկ հիմա մաշվել-քայքայվել են, հնացել ու ծերացել, դրա համար էլ պետք է ոչնչացնել, որ պահպանման ու խնամքի ծախս չպահանջեն: Մի հարց տամ. դուք ձեր մորը հիվանդ ու ծերացած լինելու պատճառով կսպանե՞ք, ինչ է թե չեք կարողանում հաց ու դեղ առնել նրա համար: Մայրը, որ ժամանակին ծառայել է ձեզ, պահել ու շահել, եղել գեղեցիկ ու ներկայանալի, հանկարծ դառնում է անպետք եւ ուղղակի բեռ: Ու ամենահեշտ միջոցը նրանից ազատվելն է: Կեցցե՜ք, հրաշալի զավակներ եք:

    Էս ո՞ւր եք գնում գլխապատառ: Հա՜, Հանրապետության հրապարակում տոնական համերգ է: Առավոտյան Էրեբունի ամրոցի շրջակայքումՙ հենց բեմի վրա, Մենուայի որդի Արգիշտին թուրը ճոճելով ու հանդիսավորությամբ հրամայեց, որ սեպագիր արձանագրություն գրեն. «Եսՙ Մենուայի որդի Արգիշտիս, աստ հիմնադրեցի քաղաքն այս ու անվանեցի այն Էրեբունի: Թվագրումըՙ մ.թ.ա. 782 թ.»: Էդ պատմական փաստերը ներկայում ոչ հարգվում են, ոչ էլ կարեւորվում: Կարեւորը Երեւանի տարեդարձին նվիրված տոնական համերգի բյուջեն է: Ամեն անգամ, երբ լսում եմ, թե ինչ ահռելի գումարներ են ծախսվում էդ համերգների վրա, գլուխս պտտվում է: Ո՞ւմ համար եք անում էդ համերգներն ու հրավառությունները: Ես իսկի էլ չեմ նեղանա, եթե էդ շլացնող, ճոխ հրավառությունները չլինեն: Չեմ նեղանա, եթե Հանրապետության հրապարակի համերգին շոուբիզնեսի ճաճանչափայլ աստղերը ելույթ չունենան: Ախր էդ երգերը նրանք հարսանիքներին քավորի պատվին են երգում ու հետո կատարում նաեւ Երեւանի, Անկախության, Նոր տարվա տոներին: Ու ամենակարեւորըՙ մեկ երգի համար գրեթե նույն գումարն էլ վերցնում են թե՛ հարսանիքին, թե ազգային տոներին նվիրված համերգներին: Ի՞նչ կլիներ, եթե, էդ աստղերը մի անգամ էլ ձրի երգեին Երեւանի տոնին կամ ասեինՙ մեզ հասանելիք գումարը հատկացնում ենք երեւանցի բազմազավակ մի ընտանիքի կամ մի ազատամարտիկի: «Աստղեր» են, թող մի անգամ էլ իրենց «փայլը» ձրի բաշխեն, չի՞ լինի: Է՜, ծերացրիք ինձ, ավելի ճիշտՙ պառավեցրիք: Ես շատ երիտասարդ ու կյանքով լի էի, դուք ձեր անզգույշ քայլերով սառնասրտորեն մի-մի կնճիռ ավելացրիք դեմքիս, խորշոմներով պատեցիք ինձ ու հիմա հերթական տարեդա՞րձս եք նշում:

    Իմ տարիքն իմ հարստությունն է, բայց դուք իմ միակ հարստությունն էլ եք ուզում խլել ինձնից: Ապակեպատ, տձեւ, անդեմ շենքեր եք հագցնում ինձ, իբր նորաձեւ է, մոդեռն: Մոռանում եք, որ ես հազարամյակների քաղաք եմ, որն իր զգեստն ունի, իր դեմքն ու նկարագիրը: Ուրիշինն ինձ պետք չի, ձե՛զ լինի:

    Ես արդեն 2796 տարեկան եմ, ինձ գոնե իմ հիշողություններից մի զրկեք. մա՛րդ եղեք, էլի:

  • 140 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԵՎԱԴԱՇՏ ԳՅՈՒՂԻ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ

    Հ. Ծ.

    Արմավիրի Արեւադաշտ գյուղը (Սարդարապատից մի քանի կիլոմետր հեռավորությամբ) նոր դպրոց է ունենալու, որի համար Գլենդեյլում (Կալիֆոռնիա) գործող Հայ կրթական հիմնադրամին (ՀԿՀ) սատարող ազգային բարերարներ հանգանակել են 140 հազար դոլար, տեղեկացնում է այդ առթիվ «Ազգ»ի ստացած մամուլի հաղորդագրությունը: Առ ի գնահատանքՙ Արմեն եւ Սիլվա Գյուլնազարյանները սեպտեմբերի 7-ին իրենց տանը հյուրընկալել են բարերարներին: ՀԿՀ-ի անունից իր շնորհակալություններն է հայտնել նրանց եւ ներկաներին իրենց աջակցության համար կրթական հիմնադրամ-հաստատության նախագահ Ալ Կապրալովը: Նա նաեւ զեկուցել է ՀԿՀ-ի գործունեության մասին, նշելով, որ արդեն իսկ իրականացվել են ավելի քան 200 դպրոցների վերանորոգման աշխատանքները, եւ հատկապես իր երախտիքը հայտնել Նշան Փիրումյանին, այդ աշխատանքները հաջողությամբ համակարգելու համար:

    ՀԿՀ-ի վարչության անդամ Պիտեր Բաղդասարյանը այնուհետեւ ներկայացրել է Արեւադաշտ դպրոցի ողբալի ու սրտաճմլիկ պայմանները, ցուցադրելով միաժամանակ Քրիստինա Շաքարյանի պատրաստած հուզիչ տեսաֆիլմը:

    Երեկոյի ընթացքում հատուկ շնորհակալության եւ պատվի է արժանացել Ջորջ Ջորջորյանըՙ ՀԿՀ-ին հարատեւորեն աջակցելու եւ հիմնադրամին 250 հազար դոլարի նվիրատվություն կատարելու համար: Այդ նվիրատվությունից կօգտվեն Գյումրիի, Ալավերդիի, Սպիտակի, Էջմիածնի, Դիլիջանի եւ Ստեփանակերտի ավագ դպրոցների բազմաթիվ աշակերտներ:

  • ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ

    ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ

    Հ. Ծ.

    Ֆրանսիական մարզական լրատվամիջոցների կողմից «Արթուր Արքա» հորջորջված, 1945 թվականի Ֆրանսիայի երիտասարդական տասնամարտի չեմպիոն Արթուր Մաղաքյանը վախճանվել է 89 տարեկանում գլխուղեղի ուռուցքի պատճառած բարդությունների հետեւանքով: Արթուրը ծնվել էր Վիենում (Ֆրանսիա) 1925 թվի նոյեմբերի 11-ին: Փարիզից անկախ լրագրող Ժան Էսքիյանի փոխանցմամբ, 1952-ին վնասվածք ստանալու պատճառով նա չի կարողացել մասնակցել Հելսինկիի օլիմպիական խաղերին եւ վերջ է տվել մարմնամարզիկի իր կարիերային: Հետագայում դարձել է ֆրանսիական մարմնամարզիկների ֆեդերացիայի ղեկավար դեմքերից եւ 1963-ից 1986 թվականը վարել տեխնիկայի գծով վարպետության տնօրենի պաշտոնը: Արժանացել է «Պատվո լեգեոն», «Երախտիքի ազգային օրդեն» եւ «Երիտասարդության եւ սպորտի ոսկե մեդալի»: Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Վալանսում (Ֆրանսիա):