Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակած Էրդողանի առաջին պաշտոնական այցելությանն ու Բաքվում ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւին տրված նոր հրահանգավորումներին հետեւած «թուրանական» միջանցքի իրագործման հարցում Թեհրանի «խափանարար» դերակատարության թեման քննարկման նյութ դառնալուց հետո, շրջանառության մեջ դրվեց նաեւ Իրանի ազերիաբնակ նահանգներում ազգայնական կրքեր բորբոքելուն միտված եւս երկու թեմա։
Առաջինը, որը շրջանառության մեջ էր դրվել առանց հիմնավորումների ու մասնագիտական փաստարկների, վերաբերում էր հայկական ատոմակայանի ռեակտորի սառեցման համար օգտագործվող կեղտաջրերին, որոնք իբր արտանետվում են Արաքս գետի մեջ եւ հետագայում լցվում Կասպից ծով։ Հետեւաբար, Մեծամորի ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Կասպից ծովի սահմանակից բոլոր երկրների համար։
Երկրորդ թեման, որի կապակցությամբ, ըստ ամենայնի, ավելի մեծ նախապատրաստական աշխատանքներ էին տարվել, վերաբերում էր Ուրմիո լճին, թե իբր, անհետացման եզրին գտնվող այդ ջրային ավազանի փրկության համար ԻԻՀ իշխանությունների կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, ինչն իրանական Ատրպատականում, ի վնաս ազերիների, ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակ է հետապնդում։
Ըստ իրանցի վերլուծաբանների, այս երկու նախագծերն էլ Իրանի ազերիաբնակ նահանգներում ազգամիջյան կրքեր բորբոքելու համար Թուրքիայի ու Ադրբեջանի անվտանգության ծառայությունների կողմից մշակված նախագծեր են, որոնց նպատակը «թուրանական» միջանցք բացելու մտադրությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական էքսպանսիա իրականացնելիս, Իրանի ազգայնական ուժերի օգնությամբ Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններում ԻԻՀ ռազմական միջամտության կանխարգելումն էր։
Նշված հակաիրանական ու հակահայկական թեմաներն ավելի արդիական դարձան հատկապես Անկարայում անցկացված թուրք դեսպանների 13-րդ համաժողովի ընթացքում, որի շրջանակներում օգոստոսի 8-ին Անկարա էր այցելել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանում հանրային կարծիք է ձեւավորվում, թե իբր Իրանը Ուրմիա լիճը չորացնելու եւ բնապահպանական խնդիրներ առաջացնելու միջոցով ցանկանում է ստիպել Ատրպատականի ազերիներին, լքել լճին հարող տարածքները։
Գրիգոր Առաքելյան