Մեր ժողովրդի պատմության օրհասական բոլոր պահերին, բացառությամբ դրսից թելադրված արտառոց մի քանի շեղումների, Հայ Առաքելական եկեղեցին հանդիսացել է հայության վերջին, գուցե միակ ապավենը թե՛ հոգեւոր, թե՛ քաղաքական, նույնիսկ, ճակատագրական որոշ պահերին՝ ռազմաքաղաքական կռվանը, ազգային միավորման, դիմադրողական ոգու կերտիչն ու պահապանը: Լուսավորչի այն կանթեղը, որին նայել ու ոգեշնչվել են, ինչպես մեր մեծագույն բանաստեղծներ՝ Հովհաննես Թումանյանն ու Վահան Թեքեյանն են վկայել, իրարահաջորդ սերունդները վերջին ավելի քան 17 դարերի ընթացքում:
Մեր ձեռքի տակ չկան տվյալներ, թե վերջին 5 տարիներին, ավելի ճշգրիտ՝ 44-օրյա պատերազմին հաջորդած ֆիզիկական ու հոգեկան տվայտանքներից հետո ու մինչեւ այսօր որքանո՞վ է հաճախակիացել հավատացյալների ու ոչ հավատացյալների շփումը Հայ եկեղեցու հետ, նրա սպասավորների՝ քահանաների, աբեղաների, վարդապետների ու եպիսկոպոսների հետ: Ո՞րքան մարդ՝ կին, տղամարդ, երեխա, երիտասարդներ են օրհնություն ու մխիթարություն հայցել նրանցից: Չհաշված որդեկորույս մայրերին, հաշմանդամ դարձած մարտիկներին, հոգեկան խաղաղությունը կորցրած մարդկանց, որոնց տեսնում ենք գերեզմանատներում, եկեղեցիներում, աղոթարաններում: Իմ տպավորությամբ, դա ոչ միայն եւ ոչ այնքան հավատքի, որքան բարոյահոգեկան անդորրությունը չկորցնելու ինքնապաշտպանական ձգտման արտահայտություն է: Նաեւ՝ Ազգային եկեղեցու նկատմամբ վստահության դրսեւորումն է, ի հեճուկս աղանդավորական ապազգային տարրերի, կարգալույծ հռչակված նախկին եկեղեցականների (աբիժնիկների) խարդավանքների: Նաեւ, առաջին հայացքից խիստ տարօրինակ, ի հեճուկս սեփական երկրի իշխանության, որը առաջին օրվանից իր պարտքը համարեց, հակառակ զգուշացումների, նսեմացնել Հայ եկեղեցու դերն ու կարեւորությունը հայ ազգի համար, վարկաբեկել եկեղեցականությանը, անտեսել նրա պատմությունը, դրժել նրա ազգային-ինստիտուցիոնալ նշանակությունը մեր ժողովրդի, համայն հայության համար:
Իշխող կազմակերպության եւ առաջին հերթին՝ նրա պարագլխի շինծու ամբաստանությունը եղել է այն, որ Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լինի հոգեւոր ծառայությունը…
Այսպիսով, իշխող վարչակազմը եւս մեկ անգամ մոռանում է Մայր օրենքի՝ Սահմանադրության բնորոշումը Հայ Առաքելական եկեղեցու մասին՝ որպես ազգային բացառիկ նշանակություն ունեցող կառույցի:
Երկրորդ՝ մոռանում, ավելի շուտ՝ փորձում է մոռացնել տալ, որ Հայ եկեղեցին, ի դեմս նրա երջանկահիշատակ առաջնորդի՝ Վազգեն Ա. Հայրապետի, հիմնադիրներից է Հայոց նոր պետականության եւ առաջին մեկենաս-նվիրատուն (այս պարագան շատ-շատերը չգիտեն) նորանկախ մեր պետության:
Երրորդ՝ ազգային-պետական համակարգի փլուզման ներկա պայմաններում Հայ եկեղեցին, հաչս մեր ժողովրդի եւ նույնիսկ օտար պետությունների (այս մասին կարդալ մեր ներկա համարի 2-րդ էջում իրանագետ Գր. Առաքելյանի հոդվածը), կայուն, լրջախոհ եւ հարգված միակ կառույցն է, որը արտահայտում է, անմիջականորեն, իր հոտի՝ ժողովրդի կամքը:
Այդ կամքը լավագույնս դրսեւորվում է այս օրերին Տավուշում, հայտնի 4 գյուղերի, հարակից ռազմակա՛ն հենակետերի ու դիրքերի չպատճառաբանված եւ անհեթեթ հանձնումով, բնակիչների տների ու կալվածների հաշվին, 7-րդ դարից պահպանված Սբ. Աստվածածին եկեղեցու հաշվին: Ու տեղի բնակիչների, նույն դավաճանական գործարքների սպառնալիքի տակ գտնվող այլ տարածքների ու դիրքերի բնակիչների, ժողովրդի՛ կամքին ընդառաջումն է պարզապես, որը տեսնում ենք բոլորս, ի դեմս մեր Եկեղեցու հայրերի, այս պարագայում՝ անձնավորված Բագրատ արք. Գալստանյանի ներկայացուցչական մասնակցությամբ, որպես, ինչպես ինքը՝ Սրբազանն է բնորոշում, իր հոգեւոր տիրույթի պատասխանատուն, առաջնորդը:
Այդ առաջնորդությունը արտահայտությունն է նաեւ իշխանության նկատմամբ, նրա միայն կաշառքով աշխատող ենթակառույցների նկատմամբ առկա համաժողովրդային դժգոհության ու բողոքի, անցնող տարիների ընթացքում ընդդիմադիր այս եւ այն խմբավորումների գործողությունների ձախողության, Ազգային ժողովի ու կառավարության պարտվողականության եւ հանձնվողականության, համատարած ստերի ու կեղծումների, մեկ խոսքով՝ արտահայտությունը այդ բոլորի պատճառած անզորության, հուսահատության, դրանցից ձերբազատվելու ձգտումի: Եվ շատ բնական ու տրամաբանական է, նաեւ՝ 17 դարերի պատմական փորձով, իներցիոն ուժով ամրագրված ձգտում՝ կառչելու, ապավինելու, համախմբվելու Ազգային եկեղեցու շուրջը:
Բոլորն են համոզված, որ Հայ Եկեղեցին ո՛չ ձգտում ու ո՛չ էլ փափագ ունի իշխանություն դառնալու կամ կրոնապետություն հաստատելու մեր երկրում. դա նրա գործը չէ եւ ոչ ոք չի հանդուրժի նման բան: Նրա գործը, նրա պատմական առաքելությունը ազգի համախմբումն է ընդդեմ անիրավության, պարտվողականության, հայրենիքի ու նրա սահմանների շուրջ փերեզակության, հուսալքության:
Դժվարին պարտականություն, որը ստանձնել է մեր Եկեղեցին, հավատարիմ՝ միշտ ժողովրդի կողքին ու միշտ հայրենիքի ու պետականության նեցուկ լինելու աստվածատուր հանձնարարության: Լինելու են, ինչպես հիմա՝ Բագրատ Սրբազանի եւ հոգեւոր մյուս հայրերի ու Հայրապետի դեմ, անպակաս են լինելու խարդավանքները, նենգամիտ հրահրումներն ու, նույնիսկ, բռնարարքները:
Պահն է դիմացկունության, համաժողովրդային դիմադրողականության ծավալումի, համախմբման: Ձախողությունն ու ընկրկումը բացառված պետք է լինեն: Դա կործանարար կլինի մեր երկրի ու պետականության համար:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ