Իրանագետ Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –
Աֆղանստաի Իսլամական Էմիրությունը Թալիբան շարժման զինյալների Քաբուլ մուտք գործելուց 24 օր անց՝ սեպտեմբերի 7-ին հրապարակեց վարչապետ Մուհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ ձևավորված կառավարության կազմը, որի մեջ ներառված են երկու փոխվարչապետներ և քսան նախարար։
Թալիբների ղեկավարման նախորդ շրջանում՝ 90-ական թվականներին, Մուհամմադ Հասան Ախունդը եղել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Իսկ 2001 թվականին թալիբների վարչախմբի տապալումից հետո, Ախունդը նախագահել է Թալիբան խմբավորման ղեկավար խորհուրդը։ Վերջին երկու տարիների ընթացքում Կատարի Դոհա քաղաքում ԱՄՆ ու թալիբների միջև ընթացող երկխոսությանը ներկայացող Թալիբանի բանագնացների շարքում բացակայում էր Մուհամմադ Հասան Ախունդը, որի համար էլ վերջինիս վարչապետ հայտարարելը անսպասելի էր։
Փորձագետների կարծիքով, Ախունդը ավելի շատ քաղաքական գործիչ է, քան՝ հոգևոր առաջնորդ, և Թալիբան խմբավորման ղեկավար խորհուրդը նախագահելու բերումով, մասնակից է եղել նաև ռազմական գործողությունների։ Նա վայելում է «Թալիբան» խմբավորման անդամների հարգանքը։
Մուհամմադ Հասան Ախունդը ծնվել է թալիբների շարժման օրրանը հանդիսացող Ղանդիհար նահանգում և սերում է փաշթունների Դորրանի ցեղախմբից։
Նա թալիբների նախկին առաջնորդ Մոլլա Մուհամմադ Օմարի մերձավորներից էր։
Հատկանշական է, որ Աֆղանստանի նորահռչակ վարչապետ, 70-ամյա Ախունդը Իսլամի մասին գիրք է հեղինակել։
Դատելով Կառավարության կազմի ներկայացման ընթացակարգի բացակայությունից, կարելի է ենթադրել, որ այն ձևավորվել է որպես մշտական գործող մարմին և չի ենթադրում որևէ այլ մարմնի կողմից յուրաքանչյուր անդամի վստահության քվեի հաստատում։
Նաև հատկանշական է, որ կառավարության բոլոր անդամները փաշթուններ ու սուննիադավան գործիչներ են։
Կառավարության անդամների անվան կամ ազգանվան բաղադրիչների մեջ «Մոլլա», «Ախունդ», «Մոլավի», «Շեյխ» և այլ կրոնական տիտղոսների առկայությունը նույնպես հնարավոր չէ չնկատել։
Տարօրինակ կարելի է համարել նաև այն փաստը, որ կառավարության անդամների անունները, բացառությամբ փոխվարչապետ Մոլլա Աբդուլղանի ԲԱՐԱԴԱՐԻ, արաբերեն ծագում ունեն։ Այս հանգամանքը տարօրինակ է նրանով, որ Աֆղանստանի պաշտոնական երկու լեզուներից մեկը՝ դարին (ֆարսի) պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի հնդիրանական լեզվախմբին, ինչը պետք է արտացոլված լիներ նաև անձնանուններում։
Կարծում ենք, ավելորդ է խոսել նաև կառավարության կազմում կանանց ներգրավված չլինելու փաստի մասին։
Նախնական տպավորությամբ ներկայացված այս փաստերը վկայում են երկրի կառավարման համակարգում բոլոր շահագիգիռ կողմերի ներգրավվածությամբ ընգրկուն կառավարություն ձևավորելու թալիբներ խոստացած կարևորագույն պայմանը չկատարելու մասին։
Հետևենք թալիբների հաջորդ խոստումների կատարման ընթացքին։