Վերջերս մեզանում թեժացող քաղաքական քննարկումներում մենք լսում ենք կարծիքներ ու դիրքորոշումներ, որոնք գիտականորեն հիմնավորված չեն, հիմնականում զգացական են եւ քիչ կապ ունեն գլոբալ ու տարածաշրջանային իրողությունների հետ: Այդ պատճառով կարեւոր ենք համարում ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր վերլուծականը արդի տարածաշրջանային մեծ ու փոքր գործընթացների եւ դրանում Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ:
Թյուրքական աշխարհի ինտեգրման գործընթացը թափ է հավաքում
Հայտնի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը, ի թիվս այլ ծավալապաշտական նպատակների, խնդիր էր դրել հաղթել Ռուսաստանին եւ ստեղծել մի մեծ թուրքական պետություն, որը կտարածվեր Միջերկրական ծովից մինչեւ Ալթայ: Ռուսական կայսրության փլուզումից անմիջապես հետո թուրք էմիսարները ձգտում էին համախմբել նորաստեղծ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին, մասնակցելով հակախորհրդային բասմաչական շարժմանը եւ փորձելով բոլշեւիկյան կառավարության հետ երկխոսություն ծավալել մեծ թուրքական աշխարհ ստեղծելու հնարավորության հարցով:
Հայտնի է, որ այդ ջանքերը այն ժամանակ հաջողություն չունեցան, եւ ձեւավորվող խորհրդային պետությունը սկզբում Հարավային Կովկասում, իսկ այնուհետեւ նաեւ Կենտրոնական Ասիայում ձեւավորեց դեպի Մոսկվա կողմնորոշված խորհրդային հանրապետություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, մեծապես կախված լինելով ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից, եւ Խորհրդային Միության ու ՆԱՏՕ-ի (այդ թվում՝ Թուրքիայի) միջեւ կախվեց «երկաթե վարագույր»:
Խորհրդային տարիներին, իրականում, թե՛ Ադրբեջանի, թե՛ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, թե՛ Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդների մոտ միշտ մի թաքնված հետաքրքրություն է եղել դեպի Թուրքիան, որի հետ բազմաթիվ կապեր են եղել: Սակայն, գաղափարախոսական պայքարի բերումով, մշակութային եւ հասարակական շփումները նրանց միջեւ հասցված են եղել հնարավոր նվազագույնի: Խորհրդային Միության փլուզումից հետո անգլոսաքսոնական ստրատեգները Թուրքիայի համար նախապատրաստեցին Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ժողովուրդների առաջնորդի եւ կազմակերպողի դեր:
Պետք է հասկանալ, որ ետխորհրդային իրողությունները որակական նոր երեւույթներ են ստեղծում համաթուրքական համախմբման համար: Եթե հարյուր տարի առաջ թուրքերի երազանքը կայանում էր Մեծ Թուրանը Թուրքիային վերոհիշյալ երկրները միացնելու միջոցով, ապա այժմ Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի չորս թյուրքական հանրապետությունները անկախ են, ինքնիշխան եւ հաջողությամբ ստեղծում են սեփական պետականությունը: Այսպիսով այսօր այդ երկրները Թուրքիային միացնելու օրակարգային հարց գոյություն չունի: Բազմաթիվ պատճառներով դա, ուղղակի, անհնար է: Թուրքիան աշխարհի 15-րդ տնտեսությունն է եւ շարունակում է ջանքեր գործադրել աշխարհիկ պետության իր մոդելը թյուրքական պետություններին հրամցնելու ուղղությամբ: Իրականում, թուրքական քաղաքական, մշակութային եւ քաղաքակրթական ազդեցությունը հարավկովկասյան եւ կենտրոնաասիական տարածաշրջաններում անշեղորեն մեծանում է: Բայց հստակ պետք է հասկանալ, որ ղազախները կերտում են իրենց պետականությունը, արձանագրում են տպավորիչ տնտեսական ու գիտամշակութային հաջողություններ եւ խնդիր են դրել մտնելու աշխարհի 40 ամենազարգացած երկրների շարքը: Ուզբեկստանը ամենամեծ բնակչությունը ունեցող կենտրոնասիական պետությունն է եւ նույնպես վերջին տարիներին արձանագրում է տպավորիչ հաջողություններ:
Ազդեցիկ վերլուծաբանների կարծիքով, տնտեսական գործընթացները մոտակա տարիներին կարող են զարգանալ այնպես, որ Ղազախստանը եւ Թուրքմենստանը նույնիսկ շնչին ընկնող ավելի բարձր ՀՆԱ-ի ցուցանիշ ունենան, քան Ռուսաստանը (Թուրքիայի ցուցանիշին հավասար): Այս ամենը գալիս է հանգեցնելու այն մտքին, որ հավասարը հավասարի իրավունքով նախկին ԽՍՀՄ-ից ծնված թյուրքալեզու պետությունները ոչ թե ընդունելու են Թուրքիայի գերիշխանությունը, այլ գնալու են նրա հետ համապարփակ եւ անընդհատ թափ հավաքող ինտեգրման ճանապարհով: Այս երկրների քաղաքական վերնախավերում հիմա խոսում են, որ համաթյուրքական ինտեգրումը պաշտպանական նշանակություն ունի եւ կոչված է դիմակայելու մի կողմից ահագնացող չինական ազդեցությանը, մյուս կողմից՝ ռուսական ազդեցությանը: Այս երկու ազդեցությունները չեզոքացնելու նպատակով թյուրքական պետությունները վարում են բավական ճկուն, բազմավեկտոր, պրոակտիվ քաղաքականություն: Թուրքիան այժմ վերընթաց զարգացման գործընթացում է, եւ նրա տնտեսական հնարավորությունները մեծանալուն զուգահեռ անընդհատ մեծանալու է նաեւ ազդեցությունը թյուրքական աշխարհի վրա: Դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, որը քաղում է պտուղներ իր ժամանակին հռչակած «մեկ ազգ, երկու պետություն» քաղաքականությունից: Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը հավակնում է դառնալ Հարավային Կողկասի գերիշխող պետություն եւ թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության բոլոր նկատելի հարցերում հանդես է գալիս եւ հանդես է գալու միասնաբար:
Ռուսաստանը եւ եվրասիական ինտեգրումը
Հիմա արդեն մեր հասարակության մեջ քաղաքագիտական եւ միջազգայնագիտական կրթություն ստացած կադրերի շնորհիվ հայտնի է, որ Ռուսաստանը սկսել է դավանել եվրասիականության գաղափարախոսությունը նոր շտկումներով ու խմբագրումներով: Ռուսական կայսրության փլուզման եւ Խորհրդային Միության ստեղծման արդյունքում շատ ռուս տաղանդավոր մտածողներ քննարկում էին այն հարցը, թե ինչպե՞ս ներդաշնակորեն ամրապնդել Բալթիկ ու Սեւ ծովերից մինչեւ Խաղաղ օվկյանոս ընկած ահռելի տարածքի անվտանգությունն ու կայունությունը: Ամենատարբեր պատճառներով մի քանի ռուս մտածողներ հիմավորեցին այն սկզբունքը, որ այդ ներդաշնակ համակեցությունն ու քաղաքակրթական զարգացումը հնարավոր է ապահովել միայն արեւելյան սլավոնների եւ թյուրքական տարրի ներդաշնակ գոյակցության եւ փոխգործակցության միջոցով:
Նախագահ Վ.Պուտինը իր իշանության առաջին տարիներից ցույց է տվել իր հետաքրարությունը եվրասիական գաղափարների նկատմամբ: Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգերը վերջին քսան տարում հիմնավորել են ԽՍՀՄ փլատակների վրա ստեղծված ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի համագործակցությունը թյուրքական պետությունների հետ ամրապնդելու խնդիրը:
Երբ մենք ասում ենք, որ թյուրքական պետությունները ինտեգրվելու են Թուրքիայի շուրջ, պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այսօր առաջարկում է իր դերը ինտեգրացիոն գործընթացները առաջնորդելու եւ կազմակերպելու գործում: Ռուս գաղափարախոսները հարցնում են ետխորհրդային պետություններին (մասնավորապես նրանց, ովքեր չեն գնացել բալթյան երկրների, Ուկրաինայի եւ Մոլդովայի ճանապարհով)՝ արդյոք փոխշահավետ եւ ակնառու չի՞ եղել նրանց զարգացումն ու բարգավաճումը Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության կազմում: Ավելին, Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Ուզբեկստան, Ռուսաստան-Թուրքմենստան եւ Ռուսաստան-Ղրղզստան համագործակցությունը արդյոք շահավետ եւ իրենով գրավիչ չէ՞ վերջին քսան տարվա տպավորիչ օրինակներով: Ինչ վերաբերում է գիտական, մշակութային եւ քաղաքակրթական համագործակցությանը, ապա Ռուսաստանի վերջին երեք տարվա զարգացումները գալիս են հաստատելու, որ, լինելով աշխարհի 5-րդ տնտեսությունը եւ ունենալով բավականաչափ ռեսուրս ազդեցության եւ ձգողականության կենտրոն դառնալու համար՝ Ռուսաստանը պատրաստ է անշեղորեն մեծացնել այդ համագործակցության ծավալները եւ ակնհայտորեն դրական դեր ունենալ այս երկրների զարգացման մեջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա, իր վրա վերցնելով «Հյուսիս-Հարավ» ռազմավարական առանցքի առյուծի բաժնի դերը, պատրաստ է Ռուսաստանի հետ խորացնել դաշնային համագործակցությունը եւ փոխգործակցությունը, բոլորովին ոչ Թուրքիայի հետ ինտեգրման հաշվին: Ռուսաստանին բավարարում է այսօրվա Ադրբեջանի կեցվածքը եւ նա հույս ունի, որ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունին ուղղված է Ռուսաստանի շահերի ամրապնդմանը Հարավային Կովկասում: Ռուսաստանում նունիսկ ասում են, որ ունենալով ավելի քան 20 մլն. մուսուլման թյուրքեր, պետք է լրջորեն մտածել Իսլամական համագործակցության կազմակերպության եւ Թյուրքական պետությունների միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու մասին:
Միանգամայն հասկանալի է, որ սրա նպատակը նախ եւ առաջ թույլ չտալն է այնպիսի ներքին ապակայունություն, որը կհանգեցներ ազգամիջյան թշնամանքին Ռուսաստանում ապրող էթնոսների միջեւ: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ղազախստանը եւ թե՛ մյուս թյուրքական պետությունները էթնիյկական առումով բազմազգ են եւ բազմալեզու, եւ համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտի պաշտպանությունը այնտեղ առաջնային կարեւորության հարց է: Եվրասիական ինտեգրումը վերջին շրջանում հանդիպում է որոշ դժվարությունների իր առաջընթաց շարժման մեջ եւ այդ դժվարությունները մեծամասամբ քաղաքական բնույթի են: Որպեսզի եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը մոտակա քսան տարում (մինչեւ 2045թ.) չդոփի տեղում եւ շարունակի ծառայել Ռուսաստանի ու մյուս երկրների տնտեսական զարգացման գործին, պաշտոնական Մոսկվան որոշել է այն համադրել Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԲՐԻՔՍ-ի գործընթացների հետ: Նախագահ Վ.Պուտինը ձեւակերպել է այդ խնդիրը իբրեւ Մեծ եվրասիական գործընկերություն: Մինչ տնտեսագետները, քաղաքագետներն ու միջազգայնագետները աշխուժորեն քննարկում են, թե ի՞նչ կոնկրետ զարգացում կունենա Մեծ եվրասիական գործընկերությունը, գործարարներն ու ֆինանսիստները շարունակում են ակնկալել նորանոր օգուտներ ինտեգրացիոն գործընթացներից:
Հայաստանը վերոհիշյալ գործընթացների մեջ
Մենք խորապես համոզված ենք, որ սխալ է հակադրել Հայաստանը ծավալվող տարածաշրջանային գործընթացներին: Մենք ընթերցողների ուշադրությանն արդեն ներկայացրել ենք մեր փորձագիտական դիտարկումները «3+3» խորհրդատվական հարթակի դրական նշանակության մասին: Մենք պետք է հասկանանք, որ Հարավային Կովկասի խնդիրների, այդ թվում Հայաստանի հարցերով, Թուրքիան խորհրդակցելու է նախ եւ առաջ Ռուսաստանի, իսկ այնուհետեւ, հնարավոր է, նաեւ Իրանի հետ: Եթե մենք նույնիսկ բացառենք Ռուսաստնաի միջամտությունը հարավկովկասյան տարածաշրջանում իրականացվող քաղաքական, ռազմական եւ այլ խնդիրներում, մենք չենք ստանալու արտոնյալ դիրք Թուրքիայի հետ բանակցություններում: Ուրեմն, այստեղից մենք անում ենք եզրակացություն, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը չի կարող եւ չպետք է լինի Ռուսաստանի եւ Իրանի հաշվին: Տնտեսական ինտեգրման գործընթացներից մեր օգուտը ակնհայտ է, եւ այստեղ մենք հարկ չենք համարում կրկին այն վերաշարադրել: Ինչ վերաբերում է քաղաքական կայունության ամրապնդմանը, որը կնպաստի մեր ինքնիշխանության ամրապնդմանը, ապա դա հնարավոր է միայն Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի համադրման արդյունքում: Եթե նման համաձայնեցում ու համադրում չլինի, Հայաստանը, իբրեւ տարածաշրջանի ամենափոքր երկիր, կարող է ունենալ ծանրագույն կորուստներ: Դեռեւս բոլորովին չի երեւում, որ Արեւմուտքը Հայաստանին կարող է տալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք սաստեին Ադրբեջանին Հայաստանի հանդեպ զավթողական պլաններից: Նման երաշխիքների Հայաստանում սպասում են սրտատրոփ: Պատմությունը հուշում է, որ նման գործնական երաշխիքներ կարող են եւ չստացվել: Հետեւաբար, այս պատմական փուլում, երբ Ռուսաստանը մի կողմից զբաղված է Ուկրաինական ճգնաժամով, իսկ մյուս կողմից զարգացնում է համագործակցությունն ու փոխգործակցությունը Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի հետ, մեզ հարկավոր է մշակել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական այնպիսի հիմնավորումներ, որոնք կապահովեին մեր անվնաս, ներդաշնակ ներկաւյությունը Հարավային Կովկասում: Այն քաղաքական գործիչները, որոնք կարծում են, որ հայ-ռուսական դաշինքը կարող է հակադրվել համաթյուրքական դաշինքին, ուղղակի չեն հասկանում այսօր աշխարհում ծավալվող գործընթացների ներքին տրամաբանությունը:
Հայաստանի ներսում անհրաժեշտ է թափանցիկ եւ գիտականորեն հիմնավորված քննարկում նոր քաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանի կենսունակ քաղաքականությունը հիմնավորելու նպատակով:
Լինելով օտար տարածաշրջանային իրողություններում եւ չունենալով լավ հարաբերություններ մեծ տարածաշրջանի բոլոր երկրների հետ, մենք կարող ենք ունենալ միանգամայն կանխատեսելի լուրջ դժվարություններ:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան,ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն,
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող