Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Չգիտես՝ այս մարդիկ ո՞ր դարում են ապրում, տգիտության, գեղցիության ո՞ր մակարդակում են գտնվում, սա էլ՝ քանիե՞րորդ անգամն է, որ զոհերի, վիրավորների անունները, ինքնությունը հայտնելուց վարվում է այնպես, ինչպես փողոցի անգրագետ մարդը, որին աշխատատեղում հանձնարարում են աշխատանքի ընթացքում պատահած վթարի հետեւանքով մահացած անձի կնոջը տեղյակ պահելը, շա՜տ նրբանկատորեն, ամուսնու մահվան մասին, մինչդեռ նա գնում է տրված հասցեով, դուռը թակում եւ դուռը բացող կնոջը գեղավարի հարց տալիս՝ «Բարեւ, քուրո, հանգուցյալի տունը սա՞ է»…
Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նման ես էլ անասելի հրճվանքի պահ ապրեցի, երբ իմացա ճշգրտված լուրը, թե Սոթքում ադրբեջանցիների կրակից զոհված հայտարարված մեր չորս զինվորներից մեկը՝ Նարեկ Պողոսյանը, չի՛ մահացել, այլ կոմատիկ վիճակում՝ հրաշագործ մեր բժիշկների ջանքերով փրկվել է մահվանից։
Ապրեն մեր բժիշկները, ապրի մեր հերոսը, հավերժ ապրի մեր զոհված տղաների հիշատակը։
Ես չգիտեմ՝ Նարեկի ընտանիքում, ընկեր-հարազատների շրջապատում, հոգեկան ու մարմնական ի՞նչ հետեւանքներ է պատճառել չճշտված-չստուգված այդ՝ «պաշտոնակա՜ն» տեղեկությունը։ Բայց գիտեմ, որ իր երկրի մարդկանց եւ առաջին հերթին զինծառայողների ու նրանց հարազատներին հարգող երկրներում, նման պարագաներում, ծանր պատիժ է հասնում նման պաշտոնյաներին, նման լրատվությունները պատրաստողներին։
Նման հարցերը վերոհիշյալ երկրներում կանոնակարգված են ծայրահեղ մանրամասնությամբ, ոչ միայն բանակում, այլեւ, ասենք՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում, ինչպես օրինակ, British Airways-ը, որի PR պատասխանատուն եմ եղել շուրջ երեք տարի Հայաստանում։ Բայց մեր երկրում, ինչպես գրեթե բոլոր հարցերում, անպատասխանատվությունն ու փնթիությունը խրախուսվում են նույնիսկ։ Ադ փնթիությունն էր գլխավոր պատճառներից մեկը 2020-ի մեր պարտության։
Ու որպեսզի ջղայնությունը մեջս ավելի չբորբոքվի, պատմեմ զվարճալի-ողբալի մի դրվագ մեր պաշտպանության նախարարության ծառայությունից։
Ծանոթ մի երիտասարդ, պետք եղածից ավելի ակտիվ ու պատրաստաբան, 44-օրյա պատերազմում կամավոր մեկնում է բանակ՝ սերժանտի կարգավիճակով։ Ճակատամարտերից մեկում ԱԹՍ-ի հարվածից վիրավորվում է, ոչ ծանր, բայց վտանգավոր վերք է ստանում վզի շրջանում։ Դարձյալ մեր հրաշք բժիշկների ջանքերով, վիրահատվելուց ու ապաքինվելուց հետո ներկայանում է նախարարության համապատասխան բաժին՝ իրեն հասանելի կես միլիոն դրամը որպես հատուցում ստանալու։ Պաշտոնյան նայում է ցուցակներին ու երիտասարդին հայտնում, որ նրա անունը ոչ թե վիրավորների, այլ մահացածների մեջ կա։ Ինչպես ասացի՝ պատրաստաբան մեր տղան, կատարյալ անվրդով, պաշտոնյային պատասխանում է՝ «ավելի լավ. այդ դեպքում՝ ինձ վճարեք ծնողներիս հասանելի մեկուկես միլիոնը»։
Փաստորեն նա պարտության է մատնում պաշտպանական մեր գերատեսչությանը, ինչպես որ վերջինս պարտության մատնեց բոլորիս։
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ