Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

SMS,  թե գլխավոր դատախազ

«Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։

Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.

*Այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։

*Հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

*Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։

Հեղինակ՝ Բաբկեն Թունյան»

Այս անիմաստ օրատեղափոխումը վկայում է մեկ բան՝ Հայաստանում վարչախումբը իրականացնում է կառավարչական ցինիզմ։ Ինչո՞ւ ենք  բուռն արձագանքում ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը:

1. Ակնհայտ է, որ ֆիզիկական անձանց 2024 թ. հայտարարագրումը տապալված է,  և մոտավորապես  820 հազար քաղաքացիներից միայն 12000 է հանձնել հայտարարագիր։ Ընդ որում՝ առնվազն կեսը ներկայացրել է, որպեսզի 100 հազար դրամ սոցկրեդիտ «քերի» բյուջեից։

2. Ակնհայտ է, որ տապալվել էր նաև 2023 թվականի հայտարարագրումը, որի ընթացքում հայտարարագիր ներկայացրել է 120 հազարի քառասուն տոկոսը։

Պետական ֆիսկալ խոշոր միջոցառման երկու տարիներին գործընթացը կազմակերպող, վերահսկող հիմնական պատասխանատուն ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն է, որի ղեկավարը երկու տարիներին էլ եղել է նույն անձը։

Փաստացի աշխատանքները տապալած մարմինը և դրա ղեկավարը հեռանալու, հեռացվելու փոխարեն, որոշել են ինչ-որ օրատեղափոխո՞ւմ իրականացնել:

Այս անձիք ունեին ընդամենը մեկ հնարավորություն։ Նրանք պետք է ինքնակամ հեռանային զբաղեցրած պաշտոնից և սրտի դողով սպասեին  ծառայողական քննությանը, բայց դեռ շարունակում են գործել և հարկատուների հաշվին ստանալ ամսական 1.5-2,0 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճարներ։

Օրեր առաջ վարչախմբի ղեկավարը աղմկում էր, թե իբր բարձր աշխատավարձերով պետական պաշտոնյաների աշխատավարձը բավարար չէ։ Եթե նա նկատի ուներ այսպիսի աշխատողներին, ապա նմաններին կարելի է ընդամենը հեռացնել զբաղեցրած պաշտոններից կառավարչական տապալումների պատճառով։ Հեռացման ձևը թող դրանց վարչախմբի ղեկավարը որոշի՝ SMS, թե գլխավոր դատախազ:

Հ.Գ.

Ո՞րն է  այդ պաշտոնյայի թերացումը.

1. հայտարարագրման գործընթացի անիմաստ բարդացումը,

2. իրազեկման աշխատանքների տապալումը և բացակայությունը,

3. 2023 թվականի տապալված աշխատանքի գնահատականի բացակայությունը,

4.2025 թվականի հունվարի 20-ին ՊԵԿ նախագահի հրամանի վիճելի դրույթները,

5. Դրան էլ գումարեք նրա անիմաստ վստահությունը, որ 2026 թվականից հետո վերջնաժամկետ է սահմանելու։

Մի խոսքով՝ հեռացման ենթակա պաշտոնյա։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ