ՀՀ իշխանությունները և, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրենց տոտալ ձախողումները և հանցավոր անգործությունը բարդել ուրիշների վրա:
Ապրիլի 5-ին լրատվամիջոցներից մեկին տրված ԱԳՆ մեկնաբանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ ՀՀ իշխանություններն, իբրև թե, առավելագույն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանության համար՝ ընդհուպ 2024թ. հունվար ամիսը, բայց այդ «առաքելությանը» խանգարել են Արցախի իշխանություններն՝ իրենց մերժողական պահվածքով և սեփական նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունը լուծարելով:
Փաստերի նենգափոխման գործելաոճը նորություն չէ այս իշխանությունների համար: Միանգամայն ակնհայտ է, որ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ և առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022թ. հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն էր՝ ներառյալ Արցախը:
Հիմա արդեն կարելի է վստահաբար արձանագրել, թե ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի հայտարարությունը՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» և ինչ աղետալի հետևանքներ այն ունեցավ Արցախի ժողովրդի համար:
Ինչ վերաբերվում է երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հավաստի տեղեկություններով այդ հանդիպման չեղարկումը պայմանավորված է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշտ կլինի, որ վերջապես խոսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթե խոսում ենք փաստերով, ապա առնվազն զարմանք է հարուցում, թե ՀՀ ԱԳՆ-ից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսված մեկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ադրբեջանական կողմն է հրաժարվել:
Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ինքնահեռացումը նշված բանակցային գործընթացից և միջազգային իրավունքի ոտնահարմամբ շրջափակման մեջ գտնվող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքյան պարարտ հող ստեղծեց Բաքվի առավելապաշտական և վերջնագրային դիրքորոշման համար:
«Այլընտրանքային նախագծեր խումբ»