Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի, իբրև թե, չպայթած հրթիռների վերաբերյալ խոսում է նրա անիրազեկության մասին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:

« Плохому танцору яйца мешают»։ Այս ժողովրդական դիպուկ իմաստնությունն ամենից լավ է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում «Իսկանդեր»-ների կիրառման և դրանց «հնացած լինելու» մասին»,- ասել է ռուս պատգամավորը:
Նրա խոսքով՝ վերոնշյալ հրթիռային համալիրն արդեն լավագույնն են համարում նրանք, ովքեր հասկանում են պատերազմի և խաղաղության հարցերից: Խորհրդարանականը հիշեցրել է, որ «Իսկանդեր»-ն իր բարձր հատկությունները հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում:
Սաբլինը նշել է նաև Փաշինյանի նման արտահայտությունների մեկ այլ պատճառ: «Սորոսական ձեռնարկները հուսախաբ են արել Փաշինյանին… Դա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես է փողոցը բարձրագոչ, գեղեցիկ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով, իշխանության բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը»,- ասել է Սաբլինը:







