Պետությունն է ուղիղ պատասխանատուն այս մահերի. Ժաննա Ալեքսանյան

Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի, էլ չեմ խոսում բարձրագույն հրամանատարական կազմի մասին։
Նրանք պետք է դողան ամեն զինվորի կյանքի համար, պիտի գիտակցեն, որ իրենք են պատասխանատուն յուրաքանչյուր զինվորի կյանքի համար։ Ոչ միայն այս գիտակցումը չկա, այլև իրական ու իրավական պատասխանատվությունը գոյություն չունի։
Ովքե՞ր են սպանվածներն ու «ինքնասպանվածները», շարքային զինծառայողները, ովքե՞ր են բանտերում հայտնվում այս դեպքերով. էլի շարքայինները։
Ես չգիտեմ մի դեպք, երբ պատասխանատվության են ենթարկվում իրական պատասխանատուները, եթե անգամ նույն զորամասում դեպքերը կրկնվում են։ Ո՞վ պետք է փոխի քրեածին բարքերը բանակում, հաստատի վերահսկողություն ու կարգապահություն, գոնե խստագույնս պահանջ դնեն զորամասի հրամանատարի առջև, որ զինվորին մի բան պատահելու դեպքում դու ես գլխովդ պատասխանելու։
Սա չկա, և շարունակաբար շարքայինների դիեր են հայտնաբերում։
Հիմա Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց հերթապահության ժամանակ զինվորի քնելու վարկածը, չեմ ժխտում դրա գոյությունը, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Այս վարկածի նպատակը զինվորի վրա մեղքը բարդելն է, ինչպես նաև իրենց մատուցած «ինքնասպանությունները», որոնք հիմնականում սպանություններ են։
Քրեական գործերում այլ տարածված վարկածներ կան, օրինակ, թե ինչպես է հրամանատարը զորքի առաջ ծեծում զինվորին, նվաստացնում կամ մայր հայհոյում կամ հալածում հետևողականորեն։
Ընտանիքները ևս լավ տեղյակ են իրենց որդիների ծառայության անցուդարձից, խնդիրներից, բայց դուք այդ ընտանիքներին ոչ տեսնում եք,ոչ էլ լսում։ Դուք միայն նրանց հանձնում եք միակ որդիների անշնչացած մարմիններն ու մոռանում նրանց մասին։
Եթե զինվորական ղեկավարությանը կամ այս երկրի ղեկավարությանն իրոք մտահոգեր զինվորի կյանքը, վերաբերվեին որպես ընտանիքի, որպես իրենց զավակի, համոզված եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Պետությունն է ուղիղ պատասխանատուն այս մահերի, և ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
Գիտակցո՞ւմ է արդյոք Պնախարար Սուրեն Պապիկյանը կամ նրա երաշխավոր Նիկոլ Փաշինյանը այս պատասխանատվությունը։
Հանրությունը սպասում է ձեր հաշվետվողականությանն ու բացատրություններին։
Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան
