Մյունխենից մինչև Թեհրան. ինչպես է աշխարհը շարունակում հետընթաց քայլերով առաջնորդվել:
Մյունխենի անվտանգության համաժողովը դարձավ խելագարության համաշխարհային ներկայացման նոր գործողություն։ Աշխարհի երկրների առաջնորդները՝ թվում է թե լուրջ մարդիկ, խոսում էին համակարգչային խաղ խաղացող դեռահասների պես։ Լեհաստանը հայտարարեց չտարածման ռեժիմից դուրս գալու և միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության մասին։ Կարելի է միայն պատկերացնել, թե որքան արագ նման ելույթները կտարածվեն ողջ աշխարհով մեկ՝ ներառյալ Ուկրաինան, Եվրոպայի այլ երկրներ և հատկապես Մերձավոր Արևելքը։ Որքա՜ն կմեծանան անդառնալի էսկալացիայի ռիսկերը ։ Թեև առանձնապես անհանգստանալու կարիք չկա. փլուզվեց սպառազինությունների վերահսկման ողջ ռեժիմի վերջին հենասյուներից ևս մեկը՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍԿ-3/СНВ-3)։ Շարունակվում էին ելույթները՝ շեշտը դնելով ուժի կիրառման, գերիշխանության, սեփական բացառիկության, մեսիականության և այլոց շահերը հաշվի չառնելու ցանկության վրա։
Սակայն ոչինչ չէր կարող համեմատվել Մարկ Ռուբիոյի ելույթի թողած տպավորության հետ, ով ընդամենը մի քանի ամիս առաջ խոսում էր բազմաբևեռ աշխարհի մասին։ Այժմ նա հռչակեց, որ աշխարհը պետք է վերադառնա Արևմուտքի հեգեմոնիային, եվրոպական կայսրությունների փառահեղ ժամանակներին, քրիստոնեական արժեքներին և մեծ եվրոպական քաղաքակրթությանը ։ Նրա ելույթն ընկալվեց որպես գաղութատիրության, ռասիզմի և կրոնական անհանդուրժողականության արդարացում։ Ռուբիոյին միացավ Թրամփի վարչակազմի իր գործընկերների և, ցավոք, ամերիկյան լրագրողների ու փորձագետների երգչախումբը, որոնք մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում են, թե միջազգային իրավունք գոյություն չունի և երբեք էլ չի եղել, ու աշխարհում իշխում է ուժը։
Միևնույն ժամանակ, Թրամփի թիմն ավարտում է Իրանի վրա ևս մեկ հարձակման նախապատրաստությունները։ Այս անգամ, Նեթանյահուի ճնշման ներքո, տարածաշրջան են տեղափոխվել շատ ավելի մեծ ուժեր։ Խոսքը լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մասին է, որը կարող է տևել մի քանի շաբաթ, կամ գուցե նաև ամիսներ։
Այս անգամ բացահայտորեն հայտարարված է նպատակը՝ վարչակարգի փոփոխություն Իրանում։ ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջները փաստացի հանգում են Իրանի կապիտուլյացիային, նրա բալիստիկ հրթիռային ծրագրի կրճատմանը և ուրանի հարստացումից ամբողջական հրաժարմանը։
Ի՞նչ է սա նշանակում գալիք պատերազմի բնույթի համար։ Եթե նպատակը վարչակարգի տապալումն է, ապա, հավանաբար, կհասցվի «գլխատող» հարված՝ Իրանի ղեկավարությանը ոչնչացնելու նպատակով ։ Միևնույն ժամանակ սա նշանակում է, որ կհասցվի զինաթափող հարված Իրանի բալիստիկ ուժերին՝ կանխելու համար Իրանի պատասխան հարվածն ամերիկյան նավերի, բազաների և Իսրայելի ուղղությամբ ։ Հետևաբար, այս անգամ Իրանը կունենա ոչ թե զսպված, այլ հզոր պատասխան հարված հասցնելու դրդապատճառ՝ նախքան իր բալիստիկ ուժերի խոցումը։ Իրանի պատասխանը պետք է լինի անհապաղ և լայնածավալ, այլապես այն կարող է ընդհանրապես չլինել ։
Այս հակամարտության ինտենսիվությունը շատ ավելի բարձր կլինի, քան նախկինում։ Այդ մասին են վկայում ամերիկյան ռազմական խմբավորման հզոր ներուժը և ամերիկյան վարչակազմի նպատակները։
Հնարավոր սցենարները մենք արդեն քննարկել ենք։ Նվազագույնը՝ օդային ռմբակոծություններ և հրթիռային հարվածներ, Իրանի ղեկավարության և նրա տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտների ոչնչացում՝ նպատակ ունենալով ստիպել Իրանին ենթարկվել Նեթանյահուին և կապիտուլյացիայի ենթարկվել ։ Հաջորդ քայլը՝ աջակցություն իրանական վարչակարգի ներքին թշնամիներին, քաղաքացիական և էթնիկական հակամարտությունների հրահրում, Իրանի ապակայունացում և մասնատում, նրա տարածքում «անվտանգության գոտիների» ստեղծում։ Այսինքն՝ ամեն ինչ ըստ Իրաքի, Լիբիայի և Սիրիայի սցենարի։ Իրանում միջկրոնական հակամարտությունները կարող են տարածվել Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա, որտեղ կարող են բախումներ տեղի ունենալ պրոիրանական շիական և հակաիրանական սուննիական ու այլ ուժերի միջև։
Ուժի շարունակական անվարան կիրառումը և պատերազմների սանձազերծումն ամբողջ աշխարհում անխուսափելիորեն կհանգեցնեն մնացած տերությունների մերձեցմանը և զսպող կոալիցիայի ստեղծմանը։ Հարցն այն է, թե որքան արագ դա տեղի կունենա այս անգամ։ Զսպումը չաշխատեց և ուշացավ 1930-ական թվականներին։ Այն ակնհայտորեն ուշանում է նաև հիմա։
Արթուր Խաչիկյան, քաղաքագետ





